From Wikipedia, the free encyclopedia
Աբրահամ Իսահակի Ալիխանով (փետրվարի 20 (մարտի 4), 1904[1] կամ 1904, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 8, 1970[3], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1937), ԽՍՀՄ ԳԱ (1943), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[4], Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1941, 1948, 1953)։ Պարգևատրվել է Լենինի (3) և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Արտեմ Ալիխանյանի եղբայրը, դաշնակահար Տիգրան Ալիխանովի հայրը։
Աբրահամ Ալիխանով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20 (մարտի 4), 1904[1] կամ 1904 Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1970[3] Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ[1] և Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | տարրական մասնիկների ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1929)[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Տիգրան Ալիխանով |
Abraham Alikhanov Վիքիպահեստում |
Ծնվել է Թիֆլիսում։ 1929 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1929-1941 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, զբաղվել ռենտգենակառուցվածքային վերլուծության և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայով։ 1934 թվականից ուսումնասիրել է ռադիոակտիվությունը և ռադիոակտիվ ճառագայթումը, Արտեմ Ալիխանյանի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել և ուսումնասիրել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը։ 1935 թվականին Ա. Ալիխանյանի հետ սահմանել է b սպեկտրների կախումը տարրի ատոմական կարգաթվից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ։ 1936 թվականին Ալիխանյանի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհլացման ժամանակ։ Աշխարհի մի շարք ֆիզիկոսներ պնդում էին, թե ատոմը կազմող որոշ տարրական մասնիկներ չեն ենթարկվում ֆիզիկայի հայտնի օրենքներին։ Աբրահամ Ալիխանյանը եղբոր՝ Արտեմի հետ փորձով ապացուցեց, որ դա այդպես չէ. տարրական մասնիկների փոխազդեցության ժամանակ ֆիզիկայի հայտնի օրենքները խստորեն պահպանվում են։ Տարրական մասնիկներն ավելի մանրազնին ուսումնասիրելու համար նրանք ձեռնամուխ եղան Արեգակից, աստղերից ու Տիեզերքի այլ մասերից մեզ հասնող տարրական մասնիկներից կազմված ճառագայթների հետազոտմանը, և այդ նպատակով 1942 թվականի ամռանը Արագած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրլեռնային կայանը։ Այստեղ՝ տիեզերական ճառագայթներում նրանք աշխարհում առաջինը հայտնաբերեցին նոր, անհայտ տարրական մասնիկներ և մեծ էներգիա ունեցող պրոտոններ։ Այս հայտնագործությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ տիեզերական ճառագայթների գաղտնիքները բացահայտելու համար։ Այդ աշխատանքները շարունակվեցին 1943 թվականին Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ հիմնադրված Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, որը նա ղեկավարեց 30 տարի անընդմեջ[5]։
1940 թվականին Ալիխանովը կազմակերպել է Էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը և ապացուցել էլեկտրոնների ու ֆոտոնների՝ մասնիկների հեղեղներ առաջացնելու նույնությունը։ 1943 թվականին Ալիխանյանի հետ ստեղծած Արագածի տիեզերական հետազոտման կայանում (3200 մ բարձրության վրա) զբաղվել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները խթանեցին տարրերի ֆիզիկայի զարգացումը։
1945 թվականին Աբրահամ Ալիխանովը Մոսկվայում հիմնադրել և երկար տարիներ գլխավորել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որը դարձավ գիտության համաշխարհային կենտրոններից մեկը։ Նրա անմիջական ղեկավարությամբ այստեղ նախագծվել ու կառուցվել է ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ առաջին միջուկային ռեակտորը՝ ծանրջրային դանդաղեցուցիչով։
1949 թվականին աշխատակիցների հետ ստեղծել է ծանր ջրային դանդաղեցուցիչով ԽՍՀՄ-ում առաջին միջուկային ռեակտորը։ Ալիխանովը միջուկային ֆիզիկայի խորհրդային դպրոցի և ԽՍՀՄ-ում տարրական մասնիկների արագացուցիչների ստեղծողներից է։ 1961 թվականին նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ սկսվել է Մոսկվայի՝ 7 ԳԷՎ էներգիայով պրոտոնների կոշտ կիզակետմամբ արագացուցիչի կառուցումը, նախագծվել նաև 70 ԳԷՎ էներգիայով պրոտոնային արագացուցիչը[6]։
Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.