From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիայի ազգային օպերա (էստ․՝ Rahvusooper Estonia), օպերայի և բալետի թատրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։
Էստոնիայի ազգային օպերա Rahvusooper Estonia | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Տնօրեն | Այվար Մյաե |
Երկիր | Էստոնիա |
Գտնվելու վայրը | Տալլին, Էստոնիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1865 |
Նախկին անվանումներ | «Էստոնիա» օպերայի և բալետի թատրոն |
Գլխավոր դիրիժոր | Արվո Վոլմեր |
Կայք | opera.ee |
Estonian National Opera Վիքիպահեստում |
1865 թվականին Տալլինում ստեղծվեց «Էստոնիա» երաժշտաերգեցողական միություն, որի առաջին պիեսը բեմադրվեց 1871 թվականին։ Իսկ 1895 թվականին սկսեցին բեմադրվել նաև վոդևիլներ, ժողովրդական ներկայացումներ և կատակերգություններ։
Թատրոնն իր պատմության ընթացքում բազմաթիվ անվանումներ է ունեցել՝ «Էստոնիա» օպերայի և բալետի թատրոն, Էստոնական ԽՍՀ օպերայի և բալետի պետական թատրոն և այլն։
1998 թվականից թատրոնը պաշտոնապես կոչվում է «Էստոնիա» ազգային օպերա և գործում է որպես բաց իրավաբանական հաստատություն՝ համաձայն 1997 թվականին (փոփոխված 2002 թ) Ազգային օպերայի վերաբերյալ ընդունած օրենքի։
20-րդ դարի սկզբին երևան են գալիս լուրջ դրամատիկական ներկայացումներ։ 1906 թվականին բեմադիչներ և դերասաններ Պաուլ Պիննայի և Թեոդոր Ալտերմանի նախաձեռնությամբ «Էստոնիա» միությանը կից ստեղծվեց «Էստոնիա» պրոֆեսիոնալ թատրոնը, իսկ ավելի ուշ՝ 1908 թվականին հիմնադրվեց «Էստոնիա» թատրոնը։ Դրամատիկական թատերախմբին 1918 թվականից ղեկավարում էր դերասան և բեմադրիչ Անտս Լաուտերը։ «Էստոնիա» թատրոնում դրամատիկական ներկայացումներ բեմադրվում էին մինչև 1949 թվականը, երբ դրամատիկական թատերախումբը ցրվեց, իսկ «Էստոնիա»-ն դարձավ միայն երաժշտական թատրոն։
1906 թվականին երաժշտական ղեկավար նշանակվեց Օտտո Գերմանը, իսկ 1907 թվականին տեղի ունեցավ առաջին օպերետայի՝ Ֆլորիմոնա Էրվեի «Մադմուազել Նիտուշ»-ի պրեմիերան։
1908 թվականի նոյեմբերի 27-ին թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Կոնրադինա Կրեյցերի «Գիշերային ճամբար Գրանադայում» օպերան։ Գլխավոր դերերը մարմնավորեցին Պետերբուրգից հրավիրված Բերտա Ֆրանցկեն և Յոհաննես Տինն-Ֆելինսկին, ինչպես նաև թատրոնի մենակատարներից՝ Պաուլ Պիննան, իսկ դիրիժորն էր Ադալբերտ Վիրկհաուսը։ Առաջին ներկայացումն արժանացավ քննադատների դրական կարծիքներին։
1918-1919 թվականների թատերաշրջանում թատրոնի խաղացանկից օպերաներն անպակաս էին։ 1911 թվականին առաջին անգամ բեմադրվեց էստոնական օպերետա՝ Ադալբերտ Վիրկհաուսի «Իվանովի գիշեր»-ը։ 1912 թվականին ստեղծվեց թատրոնի Երաժշտական բաժինը, որն սկսեց զբաղվել համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև երգչախումբ, որը դիրիժոր Աուգուստ Տոպմանի ղեկավարությամբ դարձավ օրիատորիաներ կատարող բարձրակարգ երգչախումբ։ 1928 թվականին տեղի ունեցավ էստոնական առաջին օպերայի՝ Էվալդ Աավի «Վիկերցի» (ռուս.՝ Викерцы) բեմադրությունը։ «Էստոնիա» օպերետային հաջողություններ բերեցին Ագու Լյուդիկի փայլուն բեմադրությունները, որը թատրոնի ռեժիսորն էր 1920-1944 թվականներին։
Օպերաների ռեժիսորներից էին Հաննո Կոմպուսը (ընդմիջումներով՝ 1927-1946 թթ), Էյնո Ուուլին (ընդմիջումներով՝ 1937-1951 թթ), Պաուլ Մյագին (1954-1961 թթ, 1958 թ-ից՝ գլխավոր ռեժիսոր), Ուդո Վյալյաոտսը (1970-1979 թթ, 1977 թ-ից՝ գլխավոր ռեժիսոր), Արնե Միկը (1970 թ-ից, 1977-1994 թթ՝ գլխավոր ռեժիսոր, 2002-2004 թթ՝ գեղարվեստական ղեկավար), Նեմե Կունինգասը (1985 թ-ից, 1994-2002 թթ՝ գլխավոր ռեժիսոր) և այլն։
1922 թվականին թատրոնում տեղի ունեցավ առաջին բալետի՝ Լեո Դելիբի «Կոպելիա»-ի պրեմիերան, որի ռեժիսորն էր Վիկտորինա Կրիգերը։ 1926 թվականին բալետմեյստեր Ռախել Օլբրեյը թատրոնում ստեղծեց մշտական թատերախումբ, որը ղեկավարեց մինչև 1944 թվականը։ Բալետի ներկայացումներ սկսեցին պարբերաբար բեմադրել 1930-ական թվականներին, իսկ 1944 թվականին բեմադրվեց առաջին էստոնական բալետը՝ Էդուարդ Տուբինի «Տան ոգին»։
Թատրոնի բալետմեյստերներից էին Աննա Էքստոնը (1944-1951), Վիկտոր Պյարին (1956-1964), Էննա Սուվեն (1966-1973, 1969 թ-ից՝ գլխավոր բալետմեյստեր), Մայ Մուրդմաան (1964-2001, 1974 թ-ից՝ գլխավոր բալետմեյստեր)։
2001-2002 թատերաշրջանից սկսած թատերախմբի գեղարվեստական ղեկավարն է Տիյտ Հյարմը։
Մինչև 1940 թվականը թատրոնը կապված էր «Էստոնիա» միության հետ, որը որպես «բուրժուական մնացորդ» ցրվեց, իսկ թատրոնը՝ ազգայնացվեց։ 1944 թվականի մարտի 9-ին, երբ քաղաքը օկուպացված էր ֆաշիստական Գերմանիայի զորքերով, խորհրդային օդանավների հարվածից թատրոնի և համերգային դահլիճի շենքը փլուզվեց։ Մինչև թատրոնի վերակառուցումը՝ 1947 թվականին, ներկայացումները բեմադրվում էին «Գլորիա Պալաս» (ներկայումս այնտեղ գտնվում է Էստոնիայի ռուսական թատրոնը) կինոթատրոնի շենքում։
1994 թվականից գլխավոր տնօրենն է Պաուլ Հիման, 2004 թվականի նոյեմբերից Էստոնիան ներկայացնում է Opera Europa օպերային թատրոնների և փառատոների կազմակերպության մեջ։
«Էստոնիա» ազգային օպերան անդամակցում է հետևյալ միություններին՝
2008 թվականին «Էստոնիա» ազգային օպերայի եկամուտը ներկայացումների և համերգների տոմսերի վաճառքից կազմել է 26 միլիոն էստոնական կրոն (1.662 միլիոն եվրո), որը 37%-ով ավել է 2007 թվականի եկամտից։ 2008 թվականին 140 000 հանդիսատեսի համար բեմադրվել է ընդհանուր առմամբ 387 ներկայացում ու համերգ։ Նախորդ խաղաշրջանի ամենասիրված ներկայացումներն են եղել «Ռիգոլետտո»-ն և «Տոսկա»-ն, բալետներ «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները», «Կարապի լիճը» և «Իմ հիասքանչ լեդին» (անգլ.՝ My Fair Lady) մյուզիքլը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի ազգային օպերա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.