From Wikipedia, the free encyclopedia
Դիեգո Ռոդրիգես Վելասկես (իսպ.՝ Diego Rodríguez de Silva y Velázquez, հունիսի 6, 1599[2][3][4][…], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[5] - օգոստոսի 6, 1660[3][4][6][…], Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի նկարիչ է, Իսպանական Ոսկե Դարի մեծագույն ներկայացուցիչը։
Դիեգո Վելասկեսը (իսկական անուն-ազգանունը՝ Ռոդրիգես դե Սիլվա Վելասկես) ծնվել է մկրտված պորտուգալացի հրեայի ընտանիքում։ Նկարչության դասեր առել է ծննդավայրում՝ Ֆրանսիսկո դե Էռերա Ավագից և Ֆրանսիսկո Պաչեկոյից։
Մինչև 1623 թվականն աշխատել է Սևիլյայում, ստեղծել ժողովրդական կենցաղի տեսարաններ (բոդեգոնես, ժանր)՝ «Նախաճաշ» (մոտ 1617 թվական), «Ծեր խոհարարուհին» (մոտ 1620 թվական), «Ջրկիր» (մոտ 1621 թվական) և այլն, նաև կրոնական թեմայով մի քանի կտավներ («Հոգևոր հովիվների երկրպագությունը», «Գուշակների երկրպագությունը», երկուսն էլ՝ 1619 թվական, «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը», մոտ 1620 թվական), որոնք աչքի են ընկնում կերպարների դիպուկ բնութագրումներով և կրում են իտալացի նկարիչ Կառավաջոյի արվեստի ազդեցությունը։ 1623 թվականին Վելասկեսը հրավիրվել է Մադրիդ. արքայազն Ֆերդինանդը նրան ներկայացրել է Ֆիլիպ IV թագավորին, որը նկարչին պատվիրել է իր դիմանկարը։ Տեսնելով Վելասկեսի աշխատանքը՝ նա ասել է. «Ոչ ոք ինձ այլևս չի նկարի՝ բացի քեզանից»։ Վելասկեսը նշանակվել է պալատական նկարիչ։ Նկարչի վարպետության ձևավորմանը նպաստել են ծանոթությունը թագավորական հավաքածուներին (հատկապես Տիցիանի նկարներին) և Ռուբենսի հետ, վերջինիս խորհրդով՝ նաև շրջագայությունն Իտալիայում (1629-1631 թվական, եղել է Ջենովայում, Միլանում, Վենետիկում և Հռոմում)։ 1630-ական թվականներին Վելասկեսը համարձակորեն հրաժարվել է ժամանակի արվեստին բնորոշ պայմանականություններից և կյանքը պատկերել է ողջ իրողությամբ, որոնել մեծ ընդհանրացման պատկերներ ստեղծելու ուղիներ։ «Բաքոս»-ում (1628-1629 թվական) նկարել է բնության գրկում Բաքոսի և ֆավնների (Ֆավն՝ դաշտերի և անտառների աստված) հետ խնջույքի նստած թափառաշրջիկների, որոնց միավորում են ընդհանուր ոգևորությունն ու բնությունը։ «Վուլկանի դարբնոցը» (1630 թվական) կտավը լի է իրական կյանքի զգացողությամբ։
«Բրեդայի հանձնումը» (1634 թվական) ստեղծագործությամբ Վելասկեսը հիմք է դրել պատմանկարչությանը Եվրոպայում։ Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ («Խուան Մաթեոս», մոտ 1632 թվական, «Հերցոգ Օլիվարես», «Արքայազն Բալթազար Կառլոս», երկուսն էլ՝ 1634-1635 թվականներ, և այլն)։ Ուշագրավ են հատկապես պալատական ծաղրածուների, խեղկատակների և գաճաճների դիմանկարները (բոլորը՝ 1631-1648 թվականների)։ Նկարիչը 1642-1644 թվականներին ուղեկցել է թագավորին Արագոնի արշավանքի ժամանակ։
1648-1651 թվականներին երկրորդ անգամ ճամփորդել է Իտալիայում։ Այդ տարիներին ստեղծած Ինոկենտիոս X պապի դիմանկարն աչքի է ընկնում կարմրի և վարդագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակված գունաշարով։ Ավելի ուշ շրջանի՝ Մարիա Թերեզայի (1651 թվական), Ֆիլիպ IV-ի (1655-1656 թվականներ), Մարգարիտ Ավստրիացու (մոտ 1660 թվական) դիմանկարներին բնորոշ են ընդգծված հոգեբանական հատկանիշները։ Այդ շրջանի գործերից է նաև «Հայելիով Վեներան» (1651 թվական)։ Վելասկեսը ստեղծել է բնանկարներ («Մեդիչիի վիլլան», երկու բնանկար, 1650-1651 թվականներ), որոնք առանձնանում են անսովոր թարմությամբ։ Վելասկեզի վերջին տարիների նշանավոր գործերն են՝ «Լաս Մենինաս» («Ֆրեյլիններ», 1656 թվական) և «Մանող կանայք» (նախնական անվանումը՝ «Արաքնեի առասպելը», 1657 թվական, աշխատանքի առաջին տեսարանն է արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ)։ Նկարչի ուշ շրջանի գործերում առավել ցայտուն են դրսևորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները՝ իրականության խոր ըմբռնումը՝ ողջ հարստությամբ ու հակասություններով, կերպարապլաստիկական մարմնավորման ամբողջականությունը և այլն։ Վելասկեսը նկարել է առանց ճեպանկարների՝ անմիջապես կտավի վրա փոխադրելով բնորդից ստացած առաջին տպավորությունները։
Վելասկեսի գործերից պահվում են Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Պրադոյում (Մադրիդ), Դրեզդենի, Լոնդոնի ազգային պատկերասրահներում և այլ թանգարաններում։ Վելասկեսի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.