իրանցի ակադեմիկոս From Wikipedia, the free encyclopedia
Հալե Էսֆանդիարի (անգլ.՝ Haleh Esfandiari, պարս.՝ هاله اسفندیاری), մարտի 3, 1940), իրանա-ամերիկացի ակադեմիկոս ու Վաշինգտոնում Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի «Մերձավոր Արևելքի ծրագրի» նախկին տնօրեն։ Նրա փորձագիտական ոլորտներն ընդգրկում են Միջին Արևելքի կանանց խնդիրները, ժամանակակից իրանական մտավորական հոսանքներն ու քաղաքականությունը և ժողովրդավարական զարգացումները Միջին Արևելքում։ 2007 թվականի մարտի 8-ից մինչև օգոստոսի 21-ն ավելի քան 110 օր կալանավորված է եղել Թեհրանի Էվին բանտի մեկուսարանում[2]։
Հալե Էսֆանդիարի | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1940 (84 տարեկան) |
Քաղաքացիություն | Իրան և ԱՄՆ |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | ակադեմիկոս |
Աշխատավայր | Woodrow Wilson International Center for Scholars?, Kayhan? և Փրինսթոնի համալսարան |
Ամուսին | Shaul Bakhash?[1] |
Հալե Էսֆանդիարին ծնվել և մեծացել է Իրանում։ 1980 թվականից ապրում է ԱՄՆ-ում, որտեղ տեղափոխվել է ամուսնու և դստեր հետ 1979 թվականի իրանական հեղափոխության պատճառով[3]։ Ունի ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն[4]։
Ամուսնացած է Ջորջ Մեյսոնի համալսարանի պատմության և պարսկագիտության հրեական ծագմամբ իրանա-ամերիկացի պրոֆեսոր Շաուլ Բախաշի հետ[3], որին հանդիպել է 1960-ական թվականների սկզբին, երբ երկուսն էլ իրանական «Քայհան» թերթի լրագրողներ էին[3]։ Ունեն մեկ դուստր և երկու թոռնուհի[5]։
Նախքան Իրանից հեռանալը լրագրողի կարիերա է ունեցել և դասավանդել է Թեհրանի զանգվածային հաղորդակցության քոլեջում։ Նա նաև Իրանի կանանց կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալն էր ու մի քանի թանգարանների և արվեստի ու մշակույթի կենտրոնների պատասխանատուն։ Գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Վիեննայի համալսարանում[6]։
ԱՄՆ-ում 1980 - 1994 թվականներին դասավանդել է պարսկերեն լեզվի, ժամանակակից պարսկական գրականության և Իրանում կանանց շարժման դասընթացներ Փրինսթոնի համալսարանում։ 1995 - 1996 թվականներին եղել է գործընկեր Վիլսոնի կենտրոնում[6] և 1997 թվականից հանդիսացել այդ կենտրոնի Մերձավոր Արևելքի ծրագրի տնօրենը։ Նա նաև մասնակցել է Վիլսոնի կենտրոնի և «Ուսումնասիրություն և զարգացում»( RAND) կորպորացիայի Միջին Արևելքի երիտասարդությանն ուղղված նախաձեռնության միջև համագործակցությանը[7]։
Էսֆանդիարին 1995 թվականին կրթաթոշակային ծրագրի իր առաջին տարում «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» -ի անդամ էր[8], ինչպես նաև ՄաքԱրթուր հիմնադրամի դրամաշնորհակիր[6]։ Հայտնի է, որ մտերիմ է եղել իրանցի քաղաքական գործիչ և Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստր Ֆաիզա (Ֆաեզե) Հաշեմի Ռաֆսանջանիի հետ[9]։ 2011 թվականից ի վեր հանդիսացել է «Խաղաղության հետազոտությունների հիմնադրամի» խորհրդի անդամ[10]։
1997 թվականին հրատարակված Reconstructed Lives: Women and Iran's Islamic Revolution գրքի հեղինակն է։ 2004 թվականին Իրանում իսլամական հեղափոխության քսանհինգամյակի կապակցությամբ Մերձավոր Արևելքի քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի Policy Watch հատուկ ֆորումի համար աշխատություն է համահեղինակել[11]։ 2005 թվականի ապրիլին Foreign Policy ամերիկյան հրատարակության համար ներդրում է կատարել «Իրանցի կին, խնդրում եմ ոտքի կանգնել» վերնագրով[12]։
«Իմ բանտը, իմ տունը. Մի կնոջ պատմություն Իրանում գերության մասին»[13] վերնագրով նրա գիրքը լույս է տեսել 2009 թվականի սեպտեմբերին։
2006 թվականի դեկտեմբերի 30-ին երեք մարդ դանակի սպառնալիքով թալանել են Էսֆանդիարիին, երբ նա իր 93-ամյա մորը Թեհրանում այցելելուց հետո ճանապարհվել էր դեպի օդանավակայան․ վերջին տասը տարվա ընթացքում նա մորն այցելել էր տարին մոտավորապես երկու անգամ։ Այս միջադեպի ընթացքում տղամարդիկ սպառնացել են սպանել նրան, հետո գողացել նրա ուղեբեռն ու ԱՄՆ-ի և իրանական անձնագրերը, որի արդյունքում նրան արգելվել է հեռանալ Իրանից[14]։ Երբ նա դիմել է նոր ճանապարհորդական փաստաթղթեր ստանալու համար, նրան արգելել են լքել Իրանը և վեց շաբաթվա ընթացքում նրան հարցաքննել են Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարության պաշտոնյաները։ Մոտավորապես հիսուն ժամ տևած այս հարցաքննությունները հիմնականում վերաբերել են Վիլսոնի կենտրոնում նրա գործունեությանը։ Այս ժամանկահատվածում նրան թույլատրվել է ամեն օր գնալ տուն, բայց «ճնշում է գործադրվել կեղծ խոստովանություն անելու կամ Վիլսոնի կենտրոնին կեղծ ներգրավելու համար այնպիսի գործողություններում, որոնցում այն մասնակցություն չի ունեցել»[15]։ 2007 թվականի հունվարի 18-ին մեկ հարցաքննիչ և երեք այլ տղամարդիկ (որոնցից մեկը տեսախցիկով) ներխուժել են նրա մոր բնակարան և մտել Էսֆանդիարիի ննջասենյակ, երբ նա կեսօրին քնած է եղել։ Նրանք առգրավել են նրա նոութբուք համակարգիչը և այլ իրեր[16]։
Մայիսի սկզբին նրան նորից խնդրել են խոստովանել, որ մասնակցել է հակակառավարական գործողություններին, ինչը նա հրաժարվել է անել[17]։ 2007 թվականի մայիսի 7-ին նրան հրամայվել է ներկայանալ ազգային անվտանգության նախարարություն, որտեղ հաջորդ առավոտյան ժամանելուն պես նրան կալանավորել են և տեղափոխել Թեհրանի Էվին բանտ[18]․ նույն հանգամանքներում 2007 թվականին Իրանի կառավարության կողմից կալանավորված ԱՄՆ-ի և Իրանի չորս երկքաղաքացիերից մեկն է եղել։
Էվին բանտում կալանքի տակ գտնվելու ընթացքում նրան թույլատրվել է համարյա ամեն երեկո մեկ-երկու րոպե տևողությամբ հեռախոսազրույցներ ունենալ իր մայրիկի հետ, բայց թույլ չի տրվել կապ ունենալ ընտանիքի մյուս անդամների հետ[19]։ 2007 թվի մայիսի 15-ին Իրանի դատական համակարգի խոսնակ Ալի Ռեզա Ջամշիդին հաստատել է, որ Էսֆանդիարին հետաքննվում էր ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար, և որ նրա գործը վարում էր ազգային անվտանգության նախարարությունը[17]։ Մայիսի 21-ին Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը Էսֆանդիարիին մեղադրանք է առաջադրել այդ ազգի իշխող իսլամական կառավարությունը տապալելու համար։ Ազգային անվտանգության նախարարությունը հաստատել է, որ Էսֆանդիարին հարցաքննության ժամանակ ընդունել է, որ իր ինստիտուտը ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամի կողմից[20]։ Մայիսի 29-ին՝ Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների բարձր մակարդակի հազվագյուտ հանդիպումից մեկ օր անց, Իրանը հայտարարել է, որ իր դատական համակարգը մեղադրանք է առաջադրել Էսֆանդիարիի դեմ «համակարգի դեմ քարոզչության միջոցով օտարերկրացիների համար լրտեսություն կատարելու միջոցով ազգային անվտանգությանը վտանգելու համար»[21]։
Մինչև Էսֆանդիարիի կալանքի մասին հայտարարվելը նրա ամուսինն ու Վիլսոն կենտրոնը նախընտրել են չհանրայնացնել այն, հուսալով, որ այդ կերպ ի վերջո կվերադարձվեն նրա ճանապարհորդական փաստաթղթերը, և նրան թույլ կտրվի վերադառնալ ԱՄՆ։ 2007 թվականի փետրվարին կենտրոնի նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Լի Հ. Համիլթոնը նամակներ է ուղարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ջավադ Զարիֆին, որում նա օգնություն է խնդրել Էսֆանդիարիին ազատ արձակելու հարցում։ Ահմադինեժադը չի պատասխանել, բայց Զարիֆը «նշել է, որ ցանկանում է օգտակար լինել»[22]։
Մայիսի 9-ին նրա կալանավորման մասին հաղորդումներից հետո և՛ Բախաշը, և՛ Վիլսոնի կենտրոնը իրավիճակին վերաբերող հայտարարություններ են արել մամուլին։ Իրանն անմիջապես չի հաստատել, որ Էսֆանդիարին ձերբակալված է։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատել նրան[23]։ 2007 թվականի մայիսի 11-ին ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Բարաք Օբաման և երեք կոնգրեսականներ (սենատորներ) Բարբարա Միկուլսկին, Բենիամին Լ. Քարդինը և փոխգնդապետ Քրիս Վան Հոլլենը կոչ են արել ազատել Էսֆանդիարիին[24]։ Նույն ժամանակ ամերիկյան իսլամական կոնգրեսի և Մերձավոր Արևելքի «Գիտնականները հանուն խաղաղության» կազմակերպության նախաձեռնությամբ երկու արշավ է սկսվել, որոնք խնդրագրերով պահանջում էին Էսֆանդիարիին ազատ արձակել[25][26]։
2007 թվականի մայիսի 15-ին ԱՄՆ սենատորներ Գորդոն Հ. Սմիթը և Հիլարի Քլինթոնը Էսֆանդիարիին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու բանաձև են ներկայացրել (Սենատի որոշում 199)[27]։ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը նույնպես կոչ է արել Էսֆանդիարիին անհապաղ ազատ արձակել։ 2007 թվականի մայիսի 17-ին իրանցի իրավապաշտպան և Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին, ով երկար տարիներ ճանաչում է Էսֆանդիարիին, կոչ է արել անհապաղ ազատ արձակել Էսֆանդիարիին և հայտարարել, որ նա Աբդոլֆաթթահ Սոլթանիի հետ հանդես կգա որպես Էսֆանդիարիի փաստաբաններից մեկը[28]։ Երկու օր անց հայտարարվել է, որ Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան նամակ է գրել Ահմադինեժադին՝ մտահոգություն հայտնելով Իրանի կողմից Էսֆանդիարիի և այլ գիտնականների ձերբակալության կապակցությամբ[29]։ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի նախկին նախագահ Խուան Քոուլը հայտարարել է, որ ինքը բոյկոտելու է Իրանում անցկացվող համաժողովը, որին նախատեսում էր մասնակցել 2007 թվականի ամռանը, և կոչ է արել այլ գիտնականների անել նույնը[29]։
Մայիսի 22-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Քրիս Վան Հոլլենը, Թոմ Լանթոսը, Էլիա Ք. Քամինգսը, Ուեյն Թ. Գիլխրեստը և Գարի Ակերմանը բանաձև են ներկայացրել (Ներկայացուցիչների պալատի որոշում 430), որը կոչ էր անում ազատել Էսֆանդիարին[30]։ 2007 թվականի հուլիսի 16-ին Էսֆանդիարիին առաջին անգամ ցուցադրել են Իրանի պետական Իրանի Իսլամական Հանրապետության ձայն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանուն ժողովրդավարության» ծրագրում[31], որտեղ նա կրում էր շարֆ ու խոսում պարսկերեն[32]։
2007 թվականի օգոստոսին Լի Համիլթոնը Էսֆանդիարիի անունից կոչ է հղել Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեիին՝ նշելով Իրանի պատմությունն ու մշակույթը բացատրելու նրա լայնածավալ ջանքերի մասին։ Համիլթոնն Այաթոլլահի գրասենյակից անստորագիր պատասխան է ստացել, որում ասվում է, որ ինքը կզբաղվի այդ խնդրով, և «որքան հնարավոր է շուտ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»[33]։
2007 թվականի օգոստոսի 21-ին ամերիկյան $333,000 դոլլար գրավի դիմաց ազատ է արձակվել[34][35]։ Նրա անձնագիրը վերդարձվել է և նա Իրանից հեռացել է ու սեպտեմբերի 2-ին ինքնաթիռով մեկնել Ավստրիա[36]։ Հետագա հարցազրույցներում հայտարարել է, որ գերության մեջ իրեն լավ են վերաբերվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.