From Wikipedia, the free encyclopedia
Գյուղատնտեսության կոլեկտիվացում (ռուս.՝ коллективизация), անհատական գյուղացիական տնտեսությունների միավորման և կոլտնտեսությունների (կոլխոզ) ձևավորման գործընթաց ԽՍՀՄ-ում, որն անցկացվել է 1928-1940 թվականների ընթացքում՝ Իոսիֆ Ստալինի կառավարման ժամանակահատվածում՝ կոոպերացման միջոցով գյուղացիական մենատնտեսությունները խորհրդային համայնական տնտեսությունների վերափոխելու հարկադրված ճանապարհով։
Խորհրդային ղեկավարությունը վստահաբար ակնկալում էր, որ գյուղացիական անհատ տնտեսություններից անցումը կոլտնտեսություններին իսկույնևեթ կբարելավի քաղաքային բնակչության պարենային ապահովումը, վերամշակող արդյունաբերության համար հումքի մատակարարումը, ինչպես նաև կենտրոնական իշխանության կողմից սահմանված քվոտաների միջոցով կոլտնտեսությունների գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ Գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումը ծառայեցվում էր նաև արագ ինդուստրալացմանը և ուրբանիզացիային[1]։
Վլադիմիր Լենինը կոլեկտիվացման համար նախատես էլ էր գյուղի «խորհրդային վերակառուցման» և «գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայնության կառուցման մեջ» ներգրավելու պլան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո խորհրդային իշախնություններն անմիջապես ձեռնամուխ եղան գյուղի` աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով (1918 թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալու կոլեկտիվ տնտեսություններին՝ փորձելով որոշակի առավելություններ ապահովել մանր մենատնտեսությունների համեմատ։ 1917 թվականի վերջերից և 1918 թվականի սկզբները գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով (1919 թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների հիմնախնդիրները, ցուցումներ տրվեցին դրանց գործունեության, պետական մարմինների հետ փոխհարաբերությունների, դրանց արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում (1919 թվականի մարտ) ընդունված ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվները վերածվեծին մարմինների, որոնք սկսեցին կարգավորիչ դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։
Դեռ առաջին հնգամյակի սկզբներին (1928) ԽՍՀՄ գյուղատնտեսության մեջ գերիշխում Էին մանր, անհատ տնտեսությունները (մինչև 25 միլիոն տնտեսություն)։ Գյուղատնտեսության մեջ կոլեկտիվացումը ծավալելու մասին որոշումն ընդունվեց ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարում (1927 թվական)։ Գյուղատնտեսական արտելը առաջադրվեց որպես կոլտնտեսությունների հիմնական ձև։ Արտելներում հանրայնացվում Էին աշխատանքը, հողը, գործիքները, անասունները, սերմացուն և արտադրության այլ հիմնական միջոցները։ Միջոցները համարվում էին կոլտնտեսությունների անդամների ընդհանուր սեփականությունը։ Բոլոր աշխատանքները ղեկավարում էին անամների կողմից ընտրված մարդը՝ կոլխոզի նախագահը։
Կոլտնտեսականների անձնական սեփականություն Էին մնում բնակելի շինությունները, մանր ինվենտարը, սահմանափակ քանակությամբ մթերատու անասուններ, ոչ մեծ «տնամերձ հողամաս»՝ անձնական տնտեսություն վարելու համար։ Կուսակցական, Խորհրդային և կոոպերատիվ կազմակերպությունները դարձան կոլտնտեսությունների անմիջական կազմակերպիչները։ 1928 թվականի ամռանը կոլտնտեսությունների թիվը կազմեց 33,3 հազար, իսկ 1929 թվականի ամռանը՝ 57 հազար։ 1929 թվականի վերջերից սկսվեց գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացման փուլը, որին բնորոշ էր գյուղացիների, մասսայական մուտքը կոլտնտեսություններ։ Կոլեկտիվացմանը դեմ արտահայտվող գյուղացիները համարվում էին հակասովետական, ժողովրդի թշնամի, կուլակ, հակահեղափոխական, որոնք բոլորն էլ քրեորեն պատժելի էին ԽՍՀՄ սահմանադրությամբ։ Նման անձնաց հայտնաբերումը և ուժային կառույցների համար համապատասխան անվանական ցուցակների կազմումը վստահվում էր կոլտնտեսության ղեկավարներին[2]։
ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի 1929 թվականի նոյեմբերյան պլենումի «Կոլտնտեսային շինարարության արդյունքների և հետագա խնդիրների մասին» որոշման մեջ նշվեց, որ Խորհրդային Միությունը թևակոխել էր «գյուղի ծավալուն վերափոխման և սոցիալիստական խոշոր հողամշակության կառուցման ժամանակաշրջան», որը կոլտնտեսային շարժումը առանձին շրջանների համար համատարած կոլեկտիվացման խնդիր էր դնում։ Պլենումը որոշեց գյուղատնտեսության սոցիալիստական եղանակի անցման գործին ցուցաբերվող օգնությունն ուժեղացնելու, դրա նյութատեխնիկական բազան ամրապնդելու, կադրերի պատրաստումը բարելավելու հիմնական միջոցները։ Քաղաքներից կոլտնտեսություններ մշտական աշխատանքի ուղարկվեցին 25 հազար բանվորներ։ Հարկադիր կոլեկտիվացման սուր քննադատներից էր աջաթևյան Նիկոլայ Բուխարինը, ով տվյալ երևույթը որակում էր «լիովին անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային ոչնչացում»։
«Կոլեկտիվացման տեմպի և պետության կողմից կոլտնտեսային շինարարությանն օգնություն ցույց տալու միջոցառումների մասին» 1930 թվականի հունվարյան պլենումի որոշման մեջ Համկ(բյկ ԿԿ կուսակցական կազմակերպություններին ու խորհրդային մարմիններին կողմնորոշում էր տեղերում կոլեկտիվացումը հիմնականում ավարտել 1932 թվականին՝ հնգամյակի վերջին (հացահատիկային վճռորոշ շրջաններում՝ Ստորին և Միջին Վոլգայում, Հյուսիսային Կովկասում՝ 1930 թվականի աշնանը կամ 1931 թվականի գարնանը, հացահատիկային մյուս շրջաններում՝ 1931-ի աշնանը)։ Ընդգծվեց նան տրակտորների և գյուղատնտական այլ մեքենաների պակասության պատճառով կոլեկտիվացումը կասեցնելու բոլոր փորձերի դեմ վճռական պայքարի անհրաժեշտությունը։ Միաժամանակ ԿԿ նախազգուշացնում էր կուսկազմակերպություններին՝ խուսափել կոլտնտեսային շարժումը վերնից «դեկրետավորելուց»։
Գյուղատնտեսության Խորհրդային վերափոխության, հատկապես կոլտնտեսային կարգի զարգացման և ամրապնդման մեջ մեծ դեր խաղաց պետական մեքենա-տրակտորային կայանների (ՄՏԿ) ստեղծումը (1929 թվականից)։ Գյուղատնտեսական կոլեկտիվացման կարևոր պայման հանդիսացավ ԽՍՀՄ-ում կուլտուրական հեղափոխության իրականացումը։ Համատարած կոլեկտիվացումը (1929—1933) ընթացավ տնտեսական ու քաղաքական դժվարին պայմաններում։ Կուլակությունը որպես դասակարգ վերացվեց։ Կարևոր նշանակություն ունեցավ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի «Կոլտնտեսային շարժման մեջ կուսակցական գծից կատարվող շեղումների դեմ պայքարելու մասին» որոշումը (1930 թվականի մարտ) և ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարի (1930 թվականի հունիս) «Կոլտնտեսային շարժման և գյուղատնտեսության վերելքի մասին» բանաձևը։ Համագումարը նշեց, որ «եթե կալվածատերերից հողի բռնագրավումը Հոկտեմբերյան հեղափոխության առաջին քայլն էր գյուղում, ապա կոլտնտեսություններին անցնելը երկրորդ և ըստ որում վճռական քայլն է, որը ԽՍՀՄ-ում սոցիալիստական հասարակության հիմքի կառուցման գործում կարևորագույն էտապն է բնութագրում»։
1931 թվականի հունիսին կոլտնտեսությունների ընդհանուր թիվը 211 հազար էր, որոնք միավորում էին 13 միլիոն գյուղացիական տնտեսություն։ Այնուամենայնիվ, արագ արդյունաբերականացման, գյուղատնտեսական աշխատուժի նվազման և մի քանի վատ երաշտների զուգորդմամբ, բնակչության հացահատիկի հարկադիր մթերումը (առգրավումը) պատճառ հանդիսացավ 1932—1933 թվականների երկրում բռնկված համատարած զանգվածային սովին, որին, տարբեր տվյալներով, զոհ գնացին 4-ից 7,5 մլն քաղաքացիներ։ Միայն Ուկրաինական ԽՍՀ տարածքում Հոլոդոմորին զոհ գնաց 2,2 միլիոն մարդ[3][4][5]
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) գործողությունները մեծ վնաս պատճառեցին խորհրդային գյուղատնտեսության ենթակառուցվածքներին, ժամանակավորապես հակառակորդի ձեռքն անցան գյուղատնտեսական կարևոր շրջաններ։ Պատերազմից հետո սկսվեց կոլտնտեսությունների, ՄՏԿ-ների և խորհրդային տնտեսությունների վերականգնումը։ Արդեն 1949 թվականին գյուղատնտեսության արտադրության մակարդակը հասավ նախապատերազմյան՝ 1940 թվականի մակարդակին[փա՞ստ]։ 1949-1950 թվականներին կոլեկտիվացումն ավարտվեց նան Ուկրաինայի, Բելառուսիայի, Մոլդավիայի արևմտյան շրջաններում, ինչպես նաև բալթյան երեք հանրապետություններում՝ էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, որոնք բռնակցվել էին Խորհրդային Միությանը, համաձայն «Մոլոտով-Ռիբենտրոպ» դաշնագրում առկա գաղտնի արձանագրությունների։ 1950 թվականից սկսած ձեռնարկվեց կոլտնտեսությունների խոշորացումը (1950 թվականին երկրում կար 123,7 հազար կոլտնտեսություն, 1953 թվականի վերջին՝ 93 հազար, 1974 թվականին՝ 30 հազար)։
Գյուղատնտեսության արտադրության ինտենսիվացումը, մեքենայացումը, էլեկտրիֆիկացումը և քիմիացումն ուղղված էին կոլտնտեսականների աշխատանքի պայմանների բարելավումն ապահովելուն՝ դրանք մոտեցնելով բանվորի աշխատանքի պայմաններին։ Կոլտնտեսություններում աշխատում էին ավելի քան 3,9 միլիոն մեխանիզատորներ (1975 թվականի ապրիլ), մոտ 1037 հազար բարձրագույն և միջնակարգ կրթությամբ մասնագետներ (1973 թվականի նոյեմբեր)։ Կոլտնտեսականների համամիութենական երրորդ համագումարը (1969 թվականի նոյեմբեր) քննարկեց կոլտնտեսությունների հետագա զարգացման և գյուղատնտեսական արտադրության արագ վերելքի հետ կապված հարցեր, ընդունեց կոլտնտեսային նոր կանոնադրություն, որի մեջ իրենց արտացոլումը գտան սոցիալական այն խոշոր փոփոխությունները, որ տեղի են ունեցել կոլտնտեսային գյուղում կոլտնտեսականների երկրորդ համագումարից (1935) հետո։ Համագումարում ընտրվեց Կոլտնտեսությունների միութենական խորհուրդ։
Տարեթվեր | Կոլեկտիվացված տնտեսություններն առ հուլիսի 1-ը (%-ով, ըստ ՍՄՀ-ի) |
---|---|
1918 | 0.13 |
1927 | 0.8 |
1928 | 1.7 |
1929 | 3.9 |
1930 | 23.6 |
1931 | 52.7 |
1932 | 61.5 |
1937 | 93.0 |
1940 | 96.9 |
1955 | 99.6 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.