Ակմեիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ակմեիզմ (հունարեն՝ άκμη - «ինչ-որ բանի բարձր աստիճան, ծաղկող ուժ»), գրական ուղղություն, մոդեռնիստական հոսանք XX դարի 10-ական թթ. ռուսական պոեզիայում, որը ձևավորվել է մշակութային ճգնաժամի պայմաններում[1]։
«Ակմեիզմ» տերմինը 1912 թվականին առաջարկել են Նիկոլայ Գումիլյովը և Սերգեյ Գորոդեցկին. նրանց կարծիքով ճգնաժամ ապրող սիմվոլիզմին փոխարինելու է եկել նախկինների փորձը ընդհանրացնող և պոետին ստեղծագործական հաջողությունների նոր բարձունքի բերող ուղղություն։ Ժամանակակիցները տվել են տերմինի այլ բացատրություններ. Վլադիմիր Պյաստը տեսնում էր դրա ծագումը Աննա Ախմատովայի կեղծանվան մեջ, որը լատիներեն հնչում էր որպես «akmatus», իսկ որոշներն էլ մատնանշում էին տերմինի կապը հունական «akme»՝ «եզր, ծայր» բառի հետ։
Ակմեիստները ստեղծեցին «Պոետների ցեխ» խմբակը (1911-1914 և 1920-1922 թվականներ), հրատարակեցին «Հիպերբորեյ» ամսագիրը։ Հակադրվում էին սիմվոլիզմի միստիկ ձգտումներին, քարոզում էին իրականության կոնկրետ-զգայական ընկալում և պահանջում էին բառին վերադարձնել իր նախնական, ոչ սիմվոլիկ իմաստը։