մարզադաշտ Ստոկհոլմում, Շվեդիա From Wikipedia, the free encyclopedia
Ստոկհոլմի մարզադաշտ (շվեդ.՝ Stockholms stadion) կամ Ստոկհոլմի օլիմպիական մարզադաշտ (շվեդ.՝ Stockholms Olympiastadion), մուլտիսպորտային մարզադաշտ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի հիմնական մրցասպարեզ։ Ֆուտբոլային խաղերից բացի, մարզադաշտում անցկացվում են բազմաթիվ խոշոր համերգներ։ Ֆուտբոլային խաղերի ժամանակ մարզադաշտում տեղավորվում են 14417 մարզասերներ, իսկ համերգային միջոցառումների ընթացքում 32000 հանդիսատես։ Մարզադաշտը նախագծվել և կառուցվել է հատուկ 1912 թվականի Օլիմպիական խաղերի համար։ 1912 թվականից մինչև 1936 թվականը իր տնային հանդիպումներն այստեղ է անցկացրել Ստոկհոլմի ԱԻԿ ֆուտբոլային ակումբը։
Տեսակ | մարզադաշտ և ճարտարապետական անսամբլ |
---|---|
Մարզաձև | թեթև աթլետիկա |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Երկիր | Շվեդիա[1][2] |
Հիմնադրված | 1912[1] |
Բացված | հունիսի 1, 1912 |
Ճարտարապետ | Տորբեն Գրուտ |
Սեփականատեր | Ստոկհոլմ |
Տարողություն | 14 500 |
Տնային թիմ | Djurgårdens IF Dam? և Յուրգորդեն ՖԱ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Stockholms Olympiastadion Վիքիպահեստում |
Մարզադաշտը կառուցվել է 1910-1912 թվականներին, հատուկ Ստոկհոլմում Ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար։ Նոր մարզադաշտը կառուցվել է հին սպորտային զբոսայգու տեղում։ Շինարարության նախագծի հեղինակը եղել է շվեդ ճարտարապետ Տորբեն Գրուտը։ Նախապես նոր մարզադաշտը պլանավորվել էր, որպես ժամանակավոր կառույց, բայց որոշ ժամանակ անց հայեցակարգը փոխվեց և Գրուտը սկսեց մշակել մշտական համալիր նախագիծ։ Առաջին տարբերակը իր ճարտարապետական տեսքով նման էր Գուստավ I Վազայի ամրոցներին։ Ի վերջո մարզադաշտը կառուցվեց ռոմանտիկ ազգայնականության ոճով, միջնադարյան քաղաքային ամրոցի աշտարակների նմանությամբ, դեկորատիվ նախշազարդերով աղյուսից, քանդակներով և այդ ոճին բնորոշ ճարտարապետական այլ տարրերով։ Հավանաբար, Գրուտը ներշնչվել էր Ռագնար Էստբերգի աղյուսային ճարտարապետությունից և Վիսբյուի քաղաքային ամրոցներից[3]։ Շինարարությունը սկսվել էր 1910 թվականի նոյեմբերի 23-ին Kreuger & Toll ընկերության կողմից և 1912 թվականի հունիսի 1-ին տեղական ժամանակով 15:00–ին կայացել էր մարզադաշտի պաշտոնական բացումը։ Այն ժամանակ մարզադաշտը ուներ երկու հարկաշարք և կարող էր տեղավորել ավելի քան 22 հազար հանդիսատես։ Բացման արարողությանը ներկա էին 25 հազար սպորտի երկրպագուներ։
1916-1946 թվականներին մարզադաշտը ղեկավարում էր շվեդ հայտնի մարզիկ Էրիկ Բերգվալը։ 20-րդ դարի 30-ական թվականներին մարզադաշտի արտաքին տեսքի մեջ որոշակի լրացումներ կատարվեցին, տեղադրվեցին Կարլ Էլդայի և Կարլ Ֆագերբերգի ստեղծած մի քանի քանդակներ։
1954 թվականին տեղի ունեցավ արևմտյան տրիբունայի վերակառուցումը, որի փայտյա կառուցվածքները ոչնչացվել էին հրդեհից։ Դրանք փոխարինվեցին ավելի դիմացկուն և կիրառական բետոնե կառուցվածքներով և տեղադրվեց նոր տանիք։ 1967 թվականին հմանատիպ վերակառուցումներ կատարվեցին արևելյան տրիբունայում։ Այս իրադարձությունների միջև Օլիմպիական մարզադաշտում տեղի ունեցավ ևս մեկ ոչ պակաս կարևորր նշանակության միջոցառում։ 1956 թվականին կրկին Ստոկհոլմ վերադարձան Օլիմպիական խաղերը, չնայած մասսամբ։ Այստեղ անցկացվեցին ձիասպորտի մրցումները, իսկ մնացած մրցանակները խաղարկվեցին Մելբուռնում։
Սպորտային կյանքը մարզադաշտում մշտապես եռում էր։ 1912 թվականից մինչև 1936 թվականը, այն եղել է ԱԻԿ ֆուտբոլային ակումբի տնային մրցասպարեզը, մինչև որ, որպես մրցասպարեզի տեր նրան փոխարինեց մեկ այլ ֆուտբոլային ակումբ՝ «Յուրգորդենը», որը հանդես է գալիս այստեղ մինչև այժմ։ Բացի ֆուտբոլային մրցումներից Օլիմպիական մարզադաշտը դարձել է DN Galan թեթևատլետիկական փառատոնի անցկացման մշտական վայրը և Ստոկհոլմյան մարաթոնի վերջնակետը։ 1913 թվականից մինչև 1965 թվականը այստեղ էին անցկացվում գնդակով հոկեյի Շվեդիայի առաջնության եզրափակիչ հանդիպումները (որպես սահադադաշտ մարզադաշտն օգտագործում էին 10 ակումբներ)։ 1970/1971 մրցաշրջանից հետո մարզադաշտը պաշտոնապես փակվեց շվեդական հոկեյի մրցումների համար[4]։
1973 թվականին մարզադաշտի մերձակայքում կառուցվեց մետրոյի կայարան, որը կոչվում էր «Ստադիոն»։ Օլիմպիական մարզադաշտը համարվում է Ստոկհոլմում անցկացվող ամենանշանակալի երաժշտական համերգների անցկացման վայրը։ Այստեղ ելույթներ են ունեցել այնպիսի աշխարհահռչակ կատարողներ, ինչպիսիք են` Էլթոն Ջոնը, «Ռոլինգ Սթոունզը», «Կոլդփլեյը», Յու-տուն, «Կիսսը», AC/DC, «Մետալլիկան», «Այրոն Մեյդենը», Մայքլ Ջեքսոնը, Բրյուս Սպրինգստին, «Մյուզը», «Դեպեշ Մոդը», Ռոբբի Ուիլյամսը, Դեյվիդ Գետան և ուրիշներ։
2004-2008 թվականներին Օլիմպիական մարզադաշտում անցկացվել է թենիսի Nordea Nordic Light Open 4-րդ կարգի կանանց մրցաշարը։ Այնուամենայնիվ, նախքան 2009 թվականի սկիզբը գլխավոր հովանավորը հրաժարվեց միջոցներ հատկացնել դրանց անցկացման համար և մրցումները միացվեցին Շվեդիայի թենիսի բաց առաջնության հետ, որն անցկացվում էր Բոստադում։
2008-2009 թվականներին գաղափար առաջացավ նվազեցնել թեթևատլետիկական մրցումների թիվն Օլիմպիական մարզադաշտում և հարմարեցնել այն «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումներն առավել արդյունավետ դիտելու համար։ Այնուամենայնիվ, ոչ մի հնարավորություն չգտնվեց Օլիմպիական մարզադաշտը ավելի հարմար ֆուտբոլային մրցասպարեզ դարձնելու համար և քաղաքաշինության խորհուրդը որոշեց այն թողնել նախկին տեսքով[5]։ Ներկայումս մարզադաշտը ընդգրկված է պահպանվող հուշարձանների և շինությունների ցանկի մեջ և նրա վերակառուցումն ու արդիականացումն անհնար է։ Այս մարզադաշտը աշխարհի նշանակալի այն սակավ սպորտային կառույցներից է, որտեղ դեռևս պահպանվել են փայտե նստարանները։ Մարզադաշտի 100-ամյակի կապակցությամբ, 2012 թվականին որոշվեց իրականացնել շինության հիմնանորոգում, որի նախահաշվային արժեքը կազմում էր 74 միլիոն կրոն[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.