Թթուներ
From Wikipedia, the free encyclopedia
Թթուներ, քիմիական միացություններ, էլեկտրոլիտներ, որոնք դիսոցվելիս առաջացնում են ջրածնի կատիոն (H+, Բրյոնսթեդի թթուներ) և թթվային մնացորդի անիոններ կամ միացություններ, որ կարող են ընդունել էլեկտրոնային զույգ կովալենտ կապի ձևավորմամբ (Լյուիսի թթուներ)[1]։ Մասնավորապես՝ թթուների բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևերով. HnR որտեղ R-ը մնացորդ է, n-ը՝ ջրածնի ատոմների թիվը։ Թթվի բաղադրությունում առկա և մետաղի ատոմով (ատոմներով) տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թիվը, որը բնորոշում է թթվի հիմնայնությունը, կարող է չհամընկնել թթվի բաղադրությունում առկա ջրածնի ատոմների ընդհանուր թվին։ Այսպես՝ ֆոսֆորային թթուն (H3PO3) ոչ թե եռահիմն է (ինչպես կարելի էր եզրակացնել այդ թթվի քիմիական բանաձևից), այլ՝ երկհիմն։ Պատճառն այն է, որ տվյալ թթվի բաղադրությունում առկա ջրածնի 3 ատոմից միայն երկուսը կարող է մետաղի ատոմներով տեղակալվել։ Ահա թե ինչու ֆոսֆորային թթվի առավել ճշգրիտ քիմիական բանաձևն է H2(HPO3)։
Կենցաղում ու տեխնիկայի ոլորտում թթու սովորաբար կոչվում են Բրյոնսթեդի թթուները, որոնք ջրային լուծույթներում առաջացնում են հիդրօքսոնիումի իոնի ավելցուկ՝ H3O+։ Այդ իոնների առկայությունը պայմանավորում է թթուների լուծույթները թթվային համը, հայտանյութերի գույնը փոխելու ունակությունը, իսկ բարձր խտության դեպքում՝ թթուների գրգռիչ հատկությունը։ Թթվի Ջրածնի ատոմներն ունակ են տեղակալվել մետաղների ատոմներով՝ առաջացնելով աղեր, որոնք պարունակում են մետաղների կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ։