Աղեր
From Wikipedia, the free encyclopedia
Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից[1]։
Սովորաբար աղերը դիտվում են որպես թթվի չեզոքացումով առաջացած, մետաղ և թթվային մնացորդ պարունակող միացություններ։ Մի շարք աղեր (մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը, ամոնիումի քլորիդը և այլն) հունական և ալքիմիական ձեռագրերում անվանում են «հայկական աղ» (Sal armenicum)։ Ըստ Մ. Բերթլոյի, Մեյերի, Ի. Հոլանդի և այլոց, այդ աղերն այդպես են անվանվել Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ ենք հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում (օրինակ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 551, 6924, 8655 և այլ ձեռագրերում)։ Բերցելիոսը, առաջինը դասակարգելով քիմիական նյութերը (1812), աղեր անվանեց թթուների և հիմքերի միացությունները։ Աղերի մեծ մասը կարելի է դիտել որպես միացություններ,որոնք առաջացել են թթուներից՝ նրանց մոլեկուլներում ջրածնի ատոմները մետաղի ատոմներով տեղակալվելու հետևանքով։ Երբ տեղակալված են ջրածնի բոլոր ատոմները, աղը կոչվում է չեզոք(CaCO3,Na3PO4 և այլն), իսկ երբ տեղակալված է դրանց մի մասը՝ թթու [NaHPO4, Ca(H2PO4)2 և այլն]։ Հիդրօքսիդ խմբեր պարունակող աղերը կոչվում են հիմնային աղեր։