From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի երաժշտություն (ադրբ.՝ Azərbaycan musiqisi), Ադրբեջանի և Իրանական Ադրբեջանի ադրբեջանցիների երաժշտական ավանդույթը։ Այն հիմնված է ժողովրդական երգերի վրա, որոնք ունեն մոտավոր 1'000 տարվա պատմություն[1]։ Դարեր շարունակ ադրբեջանական երաժշտությունը զարգացել է միաձայնության կնիքով՝ ստեղծելով ռիթմիկ տարատեսակ մեղեդիներ[1]։
1920 թվականին ադրբեջանական դասական երաժշտությունը հայտնվեց վերածննդի փուլում, երբ ստեղծվեց Բաքվի երաժշտական ակադեմիան, որպեսզի դասական երաժշտությանը տրվի այն աջակցությունը, ինչ որ ժողովրդական երաժշտությանը։ Արևմուտքի ժամանակակից դասական երաժշտության ադրբեջանցի ներկայացուցիչներից են Ֆարհադ Բադալբեյլին, Ֆիդան Գասիմովը և Ֆրանգիզ Ալիզադեն։
Ադրբեջանում օպերայի և բալետի ստեղծումը կապված է Ռուսական կայսրության և Ադրբեջանի խորհրդային ժամանակահատվածի հետ, երբ ադրբեջանցի երաժիշտներն առաջին ձեռքից ստացան եվրոպական երաժշտական ավանդույթները։ Առաջին փաստագրված օպերան Բաքվում բեմադրվել է 1889 թվականի մայիսին, երբ ռուս թատերական գործիչ Ալեքսեյ Վերստովսկու Ասկոլդի գերեզման օպերան բեմ բարձրացավ Բաքվի կրկեսում (ներկայիս Բաքվի գորգերի թանգարանի հարևանությամբ)։
Հայտնի ադրբեջանցի օպերային երգիչները, ինչպիսիք են Բուլբուլը, Շովկաթ Մամեդովա, Ֆաթմա Մուխտարովան, Հուսեյնուղլու Սարաբսկին, Հաղիղաթ Ռյազեվան, Ռաշիդ Բեհբութովը, Ռաուֆ Ատակիշիևը, Մուսլիմ Մագոմաևը, Լուֆթիյար Իմանովը, Ֆիդան Ղասիմովը և այլ երգիչներ համաշխարհային համբավ ձեռք բերեցին[2]։
Շատ երգեր պատմում են իրական կյանքի և Ադրբեջանի ֆոլկլորի պատմությունները կամ զարգացել են աշուղական երգերի մրցույթների շնորհիվ[3]։ Ժողովրդական երգերը սովորաբար կատարվում էին հարսանիքների, թաղումների և հատուկ փառատոնների ժամանակ։
Տարածաշրջանային ժողովրդական երաժշտությունը ուղեկցվում է ժողովրդական պարերով, որը զգալիորեն բնորոշ է ողջ տարածաշրջանին։ Տարածաշրջանի իրավիճակը նույնպես ազդում է ժողովրդական երգերի վրա, օրինակ Կասպից ծովի մասին երգերը հիմնականում աշխույժ են և արտահայտում են տվյալ շրջանի սովորույթները։ Դավաճանության մասին երգերը տխրության փոխարեն ունեն հանդիմանանք, մինչդեռ հեռավոր հարավից Ադրբեջան եկել են ողբ հիշեցնող երգեր[4]։
Ադրբեջանական քարոզչությունը երկրի երաժշտական գործիքների շարքում է ներառել նաև տարածաշրջանի այլ ժողովուրդների ստեղծած գործիքները։ Օրինակ իրանական թառը և քամանչան, թուրքական սազը, հայկական դուդուկը, որը վերանվանվել է բալաբան։
Աշուղները շրջիկ երաժիշտներ են, որոնք նվագում են սազ։ Նրանց երգերը կիսաիպրովիզիացիա են։ Այն համարվում է ադրբեջանական մշակույթի և ազգային ինքնության խորհրդանիշերից մեկը։ 2009 թվականին Ադրբեջանական աշուղները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգությունների ցանկում[5]։
Մեյխանան ադրբեջանական ժողովրդական երաժշտաբանաստեղծական ստեղծագործություն է[6]։ Մեյխանան հաճախ համեմատվում է հիփ հոփ երաժշտության հետ և ադրբեջանցիների շրջանում հայտնի է նաև որպես ազգային ռեպ[7][8]։
Ադրբեջանական փոփ երաժշտությունը սկիզբ է առել 1950-ականների վերջին հայտնի երաժշտական ոճերի, այդ թվում ռոքնռոլի, տանգոյի և ջազի ադրբեջանական տարբերակների շնորհիվ[9]։ Երաժշտական նոր ոճերը նույնպես ընդունվեցին, ինչպիսիք են հիփ հոփը, ծանր մետալը և ռեգգին։
Ադրբեջանական փոփ երաժշտությունը նոր մակարդակի բարձրացավ Եվրատեսիլ երգի մրցույթում 2008 թվականին Ադրբեջանի նորամուտով։ 2009 թվականին Ադրբեջանը երգի այս մրցույթում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ հաջորդ տարի՝ հինգերորդ[10]։ 2011 թվականին Էլլը և Նիկին հաղթեցին Եվրատեսիլ երգի մրցույթում, ինչի շնորհիվ հաջորդ տարվա մրցույթը կայացավ Բաքվում[11][12]։
Ադրբեջանական առավել հայտնի փոփ աստղերից են Ռոյան, Այգյուն Քյազիմովան և Բրիլիանթ Դադաշովան[13]։
Ադրբեջանական ջազը երկրում տարածված ջազի տարատեսակներից է։ Այն ընդգրկում է ոճերի բազմազան տեսակներ[14] և հաճախ ներկայացվում է ավանդական ադրբեջանական երաժշտության հետ։ Ժամանակակից հայտնի ադրբեջանցի ջազ երաժիշտներից է Ազիզա Մուստաֆազադեն[15]։
Ադրբեջանական ռոքի դարաշրջանը սկսվում է 1960-ականների վերջին, երբ հայտնի ամերիկյան և բրիտանական բենդերը հայտնի դարձան ողջ աշխարհում[16]։ Coldünya-ն և Yuxu-ն ադրբեջանական ամենահայտնի ռոք խմբերն են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.