Ապոպտոզ
From Wikipedia, the free encyclopedia
Ապոպտոզ (հին հունարեն՝ ἀπόπτωσις՝ տերևաթափ), բջջի կենսաբանորեն ծրագրավորված մահ (ԲԾՄ), որի արդյունքում բջիջը բաժանվում է պլազմատիկ թաղանթով սահմանափակված առանձին մարմնիկների։ Մահացած բջջի բաժանված հատվածները սովորաբար արագորեն (միջինը՝ 90 րոպեում[1]) ենթարկվում են ֆագոցիտոզի։ Ապոպտոզի գործընթացը տևում է 1-3 ժամ[2]։ Ապոպտոզի հիմնական ֆունկցիան վնասված բջիջների ոչնչացումն է։ Բազմաբջիջ օրգանիզմներում ապոպտոզը մասնակցում է տարբերակման և մորֆոգենեզի գործընթացներին, բջջային հոմեոստազի պահպանմանը, իմունային համակարգի զարգացման և գործունեության կարևոր գործընթացների իրականացմանը։ Ապոպտոզ տեղի է ունենում բոլոր էուկարիոտներում՝ սկսած միաբջիջ պարզագույններից մինչև բարձրագույն օրգանիզմներ։ Պրոկարիոտների ծրագրավորված մահվանը մասնակցում են էուկարիոտների ապոպտոզի սպիտակուցների համարժեքները[3]։
Ապոպտոզի ուսումնասիրությամբ զբաղվում են 1960-ական թվականներից։ «Ապոպտոզ» եզրույթն առաջին անգամ կիրառվել է 1972 թվականին բրիտանացի գիտնականներ Ջ. Քերի, Էնդրյու Ուայլի և Ա. Քերիի աշխատանքում։ Ապոպտոզի գենետիկական և մոլեկուլային մեխանիզմների բացահայտման ուղղությամբ առաջին անգամ աշխատել են Սիդնեյ Բրենները, Ջոն Սալստոնն և Ռոբերտ Հորվիցը։ Վերոհիշյալ երեք գիտնականները 2002 թվականին արժանացան Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Ներկայումս հայտնի են էուկարիոտ բջիջներում ապոպտոզի իրագործման հիմնական մեխանիզմները, և կատարվում են բազմաթիվ հետազոտություններ՝ ապոպտոզի կարգավորիչներն ու ակտիվատորները բացահայտելու նպատակով։ Գիտնականների հետաքրքրվածությունը պայմանավորված է բժշկագիտության տարբեր ոլորտներում (ուռուցքներ, աուտաիմունային հիվանդություններ, նեյրոդեգեներատիվ հիվանդություններ և այլն) ձեռք բերված գիտելիքների կիրառման հնարավորությամբ[4]։
Հասուն մարդու օրգանիզմում ապոպտոզի հետևանքով օրական մահանում են մոտ 50-70 միլիարդ բջիջներ։ 8-14 տարեկան երեխաների օրգանիզմում այդ նույն պատճառով օրական մահանում են մոտ 20-30 միլիարդ բջիջներ։ Կյանքի առաջին տարում մահացող բջիջների զանգվածը մոտավորապես համարժեք է մարդու քաշին։ Այս դեպքում բջիջների վերականգնումն ապահովվում է նրանց բազմացման՝ պրոլիֆերացիայի միջոցով[5]։