Օսմանյան ճարտարապետություն

From Wikipedia, the free encyclopedia

Օսմանյան ճարտարապետություն

Օսմանյան ճարտարապետություն, Օսմանյան կայսրության ճարտարապետությունը` ստեղծված Բուրսայում և Ադրիանապոլիսում XV-XVI դարերում։ Օսմանյան կայսրության ճարտարապետության մեջ նկատելի է սելջուկների ճարտարապետության, ինչպես նաև իրանական, բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը[1][2]։ Կոստանդնուպոլսի նվաճումից հետո թուրքերի կողմից նկատելի է մամլուքյան ճարտարապետական ավանդույթի ազդեցությունը[3][4][5]։ Շուրջ 400 տարի բյուզանդական եկեղեցիներն ու տաճարները Օսմանյան մզկիթների համար օրինակ են ծառայել[5]։

Thumb
Ուլու Ջամի մզկիթի մինարեթը (աշտարակը)

Օսմանցիները ճարտարապետության մեջ բարձր մակարդակի են հասել։ Նրանց կողմից յուրացված հսկայական ներքին տարածքի ստեղծման տեխնիկան` կամարների, գմբեթների, կիսաքանդակների և սյուների օգնությամբ թույլ տվեց ստեղծել գեղագիտական և նրբագեղ ոճ իսլամական ճարտարապետության մեջ։ Եվ մինչ օրս կայսրության նախկին տարածքում կարելի է գտնել Օսմանայան կայսրության ոճով ստեղծված առարկաներ[6]։

Սելջուկյան ճարտարապետություն

Thumb
Շեհզադե մզկիթ` Սինան ճարտապետի առաջին նշանակալից աշխատանքը

«Սելջուկյան» հոյակապ ճարտարապետության ձևն ու ոճն իրենց գոյատևման համար ըստ էության պարտական են հայկական ճարտարապետությանը և նրա ստեղծագործողներին։ Բացի այդ, «սելջուկյան» ճարտարապետության մի շարք ձևեր հայկական շինությունների ձևերի ուղղակի վերարտադրությունն էին[7]։ Դրա հետ մեկտեղ` սելջուկյան շինարարության մեջ ճարտարապետների զգալի մասը ծագումով հայ են եղել։ Սակայն բացի հայկական ազդեցությունից, սելջուկներն իրենց ճարտարապետության մեջ ներառել են նաև իրանական ճարտարապետության տարրեր։ Սելջուկներն իրենց կառույցները հիմնականում կառուցում էին աղյուսից, իսկ ներքին և արտաքին պատերը զարդարվում էին մարմարով, կրաքարով, գիպսով և այլն։ Դեռևս 11-րդ դարում թյուրք-սելջուկները նվաճել էին Փոքր Ասիայի մեծ մասը, նրա տարածքում ստեղծելով մի քանի անկախ էմիրություններ։ Սելջուկյան կառավարիչները դրանից հետո թողել են բազմաթիվ դամբարաններ և մեդրեսեներ, որոնք կառուցվել են այդ վայրերի համար ավանդական ոճով։

Վաղ Օսմանյան ժամանակաշրջան

Thumb
Սուլթանահմեդ հյուրանոց` նախկին ստամբուլյան բանտ

XIV դարի սկզբին ստեղծվեցին առաջին Օսմանական բեյլիկները։ Այս ժամանակ օսմանական արվեստը նոր գաղափարների փնտրտուքների մեջ էր։ Օսմանների մայրաքաղաք Բուրսայում կառուցվել է սելջուկների առաջին գմբեթավոր մզկիթը` Ուլու Ջամին (1396-1400): Նվաճումների ժամանակ Ստամբուլում կառուցված Բայազիդ II-ի մզկիթը (1501-1506) համարվում է վաղ շրջանի արվեստի ստեղծագործություն։ Այդ ժամանակաշրջանին կարելի է վերագրել Ֆաթիհի (1470), Մահմուդ փաշի (1464) մկզիթները, Թոփքափը ամրոցը (1475-1478):

Դասական ժամանակաշրջան

Օսմանյան ճարտարապետության դասական շրջանը մեծապես կապված է Միմար Սինանի աշխատանքների հետ[8][9]։ Այս ճարտարապետը կարողացել է միավորել ու ներդաշնակություն ստեղծել տարբեր ճարտարապետական տարրերից ու ազդեցություններից, որոնք ավելի վաղ ընդունվել էին Օսմանյան ճարտարապետության կողմից[8]։ Սինանի կառուցած մզկիթներում օգտագործվում էին Սուրբ Սոֆիայի ամրոցի գմբեթների նման գմբեթներ, սակայն փոփոխված համամասնությամբ և առանց սյուների, ինչը մեծ պատուհանների հետ տարածքի ներսում շատ լույս է ավելացրել[8][9]։

Դասական շրջանի մզկիթներում սկսեցին ներառել ներսում գտնվող բակեր։ Օսմանյան ճարտարապետության դասական շրջանի օրինակները բացի Թուրքիայից պահպանվել են նաև Բալկաններում, Հունգարիայում, Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում և Օսմանյան կայսրության նախկին այլ տարածքներում։

Ուշ շրջան

Օսմանյան կայսրության մեջ ճարտարապետության ավարտական շրջանը սկսվել է XX դարում` երիտթուրքերի իշխանության գալուց հետո (1908-1909 թվականներ)։ Այս շրջանը կոչվում էր «Ազգային ճարտարապետական Վերածնունդ»[10]։ Այս ժամանակաշրջանի ճարտարապետության մեջ սկսեցին կիրառել ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ և նյութեր, ինչպիսիք են երկաթբետոնը, երկաթը, պողպատը և ապակին։ Սկզբում այդ ոճը կոչված էր նպաստելու բազմազգ Օսմանյան կայսրության հայրենասիրությանն ու պատմական ինքնությանը, բայց առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո, այն ընդունվեց թուրք ազգայնականների կողմից՝ թուրքերի գիտակցության մեջ հայրենասիրության զգացում մտցնելու համար։ Այս դերում, այն շարունակում է ազդել Թուրքիայի հետագա ճարտարապետության վրա։

Այս ոճի ամենավաղ և ամենակարևոր օրինակներից մեկը Ստամբուլի փոստային ծառայության գլխավոր շենքն է (անգլ.՝ Istanbul Central Post Office), որի շինարարությունն ավարտվել է 1909 թվականին[10]։ Անկարայում այս ոճով ամենավաղ կառույցը Թուրքիայի Հանրապետության Ազգային ժողովի շենքն է (1917 թ.), որտեղ այժմ գտնվում է Անկախության պատերազմի թանգարանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.