Արցախյան հակամարտություն
From Wikipedia, the free encyclopedia
Արցախյան հակամարտություն, ազգային-քաղաքական հակամարտություն[1] Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև։ Այն ուներ պատմական և մշակութային մեկդարյա արմատներ, սակայն նոր հրատապություն էր գտել վերակառուցման տարիներին (1987-1988)[2]՝ Հայաստանում և Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին։ Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի։ 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, ինչպես նշել է Ա.Ն. Յամսկովը, և այն վերածվել է «ազգամիջյան դիմակայության», որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով[3]։ Խորհրդային ղեկավարության անպատրաստությունը համարժեք քաղաքական գործողությունների համար` սրված էթնիկական կռիվների համատեքստում, ձեռնարկված միջոցների անհամապատասխանությունը, կենտրոնական իշխանությունների կողմից ճգնաժամային իրավիճակի ստեղծման հարցում Հայաստանի և Ադրբեջանի հավասար մեղավորության հայտարարելը հանգեցրին երկու հանրապետություններում արմատական հակակոմունիստական ընդդիմության ի հայտ գալուն և ամրապնդմանը[4]։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար։ Ռազմական առճակատման առումով դրան գերազանցեց միայն չեչենական հակամարտությունը։ Սանտե Կորնելը նշել է, որ «Կովկասյան բոլոր հակամարտություններից, ղարաբաղյան հակամարտությունն ունի ամենամեծ ռազմավարական և տարածաշրջանային նշանակությունը։ 1990-ականների վերջին ղարաբաղյան հակամարտությունը նպաստեց Կովկասում և դրա շուրջ պետությունների հակառակ խմբավորումների ձևավորմանը»[5]։
1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի և զինադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև։ Ինչպես գրել է Գալինա Ստարավոյտովան, «միջազգային իրավունքի տեսանկյունից, այս հակամարտությունը հակասությունների օրինակ է երկու հիմնական սկզբունքների միջև. մի կողմից ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ մյուս կողմից ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի համաձայն հնարավոր է միայն սահմանի խաղաղ փոփոխություններ»[6]։