From Wikipedia, the free encyclopedia
Օսիպ Էմանուիլովիչ Բրազ (ռուս.՝ Осип (Иосиф) Эммануилович Браз, հունվարի 10 (22), 1873, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1936, Փարիզ, Ֆրանսիա[1]), գեղանկարիչ, փորագրող-օֆորտանկարիչ, վիմագրող։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «Արվեստի աշխարհ» միության անդամ։ Ռուս արվեստագետ Ալեքսանդր Բենուայի կողմից ճանաչվել է իր ժամանակի լավագույն դիմանկարիչներից մեկը։
Օսիպ Բրազ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (22), 1873 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1936 (63 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ֆրանսիա |
Կրթություն | Օդեսայի գեղարվեստական ուսումնարան, Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ |
Թեմաներ | Կերպարվեստ[2] |
Ուսուցիչ | Կիրիակ Կոստանդի և Իլյա Ռեպին |
Անդամակցություն | Հյուսիսային ռուսական նկարիչների ընկերություն և Միր իսկուստվա |
Osip Braz Վիքիպահեստում |
Օսիպ Բրազի աշխատանքները պահպանվում են Տրետյակովյան պատկերասրահում, Դնեպրոպետրովսկի պատկերասրահում, Ռուսական թանգարանում, Օդեսայի պատկերասրահ, Պերմի պետական պատկերասրահ, Սամարայի պատկերասրահ, Կալուգայի, Պետրոզավոդսկի, Նովոկուզնեցկի թանգարաններում։
Օսիպ Բրազի արվեստի առանձնահատկություններից են գունագեղությունն ու գեղանկարչական կատարման ազատությունը, ավանդապահության համադրումը իմպրեսիոնիզմի ու մոդեռնի տարրերի հետ։
Օսիպ Բրազը ծնվել է Օդեսայում 1873 թվականի հունվարի 16-ին[3] Ավարտելով Գիմնազիան՝ 1889 թվականին ընդունվել է Օդեսայի արվեստի դպրոց, որտեղ աշակերտել է Կիրիակ Կոստանդիին։ 1890 թվականին ավարտել է արվեստի դպրոցը, և 1891-1894 թվականներին ուսումը շարունակել Մյունխենում՝ Շիմոն Խոլոշիի դպրոցում և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ Հետագայում բնակվել է Ֆրանսիայում։ Փարիզում Օսիպ Բրազի աշխատանքներն առաջին անգամ հանրությանն են ներկայացվել հայտնի նկարիչների «Champ de Mars» ցուցահանդեսում։
Օսիպ Բրազը մեկնել է Հոլանդիա, որտեղ ուսումնասիրել է ժամանակակից եվրոպական արվեստ և Հոլանիայի նկարիչների ստեղծագործությունները, հետո վերադարձել է Ռուսաստան և սովորել Իլյա Ռեպինի արվեստանոցում (Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա)։
1896 թվականին Օսիպ Բրազն արժանացել է Մոսկվայի կերպարվեստը սիրողների միության (ռուս.՝ Московское общество любителей художеств) մրցանակի, ինչպես նաև ստացել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ և դասային նկարչի կոչում, բայց ոչ թե մրցութային հատուկ նկարի համար, ինչպես սահմանված էր ակադեմիայի կարգով, այլ նկարների շարքի համար։ Բարձր գնահատվեցին նկարիչներ Դմիտրի Կարդովսկու և Ե. Մարտինովայի դիմանկարները. Ե. Մարտինովայի դիմանկարը գնեց Պավել Տրետյակովը, ով հետագայում Օսիպ Բրազին պատվիրեց նաև Վերա Կոմիսարժևսկայայի ու Անտոն Չեխովի դիմանկարները։ Չեխովի դիմանկարը հայտնի է որպես գրողի միակ դիմանկարը, որ ավարտվել է նրա կենդանության օրոք։
Օսիպ Բրազը մասնակցել է Հարավ-ռուսական նկարիչների ընկերության (1893-1917), Մոսկվայի կերպարվեստը սիրողների միության (1896—1899) ցուցահանդեսներին, Մոսկվայում անցկացված «36 նկարիչների» ցուցահանդեսին։ Նա ստեղծել է դիմանկարների մի ամբողջ շարք՝ Ալեքսանդր Սոկոլովի (1898), Կոնստանտին Պերվուխինի (1902), Նիկոլայ Կուզնեցովի (1897), Լեոնիդ Պաստեռնակի, Մստիսլավ Դոբուժինսկու (1922), Իվան Ֆոմինի, Կոնստանտին Սոմովի, Իլյա Գինցբուրգի։
Օսիպ Բրազն զբաղվել է նաև գրաֆիկայով, վիմագրությամբ, օֆորտով։ Զբաղված լինելով բազմաթիվ պատվերներ կատարելով՝ Օսիպ Բրազը ժամանակ էր գտնում նաև մանկավարժական գործունեության համար. 1900-1905 թվականներին նա դասավանդել է իր ստուդիայում, իսկ 1902-1904 թվականներին՝ Գեղարվեստի խրախուսման ընկերության նկարչական դպրոցում։ Նրա աշակերտներից է եղել Զինաիդա Սերեբրյակովան։ Բրազի մանկավարժական նորարարություններից մեկն էր «Էրմիտաժի նկարների պատճենում» առարկայի ներառումը ուսումնական ծրագրում։ Դա սովորողին օգնում էր ուսումնասիրել նկարի հեղինակի օգտագործած ոճաձևը, նկարի կոլորիտը, կոմպոզիցիան, ինչպես նաև հասկանալ նկարչի ստեղծագործական մտահղացման էությունը։
1900 թվականից Օսիպ Բրազը եղել է «Արվեստի աշխարհի» ցուցահանդեսների մշտական մասնակից, միության կոմիտեի անդամ ու գանձապետ։ 1903—1910 թվականներին եղել է Ռուս նկարիչների միության անդամ։
1907—1911 թվականներին Օսիպ Բրազը բնակվել է Ֆրանսիայում։
1914 թվականին ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
1916 թվականին եղել է Էրմիտաժի նկարների վերականգնման հանձնաժողովի անդամ, 1918—1924 թվականներին՝ Էրմիտաժի հոլանդական գեղանկարչության բաժնի վարիչ։
Օսիպ Բրազը 1920-ական թվականներին դասավանդել է Պետերբուրգի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում։
1924 թվականին Օսիպ Բրազը կեղծ մեղադրանքների (նկարների ձեռքբերում արտասահմանում վաճառելու նպատակով, լրտեսություն) հիման վրա ձերբակալվել է և ուղարկվել Սոլովկիի հատուկ նշանակության ճամբար[4]։ 1926 թվականին Լենինգրադի նկարչական միությունների միջնորդությամբ ազատվել է, ապա աքսորվել Նովգորոդ, որտեղ զբաղվել է նահանգային թանգարանի համար հուշարձանների վերականգնման աշխատանքներով։ 1928 թվականին Օսիպ Բրազը մեկնել է Գերմանիա, ապա՝ Փարիզ, որտեղ զբաղվել է գեղանկարչությամբ ու հնավաճառությամբ։ 1930 թվականին Փարիզում անցկացվել է Օսիպ Բրազի անհատական ցուցահանդեսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.