From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ռոբերտ Գրուվզ (անգլ.՝ George Groves, դեկտեմբերի 13, 1901, Սենտ Հելենս, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 4, 1976, Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հնչյունային ինժեներ, որը կարևոր դեր է խաղացել համր կինոյին ձայնով ապահովելու տեխնոլոգիայի ստեղծման հարցում։ Համարվում է նաև Հոլիվուդի առաջին հնչյունային ռեժիսորը․ նա է եղել 1927 թվականին նկարահանված Ալ Ջոլսոնի «Ջազային երգիչը» ֆիլմի, ինչպես նաև շատ այլ հնչուն ֆիլմերի ձայնագրման ինժեները։ Warner Brothers կինոընկերությունում աշխատելու 46 տարիների ընթացքում դարձել է նրանց գլխավոր հնչյունային ռեժիսորը և նվաճել երկու ակադեմիական մրցանակ։
Ջորջ Գրուվզ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1901 |
Ծննդավայր | Սենտ Հելենս, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1976 (74 տարեկան) |
Մահվան վայր | Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լիվերպուլի համալսարան |
Մասնագիտություն | հնչյունային օպերատոր և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
George R. Groves Վիքիպահեստում |
Ջորջը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 13-ին, Անգլիայի Լանկաշիր կոմսության Սենտ-Հելենս քաղաքի Դյուք փողոցի 57 տանը։ Հայրը՝ Ջորջ Ալֆրեդ Գրուվզը, վարպետ սափրիչ էր ու տաղանդավոր երաժիշտ, որը քաղաքում առաջինն է ստեղծել փողային նվագախումբ։ Նրա որդին`Ջորջ կրտսերը, տիրապետում էր մի շարք գործիքների և կանոնավոր կոռնետ էր նվագում քաղաքի արքայական թատրոնում։ Նա նաև Դյուկ և Օուեն փողոցներումում գտնվող իր հայրիկի երկու վարսավիրանոցների օճառողն էր։
Ջորջը կրթություն է ստացել քաղաքի Նաթգրուվ կրտսեր դպրոցում և Քոուլլիի քերականական դպրոցում։ Լիվերպուլի համալսարան ընդունվելու համար կրթաթոշակի արժանանալով՝ նա 1922 թվականին գերազանցությամբ ավարտել է այն ճարտարագիտություն և հեռախոսակապ մասնագիտությամբ։ Մեկ տարի Քովենթրիում GEC ընկերության համար աշխատելով՝ ստեղծել է անլար ընդունիչներ, այնուհետև աշխատանքի տեղավորման համար դիմել է Միացյալ Նահանգներին։ 1923 թվականի դեկտեմբերի 1-ին երկամյա աշխատանքային պայմանագրով Ջորջը նավարկել է դեպի Նյու Յորք SS Laconia նավով։
Աշխատանք է ստացել Բելլի լաբորատորիայի հետազոտական թիմում, որոնք զարգացնում էին կինոնկարի ձայնային տեխնոլոգիան՝ օգտագործելով ձայնային սկավառակի գործընթացը։ 1925 թվականին Warner Brothers ընկերությունը գնել է Բելլ համակարգն ու ստեղծել Վայտաֆոն կորպորացիան։ 1926 թվականին Ջորջ Գրուվզն աշխատանքի է նշանակվել Վայտաֆոնում և նրան հանձնարարվել է ձայնագրել Ջոն Բարրիմորի «Դոն Ժուան» (1926) ֆիլմի սաունդտերկը։ Սա առաջին լիամետրաժ ֆիլմն էր, որն ուներ Նյու Յորքի ֆիլհարմոնիայի կողմից տրամադրված համաժամեցված սաունդթրեք։ Գրուվզը մշակել է նորարարական, բազմամիկրոֆոնային տեխնիկան և իրականացրել 107 հոգանոց նվագախմբի կենդանի երաժշտության համակցում, դրանով դառնալով կինոյի պատմության մեջ առաջին երաժշտական համակցողը։
Այնուհետև Գրուվզն իրականացրել է 1927 թվականին նկարահանված «Ջազային երգիչը» ֆիլմի հնչյունային ձայնագրությունը։ Ֆիլմի գլխավոր դերակատար Ալ Ջոլսոնը Ջորջին անվանել է «հանգիստ փոքրիկ անգլիացի» ու պնդել, որ միայն նա հնչյունավորի իր կինոնկարները։ Վերոնշյալ ֆիլմը հնչյունավորելիս Գրուվզը դարձել է առաջին ձայնագրողը։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջին շարժանկարի ջոկատում[1]։
Warner Brothers ընկերությունում իր երկարամյա աշխատանքի ընթացքում ստեղծել է բազմաթիվ հնչյունային տեխնիկաներ և հմտություններ, որոնք այսօր առօրեական են կինո և հեռուստաարդյունաբերությունների համար, այդ թվում՝ կրկնօրինակումը և ռադիո միկրոֆոնների օգտագործումը։ Արժանացել է երկու Օսկարի «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում «Սայանորա» (1957) և «Իմ գեղեցիկ լեդի» (1964) կինոնկարների համար։ Վերջինիս համար նրա «Օսկարը» նրան շնորհվել է 1965 թվականի Ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ բեմի վրա Սթիվ Մակքուինի և Կլաուդիա Կարդինալեի կողմից։ Ընդհանուր առմամբ, Գրուվզն աշխատել է այդ անվանակարգում Օսկարի արժանացած երեսուներկու կինոնկարների վրա։
1957 թվականին Ջորջ Գրուվզը դարձել է Warner Brothers ընկերության հնչունային ռեժիսորը, իսկ 1972 թվականին՝ իր կենսաթոշակի անցնելու տարում «Կինոնկարի և հեռուստաինժեներների ընկերության» կողմից արժանացել է Սեմ Ուորների անվան հեղինակավոր մրցանակին։ Մահացել է սրտի կաթվածից 1976 թվականի սեպտեմբերի 4-ին, թաղված է Հոլիվուդ-Հիլզ գերեղմանատանը։
Գրուվզն արժանացել է երկու Օսկարի ու առաջադրվել ևս վեցի համար «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում։
1993 թվականին Գրուվզի լիվերպուլցի 92-ամյա քույրը`Հիլդա Բարոուն, արշավ է սկսել Միացյալ Թագավորությունում իր եղբոր ռահվիրայական աշխատանքի պաշտոնական ճանաչման համար, որի արդյունքում 1996 թվականին բրիտանական կինոարդյունաբերության երկու հուշատախտակ է բացվել՝ ի հիշատակ նրա նվաճումների։ Մեկը տեղադրված է նրա ծննդավայր Սենտ-Հելենս քաղաքի Դյուք փողոցում, մյուսը՝ Լոնդոնի Ուեստ Էնդում գտնվող հեղինակավոր Warners կինոթատրոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.