հայ լեզվաբան From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Բագրատի Աղայան (մարտի 16, 1913[1][2], Մեղրի[1][2] - դեկտեմբերի 29, 1991[3], Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)[4]։
Էդուարդ Աղայան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1913[1][2] Մեղրի[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1991[3] (78 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] և Լեզվի ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1939)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[2] (1949) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Էդուարդ Աղայանը ծնվել է 1913 թվականի մարտի 16-ին Մեղրիում։ 1928 թվականին ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը։ 1930-1932 թվականներին աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում՝ սկզբում որպես հաշվետար, ապա՝ հաշվապահ։ 1933 թվականից ուսանել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ։
1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և 1939 թվականին ընդունվել ասպիրանտուրա։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական («Մեղրու բարբառը»), 1945 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Հայ լեզվաբանության պատմություն»)։ 1942 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1946 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1953 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականին՝ ակադեմիկոս։
1932-1991 թվականներին աշխատել է ԵՊՀ-ում, 1956-1985 թվականներին եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991 թվականներին՝ հայագիտական կենտրոնի ղեկավար, 1986-1989 թվականներին «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956 թվականներին՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950 թվականներին՝ բանասիրության ֆակուլտետի դեկան։ Հայաստանի բուհերում կարդացել է ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքի պատմություն, լեզվաբանության ներածություն, հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն, գրաբարի, պարսկերենի, լատիներենի քերականություններ, արևելյան բանասիրություն և այլ դասընթացներ։
Էդուարդ Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում։ 1950-1953 թվականներին եղել է փոխտնօրեն, 1963-1991 թվականներին` ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, 1947-1948 թվականներին` ՀԽՍՀ լուսավորության նախարարության բուհերի վարչության պետ։ Էդուարդ Աղայանը քանիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Երևան, Մոսկվա, ԱՄՆ, Հնդկաստան և այլն)։
1979 թվականից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականին ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980 թվականին և 1985 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Էդուարդ Աղայանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում[5]։
Էդուարդ Աղայանի գործունեությունը վերաբերում է ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի պատմության, քերականագիտության (համեմատական քերականություն, նկարագրական քերականություն, պատմական քերականություն), բառագիտության (բառաքննություն և ստուգաբանություն), բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության, գրաբանության (նաև ուղղախոսություն, ուղղագրություն) և այլ հարցերի։ Նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (Եր., 1952, 1963, 1967) աշխատությունը, որը ԽՍՀՄ բարձրագույն նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959 թվականին, «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (Ե., 1957), «Գրաբարի քերականություն», հատոր 1 (Ե. 1964), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (Ե., 1967), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (Ե., 1984) աշխատությունները. վերջինը 1957 թվականին վերամշակված հրատարակվել է «Լեզվաբանության հիմունքներ» խորագրով։
Ընդհանուր լեզվաբանությանը նվիրված աշխատություններն աչքի են ընկնում նյութի բազմակողմանի դիտարկումներով, ինքնատիպ հարցադրումներով ու փաստարկումներով, շարադրանքի պարզությամբ ու թարմությամբ։ Դրանցում նա նոր խոսք է ասում լեզվի բնորոշման, նրա տարբերակների առանձնացման, լեզվի ծագման ու զարգացման օրինաչափությունների, լեզվի կառուցվածքային մակարդակների, լեզվաբանական մի շարք հասկացությունների (օրինակ, վանկի, հնչույթի, ձևույթի, խոսքի մասերի, լեզվական կառուցվածքի ու համակարգի և այլն)։
Աղայանը նաև հնչյունաբանական, բառագիտական-բառակազմական, ձևաբանական արժեքավոր վերլուծություններ է կատարել հայերենի գիտական քերականության խնդիրների գծով, կիրառել է նկարագրության ժամանակակից մեթոդներ։ Կարևոր հետազոտություններ է կատարել՝ նվիրված հայրենի բառապաշարին, նրա շերտերին, բառակազմական կաղապարներին, տերմինաբանությանը և այլ խնդիրներ։ Էդուարդ Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը՝ հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում։
Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ։ Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հրաչյա Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը, մասնավորապես «Լիակատար քերականություն հայոց լեզվի» բազմահատորյակի խմբագրման, «Արմատական բառարանի» տպագրության պատրաստման գործում։
Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.