From Wikipedia, the free encyclopedia
Բեռնարդ Բոլցանո (չեխ․՝ Bernard Placidus Johann Nepomuk Bolzano, հոկտեմբերի 5, 1781[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6][…] - դեկտեմբերի 18, 1848[7][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4][5][6][…]), չեխ մաթեմատիկոս, փիլիսոփա և աստվածաբան, իրական թվերի առաջին խիստ տեսության հեղինակը և բազմությունների տեսության հիմնադիրներից մեկը։
Բեռնարդ Բոլցանոն ծնվել է 1781 թվականի հոկտեմբերի 5-ին Պրահա քաղաքում՝ Հյուսիսային Իտալիայից եկած գաղթականի ընտանիքում[11]։
1796 թվականին ընդունվել է Կարլի համալսարան Պրահայում, սկզբում սովորել է մաթեմատիկա, փիլիսոփայություն և ֆիզիկա փիլիսոփայության ֆակուլտետում, 1800 թվականից՝ աստվածաբանություն աստվածաբանության ֆակուլտետում, 1804 թվականին ընդունել է կաթոլիկ քահանայի աստիճան։ 1805 թվականին ստացել է կրոնի պատմության և փիլիսոփայության նորաստեղծ ամբիոնը և պաշտպանել դոկտորական ատենախոսությունը։ 1818 թվականին ընտրվել է փիլիսոփայության ֆակուլտետի դեկան։ Մինչև 1819 թվականն ստեղծված աշխատությունները հիմնականում վերաբերում էին աստվածաբանությանը և փիլիսոփայությանը, դրանցում ընդդիմացել է Իմանուիլ Կանտը և դեմ է արտահայտվել պսիխոլոգիզմին տրամաբանության մեջ և տրամաբանականի ու հոգեբանականի հստակ սահմանազատմանը։
Բոլցանոյի ազատ մտածողությունը առաջացրել է եկեղեցական իշխանությունների զայրույթը, Հռոմի Պապն Ավստրիայի կայսրից պահանջել է հեռացնել Բոլցանոյին։ 1820 թվականին կայսեր որոշմամբ Բոլցանոն հեռացվել է համալսարանի բոլոր պաշտոններից և հանձնվել ոստիկանների հսկողության տակ։ Բոլցանոն մեկնել է գյուղ և նվիրվել մաթեմատիկային և տրամաբանությանը[12]։
1843 թվականին Բոլցանոն հիվանդացել է ծանր թոքաբորբով։ 1848 թվականի աշնանը նրա վիճակը վատացել է, և 1848 թվականի դեկտեմբերի 18-ին նա մահացել է Պրահայի հիվանդանոցում։ Թաղվել է Օլշանսկե գերեզմանատանը։
Իր կյանքի ընթացքում Բոլցանոն հրատարակել է ընդամենը հինգ փոքրիկ աշխատանքներ մաթեմատիկայի վերաբերյալ և մի քանի անանուն փիլիսոփայական տրակտատներ։ Դրանք զգալիորեն առաջ են անցել այդ ժամանակների գիտական մակարդակից և չեն գրավել գիտական հանրության ուշադրությունը։ Միայն XIX դարի վերջին, երբ այդ գաղափարները միմյանցից անկախ վերագտան Կառլ Վեյերշտրասը և Ռիխարդ Դեդեկինդը, պատմաբանները հայտնաբերել և գնահատել են Բոլցանոյի ստեղծագործությունը և առաջին հերթին մաթեմատիկական անալիզի նրա խիստ հիմնավորումը, որը ներկայացվել է «Թեորեմի զուտ վերլուծական ապացույց, որ հակառակ նշանի արդյունքներ տվող ցանկացած երկու արժեքների միջև կա հավասարման առնվազն մեկ իրական արմատ» աշխատանքում։ Բոլցանոն նաև Օգյուստեն Լուի Կոշիից չորս տարի առաջ և ավելի խստորեն, քան նա, դուրս է բերել նյութական շարքերի համընկնման անհրաժեշտ պայմանը։
1830 թվականի աշխատանքում Բոլցանոն գտել է ոչ մի տեղ չդիֆերենցվող անընդհատ ֆունկցիաների առաջին օրինակները։
«Գիտական ուսմունք» աշխատության մեջ (1837, գերմ.՝ Wissenschaftslehre) նա ներկայացրել է ավանդական տրամաբանական ուսմունքների ծավալուն շարադրանքը։
«Անսահմանության պարադոքսներ» (գերմ.՝ Paradoxien des Unendlichen) աշխատության մեջ, որն առաջին անգամ լույս է տեսել հետմահու 1851 թվականին, ձևակերպել է գաղափարներ, որ մոտ են Կանտորի բազմությունների նաիվ տեսությանը։ Այս աշխատությունում Բոլցանոն ներկայացրել է բազմություն և փոխմիարժեք համապատասխանություն հասկացությունները։ Բացի այդ այս աշխատությունում ապացուցվել է ցանկացած անսահման սահմանափակ բազմության սահմանափակ կետի առկայության մասին պնդումը, որը հետագայում հայտնի է դարձել որպես Բոլցանո-Վեյերշտրասի թեորեմ։
Բոլցանոյի փիլիսոփայական գաղափարները հիմնականում ներկայացված են «Գիտական ուսմունք», «Անվերջության պարադոքսներ» և «Աթանազիա կամ մտքեր հոգու անմահության մասին» աշխատություններում։ Փիլիիսոփայության ոլորտում Բոլցանոն եղել է համոզված մետաֆիզիկ և Գոթֆրիդ Լայբնիցի հետևորդ, որի գաղափարները զարգացրել է միանգամայն ինքնուրույն։ Նրա փիլիսոփայական հայացքների վրա ազդել են նաև Արիստոտելը, Թոմաս Հոբսը, Բենեդիկտ Սպինոզան և իր ժամանակի բնագիտական հայտնագործությունները։ Միևնույն ժամանակ փիլիսոփան զերծ է մնացել Իմանուիլ Կանտի ազդեցությունից, որի գաղափարներին շատ քննադատաբար է վերաբերվել։ Բոլցանոն մերժել է Կանտի ուսմունքը մետաֆիզիկական իմացության անհնարինության մասին, իսկ նրա փաստարկներում գտել է բազմաթիվ հակասություններ և տրամաբանական սխալներ[13]։
Բոլցանոյի մետաֆիզիկայի հիմքում ընկած է սուբստանցի հասկացությունը։ Սուբստանցն այն է, ինչ գոյություն ունի ինքնին, ի տարբերություն հատկությունների կամ ատրիբուտների, որոնք գոյություն ունեն միայն այլ առարկայի մեջ։ Սուբստանցն իր հատկությունների կրողն է և չի կարող լինել այլ առարկայի հատկություն։ Սուբստանցի անընկալունությունը հիմք չէ նրա գոյությունը հերքելու համար։ Բոլոր ընկալվող իրերը բաղկացած են անթիվ սուբստանցներից, որոնք Բոլցանոն հասկացել է Լայբնիցի մոնադի օրինակով։ Ընդ որում, ի տարբերություն Լայբնիցի, նա սուբստանցը չի կոչել մոնադ և երբեմն խոսել է նրա մասին որպես ատոմի[13]։
Միասնական սուբստանցի գլխավոր հատկությունը ներկայացման ակտիվ ուժն է։ Սուբստանցի օրինակ է մարդկային հոգին, տիեզերքի բոլոր օրգանական և անօրգանական մարմինները կազմված են սուբստանցներից, որոնք նման են մեր հոգուն։ Բնության մեջ անկյանք ոչինչ չկա, նույնիսկ պարզագույն արարածները՝ որդերը, պոլիպները, ինֆուզորիաները, ունեն զգացման և ներկայացման ունակություն։ Անկենդանից կենդանիի ծագումը հակասում է տրամաբանության օրենքներին, ուստի ընկալման տարրական ունակության առկայությունը պետք է ենթադրել նաև անօրգանական բնության մեջ։ Օրգանական և անօրգանական մարմինների միջև եղած տարբերությունը բացատրվում է դրանցում գերիշխող սուբստանցի առկայությամբ, որը, ըստ էության, կոչվում է հոգի։ Առանձին սուբստանցները միմյանցից տարբերվում են ներկայացման տարբեր ուժերով. ներկայացման ամենամեծ ուժ ունեցող սուբստանցները հոգիներն են[13]։
Բոլոր սուբստանցներն օժտված են ներքին ուժերով, որոնցից ամենապարզն են ձգողականության և վանողության ուժերը։ Ի տարբերություն Լեյբնիզցի, Բոլցանոն ընդունել է սուբստանցների միջև իրական փոխազդեցությունը և մերժել նախասահմանված ներդաշնակության ուսմունքը։ Սուբստանցի ոչ մի գործողություն չի իրականացվում միայն ներքին պատճառներից. յուրաքանչյուր սուբստանց գտնվում է այլ նյութերի հետ փոխազդեցության մեջ։ Բացառապես իրենից բխող գործողությունը հատուկ է միայն Աստծուն։ Բոլցանոն մերժել է մեխանիկական դետերմինիզմը՝ պնդելով, որ անհարաժեշտ է տարբերել ներքին և արտաքին պատճառները։ Որքան ավելի շատ է սուբստանցը գործում ներքին պատճառներից բխելով, այնքան այն ավելի ազատ է։ Աշխարհում դիտարկվող էվոլյուցիայի և առաջընթացի հիմքը նյութերի ունակությունն է՝ ուժեղացնելու և նվազեցնելու ուժը։ Սուբստանցի զարգացումը գնում է ավելի շատ ազատության ուղով, այսինքն՝ սկսում է ավելի շատ կախված լինել ներքին պատճառներից։ Իսկապես ազատ են միայն բանական էակները[13]։
Տարածության և ժամանակի մասին ուսմունքում Բոլցանոն մերժել է Կանտի տեսությունն ապրիորիության մասին և կիսել Լեյբնիցի կարծիքը, որը դրանք դիտարկում էր որպես առարկաների միջև առկա հարաբերությունների ձևեր։ Ֆիզիկական ձգողականությունը ձևավորվում է բազմաթիվ սուբստանցների կողմից այնպես, ինչպես երկրաչափական ձգողականությունը առաջանում է բազմաթիվ կետերով։ Գոյություն չունեն դատարկ տարածք և բացարձակ ժամանակ, քանի որ սուբստանցների հարաբերությունը չի կարող գոյություն ունենալ հենց այդ սուբստանցների բացակայության դեպքում։ Բոլոր նյութերն ունեն Անհատականություն և փոփոխականություն, մինչդեռ տարածության կետերը և ժամանակի պահերը զուրկ են այդ հատկություններից և զուտ աբստրակցիա են[13]։
Բոլցանոյի ստեղծագործության մեջ հատուկ տեղ են զբաղեցրել կրոնին վերաբերող հարցերը, որոնց նա մեծ նշանակություն է տվել։ Աստծո հանդեպ հավատքի հիմքը փիլիսոփան գտնում էր իր տրամաբանության մեջ՝ համաձայնելով Լեյբնիցի մոտ Աստծո գոյության ապացույցների հետ և մերժելով Կանտի՝ գործնական դրույթների վրա հիմնված կրոնը։ Բոլցանոյի կարծիքով՝ կրոնը բարոյականությունից դուրս չի գալիս, անհնար է հավատալ Աստծուն, ազատությանն ու անմահությանը, եթե դրա համար օբյեկտիվ հիմքեր չկան։ Լինելով հավատացյալ կաթոլիկ՝ Բոլցանոն քննադատաբար է վերաբերվել ավանդական աստվածաբանությանը և կիսել է կաթոլիկական լուսավորության գաղափարները, ինչի պատճառով ունեցել է ազատախոհի համբավ։ Քրիստոնեության էությունը նա համարել է բարոյական օրենքին հետևելը, իսկ Սուրբ Գրքի տեքստերում տեսել է բարոյագիտական պատմություններ, որոնք չեն պարունակում օբյեկտիվ ճշմարտություն և պահանջում են այլաբանական մեկնաբանություն[13]։
«Աթանասիա, կամ մտքեր հոգու անմահության մասին» աշխատությունում Բոլցանոն հիմնավորել է հավատը անմահության հանդեպ՝ հենվելով սուբստանցների անքակտելիության գաղափարի վրա։ Բնության բոլոր բարդ մարմինները առաջանում և անհետանում են՝ բաժանվելով առանձին սուբստանցների, այնուամենայնիվ, հոգին այդ բարդ երևույթներից ոչ մեկը չէ։ Ընդհակառակը, ինքնին լինելով սուբստանց՝ այն ենթակա չէ առաջացման և ոչնչացման և չի կարող բաժանվել մասերի։ Հոգու գոյությունը կախված չէ մարմնի գոյությունից, ամբողջ կյանքի ընթացքում մեր մարմինը անընդհատ փոխվում է, մինչդեռ մեր «Ես»-ը մնում է նույնական ինքն իր հետ։ Հոգին չի պարունակվում զգայարանների կամ մարմնի որևէ այլ օրգանի մեջ։ Նա անցյալում արդեն բազմիցս զգացել է մարմնի մահը և վերապրելու է այն ապագայում[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.