From Wikipedia, the free encyclopedia
Բոզար[1] (ֆր.՝ beaux-arts - «գեղեցիկ արվեստներ, գեղարվեստ» բառակապակցությունից)[1], ճարտարապետական ոճ, որ 19-րդ դարի կեսերին ի հայտ է եկել Ֆրանսիայում՝ ի հակադրություն այդ ժամանակներում լայնորեն տարածված ազգային նեոգոթիկայի։ Ճարտարապետական այդ նոր ոճի հետևորդները շարունակել ու զարգացրել են իտալական Վերածննդի և ֆրանսիական բարոկկոյի ավանդույթները՝ հենվելով դասական ու նեոկլասիկ ճարտարապետության վրա[2] և կիրառելով նոր շինանյութեր (պողպատ, ապակի և այլն)։
Բոզարը, որ մինչև 19-րդ դարի վերջերը կարևոր ճարտարապետական ոճ էր Ֆրանսիայում, մեծ ազդեցություն է թողել նաև այլ երկրների և հատկապես ամերիկյան ճարտարապետության վրա, քանի որ ամերիկացի ականավոր շատ ճարտարապետներ (այդ թվում՝ Հենրի Հոբսոն Ռիչարդսոնը, Ջոն Գալեն Հովարդը, Դենիել Բրնհեմը, Լյուիս Սալիվանը) ուսանել են Փարիզի գեղարվեստի դպրոցում (ֆր.՝ École des Beaux-Arts)[3] , դպրոց, որի անունով էլ կոչվել է նոր ոճը[1]։ Ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ճարտարապետները նպատակ էին հետապնդում կոտրել հին ոճի խիստ ձևերը, ներմուծել Վերածննդի դարաշրջանի ֆրանսիական մոդելներ և դրանց հիման վրա կերտել ֆրանսիական ազգային ճարտարապետական ոճ։ Այդ ուղղությամբ նրանց ներդրած ջանքերին սատարում էր Պատմական հուշարձանների հանձնաժողովը՝ գրող, պատմաբան Պրոսպեր Մերիմեի գլխավորությամբ։ Նախաձեռնության հաջողությանը նպաստում էր նաև Վիկտոր Հյուգոյի՝ 1831 թվականին հրատարակված «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի շնորհիվ առաջացած մեծ հետաքրքրությունը միջնադարի նկատմամբ։
Հեղինակավոր ուսումնական հաստատության համբավ ձեռք բերած գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորում էին ոչ միայն ֆրանսիացիներ, այլև բազմաթիվ օտարերկրացիներ, ավանդաբար անց էր կացվում «Grand Prix de Rome» մրցանակաբաշխություն, որի հաղթողները հնարավորություն էին ստանում Հռոմում ուսումնասիրելու հին հռոմեական դասական ճարտարապետությունը[4]; Ապագա ճարտարապետներին սովորեցնում էին իրենց աշխատանքներում կիրառել պատմական տարբեր ոճերի տարրեր՝ կախված պատվիրատուի ճաշակից, բայց բոլոր դեպքերում ստեղծել տպավորիչ կառույց[2]։
Ճարտարապետական բոզար ոճը զարգացման գագաթնակետրին է հասել ֆրանսիական երկրորդ կայսրության (1852–1870) և դրան անմիջականորեն հաջորդած ֆրանսիական երրորդ հանրապետության տարիներին, որոշակի դրսևորումներ է ունեցել նաև հետագայում՝ մինչև 1968 թվականը[4]։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճարտարապետության վրա դրա ազդեցությունն զգալի է եղել հատկապես 1880-ից մինչև 1920 թվականն ընկած ժամանակահատվածում[5]։ Մեծ Բրիտանիայում բոզար ոճը տարածում է ստացել 1901-1913 թվականներին, Լոնդոնի «Ռից» հյուրանոցի ճարտարապետ, Փարիզի գեղարվեստի դպրոցի շրջանավարտ Արթուր Ջ. Դևիսի շնորհիվ[2]։
Բոզար ոճով կառուցված շինությունների տիպական և լավագույն նմուշօրինակներ են համարվում Տուրի ռատուշան (1897-1904, ճարտարապետ՝ Վիկտոր Լալու), Նյու Յորքի Կենտրոնական կայարանը (1903-1913), 1893 թվականին Չիկագոյում և 1900-ին՝ Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսների գլխավոր տաղավարները[1]։
Ֆրանսիայի մայրաքաղաքում բոզար ոճով ստեղծված շինությունների շարքին կարելի է դասել հետևյալ կառույցները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.