Բազմալեզվություն
From Wikipedia, the free encyclopedia
Բազմալեզվություն, մեկից ավելի լեզուների կիրառումը որևէ անհատի կամ էլ խոսողների խմբի կողմից։ Ասում են, որ բազմալեզու մարդիկ թվով ավելի շատ են, քան միայն մեկ լեզվի տիրապետողները[1]։ Եվրոպացիների կեսից ավելին պնդում է, որ, բացի մայրենի լեզվից, խոսում է առնվազն մեկ օտար լեզվով[2]։ Համաշխարհայնացման և մշակութային իրազեկության շնորհիվ բազմալեզվությունը դառնում է ընդունված հասարակական երևույթ[3]։ Համացանցում ինֆորմացիայի հեշտ հասանելիությունը, տարբեր լեզուների տիրապետող մարդկանց հետ շփումը նպաստում են բազմալեզվության տարածմանը։ Այսպիսով, շրջապատված լինելով տարբեր լեզուներով՝ մարդիկ շատ հաճախ կարիք են զգում սովորելու օտար լեզուներ։ Բազմալեզու մարդկանց անվանում են նաև պոլիգլոտեր[4]։
Բազմալեզու մարդիկ իրենց առաջին կամ էլ մայրենի լեզուն սովորում են մանկության տարիներին՝ առանց որևէ հատուկ դասերի հաճախելու։ Այն երեխաները, որոնք այս կերպ սովորում են միաժամանակ երկու լեզու, կոչվում են երկլեզվակիրներ։ Նույնիսկ այս դեպքում մարդը երկու լեզուներից մեկին ավելի լավ է տիրապետում քան մյուսին։ Մեկից ավելի լեզուների տիրապետող մարդիկ ավելի շուտ են մեկ այլ լեզու սովորում, քան միալեզու մարդիկ[5]։
Բազմալեզվությունը համակարգչային ունակությունների մեջ միջակա դիրք է գրավում միջազգայանացման և տեղայնացման միջև։ Համակարգչային գիտության մեջ իր ունեցած կարևորության շնորհիվ ծրագրերի զարգացման համար գրեթե միշտ օգտագործվում է անգլերենը։ Այսպիսով՝ նոր ծրագրերը սկզբում ստեղծվում են անգլերենով, այնուհետև, հարկ եղած դեպքում թարգմանվում են նաև այլ լեզուներով։