From Wikipedia, the free encyclopedia
TRT 1, Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերության առաջին ալիքը։ Հեռուստահեռարձակման առաջին փորձը կատարվել է 1968 թվականի հունվարի 31-ին Անկարայի Միդհաթ փաշա ստուդիայում։ 1970 թվականին իր աշխատանքն է սկսել Իզմիրի, իսկ 1971 թվականին՝ Ստամբուլի մասնաճյուղը։ 1974 թվականին բնակչության 55 %-ը կամ 19 մլն-ը դիտել է TRT։ 1984 թվականից TRT-ն անցել է գունավոր հեռարձակման[1]։ TRT 1-ի առաջին գունավոր հաղորդումը «Խորքերում գտնվող անցյալը» (Derinlerdeki geçmiş) փաստագրական ֆիլմն է, որը նկարահանվել է ստորջրյա տեսախցիկների կիրառմամբ։ 1973 թվականին հեռուստաընկերությունը հեռարձակվել է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի հոգեհանգստի արարողությունը[2]։ TRT 1-ը 2012 թվականին անցել է բարձր որակի (HD) հեռարձակման։ Փոխվել է նաև հեռուստաալիքի լոգոն[3]։
Türkiye Radyo ve Televizyon Kurumu | |
---|---|
🌐 | [www.trt1.com.tr] |
Երկիր | Թուրքիա, Անկարա |
Հեռարձակման գոտի | Թուրքիա Հայաստան Ադրբեջան |
Հեռարձակման լեզու | թուրքերեն |
Պատկերի ֆորմատ | 576i (16:9 SDTV) 1080i (HDTV) |
Հեռարձակման սկսման թվական | 1968 հունվարի 31 2012 մայիսի 19 (HD) |
Նախկին անվանում | TRT Ankara TV (1968-1986) TRT TV-1 (1986-1993) |
Հիմնադիր | |
Սեփականատեր | TRT |
Հեռուստաալիքի եթերացանկը բաղկացած է տարբեր բնույթի հաղորդումներից։ Ցուցադրվում են լրատվական թողարկումներ, ժամանցային, կատակերգական, մշակութային, մանկական, կրթական և երաժշտական հաղորդումներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, ֆիլմեր, մարզական հանդիպումներ։ TRT-ի գրեթե բոլոր հեռուստաալիքները, այդ թվում նաև TRT 1-ը ունի իր ինտերետային կայքէջը, որտեղ տեղադրվում է հեռուստածրագիրը, առանձին բաժիններով ներկայացվում են ընթացիկ հեռուստասերիալները, հաղորդումները, օտարալեզու, ինչպես նաև տեղական արտադրության ֆիլմերը։
Հաշվի առնելով սերիալների հանրաճանաչությունն ու սերիալային արտադրության լայնածավալ հնարավորությունները՝ TRT-ն ևս մեծ ուշադրություն է դարձնում սերիալների ստեղծմանը։ Հատկանշական է, որ TRT-ի սերիալները հիմնականում պատմական և ռազմահայրենասիրական բնույթի են։
Այսպես, 2014 թվականից սկսած TRT 1-ը սկսել է ցուցադրել «Վերածնված Էրթուղրուլ» (Diriliş Ertuğrul) պատմական հեռուստասերիալը, որը թե երկրի տարածքում, և թե նրա սահմաններից դուրս ունի մեծ լսարան, ինչի մասին է վկայում այն, որ 2018 թվականի հուլիսին Թուրքիա այցելած Վենեսուելայի նախագահը այցելել է հեռուստասերիալի նկարահանման հրապարակ[4]։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս, իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով սերիալին, մասնավորապես նշել է․ «Էրթուղրուլը սերիալ է, որ վերջին ժամանակներս իսկապես մեծ հաճույքով դիտում է մեր ամբողջ ժողովրդը՝ 7-ից մինչև 70 տարեկան։ Հավատում եմ, որ այս թիմը իրար հետևից տարբեր ֆիլմեր կնկարի[5]», այսպիսով փաստորեն իր գոհունակությունը հայտնելով սերիալի անձնակազմին՝ կատարվող աշխատանքի համար։
TRT 1-ը իշխանամետ հեռուստաալիք է[6]։ 2015 թվականին, նույնիսկ, լուրեր են տարածվել, որ TRT 1-ը պատրաստվում է նոր սերիալ նկարահանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին։ Սերիալի վերնագիրը պետք է լիներ «Հայելուս միջի երկնակամարը» (“Aynamdaki Gökyüzü”), որտեղ բացի Էրդողանից ներկայացվելու էին այլ քաղաքական գործիչներ ևս, ինչպես օրինակ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը և Նեջմեթին Էրբաքանը։ Նոր սերիալը հիշատակվում էր հետևյալ կարգախոսով՝ «Հասարակությանը ասելիք ունեցող մի բուռ իմամ հաթիփների դպրոցի ներկայացուցիչ երիտասարդների պատմությունը»[7]։ Համաձայն շրջանառվող լուրերի, սցենարի հեղինակը պետք է լիներ Ահմեթ Թեզջանին, իսկ ռեժիսորը՝ Մեսութ Ուչաքանը[8]։ Հետագայում, այդ լուրերը հերքվել են։
2017 թվականից TRT 1-ի եթերում հայտնվել է Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կառավարման ժամանակաշրջանը ներկայացնող «Գահի իրավունք․Աբդուլհամիդ» (Payitaht։ Abdülhamid) հեռուստասերիալը։ 2018 թվականին TRT 1-ը հանրության դատին է ներկայացրել իր նոր՝ «Մեհմեթչիք․ Սուրբ հաղթանակ» (Mehmetçik Kutlu Zafer) հեռուստասերիալը[Ն 1]։ Հեռուստասերիալը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած թուրք-անգլիական պատերազմների մասին[9]։
2018 թվականից TRT 1-ի եթերում ցուցադրվում է՝ “3’te 3 Tarih” հաղորդումը, որը նման է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդմանը, սակայն ձևաչափով փոքր ինչ տարբերվում է։ Նվիրված է Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության պատմությանը, որոնցից բացի տրվում են հարցեր նաև համաշխարհային պատմությունից։ Հաղորդավարից բացի խաղերին մասնակցում է գիտնական և գրող Թուֆան Գյունդյուզը, ով խաղի ընթացքում լրացումների միջոցով փորձում է ներկայացնել տարբեր պատմական դեպքեր՝ թուրքական պատմագիտության տեսանկյունից[10]։
Հեռուստաալիքը պաշտոնապես հեռարձակվում է Ադրբեջանում՝ անալոգային և կաբելային հեռուստատեսությամբ։
Հեռուստաալիքի ազդանշանները տարածվում են նաև Հայաստանի զգալի տարածքում, հատկապես Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Շիրակի մարզերում։
2012 թվականի մայիսի 19-ին ստեղծվեց հեռուստաալիքի բարձր պարզության ֆորմատով հեռարձակվող տարբերակը (TRT 1 HD), որը հասանելի է թուրքական Türksat 3А, D-Smart, Тakim և Teledünya կաբելային օպերատորների բաժանորդների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.