From Wikipedia, the free encyclopedia
Նախարար (պարթ.` naxarar[1][2]), հին և միջնադարյան հայ ազնվականական տներին շնորհված բարձրագույն կարգի ժառանգական տիտղոս։
Միջնադարյան Հայաստանը բաժանված էր մեծ կալվածքների, որոնցից յուրաքանչյուրն ընդլայնված ազնվականական տոհմի սեփականությունն էր և կառավարվում էր նրա անդամներներից մեկի կողմից, ում շնորհվում էր նահապետ (տոհմի հիմնադիր նախնին), «տոհմապետ» (տոհմի առաջնորդը), կամ տանուտեր (տան տեր) տիտղոսը։ Նախարարական ընտանիքի մյուս անդամներն էլ իրենց հերթին ղեկավարում էին տոհմական կալվածքի փոքր մասերը։ Բոլոր նախարարական տոհմերի անդամները համարվում էին իշխաններ։
Այս համակարգը հաճախ անվանվում է որպես ավատատիրություն։ Սակայն կան տարբերություններ այս և հետագայում Արևմտյան Եվրոպայում ընդունված ավատատիրական համակարգերի միջև։ Չնայած կալվածքը փաստացի ղեկավարում էր մեկ մարդը, այնուամենայնիվ այն համարվում էր իր ողջ ընդլայնված ընտանիքի սեփականակությունը։ Եթե նախարարը մահանար առանց ժառանգ, ապա կալվածքի ղեկավարումը կանցներ ընտանիքի այլ ճյուղի անդամներից մեկին։ Բացի այդ, թույլատրված էր ընտանեկան գույքի մի մասն օտարել միայն ընտանիքի մեկ այլ անդամի կամ ողջ ընտանիքի թույլտվությամբ։ Սրանով կարող է բացատրվել նաև հայ ավատատիրական ընտանիքների էնդոգամ լինելը (ներքին ամուսնությունները), որպեսզի իրենց սեփականության մի մասը չտարածեին, ինչպես դա տեղի կունենար, եթե նրանք սեփականության մի մասը որպես օժիտ հանձնեին մեկ այլ ընտանիքի։
Յուրաքանչյուր նախարար ուներ իր սեփական զորքը, կախված իր տիրապետությունից։ Ազգային ուժը կամ «թագավորական հեծելազորը» գտնվում էր սպարապետի՝ գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո, որը ղեկավարում էր ամբողջ երկիրը։
4-րդ դարի Հայաստանում, ինչպես և Պարթևստանում, մեծ կալվածքները ժառանգաբար պատկանել են նշանավոր ընտանիքներին և փաստացի կառավարվել նրանց անդամներից մեկի կողմից։ Ամբողջ ընդլայնված ընտանիքը նվիրված էր նույն նախնիներին երկրպագելուն, ապրում էր փոքր ամրացված գյուղերում և ժամանակի մեծ մասն անցկացնում էր որսի և խնջույքների վրա։ Բացի այդ, յուրաքանչյուր նախարարական ընտանիք որոշակի սոցիալական գործառույթ էր կատարում. թագավորն ընտրվում էր Արշակունիներից, որն այսպես ասած առաջինն էր հավասարների մեջ (Primus inter pares), Մամիկոնյաններն զբաղեցրել են սպարապետի պաշտոնը, Բագրատունիներից մեկը հեծելազորի պետն էր (ասպետ), մեկը՝ թագադիրը և այլն։
Նախարությունների ծագումն, ըստ երևույթին, գալիս է հեթանոսական Հայաստանից, որը գոյակցել է հռոմեական և պարթևական կայսրությունների հետ[3]։ Ավելի ուշ շրջանում Բյուզանդիայի Հուստինիանոս Ա Փլավիոս կայսրը Արևմտյան Հայաստանում վերացրեց նախարարների ռազմական դերը, նաև հայ ազնվականական տներին ունեզրկելու փորձ կատարեց։ Իրենց իշխանության սահմանափակումներից զայրացած նախարարներն սկսեցին լայնամասշտաբ ապստամբություն, որը պետք է ճնշվեր արագ ռազմական միջամտության միջոցով՝ ի վերջո Սասանյանների դեմ հրահրված պատերազմով։
Չնայած նրան, որ նախարարական կառույցը թուլացել է բազմաթիվ ներխուժումներով և թագավորների իրավական բարեփոխումներով, այն գրեթե անփոփոխ է մնացել դարեր շարունակ և վերջնականապես վերացվել է 13-րդ դարում մոնղոլական արշավանքների ժամանակ։ Նախարարական որոշ առանձնահատկություններ Հայաստանում մնացել էին մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ բոլշևիկների կողմից ընդհանրապես վերացվեց ազնիվ դասը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.