From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Պավլովիչ Լեոնով (ռուս.՝ Евге́ний Па́влович Лео́нов, սեպտեմբերի 2, 1926[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հունվարի 29, 1994[2], Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ և ՌԴ թատրոնի և կինոյի դերասան։ Ժողովրդական դերասան (1978)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի (1976) և Ռուսաստանի դաշնության Պետական մրցանակի (1992) դափնեկիր։ Լինելով բացառիկ, ինքնատիպ տաղանդի տեր դերասան, հավասարապես հաջող էր մարմնավորում ինչպես էքսցենտրիկ, կատակերգական, այնպես էլ՝ դրամատիկ, անգամ ողբերգական երանգներով դերեր։
Եվգենի Լեոնով ռուս.՝ Евгений Павлович Леонов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1926[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունվարի 29, 1994[2] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կատակերգու և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն |
Ակտիվ շրջան | 1947-1994 |
Ամուսին(ներ) | Վանդա Լեոնովա |
Երեխա(ներ) | Անդրեյ Լեոնով |
Պարգևներ և մրցանակներ | |
animator.ru | |
Եվգենի Պավլովիչ Լեոնովը ծնվել է Պավել Վասիլևիչ Լեոնովի և Աննա Իլյինիչնա Լեոնովայի ընտանիքում։ Հայրը որպես ճարտարագետ աշխատում էր ավիագործարանում, մայրը տնային տնտեսուհի էր։
Եվգենին ընտանիքում երկրորդ երեխան էր։ Եղբայրը՝ Նիկոլայը, նրանից 2 տարով մեծ էր։ Լեոնովներն ապրում էին Վասիլևսկի փողոցում գտնվող կոմունալ բնակարանում՝ զբաղեցնելով երկու փոքր սենյակ։ Երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, Եվգենին ավարտեց միայն 7-րդ դասարանը։ Ծնողների խորհրդով նա աշխատանքի անցավ գործարանում որպես խառատի աշակերտ։ Պատերազմի ժամանակ այնտեղ աշխատում էր նրա ողջ ընտանիքը. հայրը՝ ճարտարագետ էր, մայրը՝ հաշվառու, եղբայրը՝ պատճենորդ։
Աշնանը Եվգենի Լեոնովն ընդունվեց Սերգո Օրջոնիկիձեի անվան Ավիացիոն տեխնիկում։ Տեխնիկումի երրորդ կուրսում նա ընդունվեց Մոսկվայի փորձարարական թատերական ստուդիայի դրամատիկական բաժինը, որի ղեկավարն էր այդ ժամանակ Մեծ Թատրոնի հայտնի բալետմեյստեր Ռոստիսլավ Զախարովը։ 1947 թ-ին ավարտելով ստուդիան՝ ընդունվում է Ձերժինսկու շրջանի Մոսկովյան թատրոնը։ 1948 թվականից հանդես էր գալիս Կ. Ս. Ստանիսլավսկու թատրոնի բեմում։
1968 թվականից Վ. Վ. Մայակովսկու թատրոնի դերասան։ 1970-ականների սկզբերին կինոյում նկարահանվելու համար թատրոնից հաճախ բացակայելու պատճառով Լեոնովի մոտ առաջանում են տարաձայնություններ թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Գոնչարովի հետ և 1972 թվականին նա տեղափոխվում է Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն (1990 թ-ից «Լենկոմ» թատրոն), որի ղեկավարն էր այդ ժամանակ Մարկ Զախարովը. 1982 թ-ին Լեոնովը ընտրվեց Ա. Ա. Յաբլոչկինայի անվան Դերասանի կենտրոնական տան հասարակական տնօրեն։
Եվգենի Լեոնովը լայն ժողովրդականություն ստացավ «Շերտավոր երթուղի» ֆիլմից հետո։ Լինելով շատ հմայիչ, վառ և մեղմ կատակերգական դերասան՝ Լեոնովը առանձնանում էր անմիջական և բարեհոգի բնավորությամբ, օժտված էր բնատուր դրամատիկական շնորքով։ Լեոնովը շատ բնականորեն կերպարանափոխվում էր և խաղում իր բազմաթիվ բարեսիրտ, պարզամիտ, մի փոքր խորամանկ, դրական հերոսների դերերը, նույնիսկ չնայած այն բանի, որ դերասանի դերերից շատերը բացասական կերպարներ են (Օրինակ՝ թագավորը «Սովորական Հրաշք» ֆիլմում, ձրիակեր Կոլյան «Աֆոնյա»-ում, հարևան Խարիտոնովը՝ «Աշնանային մարաթոն»-ում, Ուէֆ-ը՝ «Կին-ձա-ձա»-ում, դեսպանատան աշխատակիցը «Անձնագիր» ֆիլմում և այլն)։
Կինեմատոգրաֆում Լեոնովը պրակտիկորեն չէր գրիմավորվում՝ պարգևելով իր հերոսներին իր անզուգական և շատ հմայիչ արտաքինը. ոչ այդքան բարձրահասակ (165 սմ), լիքը, կուզիկավուն կազմվածքը, մեծ կլոր քթով և հաստ շուրթերով կլոր դեմքը, ճաղատ ճակատը։ Լեոնովի խուլ խռպոտ ձայնը վայրկենապես ճանաչելի էր դառնում։ Լեոնովը իրապես վայելում էր բոլոր սերունդների հատուկ սերն ու հարգանքը, այդ թվում նաև անիմացիոն ֆիլմերի հնչյունավորման աշխատանքների համար (նախ և առաջ 1969 - 1972 թթ. նկարահանված Վինի Թուխի կերպարը կադրի հետևում փայլուն հնչյունավորելու համար)։ Երբ Եվգենի Լեոնովը եկավ ստուդիա և կանգնեց բարձրախոսի մոտ, թեքեց գլուխն ու խորամանկորեն ժպտաց, բոլորը միանգամից բացականչեցին. «Ահա և Վինի Թուխը»։ Փաստորեն Եվգենի Լեոնովը Վինի Թուխին ոչ միայն իր ձայնը նվիրեց, այլև օգնեց գտնել իր կերպարը։
1988 թ. Գերմանիայում հյուրախաղերի ժամանակ սուր ինֆարկտի արդյունքում Լեոնովը «կլինիկական մահ» տարավ։ Նրան կատարվեց շտապ կորոնար շունտավորման վիրահատություն, որից հետո նա 16 օր գտնվեց կոմայի մեջ։ 4 ամսից Լեոնովը կարողացավ վերադառնալ իր դերասանական գործունեությանը։ Մահացավ 1994 թ. հունվարի 29-ին, 67 տարեկան հասակում թրոմբի պոկվելու հետևանքով, երբ պատրաստվում էր «Հիշատակման աղոթք» ներկայացմանը։
Թաղված է Մոսկվայում, Նովոդեվիչյե գերեզմանոցում։
Կինը՝ Վանդա Վլադիմիրովնա Լեոնովա (մինչև ամուսնությունը՝ Ստոյլովա), “Լենկոմ” թատրոնի գրական մասի աշխատակից։
Որդի՝ թատրոնի և կինոյի դերասան Անդրեյ Լեոնով (1959)
Թոռնիկներ՝ Եվգենի Լեոնով (ծնվ. 1987 թ.), Աննա Լեոնովա (ծնվ. 2010 թ.)
Կինոամսագիր «Ֆիտիլ»
1967 - Ֆիտիլ № 60 (սյուժե «Ծանր դեպք») - տնային կառավարիչ
1967 - Ֆիտիլ № 61 (սյուժե «Օպերացիա „Նյոման“»)
1967 — Ֆիտիլ № 63 (սյուժե «Ներկարար» ըստ Ն. Տեֆֆիի պատմվածքի), Ներկարար
1968 - Ֆիտիլ № 72 (սյուժե «Կողոպտեցին») - այցելու
1969 - Ֆիտիլ № 87 (սյուժե «Հանուն գիտության») - հարբեցող
1974 - Ֆիտիլ № 139 (սյուժե «Սթափ մոտեցում»)
1975 - Ֆիտիլ (սյուժե «Մարդը և օրենքը») - բնության պահապան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.