Աստղաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
Աստղաբաշխություն, աստղագիտության բաժին, զբաղվում է աստղային համակարգերի, հատկապես մեր Գալակտիկայի կառուցվածքի և զարգացման հարցերով։ Այս ասպարեզում պատմականորեն առաջին և կարևորագույն հետազոտությունները (XVIII դարի երկրորդ կես) նվիրված էին աստղային վիճակագրությանը (Ու. Հերշել, Ջ. Հերշել և այլք)։ Պարզվեց, որ Ծիր Կաթինի գոտուն մոտենալիս տեսանելի աստղերի թիվը խիստ աճում է։ Դա հիմք տվեց եզրակացնելու, որ գոյություն ունի սահմանափակ աստղային համակարգ՝ Գալակտիկա, որի կազմի մեջ մտնում է նաև Արեգակը։ Միաժամանակ աստղային հաշվումները ցույց տվեցին, որ Արեգակից հեռանալիս աստղերի թիվը զգալիորեն նվազում է։ Այդ երևույթը հետագայում մեկնաբանվեց որպես լույսի միջաստղային կլանման հետևանք։ Մեզ համեմատաբար ավելի մոտ գտնվող աստղերի հեռավորությունների և լուսատվությունների որոշումը հնարավորություն տվեց բնութագրելու տարբեր լուսատվություն ունեցող աստղերի հարաբերական քանակը (Լուսատվության ֆունկցիա), ինչպես նաև ընդհանուր աստղային խտությունը։ Ստացվեց, որ Արեգակի շրջակայքում 1 Պս3–ում կա 0, 12 աստղ։ Կապ հաստատվեց նաև աստղերի լուսատվության ֆունկցիայի, ընդհանուր խտության և տվյալ աստղային մեծությունից ավելի պայծառ աստղերի թվի միջև (Հ. Զելիգեր, Կ. Շվարցշիլդ)։