խորհրդային հայ կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր From Wikipedia, the free encyclopedia
Ապրես Բեգլարի Գասպարյան (1918, Վարդենիս, Նոր Բայազետի գավառ - 2000, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), խորհրդային հայ կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1952)[1][2]։
Ապրես Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | Վարդենիս, Նոր Բայազետի գավառ |
Մահացել է | 2000 |
Մահվան վայր | Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմբայնավար |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ապրես Գասպարյանը ծնվել է 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության Բասարգեչար գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս)։ 1926 թվականից Ապրես Գասպարյանը սովորել է ՀԽՍՀ Բասարգեչարի շրջանի Մեծ Մազրա գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1935 թվականին[3]։
1936 թվականից Ապրես Գասպարյանը ՀԽՍՀ Բասարգեչարի շրջանի Մեծ Մազրա գյուղի կոլտնտեսության կոլտնտեսական էր։ 1938 թվականին նշանակվել է կոլտնտեսության տրակտորային բրիգադի հաշվետար, իսկ որոշ ժամանակ անց, ստանալով մասնագիտական կրթություն, դառնում է մեխանիզատոր[3]։ 1941 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Գասպարյանը զորակոչվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակ։ Ռազմաճակատում է եղել մինչև 1944 թվականը, որից հետո զորացրվել է բանակից[4]։
1944 թվականին Ապրես Գասպարյանը նշանակվում է ՀԽՍՀ Բասարգեչարի շրջանի Նորակերտի մեքենատրակտորային կայանի (ՄՏԿ) տրակտորային բրիգադի կոմբայնավար և բրիգադիր։ 1951 թվականին բրիգադը Գասպարյանի գլխավորությամբ սկսեց սպասարկել Բասարգեչարի շրջանի Փոքր Մազրա գյուղի կոլտնտեսությունը։ Ցորենի առատ բերքահավաքի ժամանակ Գասպարյանը գերազանց տեխնիկական խնամք է ապահովել աշխատող մեքենաներին՝ դրանց շահագործումը կազմակերպելով արդյունավետ աշխատանքային գրաֆիկով։ Արդյունքում բրիգադի մեքենավարներն ամեն օր գերակատարել են նախանշված աշխատանքային պլանները։ Բրիգադիր Գասպարյանը 24 աշխատանքային օրվա ընթացքում իր «Ստալինեց-6» կոմբայնով կալսել է 7934 ցենտներ հացահատիկ և 27 ցենտներ խոտի սերմ[5]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի հունիսի 2-ի հրամանագրով, 1951 թվականին հացահատիկային կուլտուրաների և խոտի սերմերի բերքահավաքի և կալսման գործում բարձր արդյունքների հասնելու համար Ապրես Բեգլարի Գասպարյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[6]։
Հետագա տարիներին բրիգադիր Ապրես Գասպարյանը սիստեմատիկորեն գերակատարել է արտադրական պլանները։ 1954 թվականին մասնակցել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին։ Աշխատանքային ձեռքբերումների համար Գասպարյանը պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1955 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[5]։ Մեքենա-տրակտորային կայանների լուծարումից հետո 1959 թվականի մարտին Ապրես Գասպարյանը նշանակվել է Բասարգեչարի ավտոմոբիլային վարչության տնօրեն[7]։
Ապրես Գասպարյանը մահացել է 2000 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.