Դոնալդ Թրամփ
ԱՄՆ 45-րդ նախագահ / From Wikipedia, the free encyclopedia
Դոնալդ Ջոն Թրամփ (անգլ.՝ Donald John Trump, հունիսի 14, 1946(1946-06-14)[1][2][3][…], , Նյու Յորք[2][3]), ամերիկացի քաղաքական գործիչ, մեդիամագնատ և գործարար, ով 2017-2021 թվականներին եղել է ԱՄՆ 45-րդ նախագահը։
1968 թվականին Փենսիլվանիայի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, իսկ 1971 թվականին հայրը՝ Ֆրեդ Թրամփը, Դոնալդին նշանակեց իր անշարժ գույքի բիզնեսի նախագահ։ Թրամփը այն վերանվանեց The Trump Organization-ի, և կազմակերպությունը սկսեց զբաղվել նաև երկնաքերերի, հյուրանոցների, խաղատների և գոլֆի խաղադաշտերի կառուցմամբ ու վերանորոգմամբ։ 20-րդ դարի վերջին մի շարք բիզնես ձախողումներից հետո, նա հաջողությամբ ձեռնարկեց կողմնակի մի քանի նախաձեռնություններ, որոնք պահանջում էին քիչ կապիտալ՝ հիմնականում Թրամփ անվան լիցենզավորման միջոցով։ 2004-2015 թվականներին համահեղինակել և վարել է «Աշկերտը» հեռուստաշոուն, որտեղ նա մարմնավորում էր իր՝ որպես հարուստ և հաջողակ առաջնորդի հորինված կերպարը։ Թրամփն ու իր բիզնեսները հայցվորի կամ պատասխանողի կարգավիճակում ներգրավված են եղել ավելի քան 4000 նահանգային ու դաշնային քրեական գործերում, ներառյալ 6 բիզնեսների սնանկության գործերը։
Հանրապետական կուսակցության թեկնածուի կարգավիճակում Թրամփը 2016 թվականին հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ պարտության մատնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին, չնայած, որ Քլինթոնի օգտին քվեարկել էին ավելի մեծ թվով ընտրողներ։ Իր քարոզարշավի ընթացքում նա քաղաքականապես բնորոշվում էր որպես պոպուլիստ, պրոտեկցիոնիստ, իզոլյացիոնիստ և ազգայնական։ Նրա ընտրությունն ու վարած քաղաքականությունը հանգեցրել են բողոքի բազմաթիվ ցույցերի։ Թրամփն ԱՄՆ պատմության առաջին նախագահն էր, որը չի ունեցել ռազմական կամ պետական ոլորտում աշխատանքի որևէ փորձ։ 2017-2019 թվականներին հատուկ դատախազ Մյուլերի հետաքննությունը պարզեց, որ, ի աջակցություն Թրամփի, Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին։ Իր քարոզարշավի ու նախագահության ընթացքում Թրամփը խրախուսում էր դավադրությունների տեսությունների տարածումն ու անում կեղծ ու շփոթեցնող հայտարարություններ, ինչն աննախադեպ էր ամերիկյան քաղաքականության մեջ։ Նրա մեկնաբանություններից ու գործողություններից շատերը բնորոշվել են որպես ռասիստական։
Նախագահի կարգավիճակում Թրամփը ստորագրեց մուսուլմանական մի քանի երկրների քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ այցելելու արգելքը, ռազմական հատկացումների մի մասն ուղղեց ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցմանն ու իրականացրեց ԱՄՆ-ի հետ սահմանին ձերբակալված միգրանտների ընտանիքների բաժանման քաղաքականությունը։ Նա թուլացրեց շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ չեղարկելով դրա վերաբերյալ ավելի քան 100 քաղաքականություն և կարգավորում։ 2017 թվականին Թրամփը ստորագրեց «Հարկերի կրճատման և աշխատատեղերի մասին» օրենքը, որով կրճատվում էին անհատների ու բիզնեսի համար հարկերը։ Բացի այդ, Թրամփը վերացրեց նաև «Պացիենտների պաշտպանության և հասանելի առողջապահության մասին» օրենքը, որը հանրության շրջանում առավել հայտնի էր Obamacare անվամբ։ Նա Նիլ Գորսաչին, Բրեթ Քավանոյին և Քոնի Բարեթին նշանակեց ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոններում։ Թրամփը Չինաստանի հետ սկսեց առևտրային պատերազմ, Միացյալ Նահանգներին դուրս բերեց Մերձխաղաղօվկիանոսյան գործընկերության առևտրային համաձայնագրից, կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրից և Իրանի միջուկային գործարքից։ Իր պաշտոնավարման ընթացքում Թրամփը երեք անգամ հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում։ Նա բավարար չէր արձագանքում ու նսեմացնում էր կորոնավիրուսի համավարակը, անտեսում կամ ժխտում էր առողջապահական ոլորտի պաշտոնյաների խորհուրդները, քաղաքական ճնշում գործադրում առողջապահական գործակալությունների վրա, փորձում միջամտել պատվաստանյութերի հաստատման գործընթացին ու չհիմնավորված բուժումների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածում։
Թրամփը 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ պարտվեց Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։ Նա հրաժարվեց ընդունել պարտությունը՝ կեղծ պնդումներ անելով համատարած ընտրախախտումների մասին։ Թրամփը ճնշումներ գործադրելով կառավարական պաշտոնյաների վրա՝ փորձեց չեղարկել նախագահական ընտրությունների արդյունքները, չեղարկման վերաբերյալ հայցեր ներկայացրեց դատարան ու փորձեց խոչընդոտել Բայդենի վարչակազմին իշխանության փոխանցման գործընթացը։ 2021 թվականի հունվարի 6-ին նա իր աջակիցներին կոչ արեց շարժվել դեպի Կապիտոլիում, որից հետո երթի մասնակիցներից շատերը ներխուժեցին Կոնգրեսի շենք։ Դրա հետևանքով գրանցվեցին մահվան մի քանի դեպքեր ու Կոնգրեսում ընդհատվեց ձայների վավերացման գործընթացը։
Թրամփն ԱՄՆ միակն նախագահն է, որին երկու անգամ իմպիչմենտի են ենթարկել։ 2019 թվականին, երբ նա փորձեց ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի վրա՝ հետաքննելու Բայդենի ու նրա որդու գործունեությունը, դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի ենթարկեց նախագահին՝ իշխանության չարաշահման ու Կոնգրեսի գործունեությունը խաթարելու համար։ 2020 թվականի փետրվարին Սենատը, որտեղ մեծամասնություն էին կազմում հանրապետականները, արդարացրեց նրան։ Խռովություններ հրահրելու համար, 2021 թվականի հունվարին, Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմպիչմենտի ենթարկեց Թրամփին։ Նույն տարվա փետրվարին Սենատը դարձյալ արդարացրեց Թրամփին։ Գիտնականներն ու պատմաբանները Թրամփին համարում են որպես ամերիկյան պատմության վատագույն նախագահներից մեկը։
Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Թրամփը շարունակեց ակտիվ մասնակցություն ունենալ Հանրապետական կուսակցության գործունեության մեջ։ 2022 թվականի նոյեմբերին նա հայտարարեց 2024 թվականի նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման մասին։ 2023 թվականի մարտին Մանհեթենի երդվյալ ատենակալների դատարանը 34 կետից բաղկացած մեղադրանք առաջադրեց Թրամփին՝ գործարար փաստաթղթերի կեղծման համար։ Հունիսին Մայամիի ատենակալների դաշնային դատարանը 40 կետով մեղադրանք առաջադրեց Թրամփին՝ գաղտնի փաստաթղթերի հետ վարման կանոնների խախտման համար։ Սպիտակ տունը թողնելուց հետո՝ Թրամփն իր հետ տարել էր մի շարք գաղտնի փաստաթղթեր, այն դեպքում, երբ նա պետք է դրանք հանձներ Ազգային արխիվի և փաստաթղթերի ազգային վարչության պահպանմանը։ Օգոստոսին Վաշինգտոնի դաշնային ատենակալների դատարանը Թրամփին 4 կետով մեղադրանք առաջադրեց՝ 2020 թվականի ընտրությունները չեղարկելու փորձերի հետ կապված դավադրության և ընտրություններին խոչընդոտման համար։ Նույն օգոստոսին Ջորջիայի Ֆուլթոն շրջանի երդվյալ ատենակալների դատարանը 19 կետով մեղադրանք առաջադրեց ռեկետի և այլ ծանր հանցագործությունների համար, որոնք կատարվել էին 2020 թվականին Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի համար։ Մեղադրանքներից և որևէ մեկով Թրամփը չի ընդունել իր մեղքը։