![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Jacques_R%25C3%25A9attu_%25E2%2580%2594_Les_dieux_du_Panth%25C3%25A9on_grec.jpg/640px-Jacques_R%25C3%25A9attu_%25E2%2580%2594_Les_dieux_du_Panth%25C3%25A9on_grec.jpg&w=640&q=50)
Թեիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Թեիզմ, հավատ, համաձայն որի գոյություն ունի առնվազն մեկ աստված[1]։ Ավելի նեղ իմաստով, թեիզմը ընդհանուր առմամբ մոնոթեիստական ուսմունք է, որը վերաբերվում է աստծու բնությանը և տվյալ աստծու կապին տիեզերքի հետ[2][3][4][5]։ Կոնկրետ այս առումով թեիզմը աստծուն համարում է աշխարհի և տիեզերքի կառավարման և կազմակերպման մեջ անհատական, ներկա և ակտիվ։ Այսպիսով նման թեիզմը նկարագրում է աստծու վերաբերյալ դասական գաղափարը քրիստոնեության, հուդաիզմի, իսլամի, սիկխիզմի և հինդուիզմի մեջ։ Թեիզմ եզրի կիրառումը մոնոթեիզմի դասական ձևը ցույց տալու նպատակով սկսվել է 17-րդ դարում գիտական հեղափոխության ընթացքում, այն տարբերակելու համար այդ շրջանում առաջացած դեիզմից, որը պնդում էր, որ աստված, լինելով մշտագո և գերակա, չի խառնվում բնական աշխարհի գործերին և ճանաչվում է բանականորեն, սակայն ոչ հայտնության միջոցով[6]։ Թեիզմ տերմինը սերում է հունարեն՝ theos բառից, որը նշանակում է աստված։ Առաջին անգամ կիրառվել է Ռալֆ Քադվորթի կողմից(1617–1688)[7]: Համաձայն նրա բացատրության՝ "թեիստները նրանք են, ովքեր հաստատում են, որ ամենքի պատճառ է լավ գիտակցորեն ընկալող գոյը կամ միտքը, որը գոյություն ունի հավերժությունից "[8]: Աթեիզմը թեիզմի հերքումն է, թեիզմի ամենալայն իմաստով։ Այսինքն, հավատի հերքումն է, համաձայն որի գոյություն ունի առնվազն մեկ աստված[9]։ Թեիզմի ավելի նեղ իմաստով նրա հերքումը կարող է դրսևորվել դեիզմի, պանթեիզմի և պոլիթեիզմի մեջ։ Այն պնդումը, որ որևէ աստծու գոյությունը անհայտ է, համարվում է ագնոստիցիզմ[10][11]։ Աստծու գոյությունը կամ բացակայությունը դրականորեն հաստատելը նույնպես կարող է վերագրվել որոշ թեիստներին կամ աթեիստներին։ Սակայն աթեիզմը և թեիզմը բացարձակապես գործ ունեն հավատի հետ, մինչդեռ ագնոստիցիզմը գործ ունի բանական պնդումների հետ[11]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Jacques_R%C3%A9attu_%E2%80%94_Les_dieux_du_Panth%C3%A9on_grec.jpg/640px-Jacques_R%C3%A9attu_%E2%80%94_Les_dieux_du_Panth%C3%A9on_grec.jpg)