From Wikipedia, the free encyclopedia
Արգանդի վզիկ, կանանց վերարտադրողական համակարգի շարժուն ֆիբրոմկանային օրգան, որը կապում է հեշտոցը արգանդի խոռոչի հետ[2]։ Արգանդի վզիկը կանանց վերարտադրողական ֆունկցիան ապահովող ամենակարևոր կառուցվածներից է։ Մարդու արգանդի վզիկի անատոմիական ուսումնասիրությունները կատարվել են առնվազն Հիպոկրատի ժամանակներից, այսինքն՝ ավելի քան 2000 տարի առաջ: Արգանդի վզիկի երկարությունը մոտ 4 սմ է, տրամագիծը՝ մոտ 3 սմ։ Այն սովորաբար ունի գլանաձև տեսք, չնայած արգանդի վզիկի առջևի և հետևի պատերը դիպչում են միմյանց[2]։ Արգանդի վզիկի չափը փոփոխվում է կնոջ ողջ կյանքի ընթացքում։ Օրինակ՝ վերարտադրողական տարիներին կանայք հակված են ունենալ ավելի մեծ արգանդի վզիկ՝ համեմատած հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց հետ։ Նմանապես, ծննդաբերած կանայք ունեն ավելի մեծ արգանդի վզիկ, քան այն կանայք, որոնք չեն ծննդաբերել[2]։
Արգանդի վզիկ | |
---|---|
Տեսակ | օրգան և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | neck of organ?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | արգանդ |
Զարկերակ | vaginal artery? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | cervix development? |
Միանում է | external orifice of uterus? և internal orifice of uterus? |
MeSH | A05.360.319.679.256 |
Foundational Model of Anatomy | 17740 |
Terminologia Anatomica 98 | A09.1.03.010 |
Cervix uteri Վիքիպահեստում |
Արգանդի վզիկի դեպի արգանդ բացվող հատվածը կոչվում է ներքին բացվածք, իսկ դեպի հեշտոց բացվող հատվածը՝ արտաքին[2]։ Արգանդի վզիկի ստորին հատվածը, որը հայտնի է որպես արգանդի վզիկի հեշտոցային հատված, կախված է հեշտոցի վերին մասում։
Արգանդի վզիկի խողովակն ունի առնվազն երկու տեսակի էպիթելային ծածկույթ. էնդոցերվիկալ ծածկույթը կազմված է գեղձային էպիթելի բջիջներից, որը պատում է էնդոցերվիքսը սյունաձև բջիջների մեկ շերտով, իսկ խողովակի էկտոցերվիկալ հատվածը ծածկված է հարթ էպիթելային բջիջներով[2]։ Բազմաշերտ էպիթելի արտաքին շերտը կազմում են տափակ էպիթեալյին բջիջները։ Այս շերտերի բջիջները կապվում են միմյանց հետ սկվամոկոլումնար կապերով (SLE): Այս կապերը փոփոխվում են կնոջ ամբողջ կյանքի ընթացքում[2]։
Մարդու պապիլոմավիրուսով (HPV) արգանդի վզիկի վարակը կարող են փոփոխություններ առաջացնել էպիթելում, որոնք կարող են հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման։ Արգանդի վզիկի բջջաբանական ուսումնասիրությունները կարող են հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղը և ապահովել վաղ հաջող բուժում։ HPV-ից խուսափելու ուղիները ներառում են հետերոսեքսուալ շփումից խուսափելը, պահպանակների օգտագործումը և HPV-ի դեմ պատվաստումը։ HPV պատվաստանյութերը, որոնք մշակվել են 21-րդ դարի սկզբին, նվազեցնում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը՝ կանխելով HPV-ի հիմնական շտամներով վարակումը, որոնք առաջացնում են քաղցկեղ[3]։
Արգանդի վզիկի խողովակը հանդիսանում է ուղի, որով անցնում է սպերմատոզոիդը՝ ձվաբջջին հանդիպելու և այն բեղմնվորելու համար։ Հակաբեղմնավորման որոշ մեթոդներ նպատակ ունեն կանխել բեղմնավորումը՝ արգելափակելով այս խողովակը, որոնցից են արգանդի պարանոցակալները և արգանդի վզիկի միջնորմերը, որոնք կանխում են սպերմատոզոիդների՝ արգանդի վզիկի խողովակով անցումը։ Բեղմնավորման կանխարգելմանն ուղղված այլ մեթոդներից են վզիկային լորձի վերահսկման մեթոդներերը, ինչպիսիք են Կրեյթոնի մոդելը և Բիլինգսի մեթոդը։ Արգանդի վզիկի լորձի խտությունը փոխվում է կանանց դաշտանային ցիկլի ընթացքում, ինչը կարող է ազդարարել օվուլյացիայի մասին։
Հեշտոցային ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկը հարթվում և լայնանում է, որպեսզի պտուղը կարողանա շարժվել ծննդաբերական խողովակով։
Արգանդի վզիկը կանանց վերարտադրողական համակարգի մի մասն է։ Այն ունի մոտ 2-3 սանտիմետր երկարություն և ներկայացնում է արգանդի ստորին, նեղ մասը, որը վերևից անցնում է դեպի արգանդի ավելի լայն վերին մաս։ Արգանդի վզիկի ստորին ծայրը կոչվում է արգանդի վզիկի հեշտոցային մաս (կամ էկտոցերվիքս)[4][5]։ Արգանդի վզիկի խողովակն անցնում է նրա ամբողջ երկարությամբ և միացնում է արգանդի խոռոչը հեշտոցին։ Արգանդի վզիկն ունի ներքին լորձաթաղանթային շերտ, հարթ մկանային հաստ շերտ, իսկ հետին սուպրավագինալ մասում՝ շարակցական հյուսվածքից, շճային թաղանթից և որովայնամզից կազմված շերտեր[5]
Արգանդի վզիկի վերին մասից առաջ գտնվում է միզապարկը, որից առանձնացված է բջջային շարակցական հյուսվածքով, որը հայտնի է որպես պարամետրիում․ այն տարածվում է նաև արգանդի վզիկի մյուս կողմերով[5]։ Հետևի մասում վզիկի սուպրավագինալ հատվածը ծածկված է որովայնամզով, որն անցնում է հեշտոցի հետին պատին, այնուհետև շրջվում է դեպի վեր և անցնում ուղիղ աղիքի վրա՝ կազմելով արգանդ-ուղիղաղիքային պարկը[5][6]։
Արգանդի վզիկի խողովակի երկարությունն ու լայնությունը տատանվում են կանանց կյանքի ընթացքում, իսկ նախադաշտանադադարային տարիքի կանանց մոտ այն կարող է հասնել մինչև 8 մմ՝ իր ամենալայն տրամագծով[4][7]։ Այն ավելի լայն է կենտրոնում և ավելի նեղ՝ ծայրամասերում։ Խողովակի առաջային և հետին պատերն ունեն ուղղահայաց ծալքեր, որոնցից ելուստները դեպի վեր և կողմնայնորեն են տարածվում։ Դրանք հայտնի են որպես արմավենու ծալքեր՝ արմավենու տերևին նմանության պատճառով։ Առաջային և հետին ծալքերը դասավորված են այնպես, որ միմյանց դիպչեն և փակեն խողովակը։ Ծննդաբերությունից հետո դրանք սովորաբար ախտահարվում են[6]։
Էկտոցերվիքսը (հայտնի է նաև որպես արգանդի վզիկի հեշտոցային մաս) ունի ուռուցիկ էլիպսաձեւ տեսք և ուղղված է դեպի հեշտոց՝ առաջային և հետին կամարների միջև։ Էկտոցերվիքսի կենտրոնական հատվածում կա փոքր, ներհրված արտաքին բացվածք, որը միացնում է արգանդի վզիկը հեշտոցին։ Էկտոցերվիքսի և արտաքին բացվածքի չափը և ձևը կարող են տարբեր լինել՝ կախված տարիքից, հորմոնալ ստատուսից և ծննդաբերությունների քանակից։ Կանանց մոտ, որոնք հեշտոցային ծննդաբերություն չեն ունեցել, արտաքին բացվածքը փոքր է և կլոր, իսկ հեշտոցային ծննդաբերություն ունեցած կանանց մոտ այն ճեղքի տեսք ունի[7]։ Միջին հաշվով էկտոցերվիքսն ունի 3 սմ երկարություն և 2,5 սմ լայնություն[4]։
Արյունը դեպի արգանդի վզիկ է հոսում արգանդային զարկերակի վայրէջ ճյուղով և այնուհետև հոսում դեպի արգանդային երակ[8][9]։ Գոտկային ընդերային նյարդերը, որոնք համապատասխանում են S2–S3 սեգմենտներին, զգացողություն են փոխանցում արգանդի վզիկից դեպի գլխուղեղ[10]։ Այս նյարդերն անցնում են արգանդի-սրբանային կապանների երկայնքով, որոնք ձգվում են արգանդից դեպի սրբանի առաջային պատ[8]։
Երեք ավշածորանները նպաստում են արգանդի վզիկից ավիշի արտահոսքին[11]։ Արգանդի վզիկի առաջային և կողմնային մասերից ավիշը հոսում է արգանդի զարկերակների երկայնքով դեպի այդ անոթների շուրջը գտնվող ավշային հանգույցներ, անցնում է կարդինալ կապանների միջով դեպի արտաքին զստային ավշային հանգույցներ և, ի վերջո, դեպի պարաաորտալ ավշային հանգույցներ, իսկ արգանդի վզիկի հետին հատվածներից ավիշը հոսում է դեպի փականցքային և պրեսակրալ ավշային հանգույցներ[4][9][11]։ Այնուամենայնիվ, կան տարբերություններ, քանի որ որոշ մարդկանց մոտ արգանդի վզիկից ավշային արտահոսքն ուղղվում է դեպի կոնքի հանգույցների տարբեր խմբեր։ Այս ավշային հանգույցները սկանավորվում են արգանդի վզիկի քաղցկեղի տարածում որոշելու համար[11]։
Դաշտանից հետո և էստրոգենի ազդեցության հետևանքով արգանդի վզիկը ենթարկվում է իր դիրքի և կառուցվածքի մի շարք փոփոխությունների։ Դաշտանային ցիկլի մեծ մասի ընթացքում արգանդի վզիկն ամուր է, ավելի ցածր տեղակայում ունի և փակ է։ Այնուամենայնիվ, օվուլյացիայի շրջանում արգանդի վզիկը դառնում է ավելի փափուկ և բացվում է՝ ի պատասխան էստրոգենի մակարդակի բարձրացման[12]։ Այս փոփոխություններն ուղեկցվում են նաև արգանդի վզիկի լորձի որակական փոփոխություններով[13]։
Արգանդի վզիկը ձևավորվում է երկու պարամեզոնեֆրալ ծորաններից (կոչվում են նաև Մյուլլերյան ծորաններ), որոնք զարգանում են սաղմնավորման վեցերորդ շաբաթվա ընթացքում։ Զարգացման գործընթացում երկու ծորանների արտաքին հատվածները միաձուլվում են՝ կազմելով մեկ միզասեռական խողովակ, որը հետագայում ձևավորվում է որպես կնոջ հեշտոց, արգանդի վզիկ և արգանդ[14]։ Արգանդի վզիկի չափերի մեծացումը տեղի է ունենում ավելի դանդաղ տեմպերով, քան արգանդի մարմնինը, ուստի, արգանդի վզիկի հարաբերական չափը ժամանակի ընթացքում նվազում է․ այն երկու անգամ ավելի մեծ է արգանդի մարմնից մանկության տարիներին, սեռական հասունությունից հետո նվազում է մինչև սովորական չափեր՝ արգանդի մարմնից շատ անգամ ավելի փոքր[9]։ Նախկինում ենթադրվել է, որ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում արգանդի վզիկի սկզբնական հարթ էպիթելը ձևավորվում է միզասեռական ծոցից, իսկ գլանաձև էպիթելը՝ պարամեզոնեֆրալ ծորանից։ Այն կետը, որտեղ հանդիպում են այս երկու սկզբնական էպիթելները, կոչվում է սկզբնական սկվամոկոլումնար միացություն[15]։ Այնուամենայնիվ, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ արգանդի վզիկը ծածկող ամբողջ էպիթելը, ինչպես նաև հեշտոցային էպիթելի զգալի մասը ծագում է Մյուլլերյան ծորանից[16]։
Վզիկի խողովակի լորձաթաղանթն ունի մոտ 3 մմ հաստություն և պատված է միաշերտ գլանաձև բջիջների շերտով։ Այն պարունակում է բազմաթիվ գլանաձև գեղձային բջիջներ, որոնք արտազատում են մածուցիկ հիմնային լորձ[5]։ Ի հակադրություն, էկտոցերվիքսը ծածկված է ոչ կերատինացված, բազմաշերտ տափակ էպիթելիով, որը նման է հեշտոցը պատող տափակ էպիթելին[5][17]։ Էպիթելի այս երկու տեսակների միացման տեղը կոչվում է սկվամոկոլումնար միացություն[17]։ Էպիթելի այս երկու տեսակների հիմքում առկա է կոլագենի ամուր շերտ[18]։ Էկտոցերվիքսի լորձաթաղանթը չի շերտազատվում դաշտանի ընթացքում։ Արգանդի վզիկը պարունակում է ավելի շատ ֆիբրոզ հյուսվածք, ներառյալ կոլագենը և էլաստինը, քան արգանդի մնացած հատվածները[5]։
Պրեպուբերտալ տարիքի աղջիկների մոտ ֆունկցիոնալ սկվամոկոլումնար միացությունը գտնվում է արգանդի վզիկի խողովակում[17]։ Սեռական հասունացման ժամանակ, հորմոնալ ազդեցության պատճառով, և հղիության ընթացքում, գլանաձև էպիթելը տարածվում է էկտոցերվիքսի երկայնքով դեպի դուրս, քանզի արգանդի վզիկը շրջվում է[15]։ Հետևաբար, դա նաև հանգեցնում է նրան, որ սկվամոկոլումնար միացությունը շրջվում է դեպի դուրս՝ դեպի հեշտոց, որտեղ այն ենթարկվում է հեշտոցի թթվային միջավայրի ազդեցությանը[15][17]։ Այստեղ գլանաձև էպիթելը կարող է ենթարկվել ֆիզիոլոգիական մետապլազիայի և մի քանի օր կամ շաբաթ անց վերածվել ավելի կոշտ, տափակ էպիթելի[17]։ Այսպիսով, այս փոփոխված և ավելի ներս գտնվող չփոփոխված սկվամոկոլումնար միացության հանդիպան վայրը կոչվում է արգանդի վզիկի տրանսֆորմացիոն գոտի[20]։
Դաշտանադադարից հետո արգանդի կառուցվածքները հետաճի են ենթարկվում, և ֆունկցիոնալ սկվամոկոլումնար միացումը տեղափոխվում է դեպի արգանդի վզիկի խողովակ[17]։
Նաբոթյան կիստաներն (կամ նաբոթյան ֆոլիկուլները) առաջանում են տրանսֆորմացիոն գոտում, որտեղ լորձաթաղանթային էպիթելը փոխարինվում է մետապլաստիկ էպիթելիով, ինչը հանգեցնում է որոշ գեղձերի ծորանների խցանմանը[17]։ Այս գեղձերում լորձի կուտակումը հանգեցնում է նաբոթյան կիստաների առաջացմանը, որոնք սովորաբար 5 մմ-ից պակաս տրամագիծ[5]․ սա համարվում է ավելի շատ ֆիզիոլոգիական, քան պաթոլոգիական չափ[17]։ Ե՛վ գեղձերի բացվածքները, և՛ նաբոթյան կիստաները օգնում են հայտնաբերել տրանսֆորմաիոն գոտին[15]։
Արգանդի վզիկի խողովակն այն ուղին է, որով սերմնահեղուկը ներթափանցում է արգանդի խոռոչ[21][22]։ Որոշ քանակությամբ սերմնաբջիջներ մնում են էնդոցերվիքսի ծալքերում, որոնք հանդես են գալիս որպես ռեզերվուարներ՝ մի քանի ժամ ազատելով սերմնաբջիջները և մեծացնելով բեղմնավորման հավանականությունը[23]։ Տեսություններից մեկի համաձայն՝ օրգազմի ժամանակ արգանդի վզիկի կծկումները հանգեցնում են նրան, որ սերմնահեղուկը ներթափվում է արգանդ[21]։
Էնդոցերվիքսի մի քանի հարյուր գեղձեր օրական արտադրում են 20-60 մգ արգանդի վզիկի լորձ, որը օվուլյացիայի ընթացքում ավելանում է մինչև 600 մգ։ Լորձը մածուցիկ է, քանի որ այն պարունակում է մեծ քանակով սպիտակուցներ։ Մածուցիկությունը և ջրի պարունակությունը փոխվում են դաշտանային ցիկլի ընթացքում․ լորձը բաղկացած է մոտավորապես 93% ջրից, որի պարունակությունը ցիկլի կեսին հասնելով 98%-ի։ Այս փոփոխությունները թույլ են տալիս նրան հանդիսանալ որպես խոչընդոտ կամ տրանսպորտային միջավայր սերմնաբջիջների համար։ Այն պարունակում է էլեկտրոլիտներ՝ կալցիում, նատրիում և կալիում, օրգանական բաղադրիչներ, ինչպիսիք են գլյուկոզան, ամինաթթուները և լուծվող սպիտակուցները, տրանսպորտային միկրոտարրեր, ներառյալ ցինկը, պղինձը, երկաթը, մանգանը և սելենը, ազատ ճարպաթթուներ, ֆերմենտներ, օրինակ՝ ամիլազը, պրոստագլանդիններ այլն[13]։ Դրա կառուցվածքը որոշվում է էստրոգենի և պրոգեստերոնի հարաբերակցությամբ։ Ցիկլի կեսին, մոտավորապես օվուլյացիայի ընթացքում՝ էստրոգենի բարձր մակարդակի ժամանակահատվածում, լորձը դառնում է նոսր, ինչը թույլ է տալիս սերմնաբջիջներին ներթափանցել արգանդ, այն ավելի հիմնային է և, հետևաբար, ավելի բարենպաստ՝ սերմնաբջիջների համար[23]։ Այս շրջանում լորձը պարունակում է ավելի շատ էլեկտրոլիտներ, որոնք լորձի չորանալուց հետո բյուրեղանում են[12]։
Ցիկլի այլ ժամանակահատվածներում պրոգեստերոնի ազդեցության պատճառով լորձն ավելի խիտ է և ավելի թթվային[23]։ Այս տեսակի լորձը հանդիսանում է որպես խոչընդոտ, որը կանխում է սերմնահեղուկի մուտքը արգանդ[24]։ Կանայք, որոնք օգտագործում են օրալ հակաբեղմնավորիչ հաբեր, նույնպես ունեն խիտ վզիկային լորձ՝ պայմանավորված պրոգեստերոնի ազդեցությամբ[23]։ Թանձր լորձը նաև կանխում է պաթոգեն միկրոօրգանիզմների ազդեցությունը հղիության ընթացքում[25]։
Հղիության ընթացքում արգանդի վզիկի խողովակում առաջանում է լորձային խց, որը կոչվում է օպերկուլում։ Այն ապահովում է արգանդի պաշտպանությունը պաթոգեն միկրոօրգանիզմների ներթափանցումից և արգանդի սեկրետների արտահոսքից։ Հայտնի է, որ լորձային խցանն ունի նաև հակաբակտերիալ հատկություններ։ Այս խցանն արտազտվում է, երբ արգանդի վզիկը լայնանում է, կամ ծննդաբերության առաջին փուլում, կամ դրանից անմիջապես առաջ[26]։ Այն բնութագրվում է որպես արյան հետքերով լորձ[27]։
Արգանդի վզիկը կարևոր դեր է խաղում ծննդաբերության ընթացքում։ Երբ պտուղն իջնում է արգանդում՝ նախապատրաստվելով ծննդաբերությանը, առաջադիր մասը, սովորաբար՝ գլուխը, հենվում և պահվում է արգանդի վզիկով[28]։ Ծննդաբերության ընթացքում արգանդի վզիկը դառնում է ավելի փափուկ և կարճ[29]։ Երբ արգանդը սկսում է կծկվել, արգանդի վզիկը սկսում է աջակցություն ցուցաբերել պտղի գլխին։ Ծննդաբերության ընթացքում արգանդի վզիկը պետք է լայնանա ավելի քան 10 սմ տրամագծով՝ պտղի գլուխը տեղավորելու համար, երբ այն արգանդից իջնում է հեշտոց։ Լայնանալով՝ արգանդի վզիկը կարճանում է[28]։
Այլ գործոնների հետ մեկտեղ, մանկաբարձներն ու բժիշկներն արգանդի վզիկի լայնացման աստիճանն օգտագործում են՝ ծննդաբերության ընթացքում որոշումներ կայացնելը հեշտացնելու համար[30][31]։ Ընդհանրապես, ծննդաբերության ակտիվ առաջին փուլը, երբ արգանդի կծկումները դառնում են ուժեղ և կանոնավոր, սկսվում է այն ժամանակ, երբ արգանդի վզիկի լայնացումը գերազանցում է 3-5 սմ–ը[30][32][33]։ Ծննդաբերության երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ արգանդի վզիկն ընդլայնվում է մինչև 10 սմ, որը համարվում է դրա ամենալայն բացումը, և երբ ակտիվ մղումներն ու կծկումները երեխային մղում են ծննդյան խողովակով, ինչը հանգեցնում է երեխայի ծնվելուն[28][31]։ Նախորդ հեշտոցային ծննդաբերությունների քանակը կարևոր գործոն է, որն ազդում է այն բանի վրա, թե որքան արագ կարող է արգանդի վզիկը բացվել ծննդաբերության ընթացքում[28]։ Արգանդի վզիկի լայնացման համար անհրաժեշտ ժամանակն այն գործոններից մեկն է, որոնք օգտագործվում են հաշվարկային համակարգերում, ինչպիսին է Bishop Scale-ը, որն օգտագործվում է հասկանալու համար, թե արդյոք ծննդաբերության ժամանակ պետք է կիրառվեն այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են պինցետը, ինդուկցիան կամ կեսարյան հատումը[28]։
Արգանդի վզիկի բացման անբավարարությունը կարգավիճակ է, երբ արգանդի վզիկի կարճացումը տեղի է ունենում մինչև հղիության լուծման ժամկետը։ Արգանդի վզիկի կարճ երկարությունը վաղաժամ ծննդաբերության նշան է[29]։
Հակաբեղմնավորման որոշ մեթոդներ ներառում են արգանդի վզիկի միջամտությունները։ Արգանդի վզիկի միջնորմները բազմակի օգտագործման պլաստիկ սարքեր են՝ կոշտ եզրերով, որոնք կինը տեղադրում է սեռական հարաբերությունից առաջ՝ այդպիսով ծածկելոով արգանդի վզիկը։ Հեշտոցի պատերի կողմից ճնշումը պահպանում է միջնորմի դիրքը, և այն գործում է որպես ֆիզիկական խոչընդոտ, որը կանխում է սերմնաբջիջների դեպի արգանդ ներթափանցումը՝ կանխելով բեղմնավորումը։ Արգանդի պարանոցակալներն օգտագործվում են նույն նպատակով, չնայած դրանք ավելի փոքր են և կպչում են արգանդի վզիկին։ Միջնորմերն ու պարանոցակալները հաճախ օգտագործվում են սպերմիցիդների հետ համատեղ[34]։ Մեկ տարվա ընթացքում միջնորմ օգտագործող կանանց 12%-ը կարող է անցանկալի հղիություն ունենալ, իսկ օպտիմալ օգտագործման դեպքում այդ ցուցանիշը նվազում է մինչև 6%[35]։ Բաժակիկների արդյունավետության ցուցանիշներն ավելի ցածր են.կանանց 18%-ն ունենում է անցանկալի հղիություն, իսկ օպտիմալ օգտագործման դեպքում՝ 10-13%[36]: Պրոգեստերոնային հաբերը կարող են ավելի արդյունավետ լինել որպես հակաբեղմնավորիչ, քանի որ դրանք խտացնում են արգանդի վզիկի լորձը՝ դժվարացնելով սերմնաբջիջների անցումը արգանդի վզիկի խողովակով[37]։ Բացի այդ, դրանք երբեմն կարող են խանգարել օվուլյացիայի պրոցեսին[37]։ Ի հակադրություն, հակաբեղմնավորիչ հաբերը, որոնք պարունակում են ինչպես էստրոգեն, այնպես էլ պրոգեստերոն, համարվում են համակցված օրալ հակաբեղմնավորիչներ և կանխում են օվուլյացիան[38]։ Դրանք նաև խտացնում են արգանդի վզիկի լորձը և բարակեցնում են արգանդի լորձաթաղանթը, ինչը մեծացնում է դրանց արդյունավետությունը[38]։
2008 թվականին արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի երրորդ տեսակն է եղել ամբողջ աշխարհում[39]։ Այն քաղցկեղի պատճառով մահացության հիմնական պատճառն է աղքատ երկրներում, որտեղ ուշացած ախտորոշումը հաճախ հանգեցնում է անբարենպաստ արդյունքների[40]։ Սկրինինգային ծրագրերի ներդրումը հանգեցրել է արգանդի վզիկի քաղցկեղի (և դրանից մահերի) դեպքերի նվազմանը, սակայն դա հիմնականում դիտվում է զարգացած երկրներում։ Զարգացող երկրների մեծ մասում սկրինինգը կատարվում է սահմանափակ, և կազմում է արգանդի վզիկի քաղցկեղի համաշխարհային բեռի 85%-ը[41]։
Արգանդի վզիկի քաղցկեղը գրեթե միշտ կապված է մարդու պապիլոմավիրուսային (HPV) վարակի հետ[42][43]։ HPV-ն վիրուս է՝ բազմաթիվ շտամներով, որոնցից մի քանիսը նախատրամադրված են արգանդի վզիկի էպիթելիում նախաքաղցկեղային փոփոխությունների առաջացման, հատկապես տրանֆորմացիոն գոտում, որը արգանդի վզիկի քաղցկեղի ամենատարածված տեղն է[44]։ HPV պատվաստանյութերը, ինչպիսիք են Գարդասիլը և Cervarix-ը, նվազեցնում են արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը[45]։
Արգանդի վզիկի պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխությունները կարող են հայտնաբերվել արգանդի վզիկի զննումով՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են Պապ քսուքը, որի ընթացքում էպիթելի բջիջները քերծվում են արգանդի վզիկի մակերևույթից և հետազոտվում մանրադիտակի տակ[45]։ Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգը կարող է իրականացվել նաև արգանդի վզիկի բիոպսիայի միջոցով։ Կոլպոսկոպը գործիք է, որն օգտագործվում է արգանդի վզիկի ընդլայնված պատկեր ստանալու համար և հայտնագործվել է 1925 թվականին։ Պապ քսուկը մշակվել է Գեորգիոս Պապանիկոլաուի կողմից 1928 թվականին[46]։ Արգանդի վզիկի հյուսվածքի հատվածը հեռացնելու համար տաքացրած պլատինե հանգույցով LEEP պրոցեդուրան մշակվել է Աուրել Բաբեսի կողմից 1927 թվականին[47]։ Զարգացած աշխարհի որոշ մասերում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Պապ թեստը փոխարինվել է հեղուկային ցիտոլոգիայով[48]։
Աղքատ երկրներում էժան, ծախսարդյունավետ և գործնական այլընտրանքը քացախաթթվի (VIA) միջոցով տեսողական ստուգումն է[40]։ Քացախաթթուները կարող են օգտագործվել նաև այլ երկրներում։ Այս շրջաններում ցիտոլոգիայի վրա հիմնված ծրագրերի իրականացումն ու պահպանումը կարող է դժվար լինել որակավորված անձնակազմի, սարքավորումների և տարածքների անհրաժեշտության, ինչպես նաև կառաարման դժվարությունների պատճառով։ VIA-ի միջոցով արդյունքները և բուժումը կարող են հասանելի լինել նույն օրը։ Որպես սկրինինգային թեստ, VIA-ն համեմատելի է արգանդի վզիկի ցիտոլոգիայի հետ՝ նախաքաղցկեղային փոփոխությունների ճշգրիտ հայտնաբերման գործում[49]։
Արգանդի վզիկի բորբոքումը կոչվում է ցերվիցիտ։ Այս բորբոքումը կարող է ընդգրկել էնդոկերվիքսը կամ էկտոցերվիքսը[50]։ Եթե ախտահարված է էնդոկերվիքսը, պրոցեսն արտահայտվում է հեշտոցային լորձաթային արտադրությունով և պատճառը հիմնականումսեռական ճանապարհով փոխանցվող վարակներն են, որոնցից են քլամիդիան և գոնորեան[51]։ Արգանդի վզիկի գոնորեային վարակ ունեցող հղի կանանց կեսի մոտ պրոցեսն ընթանում է առանց ախտանիշների[52]։ Այլ պատճառներից է հեշտոցի համակցված ֆլորայի գերաճը[43]։ Երբ ախտահաարված է էնդոցերվիքսը, բորբոքումն ամենայն հավանականությամբ հարուցվում է herpes simplex վիրուսի կողմից։ Բորբոքումը հաճախ հայտնաբերում են արգանդի վզիկի ուղղակի զննությամբ՝ օգտագործելով հեշտոցային հայելիներ։ Բորբոքման օջախը կարող է սպիտակավուն թվալ՝ էքսուդատի պատճառով։ Կարելի է կատարել ՊԱՊ թեստ և հետազոտել պատճառային բակտերիաները։ Եթե բորբոքումը հարուցված է բակտերիայով, որպես բուժում կարող են նշանակվել հակաբիոտիկներ[51]։
Արգանդի վզիկի ստենոզը արգանդի վզիկի չափից ավել նեղ խողովակն է, որը սովորաբար առաջանում է քաղցկեղի ախտորոշման կամ բուժման նպատակով հյուսվածքի հեռացման կամ բուն արգանդի վզիկի քաղցկեղի պատճառով[43][53]։ Դիէթիլստիլբեստրոլը, որն օգտագործվել է 1938-1971 թվականներին՝ վաղաժամ ծննդաբերությունը և վիժումը կանխելու նպատակով, նույնպես խիստ կապված է արգանդի վզիկի ստենոզի և այլ անոմալիաների զարգացման հետ։ Այլ անոմալիաները ներառում են հեշտոցային ադենոզը, որի դեպքում էկտոցերվիքսի շերտավոր էպիթելը դառնում է գլանաձև, քաղցկեղները, որոնցից է տափակ բջջային ադենոկարցինոման, արգանդի պարանոցակալները և աքլորի կատարի նման զարգացող արգանդի վզիկը[54]։ Դիէթիլսթիլբեստրոլով բուժվող հղի կանանցից ծնված աղջիկների մոտ մեկ երրորդի մոտ զարգանում է աքլորի կատարի տեսքով զարգացող արգանդի վզիկ[54]։
Արգանդի վզիկի ստրոմայի (թելքավոր հյուսվածքների) և էպիթելի ընդլայնված ծալքերը ձևավորում են աքլորի կատարի նմանվող արգանդի վզիկը[55]։ Նույն ձևով, արգանդի վզիկի լորձաթաղանթի վրա առաջացող աքլորի կատարի նման պոլիպները սովորաբար բնութագրվում են նույն նկարագրությամբ։ Դա համարվում է բարորակ անոմալիա. այդ պոլիպների առկայությունը սովորաբար վկայում է դիէթիլսթիլբեստրոլի ազդեցության մասին, և որպես այդպիսին կանայք, որոնղ մոտ առկա են նման անոմալիաներ, պետք է տեղյակ լինեն ուղեկցող պաթոլոգիաների մեծ ռիսկի մասին[56][57][58]։
Արգանդի վզիկի ագենեզիան հազվադեպ հանդիպող բնածին վիճակ է, որի դեպքում արգանդի վզիկը լիովին չի զարգանում, որը հաճախ կապված է իաժամանակյա հեշտոցի զարգացման խանգարման հետ[59]։ Գոյություն ունեն արգանդի վզիկի այլ բնածին անոմալիաներ, որոնք հաճախ կապված են հեշտոցի և արգանդի զարգացման անոմալիաների հետ։ Արգանդի վզիկը կարող է երկատվել այնպիսի ախտաբանական իրավիճակների ժամանակ, ինչպիսիք են երկեղջյուր արգանդը և արգանդի դիդելֆիսը[60]։
Արգանդի վզիկի պոլիպները, որոնք արգանդի վզիկի հյուսվածքի բարորակ գերաճած հուսվածքներ են, կարող են արյունահոսություն առաջացնել․ դրանք կարող են աճել նաև արգանդի վզիկի խողովակում[43]։ Արգանդի վզիկի էկտրոպիոնը բնութագրվում արգանդի վզիկի էնդոցերվիքսի գլանաձև էպիթելային հյուսվածքի աճով՝ էկտոցերվիքսի վրա[51]։
Էգ պարկավորներն ունեն զույգ արգանդներ և արգանդի վզիկներ[61][62]։ Պլասենցային կաթնասունների տեսակների մեծ մասը ունեն մեկ արգանդի վզիկ և երկեղջյուր կամ միջնորմով բաժանված արգանդ։ Լագոմորֆները, կրծողները, արդվարկները և դամաններն ունեն հայելային արգանդ և երկու արգանդի վզիկ[63]։ Myrmecophagidae ընտանիքի մրջնակերները անսովոր են նրանով, որ չունեն հստակ եզրագծված արգանդի վզիկ[64]։ Ընտանի խոզերի արգանդի վզիկը պարունակում է հինգ բարձիկներ, որոնք պահում են վարազի խցանահանաձև առնանդամը զուգավորման ընթացքում[65]։
Արգանդի վզիկը ( /ˈsɜːrvɪks/ ) (լատ․՝ cervīx), լատիներենից թարգմանաբար նշանակում է «պարանոց», և ինչպես իր գերմանական նմանակը, այն կարող է վերաբերել ոչ միայն պարանոցին, այլև առարկայի անալոգային նեղացված մասին։ Անգլերենում cervix բառը սովորաբար վերաբերում է հենց արգանդի վզիկին։
Արգանդի վզիկը փաստագրված է անատոմիական գրականության մեջ առնվազն Հիպոկրատի ժամանակաշրջանից. արգանդի վզիկի քաղցկեղն առաջին անգամ նկարագրվել է ավելի քան 2000 տարի առաջՀիպոկրատի և Արետեոսի աշխատություններում[46]։ Այնուամենայնիվ, բառի իմաստի որոշ տատանումներ եղել են վաղ շրջանի գրողների շրջանում, որոնք տերմինն օգտագործել են և՛ արգանդի վզիկի, և՛ արգանդի ներքին բացվածքի համար[66]։ «Արգանդի վզիկ» բառի առաջին վավերացված օգտագործումը եղել է 1702 թվականի[67]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.