From Wikipedia, the free encyclopedia
Սև սարյակ կամ Միագույն սարյակ (լատին․՝ Sturnus unicolor), ոչ մեծ, երգեցիկ թռչուն սարյակների ցեղից։ Բնակվում են Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզում, Միջերկրական ծովի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ կղզիներում։ Արտաքին տեսքով նման է սովորական սարյակի։
Սև սարյակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sturnus unicolor Temminck, 1820 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Սև սարյակը փոքրամարմին, 19—22 սմ[1] երկարությամբ թռչուն է։ Թևերի բացվածքը 12,8-13,2 սմ է[2], քաշը՝ 80-115 գ[3]։ Ունի կարճ վիզ։ Կտուցը երկար է և փոքր-ինչ թեքված դեպի ներքև։ Բազմացման շրջանում այն դեղին է, իսկ այլ ժամանակ՝ դարչնագույն։ Արուների մոտ հիմնականում կտուցն ունի մուգ կապտավուն երանգ, իսկ էգերի մոտ՝ վարդագույն պուտեր։ Պոչը կարճ է՝ 5,4-8 սմ երկարությամբ, վերջնամասում գրեթե ուղիղ է։ Փետուրները սև են, գրեթե միագույն, մետաղական փայլով։ Գլխի և վզի առաջնամասում և կրծքային հատվածներում փետուրները մի փոքր մանուշակագույն են, իսկ մեջքի, կողերի և որովայնային հատվածում՝ բաց կանաչավուն (դա ավելի վառ արտահայտված է արուների մոտ)։ Վզի առջևի հատվածի փետուրներն ակնհայտորեն ավելի երկար են՝ մոտ 2 անգամ, քան սովորական սարյակի մոտ։ Գարնան և ամռան ամիսներին, եղանակային փոփոխություններից կախված, մարմնի վրա կարող են լինել կամ չլինել մարմնագույն պուտեր (էգերի և երիտասարդ թռչունների մոտ կյանքի սկզբնական շրջանում պուտերը պոչային հատվածում են)։ Ձմռանը պուտեր հանդիպում են բոլոր տեսակների մոտ, բայց սև սարյակի մոտ դրանք վառ արտահայտված և մուգ չեն։ Սև սարյակները սովորական սարյակներից տարբերվում են իրենց ավելի մուգ գունավորմամբ։ Ոտքերը բազմացման շրջանում վարդագույն են, իսկ հետո՝ շագանակագույն։ Էգերն ընդհանուր առմամբ նման են արուներին, սակայն նրանք ունեն ավելի կարճ փետուրներ գլխի և կրծքի շրջանում, քան արուները։ Երիտասարդ տեսակները համեմատաբար ունեն ավելի բաց գունավորում։
Հանդիպում են Պիրենեյան թերակղզում (Իսպանիա, Պորտուգալիա), Սիցիլական կղզիներում (Իտալիա), Կորսիկայում (Ֆրանսիա), Հյուսիսային Աֆրիկայում՝ Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի ափերին (Ալժիր, Թունիս, Մարոկկո)։ Երբեմն կարելի է թռչելիս հանդիպել Հունաստանում, Լիբիայում, Մալթայում, Կանարյան կղզիներում[4]։
Թռչուններ ով մեծ քանակով հանդիպում են Իսպանիայում, Պորտուգալիայում, Մարոկկոյի հյուսիսում։ 20-րդ դարի Պիրենեյան թերաղզում կենդանիների տարածվածության արեալն ընդլայնվել է, որը կապված է եղել գյուղատնտեսական տարածքների զարգացմամբ։ Այդ կերպ հասել են մինչև Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջաններ[5]։
Բնակվում են այն տարածքներում, որտեղ աճեցվում են զանազան մշակաբույսեր, ընտանի խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված արոտավայրերում, ձիթապտղի այգիներում, զբոսայգիներում։ Ի տարբերություն սովորական սարյակների, հիմնականում վարում են նստակյաց կյանք։ Որոշ առանձնյակներ կարող են թռչել որոշ տարածքներ, բայց դա ոչ թե միգրացիա է, այլ՝ տեղաշարժ մոտ տարածություններում։
Թռչունների բազմացման սեզոնը կախված է աշխարհագրական լայնությունից. եթե Իսպանիայում և Պորտուգալիայում բազմացումը տևում է ապրիլի առաջին կեսից մինչև հուլիսի կեսերը, ապա Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում բազմացումն սկսվում է մեկ ամիս ուշ։ Ինչպես սովորական սարյակները, սև սարյակները մեկ սեզոնի ընթացքում կատարում են 2, հազվադեպ նաև 3 ձվադրում, որոնցից երկրորդը կապված է բնական պոլիգինիայի (բազմակնություն՝ հին հունարեն՝ πολύ- «շատ» և γυνή «կին» բառերից) հետ[6]։ Բույն կառուցելու համար կենդանին ընտրում է ծառի փչակները, շենքերի սնամեջ պատերը, այլ թռչունների լքված բները (օրինակ՝ ոսկեգույն մեղվակերի (Merops apiaster), առափնյա ծիծեռնակի (Riparia riparia), սպիտակ արագիլի (Ciconia ciconia))։ Արուն, ընտրելով համապատասխան տարածք, նստում է մոտակայքում, բարձր երգում է՝ այդ կերպ կանչելով էգին։ Նրանք միասին սկսում են բույն հյուսել։ Դրա համար նրանք օգտագործում են ծառի չորացած ճյուղեր, տերևներ, այլ թռչունների փետուրներ և բմբուլներ։ Երբեմն բներում կարելի է հայտնաբերել բույսի ծաղիկներ։ Մեկ ձվադրման ժամանակ դնում են 4-5 բաց կապույտ պուտավոր ձվեր։ Սև սարյակների ձվերն ունենում են 31 մմ երկարություն և 21 մմ լայնություն։ Ինկուբացիոն շրջանը տևում է 11 օր։ Ձվերի վրա նստում է էգը, իսկ արուն հսկում է, երբեմն նաև փոխարինում է նրան։ Ձագերը ձվից դուրս են գալիս առանց մազածածկույթի։ Նրանց խնամքով և կերակրմամբ զբաղվում են երկու առանձնյակները, թեև բնում հիմնականում մնում է էգը։ Ձագերի առաջին թռիչքը սկսում է 21-23 օր անց, բայց դեռ մեկ շաբաթ մնում են հսկողության տակ, որից հետո առանձնանում են։
Սև սարյակներն ամենակեր են. սնվում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագմամբ սնունդով։ Երբեմն բազմացման սեզոնում նրանց սննդակարգը բաղկացած է լինում հիմնականում տարբեր անողնաշարավոր կենդանիներից, իսկ ձմռանը՝ բույսերի սերմերից և պտուղներից։ Միջատներից նրանք որսում են բզեզներ, ծղրիդներ, մրջյուններ, խավարասերներ։ Սնվում են նաև անձրևաորդերով, թրթուրներով։
Բուսական սնունդի մեջ ներառվում է ավելուկ (Rumex) և մատիտեղ (Polygonum), մորմ (Solanum), մոշենի (Solanum), խնկենի (Rubus)։
Սնունդ հայթայթլու ժամանակ կուտակվում են խոշոր եղջերավոր ընտանի կենդանիների (կով, խոզ, ձի) արոտավայրերում։
Երամային թռչունները բազմանում են գաղութներով, սնվում և քնում են կանգնած։ Բազմացման շրջանում հնարավորության դեպքում բնադրում են փոքր գաղութներով՝ յուրաքանչյուրում 4-6 զույգ։ Թռչնակների սնուցման ավարտից հետո բաժանվում են 90-110 թռչուններից բաղկացած երամների՝ երբեմն սովորական սարյակների հետ խումբ կազմելով, հատկապես ձմեռային շրջանում, երբ վերջիններս չվում են այդ տեսակի կենսավայր։ Գիշերները կարող են հավաքվել 100 հազարից ավելի առանձնյակներով՝ 1 խմբում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.