![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/Ruka_%25288329948804%2529.jpg/640px-Ruka_%25288329948804%2529.jpg&w=640&q=50)
Զբոսաշրջությունը Ֆինլանդիայում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Ֆինլանդիայում (ֆիններեն՝ Matkailu Suomessa), Ֆինլանդիայի Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/Ruka_%288329948804%29.jpg/640px-Ruka_%288329948804%29.jpg)
Ֆինլանդիա պետությունը գտնվում է Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզու արևելքում[2][3][4]։ Տեղակայված է Բալթյան վահանի սահմաններում, իսկ տարածքում գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով[5]։
Ֆինլանդիայի զբոսաշրջության պատմության բարձրակետը համարվում է 1996 թվականը, երբ այս երկիրը դարձավ Շենգենյան համաձայնության անդամ[6][7] (նախորդ տարի Ֆինլանդիան միացել էր Եվրոպական Միությանը[8])։ 2011 թվականին Ֆինլանդիա են այցելել 7, 3 միլիոն զբոսաշրջիկներ, ինչը 17 %-ով գերազանցում էր 2010 թվականի ցուցանիշը։ 2013 թվականի տվյալներով զբոսաշրջիկների համար Ռուսաստանում Ֆինլանդիա այցելելու համար թողարկվել է ավելի քան 1, 5 միլիոն վիզա։ 2014 թվականից սկսած Ֆինլանդիան սկսեց հետաքրքրել ասիական երկրների զբոսաշրջիկներին, մասնավորապես գրանցվեց մեծ ներհոսք Ճապոնիայից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Հարավային Կորեայից։
Որպես զբոսաշրջային երկիր՝ Ֆինլանդիան ունի իր բնորոշումները՝ բալթյան ծովափեր, հյուսիսային սառը և մաքուր օդ, բևեռային ավանդույթներ և հիասքանչ գիշերային կյանք։ Ըստ 2014 թվականի տվյալների` Ֆինլանդիա այցելող զբոսաշրջիկների ամենամեծ զանգվածը (ավելի քան 615 հազար մարդ) բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Ֆինլանդիայի սկանդինավյան հարևան Շվեդիան (մոտ 300 հազար) և երրորդ տեղում Գերմանիան (248 հազար)։ Մեծ թվով զբոսաշրջիկներ են Ֆինլանդիա մեկնում նաև Մեծ Բրիտանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Լատվիայից և այլ պետություններից։