չինական չորս դասական վեպերից ամենամեծ ժողովրդականություն վայելող վեպը From Wikipedia, the free encyclopedia
«Երազը կարմիր ապարանքում» (չին.`|紅樓夢|红楼梦|hónglóumèng|հունլոումեն) — չինական չորս դասական վեպերից ամենամեծ ժողովրդականություն վայելող վեպը, որի առաջին 80 գլուխների հեղինակը Ցաո Սյուեցինն է. վեպի այդ մասը նա հրատարակել է իր մահից քիչ առաջ՝ 1763 թվականին, «Նոթեր քարի մասին » (չին՝.|石頭記|石头记|shítóu jì|Շիտոու ցզի) խորագրով։ Դրանից մոտավորապես երեսուն տարի անց՝ 1791 թվականին, հրատարակիչ և գրող Գաո Էն իր օգնականի հետ միասին հորինել և հրատարակել է ևս 40 գլուխ՝ ավարտի հասցնելով վեպի սյուժետային գծերը[2] և տալով ներկայիս վերնագիրը։ Վեպն ուսումնասիրողները մինչև օրս էլ վիճում են, թե որքանով է վեպի վերջին մասն արտացոլում Ցաոյի հեղինակային մտահղացումը։
«Երազը կարմիր ապարանքում» վեպը բազմապլան պատում է Ցզյա գերդաստանի երկու՝ Ժունգո և Նինգո ճյուղերի անկման մասին, և այդ խորապատկերի վրա, բացի գերդաստանի երեք սերունդների անդամներից, տարբեր դրվագներում հայտնվում են ավելի քան չորս հարյուր այլ կերպարներ՝ հարազատ-բարեկամներ, ընկերներ, ծանոթներ (հիմնականում՝ կանայք)... Կերպարների այդքան մեծ քանակություն ունենալով հանդերձ՝ այս վեպը, ի տարբերություն նախորդ չինական վեպերի, ունի նաև կուռ դիպաշար՝ սյուժետային հստակ գիծ և պիրկ կառուցվածք[3]։ Դա առաջին վեպն է, որտեղ հեղինակը հանգամանորեն արտացոլում է հերոսների հույզերն ու ապրումերը, նրանց տրամադրությունները, այդ տրամադրությունների փոփոխությունները[3][4]։ Վեպը կիսով չափ ինքնակենսագրական է. ինքնակենսագրական տարրերը ազատորեն միահյուսված են Ցզյա գերդաստանի վերելքի ու անկման մասին հիմնական պատումին[5]), ընդ որում՝ հորինվածքներն ու առօրյա իրադարձությունները հերթագայվում են գերբնական դեպքերի նկարագրություններով։ Այդ ծավալուն ստեղծագործության մեջ հոգեբանական բնութագրումներով պատկերված են 18-րդ դարի չինական ազնվականության բարքերը, կերտված են տիպական կերպարներ։ Կարմիր ապարանքը այն վայրն է, որտեղ չին մեծահարուստ ազնվական ընտանիքների աղջիկնր են ապրում։
Վեպը գրաքննության կողմից քանիցս արգելվել է Չինաստանում՝ անպատշաճ, անպարկեշտ բովանդակության պատճառով[3]։ Իսկ 1980 թվականին Չինաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում ստեղծվել է հատուկ մի ինստիտուտ, որի խնդիրն է հանգամանալի, մանրակրկիտ հետազոտման ենթարկել «Երազը կարմիր ապարանքում» վեպը։ Մինչև անգամ՝ մի առանձնահատուկ գիտական դիսցիպլին է ի հայտ եկել՝ «խունսյուե» 紅学 (պինյին՝ hóngxué), որը բառացի թարգմանությամբ նշանակում է կարմրաբանություն կամ կարմրագիտություն[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.