Արծկե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արծկե, գրաբար՝ Արծկէ, (թուրքական անունը՝ Ադիլջևազ), պատմական քաղաք (բերդ, գյուղ, ավան, բերդաքաղաք) Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում է Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։
Քաղաք | ||
---|---|---|
Արծկե / Ալջևազ | ||
թուրքերեն՝ Adilcevas | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Բիթլիս | |
Գավառակ | Արծկեի գավառակ | |
Համայնք | Բիթլիսի մարզ | |
Այլ անվանումներ | Զիուկանի | |
ԲԾՄ | 1650 մետր | |
Բնակչություն | 15 193 մարդ (2021) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային դասիչ | 13500 | |
Ավտոմոբիլային կոդ | 65 | |
|
Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել 10-13-րդ դդ, 19-րդ դարի սկզբներին ուներ միայն 500 տուն՝ հայ և քուրդ բնակչությամբ։ Քաղաքի հայ բնակչությունը ոչնչացվել է Մեծ Եղեռնի ընթացքում։
Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները․ Ադալջաուդ, Ադելջևազ, Ադելջիվազ, Ադելջիվաս, Ադըլջևազ, Ադիլջևազ, Ադիլջևաս, Ադիլջիվազ, Ադիջևազ, Ադլջևազ, Ադլջևաս, Ալդջավաս, Ալձիսե, Ալճայազ, Ալճավազ, Ալճըվազ, Ալջայազ, Ալջավազ, Ալաջավս, Ատելջևազ, Ատիլ, Ատիլճավազ, Ատիլճևազ, Ատլջևազ, Արծխե, Արկեսթիա, Արձկե, Արճավազ, Արջավազ, Արցիղե, Արցխե, Արցկե, Արքե, Դաթալջաուզ, Դատալջաուզ, Էլջեվաս կալա[1]։
Ինչպես Մասիսի, Առնոսի, Արտոսի, Բյուրակնի, այնպես էլ Սիփանի հետ մեր ժողովուրդը կապել է զանազան ավանդություններ ու առասպելներ։ Արծկեն փաստորեն տեղադրված է Սիփանի հարավային փեշերին և, իզուր չէ, որ արծկեցիներն այն համարել են իրենց «սեփական» լեռը և մի շարք ավանդություններ հյուսել դրա շուրջը։ Դրանցից մեկի համաձայն, երբ Նոյի տապանը ջրի երեսին խաղալիք դարձած մոտենում է Սիփանի կատարին՝ վերջինս իբր բացականչում է, «Գնա ի Մասիս, որ բարձր է քան զիս»[1]։
Արծկեն գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, մի փոքրիկ կղզու դիմաց գտնվող Արծկե հրվանդանի վրա, որը լճի ջրերը բարձրանալիս նույնպես վերածվում էր կղզու։ Նավահանգիստ էր և գտնվում էր լճափերով դեպի Խլաթ ու Բաղեշ (Բիթլիս) տանող ճանապարհի վրա։ Արծկեն հիշատակվում է դեռևս ուրարտական արձանագրություններում՝ Զիուկանի անունով։ Այստեղ պահպանվել է ուրարտական Ռուսա II թագավորի սեպագիր արձանագրություններից մեկը։ Ոմանք Արծկեն նույնականացնում են Արամե թագավորի մայրաքաղաք Արցաշկու բնակավայրի հետ։ Հնագույն ժամանակներում հավանաբար այն եղել է ամրացված կետ՝ բերդաքաղաք։
Հայ մատենագրության մեջ հիշատակվում է V դարից։ Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին և Ստեփանոս Ասողիկը այն հիշատակում են որպես գյուղ, ոմանք կոչում են ավան, իսկ մնացած մատենագիրները, որոնց թվում և արաբական աղբյուրները համարում են քաղաք։ Արծկեի քաղաքական պատմության ընթացքը նման է Արճեշի պատմությանը։ Այստեղ տեղի են ունեցել մի շարք քաղաքական իրադարձություններ, որոնք հետևանք էին երկրում տեղի ունեցող դեպքերի։ Մինչև օտար տիրապետության տակ անցնելը, ավելի ճիշտ՝ մինչև արաբական նվաճումները, Արծկեն պատկանում էր մերթ Գնունիներին, մերթ էլ՝ Բզնունիներին և վարչականորեն մտնում էր Տուրուբերանի Բզնունիք գավառի մեջ։
Արաբներն իրենց առաջին արշավանքների ժամանակ, VII դարի կեսերին, գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ ծագել է նրա այժմյան՝ Ալջավազ կամ Ադել-ջևազ (Ադիլջևազ) անունը։ XI դարի սկզբներին քաղաքն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, 1054 թվականին գրավում են սելջուկ թուրքերը, 1100 թվականին տիրում են Շահարմենները, 1207 թ՝ Էյուբյանները, իսկ 1244-ին՝ մոնղոլները։ Արծկեն մեծ հարված է ստացել Շահ-Աբաս 1–ին շահի 1603-1604 թթ արշավանքի ժամանակ։ Աղբյուրների վկայությամբ, պարսկական բանակը, գրավելով Արծկեն, այն մատնում է հրի ու սրի, ավերում տներն ու մյուս շենքերը։
Հին Արծկեն Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ է եղել X-XII դարերում։ Այն ամուր բերդաքաղաք էր, կրկնակի պարիսպներով պատած և երկար ժամանակ իր գոյությունը պահպանում էր կղզու վերածված մի փոքրիկ ցամաքամասի վրա։ Ունեցել է երկու ամրոց՝ մեկը լեռան ստորոտում, որ ամբողջապես ծածկված է ջրով, իսկ մյուսը լեռան գագաթին, որ կանգուն է, բայց ամայի։ Նույնիսկ XX դարի սկզբներին դեռևս նշմարվում էին ջրի մեջ անցած աշտարակների և եկեղեցիների գմբեթների ծայրերը։ Այն լիովին ամայացել է XVII-XIX դարերում։
Հին Արծկեի փոխարեն, լճափի ավելի բարձրադիր մասում ժամանակի ընթացքում կառուցում են նոր Արծկեն, որը XVII-XVIII դարերում Վանի նահանգի (վիլայեթ) Ալջավազ գավառի (սանջակ) կենտրոնն էր։ Ալջավազը բավական ընդարձակ տարածություն գրավող, արգավանդ հողերով հայտնի գավառներից էր։
1915 թվականին նրա հայ բնակչության մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տեղահանվեց ու տարագրվեց զանազան տեղեր[1]։
XIX դարի երկրորդ կեսում ուներ 140 գյուղ 30 000 բնակիչներով, որից 25 000-ը հայեր, 30 եկեղեցի, 10–ից ավելի տարրական կրթարաններ։ Նոր Արծկեն շրջապատված է ծառաստաններով ու այգիներով։ Արծկեում XIV-XV դարերում բնակություն էին հաստատել նաև որոշ թվով քրդեր։ Սակայն մինչև առաջին համաշխարհային պատերազմը նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը։ XX դարի սկզբներին Արծկեի բնակչության թիվը հասնում էր 2460 մարդու, որից 1340-ը հայեր էին, իսկ մնացածը քրդեր, թուրքեր և հրեաներ[1]։
Նրա հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով, առևտրով և մասամբ երկաթաքարի հանույթով ու ձկնորսությամբ[1]։
Արծկեն ուներ երկու եկեղեցի՝ Ս. Աստվածածին և Ս. Սարգիս։ Նրա հյուսիսային կողմում, Սիփան լեռան լանջին էր գտնվում Երաշխավոր կամ Սքանչելագործ վանքը, որի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը[1]։
Արծկեն նշանակալի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ։ XV դարում այն գրչության կենտրոն էր, որտեղ ընդօրինակվել են տարբեր բովանդակությամբ մի շարք ձեռագրեր՝ հիմնականում ավետարաններ[1]։
Արծկեում են ծնվել XV դարի հայտնի պատմագիր և եկեղեցական գործիչ Թովմա Մեծոփեցին՝ «Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց» աշխատության հեղինակը և ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը Էջմիածնում հաստատելու անցքերին եռանդուն մասնակիցը, գրիչ, երգիչ և բանաստեղծ Նետրարենցը՝ Արծկեի եպիսկոպոսը։ XV դարում Արծկեում է ապրել ու ստեղծագործել ժամանակագիր Մովսես Արծկեցին, որի գրչին պատկանող չափածո տարեգրության հեղինակային ձեռագիր–բնագիրը ժամանակին գտնվել է Բաղեշի (Բիթլիս) Ամրդոլու վանքի մի ձեռագիր գանձարանում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.