From Wikipedia, the free encyclopedia
Ստեֆանիա Տուրկևիչ-Լիսովսկայա, 1937 թվականից՝ Լուկյանովիչ (ուկրաիներեն՝ Стефа́нія Турке́вич-Лісо́вська, з 1937 Лукіяно́вич[2], ապրիլի 25, 1898[1], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - ապրիլի 8, 1977[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), ուկրաինացի կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ[3]։ Պաշտոնապես համարվում է ուկրաինացի առաջին կին կոմպոզիտորը[4]։ Խորհրդային տարիներին իշխանությունն արգելել էր նրա ստեղծագործությունների հրատարակումն ու կատարումը Ուկրաինայում և ողջ ԽՍՀՄ-ում[5]։
Ստեֆանիա Տուրկևիչ | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Стефанія Іванівна Туркевич-Лукіянович |
Ծնվել է | ապրիլի 25, 1898[1] Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] |
Երկիր | Ավստրո-Հունգարիա, ZUNR և Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
Մահացել է | ապրիլի 8, 1977[1] (78 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր, Ֆիսհարմոն և տավիղ |
Աշխատավայր | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա, Պրահայի Կարլի համալսարան, Լվովի համալսարան, Վիեննայի համալսարան և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Stefania Turkevych-Lukiianovych Վիքիպահեստում |
Ծնվել է 1898 թվականի ապրիլի 25-ին, քահանայի ընտանիքում։ Հայրը՝ քահանա Իվան Տուրկևիչը (1872—1936 թթ.), նաև երգչախմբի դիրիժոր էր, կրոնի ուսուցիչ, երաժշտական քննադատ[6], մայրը՝ Սոֆյա Կորմոշը, երաժշտական լավ կրթություն ստացած դաշնակահարուհի էր (ժամանակին նվագակցել է օպերային անվանի երգչուհի Սալոմեյա Կրուշելնիցկայային)[7]։ Երաժշտական ընտանիքում մեծացած, մանուկ հասակից երաժշտությամբ տարված Ստեֆանիան Լվովի իգական գիմնազիան ավարտելուց հետո ուսունառությունը շարունակել է այդ նույն քաղաքի Նիկոլայ Լիսենկոյի անվան բարձրագույն երաժշտական ինստիտուտ-ակադեմիայում՝ Վասիլի Բարվինսկու դասարանում, այնուհետև (1914—1916 թթ.) Վիեննայում աշակերտել է ճանաչված դաշնակահարներ Վիլհելմ Կուրցին ու Եժի Լյալևիչին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտվելուց հետո Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, մանկավարժություն և երաժշտագիտություն, միաժամանակ շարունակել է խորամուխ լինել երաժշտարվեստի նրբությունների ու գաղտնիքների մեջ՝ 1918-1920 թվականներին զուգահեռաբար ուսանելով պետական ուսուցչական ճեմարանում (սեմինարիայում), 1921 թ. առաջին կեսին՝ լեհական երաժշտական ընկերության կոնսերվատորիայում[8]։ 1921 թ. կեսերին ավարտելով Լվովի համալսարանը՝ 1921-1923 թթ. ուսումը շարունակել է Վիեննայում, որի համալարանում աշակերտել է Գվիդո Ադլերին, իսկ երաժշտական ակադեմիայում՝ Ֆ. Վյուրերին ու Յոզեֆ Մարքսին[9]։
1925 թվականին ամուսնացել է նկարիչ Ռոբերտ Լիսովսկու հետ[3]։ 1927—1930 թթ. ապրել է Բեռլինում[10], դասեր վերցրել Առնոլդ Շյոնբերգից և Ֆրանց Շրեկերից։ 1930 թվականին մեկնել է Պրահա, որի կոնսերվատորիայում կոմպոզիցիայի դասեր է առել Օտակար Շինից, ապա՝ վարպետության բարձրագույն դպրոցում՝ Վիտեսլավ Նովակից։ Սովորել է նաև Պրահայի Կարլի համալսարանում՝ դառնալով Զդենեկ Նեեդլիի ուսանողուհին[11]։ 1934 թվականին հենց Պրահայում էլ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Украинский элемент в произведениях П. Чайковского „Черевички“ („Кузнец Вакула“), Н. Римского-Корсакова „Ночь перед рождеством“ и сравнение их с оперой Н. Лысенко „Різдвяна Ніч“» թեմայով[9]։
Ստեֆանիա Տուրկևիչ-Լիսովսկայան 1935—1939 թվականներին հարմոնիա և դաշնամուր է դասավանդել Լվովի բարձրագույն երաժշտական ինստիտուտ-ակադեմիայում, 1939 թվականից՝ կոնսերվատորիայում։
1937 թվականին մտերմացել է հոգեբույժ, գրող Նարցիս Լուկյանովիչի հետ, ամուսնացել[12]։ 1944 թվականին ընտանիքով տեղափոխվել են Վիեննա, 1946-ին՝ Անգլիա[13]։ Իր ստեղծագրծությունների հիմնական մասը կին կոմպոզիտորը գրել է Մեծ Բրիտանիայում ապրած ժամանակաշրջանում։
Վախճանվել է 1977 թվականի ապրիլի 8-ին, Քեմբրիջում։
Կին կոմպոզիտորի որոշ ստեղծագործություններ 1920—1930-ական թվականներին կատարվել են Լվովում և Պրահայում, 1956—1961 թթ.՝ Արևմտյան Եվրոպայում, 1969—1970 թթ.՝ Կանադայում։ Վերջին տարիներս նրա մի շարք գործեր կատարվել են Ուկրաինայում և Կանադայում։ 2014 թվականին Կանադայում թողարկվել է Տուրկևիչի 20 երգերի ձայնագրություններն ամփոփող խտասկավառակ, որը «Galicians I — The Art Songs» հավաքածուի մաս է կազմել[14]։
2020 թվականի նոյեմբերի 8-ին Լվովի Միրոսլավ Սկորիկի անվան ազգային ֆիլհարմոնիայում տեղի է ունեցել Ստեֆանիա Տուրկևիչի «Օքսանայի սիրտը» օպերայի պրեմիերան (դիրիժոր՝ Սերգեյ Խորովեց)։ Օպերան, որ գրվել է դրանից 60 տարի առաջ, հեղինակը նվիրել է իր քրոջը՝ օպերային և կամերային երգչուհի Իրինա Տուրկևիչ-Մարտինեցին (1899—1983), որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտագաղթել է Կանադա և այնտեղ 1960 թվականից ղեկավարել է Վիննիպեգի ուկրաինական մանկական թատրոնը[15]։
2020 թվականի դեկտեմբերի 26-ին Չեռնովցիի մարզային ֆիլհարմոնիայում կայացել է Ստեֆանիա Տուրկևիչի «Կուց» մանկական օպերայի համաշխարհային պրեմիերան[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.