Երկլեզվություն
From Wikipedia, the free encyclopedia
Երկլեզվություն (երկլեզվակրություն), բիլինգվիզմ, երկու կամ ավելի լեզուների տիրապետումը և օգտագործումը։ Լեզվաբանության մեջ երկլեզվակրությամբ զբաղվում է հանրալեզվաբանությունը (սոցիոլինգվիստիկա), որն ուսումնասիրում է լեզվաքաղաքականության, լեզվաշինության, լեզվական շփումների, ազգի և ազգային լեզվի, երկլեզվության և բազմալեզվության, լեզվի ու լեզվավիճակի և խոսքի ու խոսքային իրադրության փոխհարաբերության, լեզուների ու լեզվավիճակների տիպաբանության հարցերը։
Երկլեզվության ժամանակ յուրաքանչյուր լեզվի տիրապետման աստիճանը, լեզուները կրողների միջև հաղորդակցական ոլորտների բաշխումը և խոսողների հարաբերությունը դրանց հետ պայմանավորված են բազմաթիվ գործոններով՝ խոսող հանրության սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքով։ Երկլեզվության դեպքում լեզուների բախումից կարող է նրանցից մեկը դուրս մղվել մյուսի կողմից, կամ դրանց հիմքի վրա գոյանալ նոր լեզու և կամ կարող են երկու լեզուներն Էլ ենթարկվել լեզվական կառուցվածքի՝ հնչյունական (արտասանական), քերականական (բառապաշարային) փոփոխությունների։
Երկլեզվակրությունն ամենից քիչ տարածված է մինչև 8 տարեկան երեխաների մոտ։ Դրա տարածման սահմաններն այստեղ որոշվում են ընտանեկան միջավայրի լեզվական վարքով և ուսումնական հաստատությունների ազդեցությամբ։
Ըստ կրողների ընդգրկման բիլինգվիզմը կարող է լինել՝ անհատական, խմբային, մասսայական և համընդհանուր։ Մասսայական և համընդհանուր երկլեզվությունն առաջանում է պատմականորեն` որպես հետևանք գրավումների, խաղաղ կամ հարկադիր վերաբնակեցումների, հարևան ժողովուրդների կամ այլալեզու խմբերի հետ կոնտակտների։