From Wikipedia, the free encyclopedia
Էնթոնի Ֆրեդերիկ Օգաստաս Սենդիս (անգլ.՝ Anthony Frederick Augustus Sandys, մայիսի 1, 1829[1][2][3], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 25, 1904[4][5][1][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի պրեռաֆայելիտ գեղանկարիչ, պատկերազարդող և գծանկարիչ, որը մեծամասամբ նկարել է դիմանկարներ, ինչպես նաև ստեղծել է աշխատանքներ դիցաբանական գեղանկարչության ժանրում։
Էնթոնի Ֆրեդերիկ Օգաստաս Սենդիս անգլ.՝ Frederick Sandys | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Antonio Frederic Augustus Sands |
Ծնվել է | մայիսի 1, 1829[1][2][3] |
Ծննդավայր | Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 25, 1904[4][5][1][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Norwich University of the Arts? և Նորվիչ դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Ոճ | Պրեռաֆայելիտներ և Նորվիչի նկարիչների դպրոց |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն և գծանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Մեդեա (նկար) |
Anthony Frederick Augustus Sandys Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Սենդիսը (իրական անունը՝ Անտոնիո Ֆրեդերիկ Օգաստաս Սենդս, անգլ.՝ Antonio Frederic Augustus Sands) ծնվել է 1829 թվականի մայիսի 1-ին Նորիջում, Նորֆոլկ կոմսություն։ Նկարչության առաջին դասերն ստացել է հորից, որը ևս նկարիչ էր։ 1846 թվականին Սենդիսը, ցուցաբերելով բացառիկ կարողություններ[6], հոր խորհրդով մեկնել է Նորվիչի դիզայներական դպրոց (անգլ.՝ Norwich School of Design), ճանաչման է հասել Ջոն Էվերեթ Միլլեի 1857 թվականի «Սըր Իզյումբրաս» նկարի ծաղրանկարման շնորհիվ։ Նա ձիու փոխարեն էշ է նկարել՝ նշված «J. R., Oxon» տառերով (J. R.՝ Ջոն Ռասկին, Oxon՝ Օքսֆորդ), վրան ասպետական հանդերձանքով նստած էր Միլլեն, իսկ առջևի և հետևի երկու փոքր երեխաներին մարմնավորել են Պրեռաֆայելտիների եղբայրությունում Միլլեի ընկերներ Դանթե Գաբրիել Ռոսսետտին և Ուիլյամ Հոլման Հանտը։ Ծաղրանկարը կոչվել է «Գիշերային մղձավանջ» (անգլ.՝ «A Nightmare»)[7]։ Որքան էլ տարօրինակ է, Սենդիսը և Ռոսսետտին դարձել են մտերիմ ընկերներ, Սենդիսը որոշ ժամանակ նույնիսկ ապրել է Չեյնի Վոկում Ռոսսետտիի տանը (Չելսի)։ Սենդիսի բազմաթիվ նկարներ ստեղծված են Ռոսսետտիի ուժեղ ազդեցությամբ, որը հետագայում նրան մեղադրել է գրագողության մեջ[8]։
1860-ական թվականներին Սենդիսը որոշակի ճանաչման է հասնում՝ աշխատելով այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են «Once a Week», «Cornhill Magazine» և «Good Words»։ Սենդիսի պատկերազարդումները երբեք չեն հրապարակվել գրքերում, այլ միայն ամսագրերում, ներկայումս բարձր են գնահատվում հավաքորդների շրջանում։ Այդ նույն շրջանում նրա նկարները հայտնվել են նաև պատկերասրահներում։ Առավել հայտնի են «Վիվիեն» (անգլ.՝ Vivien, 1863), «Փերի Մորգանա» (անգլ.՝ Morgan le Fay, 1864), «Կասանդրա» (անգլ.՝ Cassandra), «Հեղինե Տրոյացի» (անգլ.՝ Helen of Troy, 1867) և «Մեդեա» (անգլ.՝ Medea, 1868) կտավները։ Սենդիսը գեղանկարչությանը քիչ ժամանակ է հատկացրել, այդպես էլ իր կյանքի ընթացքում հայտնի նկարիչ չի դարձել։
Սենդիսը միշտ տառապել է գումարի պակասությունից, այդ իսկ պատճառով շատ է խմել[8]։ 27 տարեկանում նա ամուսնացել է Ջորջիանա Կրիդի հետ (անգլ.՝ Georgiana Creed)[9], սակայն նրա հետ ապրել է միայն երեք տարի, թեպետ պաշտոնապես ամուսնալուծությունը այդպես էլ չի գրանցվել։ Կյանքի մնացած մասը Սենդիսն անցկացրել է դերասանուհի Մերի Ջոնսի հետ (բեմական կեղծանունը՝ Միսս Կլիվ, անգլ.՝ Miss Clive)[7], որը հայտնի է դարձել որպես «միսիս Սենդիս», ունեցել են տասը երեխա[9]։ Սենդիսը մահացել է Լոնդոնում 1904 թվականին։
Ներկայումս Սենդիսի նկարները և կտավները կարելի է տեսնել բազմաթիվ հայտնի թանգարաններում, մասնավորապես Դիմանկարների ազգային պատկերասրահում, Մանչեսթերի գեղարվեստի պատկերասրահում, Թեյթ պատկերասրահում, Նորիջի թանգարաններում, Բոստոնի Գեղարվեստի թանգարանում։
Սենդիսը համարվում է ամենատաղանդավոր պրեռաֆայելիտներից մեկը[7]։ Նրա սիրելի թեմաները եղել են արթուրյան շարքը («Փերի Մորգանա») և սկանդինավյան դիցաբանությունը («Վալկիրիա»), նա նաև համարվում է հայտնի մարդկանց, օրինակ Ալֆրեդ Թեննիսոնի և Բրաունինգի որոշ դիմանկարների հեղինակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.