From Wikipedia, the free encyclopedia
Պոլո, ձիասպորտային թիմային մարզաձև։ Այն աշխարհի ամենահին թիմային մարզաձևերից մեկն է[1]։ Այն նաև կոչվում է «թագավորների սպորտ»[2]։
Պոլո | |
---|---|
Տեսակ | թիմային մարզաձև և ձիասպորտ |
Այլ անուններ | «արքայական խաղ», «թագավորների խաղ», «մեծահարուստների խաղ» |
Մարմին | Պոլոյի Միջազգային Ասոցիացիա |
Թիմ մեծ | 4 |
Սեռ | արական, իգական; առանձին կամ խառը |
Կարգավիճակ | ձիասպորտ, գնդակային խաղ, թիմային խաղ |
Հարմարանք | Պոլոյի պոնի, պոլոյի գնդակ, մական, պոլոյի թամբ |
Վայր | 270 x 150 մ, պոլոի դաշտ |
Օլիմպիական խաղեր | 1900-1936 |
Polo Վիքիպահեստում |
Գոյություն ունի պոլոյի մի քանի տեսակներ, սակայն ամենատարածվածը բացօթյա կամ դաշտային պոլոն է։
Այն ձևավորվել է մոտ մ.թ.ա. 6-րդ դարում Իրանում։ Այն ժամանակի ընթացքում դարձել է Պարսկաստանի ազգային սպորտաձևը։ Պոլոն Պարթևական տերության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 247 - մ.թ. 224) ունեցել է մեծ տարածվածություն և մեծ հովհանավորություն է ունեցել թագավորի և ազնվականների կողմից։ Խաղը 11-րդ դարում տարածված էր մոնղոլների շրջանում։ Այն պրոֆեսիոնալ մակարդակում սկսել են խաղալ 16-րդ դարից։ Ժամանակակից խաղը ձևավորվել է Մարիպուրում (Հնդկաստան)։ Այն 1800-ական թվականներից սկսել է տարածվել ամբողջ աշխարհում, այժմ հիմնականում տարածված է Միացյալ Թագավորությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում, Հնդկաստանում և Պարսկաստանում (Իրան)։ Պոլոն համարվում է դիտարժան մարզաձև։ Այն հիմնականում տարածված է մեծահարուստների շրջանում։
Խաղի կանոնները գրված են ինչպես մարզիկի, այնպես էլ նժույգի ապահովության համար։ Խաղը վերահսկվում է մրցավարների կողմից։ Սուլիչը հնչում է, երբ որևէ խախտում է կատարվում, և խաղացողը տուգանվում է։ Այստեղ խաղացողները ձիավորներ են, նրանք բաժանվում են երկու թիմի՝ ամեն թիմում չորս հոգի։ Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողները պետք է իրենց ձեռքում գտնվող հատուկ մականներով փորձեն փոքր, ծանր գնդակը նետել հակառակորդ թիմի դարպասը։ Խաղացողները իրավունք չունեն անցնել գնդակից առաջ, եթե որևէ մեկը արդեն գնդակը առաջ է տանում, նրանք միայն կարող են գտնվել գնդակի երկու կողմերում և հնարավորության դեպքում վերցնել գնդակը։ Հիմնական խախտումները արձանագրվում են այն ժամանակ, երբ խաղացողը չթույլատրված կերպով անցնում է գնդակը։ Ամեն թիմ ներառում է չորս ձիավոր։ Խաղը տևում է մեկից երկու ժամ, խաղը բաժանվում է մի քանի ժամանակահատվածների, որոնք կոչվում են չուկաներ։ Խաղերը բաղկացած են լինում 4-7 րոպոանոց չուկաներից, որոնց միջև կամ ընթացքում խաղացողները փոխում են նժույգները։ Յոթ րոպեանոց չուկայից հետո խաղը շարունակվում է ևս 30 լրացուցիչ վայրկյան կամ մինչև խաղի դադարեցումը մրցավարի կողմից։ Չուկաների միջև կա չորս րոպեանոց դադար, իսկ ամբողջ խաղի միջնամասում՝ տասը րոպեանոց դադար։ Եթե ինչ-որ խաղացող իր մականով կամ նժույգով հարվածում է մեկ այլ խաղացողի կամ ձիու, ապա տուգանվում է։ Խաղը անխախտ շարունակվում է ամբողջ չուկայի ընթացքում, սակայն կանգնեցվում է կանոնների խախտման, սարքավորումների կոտրման կամ խափանման, մարզիկի կամ նժույգի վնասման դեպքում։ Գնդակը պետք է նետել հակառակորդի դարպասը, ի դեպ՝ կապ չունի, թե գնդակը ինչ բարձրության վրա է գտնվում դարպասը մուտք գործելու ժամանակ։ Ամբողջ խաղի ընթացքում խաղադաշտը և հանդիսատեսը վերահսկվում են, քանի որ երբեմն հանդիսատեսները կարող են վտանգ ներկայացնել։
Կանոնները և դրույթները ամեն տարի վերանայվում և պաշտոնապես հրատարակվում են տվյալ երկրի պոլոյի ասոցիացիայի կողմից։ Փոքր ասոցիացիաներից շատերը չունեն սեփական կանոններ ու դրույթներ և հետևում են Հարլինհամի Պոլոյի Ասոցիացիաին՝ Միացյալ Թագավորությունում պոլոյի ազգային կառավարման մարմնին կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պոլոյի Ասոցիացիային[3]։
Պոլոյում օգտագործվում են հատուկ ցեղատեսակի ձիեր, որոնք կոչվում են պոլոյի պոնիներ, թեև այդ ձիերը ամենևին էլ պոնիներ չեն, այլ իրական չափսերի ձիեր, իսկ «պոնի» եզրույթը փոխանցվել է ավանդաբար։ Նրանք ունեն 147-163 սմ հասակ՝ մինչև մնդավ և 410-500 կգ քաշ[4]։ Պոլոյի պոնիները սելեկցիոն ընտրության հետևանքով ունեն մեծ արագություն, դիմացկունություն և մանևրելիություն։ Դիմացկունությունը և հաստատակամությունը շատ կարևոր է. ձին պետք է դիմանա ճնշմանը՝ մնալով վերահսկողության տակ։ Այս ձիերը շատ զգայուն են, այդ իսկ պատճառով հեշտ են կառավարվում։ Լավ վարժեցված նժույգները հեշտորեն և արագորեն կարող են գնալ դեպի գնդակը և հաշվի առնել հեծյալի հմտությունների 60-70 %-ը։
Պոլոյի պոնիների վարժեցումը հիմնականում սկսվում է երեք տարեկանից և տևում է վեց ամսից երկու տարի։ Ձիերից շատերը իրենց ֆիզիկական ամբողջական ունակություններին են հասնում մոտ հինգ տարեկանում, իսկ իրենց մարզավիճակի գագաթնակետին են հասնում մոտ 6-7 տարեկանում։
Յուրաքնաչյուր մարզիկ իր տրամադրության տակ պետք է ունենա մեկից ավելի նժույք, որպեսզի հոգնած նժույգին հնարավորություն տրվի հանգստանալու և փոխարինվի այլ ձիով, նույնիսկ՝ չուկայի ընթացքում։ Ամեն մարզիկին պետք է տրամադրվի 2-3 նժույգ՝ փոքր խաղերի ժամանակ, չորս կամ ավելի՝ միջին խաղերի ժամանակ, գուցե ավելի շատ՝ մեծ խաղերի ժամանակ։
Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են չորս հեծյալ մարզիկներ՝ իրենց նժույգներով։ Նույն թիմում կարող են լիներ և՛ կանայք, և՛ տղամարդիկ։
Յուրաքանչյուր խաղացող ունի իր որոշակի պարտականությունները.
Պոլոն խաղում են աջ ձեռքով, որպեսզի կանխվեն գլուխ-գլխի հարվածները[5]։
Հանդերձանքը այնպիսին է, որ լիովին պաշտպանի մարզիկի և նժույգի ապահովությունը։
Պարտադիր հանդերձանքի անբաժան բաղադրիչ է սաղավարտը, որը պետք է համապատասխանի որոշակի ստանդարտների։ Սովորաբար սաղավարտի հետ ներառված է երեսկալը (դեմքի պատշտպանիչը)։
Հատուկ պոլոյի կոշիկները և ծնկակալները պարտադիր են։ Ակնակալները, արմնկակալները և պաշտպանիչ վահանները խորհուրդ են տրվում։ Պահանջվում է որ թիմի բոլոր անդամները կրեն միանման շապիկներ, սակայն ոչ սև կամ սպիտակ։ Դրանց ետևում պետք է գրված լինի խաղացողի համարը։
Պաշտոնական խաղերի ժամանակ պարտադիր են հատուկ պոլոյի սպիտակ տաբատներ և պաշտպանիչ ձեռնոցներ։
Արգելված են օգտագործել այնպիսի պարագաներ, որոնք կարող են վնասել կամ ցավեցնել ձիերին, ինչպես օրինակ՝ ցցավոր կողիկներ կամ մտրակներ[6][7]։
Ժամանակակից պոլոյի գնդակները պատրաստված են բարձր ամրության պլաստիկից։ Նախկինում դրանք պատրաստում էին բամբուկից, կաշվեպատ փայտից կամ այլ զանազան նյութերից։
Ստանդարտ գնդակը ունենում է 7,6-8,9 սմ տրամագիծ և 99-130 գ քաշ։
Պլաստիկ գնդակները ասպարեզ են ելել 1970-ական թվականներից։ Դրանք ավելի քիչ են հակված կոտրվելու և անհամեմատ ավելի էժան են[8]։
Պոլոյի մականը բաղկացած է բայտե ձողից՝ ռետինե բռնակով, թաղանթավոր կաշեփոկից և փայտե սիգարաձև գլխիկից։ Պոլոյի մականները պատրաստվում են միայն բարձրորակ ռաթթան կոչվող փայտատեսակից։ Գլխիկի երկարությունը 23,5 սմ է, կշռում է 160-240 գ՝ կախված խաղացողի նախընտրությունից, փայտի տեսակից և ճկունության աստիճանից։ Մականի քաշը շատ կարևոր է խաղացողի համար։ Կին մարզիկները հաճախ նախապատվությունը տալիս են ավելի թեթև մականների, քան տղամարդ մարզիկները։ Մականի ձողի երկարությունը տատանվում է 127-134 սմ-ի սահմաններում՝ կախված է ձիու հասակից, սակայն որոշ մարզիկներ նախընտրում են օգտագործել միևնույն երկարության մական՝ անկախ ձիու հասակից։
Պոլոյի թամբը մեծ կոնտակտայնություն ունեցող, անգլիական ոճով, թռիչքային ձիերի թամբի նման թամբ է։ Պոլոյի թամբը ունի հարթ նստատեղ, չունի ծնկային կցորդ։
Պոլոյի մարզադաշտը 270 x 150 մ է, ավելի քան 6 անգամ մեծ, քան ֆուտբոլի դաշտը։ Դաշտը մշտապես խնամքով ծածկված է լինում հնձված ճիմահողով՝ ապահովելու համար արագ և ապահով խաղ։ 7,3 մետրանոց գոլային դարպասները տեղակայված են մարզադաշտի երկու լայնությունների կենտրոններում։ Պոլոյի մարզադաշտը պահանջում է ամուր հողային հիմք՝ լավ և ակտիվ խաղի դեպքում մակերևույթի ամբողջությունը ապահովելու համար։
Պոլոն պրոֆեսիոնալ խաղում են շատ երկրներում, հատկապես՝ Արգենտինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Դոմինիկյան Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Մեքսիկայում, Պակիստանում, Ճամայկայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Միացյալ Թագավորությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հիմա ակտիվ սպորտ է 77 երկրներում։ 1900-1939 թվականներին եղել է օլիմպիական սպորտաձև։ 1998 թվականին Օլիմպիական միջազգային կոմիտեն պոլոն ճանաչել է որպես սպորտաձև՝ միջազգային կառավարման մարմնով՝ Պոլոյի միջազգային ասոցիացիա։ Պոլոյի Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում ամեն երեք տարին մեկ Պոլոյի միջազգային ասոցիացիայի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.