From Wikipedia, the free encyclopedia
Երկաթ պակասորդային սակավարյունություն, անեմիաների տարատեսակ, որը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ[1]։ Սակավարյունությունը (անեմիան) մի ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է արյան մեջ հեմոգլոբինի կոնցենտրացիայի և էրթրոցիտների քանակի նվազմամբ[2]։ Դանդաղ զարգացող ընթացքի դեպքում հիվանդները գանգատվում են թուլությունից, շունչը կտրվելու զգացումից, ֆիզիկական աշխատանքի նկատմամբ տոլերանտության իջեցումից, իսկ արագ ընթացքի դեպքում խուճապի, ուշացնացության զգացումից և անհագ ծարավից[2]։ Հիվանդների գունատությունը ի հայտ է գալիս, երբ սակավարյունությունն արդեն զգալի է։ Երեխաների մոտ անեմիան, բացի տիպիկ ախտանիշներից, կարող է արտահայտվել նաև աճի և զարգացման խանգարումներով[2]։
Երկաթ պակասորդային սակավարյունություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Երկաթի անբավարարություն |
Բուժաքննություն | Mentzer index? |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
ՀՄԴ-10 | D50 |
Ախտորոշում | Արյան քննություն |
Բուժում | Սննդակարգ, դեղորայք |
Բարդություններ | Առիթմիա, սրտային անբավարարություն, կրկնվող վարակներ |
Հաճախություն | 1,48 մլրդ (2015 թ.) |
Մահացություն | 54200 (2015 թ.) |
Iron-deficiency anemia Վիքիպահեստում |
Երկաթի պակասի հիմնական պատճառներն են արյան կորուստը, սննդի հետ անբավարար ընդունումը, ներծծման խանգարումները կամ պահանջարկի մեծացումը[1]։ Առավել հաճախ հանդիպում է առատ դաշտանի, ծծննդաբերության, ստամոքսի խոցի, ուղիղ աղու քաղցկեղի կամ միզային ուղիներից արյունահոսության դեպքում[3]։ Ներծծման խանգարումներն ավելի հաճախ առաջանում են Կրոնի հիվանդանության և ստամոքսի բարիատրիկ վիրահատություններից հետո[3]։ Զարգացող երկրներում մակաբույծ որդերը, մալարիան, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը իրենց հերթին մեծացնում են երկաթ պակասորդային սակավարյունության ռիսկը[4]։ Ախտորոշումը հաստատվում է արյան լաբորատոր հետազոտւթյամբ[5]։
Երկաթ պակասորդային սակավարյունությունը կարելի է կանխարգելել կամ երկաթի բավարար քանակով սնունդ ընդունելու միջոցով կամ երկաթի պատրաստուկներով[6]։ Երկաթով հարուստ սննդատեսակներից են միսը, ընկույզը, սպանախը և երկաթով հարստացված ալյուրը[7]։ Երկաթի պատրաստուկների և վիտամին C-ի օգտագործումը ևս խրախուսվում է[8]։ Ծանր դեպքերում կարող է նաև արյան փոխներարկման կամ երկաթի պատրաստուկների ներարկման կարիք լինել[1]։ Բուժումը առաջին հերթին ներառում է պատճառի վերացումը։
2015 թվականի տվյալներով՝ երկաթ պակասորդային սակավարյունությամբ աշխարհում տառապում է մոտ 1,48 միլիարդ մարդ[9], որոնց կեսի մոտ պատճաառը սննդի հետ անբավարար երկաթի ստացումն է[10]։ Ավելի հաճախ հանդիպում է կանանց և երեխաների մոտ[1]։ 2015 թվականի տվյալներով այս ախտի հետևանքով գրանցվել է 54000 մահ, մինչդեռ 1990 թվականին այդ ցուցանիշը հասնում էր 213000-ի[9][11]։
Երկաթ պակասորդային սակավարյունությունը շատ հաճախ չի ունենում որևէ կլինիկական դրսևորում[12]։ Սիմպտոմատիկ հիվանդների մոտ հայտնաբերվում է գունատություն՝ մաշկում և լորձաթաղանթում օքսիհեմոգլոբինի նվազած պարունակության պատճառով, հոգնածություն, լուսավախություն, ֆիզիկական աշխատանքի նկատմամբ տոլերանտության նվազում, գլխացավ և թուլություն[12]։ Այս ախտանիշներից ոչ մեկը ո՛չ զգայուն է, ո՛չ սպեցիֆիկ։ Երեխաների մոտ երկաթ պակասորդային սակավարյունության ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է լորձաթաղանթների՝ հատկապես շաղկապենու, գունատությունը, վերջինս ունի միայն 28% զգայունություն և 87% յուրահատկություն անեմիաների ու 49% զգայունություն և 79% յուրահատկություն ծանր անեմիաների (հեմոգլոբին <11 գ/դլ) տարբերակման համար[13]։ Այս ախտանիշն ունի կարևոր կանխատեսիչ նշանակություն, երբ առկա է, բայց բացակայությունը չունի կանխատեսիչ արժեք, քանզի անեմիկ հիվանդների միայն 1/3-ն է ունենում գունատություն։
Երկաթ պակասորդային սակավարյունությունը դանդաղ զարգացող վիճակ է, դրա համար օրգանիզմը ունի բավական ժամանակ հարմարվելու և կլինիկորեն չդրսևորվելու համար[14]։ Ծանր դեպքերում կարող է դիտվել շունչը կտրվելու զգացում[15]։ Շատ բնութագրական նշան է պիկաները, օրինակ պագոֆագիան՝ սառույց ուտելու հակումը[14]։
Այլ հավանական ախտանիշներից են[1][14][15][16]՝
Երկաթ պակասորդային սակավարյունությունը հատկապես ազդում է երեխայի նյարդային համակարգի ձևավորման վրա, ինչի պատճառով տուժում են և′ ուսուցման գործընթացները, և′ շարժողական ֆունկցիաները[18][19]։ Սա պայմանավորված է նրանով, որ երկաթի պակասի նկատմամբ զգայուն են ուղեղի բջիջները՝ նեյրոնները։ Երբ օրգանիզմում կա երկաթի պակաս, ամբողջ օրգանիզմի, այդ թվում՝ նեյրոնների, երկաթը ուղղվում է դեպի էրիթրոցիտներ։ Հավաստի հետազոտություն չի կատարված, սակայն գտնում են, որ կարող են լինել հեռակա ազդեցություններ այս նյարդաբանական խնդիրներից[19]։
Երկաթ պակասուրդային անեմիան ախտորոշելուց հետո անհրաժեշտ են հետագա հետազոտություններ սկզբնապատճառը հայտնաբերելու համար[20]։ Այն կարող է պայմանավորված լինել կա՛մ մեծացած պահանջով, կա՛մ մեծացած կորստով, կա՛մ անբավարար ընդունումով[21]։ Երկաթի մեծացած պահանջը սովորաբար լինում է երեխաների աճման շրջանում և կանանց մոտ հղիության ընթացքում[22]։ Ակտիվ աճման շրջանում երեխաները և դեռահասները կարող են չափազանց շատ սպառել ու ունենալ կլինիկական նշաններ անգամ հիվանդության բացակայության և նորմալ սննդակարգի պայմաններում[21]։ Երկաթի կորուստը սովորաբար արյան կորստից է[22]։ Այդպիսի օրինակ է աղեստամոքսային ուղուց քրոնիկական արյան կորուստը, որը կարղ է խոսել չարորակացման մասին[20]։ Սեռահասուն կանանց մոտ արյան կորուստը հիմնականում պայմանավորված է առատ դաշտանով։ Հատուկ սննդակարգ պահող անձինք ևս գտնվում են ռիսկի խմբում[12]։
Աշխարհում երկաթ պակասուրդային անեմիայի առաջատար պատճառներից են մակաբուծային հիվանդությունները, ինչպես օրինակ հելմինթոզները։ Ավելի հաճախ հանդիպող հարուցիչներն են՝ Ancylostoma duodenale, Ancylostoma ceylanicum և Necator americanus որդերը[20][23]։ Առողջապահության միջազգային կազմակերպության հաշվարկներով աշխարհում մոտավորապես 2 միլիարդ մարդ ունի մակաբույծ հելմինթներ[24]։ Մակաբույծ որդերը հարուցում են և՛ բորբոքում, և՛ քրոնիկական արյան կորուստ[14][23]։
Արյան կարմիր բջիջները պարունակում են երկաթ, հետևաբար արյան կորուստը հանգեցնում է երկաթի կորստի։ Տարբեր պատճառներ կան արյան կորստի՝ դաշտանային ցիկլը, աղեստամոքսային ուղուց արյունահոսությունը, ստամոքսի խոցը և կոագուլոպաթիաները։ Արյունահոսությունը կարող է լինել սուր և քրոնիկական։ Դանդաղ, քրոնիկական արյան կորուստը ավելի հաճախ լինում է խոցային հիվանդության, անգիոդիսպլազիաների, հաստ աղու բորբոքային հիվանդությունների, հաստ աղու պոլիպի կամ աղեստամոքսային ուղու ուռուցքի ժամանակ։
Մանկածին տարիքի կանանց մոտ դաշտանային արյունահոսությունը երկաթ պակասորդային անեմիայի առավել հաճախակի հանդիպող պատճառներից է[25]։ Միջինում մեկ դաշտանային ցիկլի ընթացքում կինը կորցնում է 40մլ արյուն, հետևաբար նաև երկաթ։ Ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդները, ինչպես օրինակ պերօրալ հակաբեղմնավորիչները նվազեցնում են արյան կորուստը, դրանով իսկ իջեցնում երկաթի անբավարարության զարգացման ռիսկը։
Երկաթ պակասորդային անեմիայի ամենահաճախակի հանդիպող պատճառը տղամարդկանց և հետկլիմակտերիկ շրջանում գտնվող կանանց մոտ՝ արյունահոսությունն է աղեստամոքսային ուղուց(ԱՍՏ)[25]։ Արյունահոսության աղբյուր կարող են լինել ստամոքսը, կերակրափողը, բարակ և հաստ աղիները։ Արյունահոսության պատճառներից են նաև որոշ խմբի դեղերի օգտագործումը, ինչպես օրինակ ՈՍՀԴ (ասպիրին), հակաթրոմբոցիտար (կլոպիդոգրել), հակաագրեգանտ (վարֆարին)։ Հաստ աղու քաղցկեղը մեկ այլ հաճախ հանդիպող պատճառ է, որն ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ[26]։ Եվ վերջապես երկաթ պակասորդային վիճակների կարող են բերել նաև որոշ արյունահոսական խանգարումներ՝ վոն Վիլլեբրանդի հիվանդությունը և իսկական պոլիցիտեմիան[25]։
Երկաթի հիմնական մասը մարդը ստանում է սննդի միջոցով։ Եթե հիվանդը քիչ է ընդունում կամ ընդունում է վատ յուրացվող ոչ հեմային երկաթ, ժամանակի ընթացքում նրա մոտ ձևավորվում է երկաթի անբավարարություն։ Երկաթով հարուստ սննդամթերքներից են միսը, ձուն, բանջարեղենը և երկաթով հարստացված սնունդը[28]։ Երեխաներին անհրաժեշտ է երկաթը բնականոն աճի և զարգացման համար[29]։ Կովի կաթով սնվող երեխաները, պայմանավորած կովի կաթի երկաթի վատ ներծծմամբ և կովի կաթի սպիտակուցներով աղիքի պատի վնասմամբ, ավելի բարձր ռիսկի խմբում են գտնվում։ Մյուս ռիսկի խմբում այն անձինք են, ովքեր քիչ են օգտագործում միս և երկաթով հարստացված սննդատեսակներ[29]։
Բժշկության միջազգային ակադեմիան 2001 թվականին թարմացրել է տվյալները երկաթի օրական պահանջի և խորհուրդ տրվող թույլատրելի արժեքների մասիմ։ 14-18-տարեկան աղջիկների համար օրական միջին պահանջը կազմում է 7,9 մգ/օրական[30], 19-50 տ.-երի համար 8,1մգ/օր, հետկլիմակտերիկ տարիքում գտնվող կանանց համար կազմում է 8,0 մգ/օր և ավելին։ Մինչև 19 տ. տղաների համար նորման կազմում է 6,0 մգ/օր, 19-ից մեծ տարիքի համար 8,0մգ/օր։ Երկաթի օրական պահանջը հղիության ընթացքում կազմում է 27 մգ/օր, իսկ լակտացիայի ժամանակ 9 մգ/օր[31]։
Երկաթի հիմնական մասը ներծծվում է բարակ աղիներում, հատկապես 12-մատնյա աղիքում և անցնում է արյան մեջ[32]։ Միայն երկաթի ներծծման խանգարումները հանդիպում են հազվադեպ, բայց այս խանգարումը կարող է դիտվել մի շարք ԱՍՏ-ի հիվանդությունների դեպքում[33]։ Առաջացման մեխանիզմները տարբեր են[34]։
Ցելիակիայի ժամանակ դուոդենումի կառուցվածքային փոփոխությունները հանգեցնում են մալաբսորբցիայի[33]։ Ստամոքսի կառուցվածքային փոփոխությունները և վիրահատական միջամտությունները, որոնք ազդում են թթվային միջավայրի կայունության վրա, խանգարում են երկաթի ներծծումը, քանզի աղաթթվի ազդեցությամբ է կատարվում ոչ հեմային երկաթի փոխակերպումը հեմայինի։ Եթե ստամոքսում չի արտադրվում բավարար քանակի աղաթթու՝ հիպոքլորհիդրիա կամ աքլորհիդրիա, վերջինս հատկապես դիտվում է պրոտոնային պոմպի ինհիբիտորներով երկարատև բուժման կամ հելիկոբակտեր պիլորի ասոցացված գաստրիտի դեպքում, եռարժեք երկաթը չի փոխակերպվում երկարժեքի[34]։
Առանց լրացուցիչ երկաթի աղբյուրի հղի կնոջ մոտ զարգանում է երկաթ պակասորդային վիճակ, որը պայմանավորված է կնոջ մոտ երկաթի պահանջարկի մեծացմամբ։ Դա պայմանավորված է, մի կողմից ՝ավելացած շրջանառող արյան ծավալով և մյուս կողմից՝ պլացենտայի զարգացման համար երկաթի անհրաժեշտությամբ[28]։ Այլ ավելի հազվադեպ պատճառներից են ներանոթային հեմոլիզը և հեմոգլոբինուրիան։ Երկաթի անբավարարությունը հղիության ընթացքում հանգեցնում է երեխայի մոտ երկարաժամկետ խնդիրների[35]։
Երեխաները գտնվում են երկաթ պակասորդային անեմիայի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում, քանի որ արագ են աճում[22]։ Նրանց պահանջը ավելի մեծ է, քան նրանք ստանում են սննդի միջոցով[22]։ Երեխաները ծնվում են երկաթի պաշարներով, բայց այդ պաշարները սպառվում են 4-6 ամսական հասակում[22]։ Բացի դրանից կովի կաթ ստացող երեխաների մոտ երկաթ պակասորդային վիճակը զարգանում է ավելի վաղ։
Ռիսկի խմբում ընդգրկվածներն են[36]`
Այն մարդիկ, ովքեր հաճախակի են հանդես գալիս որպես արյան դոնորներ, գտնվում են երկաթի պակասորդային անեմիայի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում[38]։ Եթե ամբողջ արյունը վերցվի դոնորից, մոտավորապես 200մգ երկաթ կլինի այնտեղ[39]։ Այսպիսի բարդույթներից խուսափելու համար մինչև դոնորից արյուն վերցնելը արյան բանկում ստուգում են նրա մոտ անեմիայի առկայությունը[39]։ Հայտնաբերելու դեպքում այդ անձից արյուն չի վերցվում[39]։ Երկաթի կորուստը դոնորի համար լինում է ավելի քիչ, եթե տալիս է միայն թրոմբոցիտ կամ լեյկոցիտ[39]։
Անեմիան կարող է լինել երկաթի արտահայտված անբավարարության դեպքում[33]։ Երբ օրգանիզմն իր պահանջները բավարարելու համար ունի բավարար երկաթ (ֆունկցիոնալ երկաթ), մնացած մասը պահեստավորում է բջիջներում՝ հատկապես ոսկրածուծում և լյարդում[33]։ Այս պահեստները կոչվում են ֆերիտինային կոմպլեքսներ և կազմում են մարդու նյութափոխանակության կարևոր օղակը։ Տղամարդկանց մոտ պահեստավորվում է 3,5 գ, իսկ կանանց մօտ 2,5 գ երկաթ[12]։
Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմում էրիթրոցիտների սինթեզի համար, հանդիսանում է հեմոգլոբինի կարևոր բաղկացուցիչ մաս[20]։ Օրգանիզմի երկաթի մոտ 70%-ը գտնվում է հեմոգլոբինի կազմում[12]։ Երկաթի հիմնական ներծծումը տեղի է ունենում բարակ աղիներում՝ հատկապես տասներկումատնյա և աղիճ աղիներում։ Որոշ գործոններ ավելացնում կամ նվազեցնում են երկաթի ներծծումը, օրինակ վիտամին C-ն ավելացնում է, իսկ տետրացիկլինները և անտացիդները ընկճում են ներծծումը[12]։ Ներծծվելուց հետո երկաթն անցնում է արյան մեջ և կապվում տրանսֆերինի հետ։ Երկաթի հիմնական մասը ոսկրածուծում մասնակցում է էրիթրոպոեզին[20]։ Երբ էրիթրոցիտները քայքայվում են, երկաթն անջատվում է և կրկին ուղղվում մետաբոլիկ շղթա[20]։
Երբ օրգանիզմի պահանջը գերազանցում է տվյալ պահին հասանելի երկաթի մակարդակը, սկսվում է օգտագործվել պահեստավորված երկաթը։ Բնականաբար, շարունակական բարձրացած պահանջի դեպքում, եթե անհատը արտաքինից երկաթ չստանա, պահեստները սպառվում են և ունենում է ոչ բավարար էրիթրոպոեզ[33]։ Զարգանում է անեմիա, որն ախտորոշվում է լաբորատոր հետազոտությամբ, երբ հայտնաբերում ենք հեմոգլոբինի մակարդակի նվազում[1][33]։
Ախտորոշման ամենահավաստի մեթոդը երկաթի պահեստների սպառման հայտնաբերումն է ոսկրածուծի նմուշի մանրադիտակային հետազոտությամբ[40][41]։ Սակայն այժմ կան ավելի հեշտ կատարվող հետազոտություններ և ոսկրածուծի ասպիրացիայի անհրաժեշտություն չի առաջանում[42]։ Երբ հաստատվում է երկաթ պակասորդային սակավարյունություն ախտորոշումը, առաջին հերթին պետք է ժխտել աղեստամոքսային ուղուց արյունահոսությունը[43], հետո մտածել լատենտ ընթացող ռեկտալ քաղցկեղի մասին։ Անմիջապես անհրաժեշտ է իրականացնել էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա և կոլոնոսկոպիա՝ աղեստամոքսային ուղու արյունահեսությունը հայտնաբերելու կամ ժխտելու համար։
Հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիումը շատ կարևոր է երկաթ պակասորդային անեմիայի պատճառը հայտնաբերելու համար[44]։ Հարկավոր է իմանալ արդյոք տվյալ անհատը ճանապարհորդել է դեպի հելմինթոզների էնդեմիկ օջախներ[45]։ Չնայած ախտանիշները կարևոր նշանակություն ունեն երկաթ պակասորդային անեմիայի հայտնաբերման հարցում, դրանք սովորաբար ոչ հստակ են և չունեն ախտորոշիչ նշանակություն։
Change | Parameter |
---|---|
↓ | ֆերիտին, հեմոգլոբին, MCV, MCH |
↑ | TIBC, տրանսֆերին, RDW, FEP |
Անեմիան հիմնականում հայտնաբերվում է արյան քննությամբ, որտեղ ամենաբնութագրականը հեմոգլոբինի մակարդակի նվազումն է։ Հետագա հետազոտությունների նպատակը արդեն պատճառի հայտնաբերումն է։ Եթե անեմիան երկաթ պակասորդային է, արյան քննությամբ հայտնաբերվող առաջին շեղումներից կլինի RDW-ի (Էրիթրոցիտոմետրիկ կորի լայնության) մեծացումը, որը խոսում է այն մասին, որ էրիթրոցիտները չափերով միամյանցից զգալի տարբերվում են[14][20]։
Ցածր MCV-ն (Էրիթրոցիտար միջին ծավալ) ևս վկայում է օրգանիզմում երկաթի պահեստների սպառման մասին։ Դա մատնանշում է, որ կան շատ փոքր չափերի էրիթրոցիտներ։ Ցածր MCH-ը (Էրիթրոցիտար միջին ծավալ), MCHC-ն (հեմոգլոբինի միջին կոնցենտրացիա), MCV-ն թույլ են տալիս խոսել միկրոցիտար անեմիայի մասին[14]։
ԵՊՍ-ով (երկաթ պակասորդային սակավարյունությամբ) հիվանդների ծայրամասային արյան քսուկում հայտնաբերվում են հիպոքրոմ (թերգունային, գունատ), փոքր էրիթրոցիտներ, ինչպես նաև պոյկիլոցիտոզ և անիզոցիտոզ[14][42]։ Հնարավոր է լինեն նաև թիրախանման բջիջներ։ Թրոմբոցիտների թիվը կարող է լինել նորմայի վերին սահմանին, բայց ծանր դեպքերում դիտվում է նաև թրոմբոցիտոպենիա՝ թրոմբոցիտների նվազում[46][47]։
ԵՊՍ-ի ախտորոշումը հաստատվում է շիճուկի ֆերիտինի, շիճուկի երկաթի, շիճուկի տրանսֆերինի և շիճուկի երկաթ կապող ընդհանուր տարողության հետազոտմամբ։ Երկաթի մակարդակը մի շարք բորբոքային հիվանդությունների ժամանակ կարող է բարձրանալ, այդ պատճառով ԵԴՍ-ի ժամանակ պարտադիր չէ, որ լինի իջած։ Իհարկե կարելի է որոշել շիճուկի երկաթի մակարդակը, բայց առավել հավաստի է դրա հետ մեկտեղ որոշել TIBS-ը (շիճուկի երկաթ կապող ընդհանուր տարողությունը)։
Հետագա հետազոտությունները անհրաժեշտ են տարբերակելու համար ԵԴՍ-ն թալասեմիա մինորից[48]։ Սա հատկապես կարևոր է, որովհետև թալասեմայով հիվանդներին երկաթի պատրաստուկներով բուժելը կարող է հանգեցնել հեմոքրոմատոզի։ Էլեկտրաֆորեզը օգնում է տարբերակելու այս երկու հիվանդությունները[49][50]։
Հղի կանանց սկրինինգը երկաթի անբավարարության հայտնաբերման համար չունի ապացուցված արդյունավետություն։ Նույնը կարելի է ասել 6-24 ամսական երեխաների համար[51]։ Չնայած այս ամենին երկաթի սկրինինգը հղի կանանց մոտ շարունակվում է կիրառվել։ Սկրինինգի համար որոշում են հեմոգլոբինի և հեմատոկրիտի ցուցանիշները[37]։
Բուժման սխեման որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդության ծանրության աստիճանը և հիվանդի վիճակը[8]։ Եթե երկաթ պակասորդային անեմիան արյան կորստի հետևանք է, պետք է առաջին հերթին բուժել պատճառը[8]։ Հիմնականում ԵԴՍ-ն բուժվում է խմելու երկաթի պատրաստուկներով[52]։ Ծանր, սուր դեպքերում հնարավոր է կարիք լինի արյան փոխներարկման և ներերակային երկաթի ներարկման[8]։
Ավելի թեթև դեպքերում միայն սննդակարգի փոփոխումը կարող է լինել բավարար[8]։ Վիտամին C-ով հարւստ սննդի ավելացումը օրաբաժնում ևս ունի դրական նշանակություն, քանի որ այն նպաստում է երկաթի ներծծմանը[8]։ Խմելու դեղամիջոցները արտադրվում են և՛ հաբերի, և՛ կաթիլների ձևով, որոնք հաճախ կիրառվում են երեխաների մոտ[8]։ Խմելու պատրաստուկների հիմնական մասը ներծծվում է բարակ աղիներում։ Խորհուրդ է տրվում ընդունել դեղերը սոված ժամանակ, քանի որ ստամոքսում սննդի առկայությունը ընկճում է երկաթի յուրացումը։ Իհարկե, ինչպես և ցանկացած դեղորայք, սա նույնպես ունի իր կողմնակի ազդեցությունները, հատկապես ստամոքսաղիքային համակարգի վրա։ Ամենահաճախը դիտվում է աղիքային անանցանելիություն։ Այն դեղերը, որոնք հատուկ ստեղծված են, որ ավելի ուշ սկսեն ազդել, չեն ներծծվում բարակ աղիների սկզբնամասում և հիմնականում չեն առաջացնում աղիքային անանցանելիություն[53]։ Արյան և պահեստային երկաթը նորմալ մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ է մոտավորապես 6ամսից մինչև 1տարի[52]։
Եթե ԵԴՍ-ն դառնում է ավելի արտահայտված, չի ենթարկվում բուժմանը կամ տվյալ անհատը ունի դեղորայքային ալերգիա երկաթի պատրաստուկների նկատմամբ՝ անհրաժեշտ է լինում կատարել այլ միջամտություններ[8][53]։ Երկու տարբերակ կա՝ արյան փոխներարկում և ներերակային ներարկումներ[52]։ Ներերակային ներարկումը նախընտրում են, եթե հիվանդը պետք է երկարատև բուժում ստանա, օրինակ դիալիզ ստացող հիվանդ է, ով նաև ստանում է էրիթրոպոետին կամ այլ էրիթրոպոեզ խթանող գործոն[52]։ Դեղորայքային ալերգիայի առկայության դեպքում խորհուրդ է տրվում արյան փոխներարկում[52]։
Միջին ծանրության երկաթ պակասորդային սակավարյունությամբ աշխարհում տառապում է 610 մլն մարդ, այսինքն բնակչության 8,8%-ը[54]։ Ավելի հաճախ դիտվում է կանանց մոտ (9.9%), տղամարդկանց մոտ ավելի քիչ է հանդիպում (7.8%)[54]։ Ծանր ԵԴՍ-ով տառապում են 375մլն մարդ։
Տարբեր տարիքային խմբերում տարածվածությունը տարբեր է, ավելի բարձր ռիսկի խմբերից, օրինակ երեխաների մոտ 25% է, ոչ հղի մանկածին տարիքի կանանց մոտ 37% է[55]։ Անեմիան տարածված է նաև հղի կանանց շրջանում[56]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.