Միգրեն
From Wikipedia, the free encyclopedia
Միգրեն, առաջնային գլխացավ, որը բնորոշվում է պարբերաբար կրկնվող չափավորից մինչև ուժգին գլխացավերով[4]։ Տիպիկ դեպքերում գլխացավը միակողմանի է, իր բնույթով բաբախող և տևում է 2-ից մինչև 72 ժամ[4]։ Սրացումների ժամանակ կարող է դիտվել սրտխառնոց, փսխում, գերզգայնություն լույսի, ձայնի և հոտերի նկատմամբ[5]։ Ֆիզիկական ակտիվության ընթացքում, որպես կանոն, դիտվում է ցավի ուժեղացում[6]։ Դեպքերի ամեն երրորդում դիտվում է աուրա, որը տիպիկ դեպքերում լինում է տեսողության խանգարման ձևով և հուշում է գլխացավի սկսման մասին[6]։ Երբեմն, հնարավոր է աուրա առանց հաջորդող գլխացավի[7]։
Միգրեն | |
---|---|
Միգրեն ունեցող հիվանդ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | անհայտ և Հոգեբանական սթրես |
Հիվանդության ախտանշաններ | Սրտխառնոց, լուսավախություն, փսխում, գլխացավ և սրտխառնոց[1] |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում և neuroimaging? |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն[2] |
ՀՄԴ-10 | G43.9 |
Բուժում | Ցավազրկող դեղամիջոցներ[2], triptan?[2], Բետա ադրենապաշարիչներ[2], tricyclic antidepressant?[2], Հակադեպրեսանտներ[2], Հակացնցումային դեղեր[2], Բոտուլոտոքսին[2] և մոնոկլոնալ հակամարմին[3] |
Migraine Վիքիպահեստում |
Միգրենի պատճառը կապված է ինչպես գենետիկ այնպես էլ արտաքին միջավայրի գործոնների հետ[8]։ Դեպքերի երկու երրորդը ընտանեկան դեպքեր են[9]։ Հորմոնային փոփոխությունները նույնպես կարևոր են, մինչև սեռահասուն տարիքը միգրենը տղաների մոտ հանդիպում է մի փոքր ավելի հաճախ, իսկ հասուն տարիքում 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ[10][11]։ Որպես կանոն հղիության ընթացքում միգրենի ռիսկը նվազում է[10]։ Այս երևույթի մեխանիզմը հայտնի չէ[12]։ Գոյություն ունի վարկած, համաձայն, որի այն պայմանավորված է հղիության ընթացքում գանգուղեղային նյարդերում և անոթներում տեղի ունեցող որոշակի փոփոխություններով[9]։
Բուժումը խորհուրդ է տրվում սկսել հասարակ ցավազրկողներով, ինչպիսիք են իբուպրոֆենը և պարացետամոլը, սրտխառնոցը ընկճող դեղորայքներով և խուսափել գլխացավը հրահրող գործոններից[13]։ Հատուկ դեղամիջոցները, ինչպիսիք են տրիպտաները և էրգոտամինը կիրառվում են հասարակ ցավազրկողների անարդյունավետության դեպքում[9]։ Կոֆեին նույնպես կարելի է կիրառել[14]։ Որոշ դեղամիջոցներ՝ մետոպրոլոլ, վալպրոատ և տոպիրամատ արդյունավետորեն կանխում են գրոհները[15][16]։
Ամբողջ աշխարհում միգրենի տարածվածությունը կազմում է 15%[17]։ Հաճախ այն սկսվում է պատանեկան տարիքում և հետագայում խորանում[4]։ Կանանց մոտ որոշ դեպքերում դաշտանադադարից հետո դիտվում է միգրենի հաճախականության նվազում[12]։ 2016 թվականի տվյալներով միգրենը անաշխատունակության ամենատարածված պատճառներից է[18]։ Միգրենը նկարագրվել է դեռևս մ.թ.ա 1500 թվականին Եգիպտական պապիրուսներում[19]։ Միգրեն բառը ծագում է հունարեն ἡμικρανία (hemikrania) բառից, որը նշանակում է միակողմանի գլխացավ[20], ἡμι- (hemi-)՝ կես և κρανίον (kranion)՝ գանգ[21]։