From Wikipedia, the free encyclopedia
Ֆինանսներում փոխարժեքն այն գործակիցն է, որով մի արժույթը փոխանակվում է մյուսով։ Վերջինս նաև համարվում է մի երկրի արժույթի գինը՝ մեկ այլ արժույթի նկատմամբ[1]։ Օրինակ, այն, որ ճապոնական իենի միջբանկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 114 է, նշանակում է, որ 114 իենը կարող է փոխանակվել 1 ԱՄՆ դոլարի հետ կամ որ յուրաքանչյաուր ԱՄՆ դոլար կարող է փոխանակվել 114 իենի հետ։ Այս դեպքում ասվում է, որ դոլարի գինը, իենի հարաբերությամբ, կազմում է 114 իեն կամ, համարժեքորեն, որ 1 իենի գինը դոլարի հարաբերությամբ կազմում է 1/114 դոլար։
Փոխարժեքները որոշվում են արտարժույթի շուկայում[2], որը բաց է բազմաթիվ վաճառողների և գնորդների համար, և որտեղ արժույթի առևտուրը շարունակական է՝ օրական 24 ժամ՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, այսինքն առքուվաճառքն իրականացվում է կիրակի օրը սկսած 20:15 (Լոնդոնի ժամանակով), միչև ուրբաթ օրը՝ 22:00 (Լոնդոնի ժամանակով)։ Սփոթ փոխարժեքը ընթացիկ փոխարժեքն է։ Ֆորվարդ փոխարժեքը այն փոխարժեքն է, որը սահմանվում է այսօր՝ ապագայում կոնկրետ սահմանված ամսաթվին փոխանցումներն ու վճարումները կատարելու պայմանով։
Արտարժույթի մանրածախ շուկայում առք ու վաճառքի տարբեր փոխարժեքներ են սահմանում փողի դիլերները։ Առքուվաճառքի գործարքների հիմնական մասի մի կողմում տեղական արժույթն է։ Առքի փոխարժեքն այն արժեքն է, որով դիլերները պատրաստ են գնել արտարժույթ, իսկ վաճառքի փոխարժեքը՝ այն արժեքը, որով պատրաստ են վաճառել այդ արտարժույթը։ Սահմանված փոխարժեքներն իրենց մեջ ներառում են առքուվաճառքից դիլերի մարժան (կամ շահույթը), որը նաև կարող է լինել կոմիսիոն վճարի կամ այլ տեսքով։ Կանխիկ, փաստաթղթային կամ էլեկտրոնային գումարի համար կարող են սահմանվել տարբեր փոխարժեքներ։ Փաստաթղթային գործարքների համար սահմանված բարձր փոխարժեքները հիմնավորվում են, որպես փաստաթղթի մաքրման համար լրացուցիչ ժամանակի և ծախսերի փոխհատուցում։ Մյուս կողմից, կանխիկ գումարը հասանելի է անմիջապես վերավաճառելու համար, սակայն այն բերում է անվտանգության, պահեստավորման և փոխադրման, ինչպես նաև թղթարդրամների կապոցում կապիտալը պահելու ծախսերի։
Միջազգային ճանապարհորդությունների և միջսահմանային վճարումների համար անհրաժեշտ արտարժույթի մեծ մասը գնվում է բանկերից, արտարժույթի փոխանակման բրոքերային կազմակերպություններից և արտարժույթի փոխանակման կետերի տարբեր տեսակներից։ Մանրածախ առևտրի այս կետերի համար արտարժույթի աղբյուրը միջբանկային շուկաներն են, որոնք գնահատվում են Միջազգային հաշվարկների բանկի կողմից՝ օրական 5.3 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով[3]։ Գնումը կատարվում է սփոթ պայմանագրի փոխարժեքով։ Մանրածախ հաճախորդները կոմիսիոն վճարի կամ այլ ձևով վճարում են կատարում՝ մատակարարի ծախսերը ծածկելու և շահույթ կուտակելու համար։ Վճարման մի տեսակ է մեծածախ սփոթ փոխարժեքից վատ փոխարժեքի սահմանումը[4]: Մանրածախ առք ու վաճառքի գների տարբերությունը համարվում է առաջարկի և պահանջարկի գների սփրեդ (անգլ. bid -ask spread):
Գոյություն ունի շուկայական պայմանավորվածություն, որով որոշվում է, թե որոնք են ֆիքսված և փոփոխվող արժույթները։ Աշխարհի մեծ մասում կարգը հետևյալն է՝ EUR – GBP – AUD – NZD – USD – մյուսներ։ Հետևաբար, EUR-ից AUD փոխանակելիս EUR-ն ֆիքսված, իսկ AUD-ն փոփոխվող արժույթներն է, իսկ փոխարժեքը ցույց է տալիս, թե քանի ավստրալիական դոլար պետք է վճարել՝ 1 եվրո ստանալու համար։ Մալթայի և Կիպրոսի արժույթները, որոնց արժեքները սահմանվում էին որպես հիմք դոլարի և մյուս արժույթների նկատմամբ, Եվրագոտուն միանալուց հետո հեռացվել են այս ցանկից։
Եվրոպայի որոշ հատվածներում և Միացյալ Թագավորության մանրածախ շուկայում EUR-ն և GBP-ն փոխատեղված են այնպես, որ GBP սահմանվում է որպես ֆիքսված արժույթ EUR-ի նկատմամբ։ Որոշելու համար, թե որն է ֆիքսված արժույթ, երբ արժույթներից ոչ մեկը վերոնշյալ ցանկում չկան (այսինքն՝ երկուսն էլ «մյուսների» մեջ են), կա շուկայական պայմանավորվածություն՝ օգտագործել որպես ֆիքսված այն արժույթը, որի դեպքում փոխարժեքը մեծ է 1.000-ից։ Սա նվազեցնում է կլորացման և ավելորդ տասնորդական կետերի օգտագործման խնդիրները։ Այս կանոնի համար կան որոշ բացառություններ, օրինակ՝ ճապոնացիները սովորաբար սահմանում են փոխարժեք՝ իրենց արժույթը մյուսների համար հիմք ընդունելով։
Փոխարժեքը, որտեղ որպես գին օգտագործվում է երկրի տեղական արժույթը, հայտնի է որպես ուղղակի փոխարժեքի սահմանում (տվյալ երկրի տեսանկյունից)։ Օրինակ, Եվրագոտում 0.8989 եվրոն համարժեք է 1.00 ԱՄՆ դոլարի և օգտագործվում է երկրների մեծ մասում[5]։
Երկրի տեղական արժույթը որպես միավոր արժույթ օգտագործելով փոխարժեքի սահմանումը (օրինակ՝ Եվրոգոտում 1.11 ԱՄՆ դոլար = 1.00 եվրո) հայտնի է, որպես փոխարժեքի անուղղակի սահմանում կամ քանակի սահմանում և օգտագործվում է բրիտանական ամսագրերում. սա ընդունված է նաև Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Եվրոգոտում։
Ուղղակի փոխարժեքի սահմանման դեպքում, եթե երկրի արժույթը ուժեղանում է (արժևորվում է կամ դառնում ավելի թանկ), ապա փոխարժեքը նվազում է։ Փոխադարձաբար, եթե արտարժույթն է ուժեղանում և ազգային արժույթը արժեզրկվում, փոխարժեքը բարձրանում է։
1980-ականների սկզբից մինչև 2006 թվականը շուկայական պայմանավորվածությամբ արժութային զույգերի մեծ մասի համար սահմանվում էր փոխարժեք՝ սփոթ գործարքների համար չորս տասնորդական կետով, իսկ ուղղակի ֆորվարդների և սվոփների համար՝ մինչև վեց տասնորդական կետով։ Բացառություն էին կազմում 1.000-ից փոքր արժեք ունեցող փոխարժեքները, որոնք սահմանվում էին հինգ կամ վեց տասնորդական կետով։ Չնայած հաստատուն կանոնի բացակայությանը, 20-ից մեծ արժեք ունեցող փոխարժեքները սովորաբար սահմանվում էին երեք տասնորդական կետով, իսկ 80-ից մեծ փոխարժեքները սահմանվում էին երկու տասնորդական կետով։ 5000-ից բարձր արժեքով արժույթները սահմանվում էին առանց տասնորդական կետի (օրինակ՝ նախկին թուրքական լիրան)։ Այլ կերպ ասած՝ փոխարժեքը սահմանվում է 5 թվով։ Այն դեպքում, երբ փոխարժեքը 0-ից ցածր է, սահմանված կուրսը պարունակում է հինգ տասնորդական կետ[6]։
2005 թվականին Բարքլայս Քեփիթլը (անգլ.՝ Barclays Capital) կոտրեց պայմանավորվածությունը՝ իր էլէկտրոնային հարթակում հինգ կամ վեց տասնորդական կետով սփոթ փոխարժեք սահմանելով[7]։ Առքի և վաճառքի փոխարժեքների տարբերության (սփրեդի) նվազումը պահանջում էր ավելի ճշգրիտ գնագոյացում և հնարավորություն էր տալիս բանկերին հաջող գործարքներ կնքել բազմաբանկային առևտրային հարթակներում, որտեղ հակառակ դեպում բոլոր բանկերը կարող էին սահմանել միևնույն գինը։ Մի շարք այլ բանկեր հետևեցին այս համակարգին։
Յուրաքանչյուր երկիր սահմանում է իր արժույթի համար կիրառելի փոխարժեքային ռեժիմ։ Օրինակ` արժույթը կարող է լինել ազատ լողացող, ֆիքսված կամ հիբրիդ։
Եթե արժույթը ազատ լողացող է, դրա փոխարժեքը կարող է տատանվել այլ արժույթների նկատմամբ և որոշվում է շուկայում առկա առաջարկով և պահանջարկով։ Այս արժույթների՝ բանկերի կողմից ֆինանսական շուկաներում սահմանված փոխարժեքները համարյա անընդհատ փոփոխվում են ամբողջ աշխարհում։
Շարժվող կամ կարգավորվող կապակցված համակարգ է ֆիքսված փոխարժեքը՝ արժույթի վերագնահատման (հիմնականում՝ արժեզրկման) դրույթով։ Օրինակ՝ 1994 - 2005 թվականներին չինական յուան ռենմինբին (RMB) կապված էր ԱՄՆ դոլարին՝ 1 դոլարի համար սահմանված 8.2768 RMB գնով։ Չինաստանը այս համակարգն ընդունող միակ երկիրը չէր. Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, մինչև 1967 թվականը, Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրները ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանում էին ֆիքսված փոխարժեքներ, հիմնված Բրետտոն-Վուդսյան համակարգի վրա[8]։ Բայց, համաձայն նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ 1971 թվականի օգոստոսի 15-ի ելույթի, որը հայտնի է «Նիքսոնի շոկ» անվամբ, այս համակարգը շուկայական ճնշումների և շահարկումների պատճառով պետք է լքվեր՝ տեղը զիջելով լողացող, շուկայական ռեժիմին։
Այնուամենայիվ, որոշ կառավարություններ ձգտում են պահպանել իրենց արժույթը նեղ միջակայքում։ Որպես արդյունք՝ արժույթները դառնում են գերգնահատված կամ թերագնահատված՝ բերելով ավելորդ առևտրային պակասուրդի կամ ավելցուկի։
Բաղադրիչ երկու արժույթներից որևէ մեկի փոխության դեպքում շուկայական փոխարժեքը փոխվում է։ Արժույթը արժևորվում է, երբ դրա համար պահանջարկը ավելի մեծ է, քան առկա առաջարկը, և արժեզրկվում է, երբ պահանջարկը փոքր է առկա առաջարկից (սա չի նշանակում, որ մարդիկ այլևս չեն ուզում փող ունենալ, այլ նշանակում է, որ նրանք նախընտրում են իրենց ունեցվածքը որոշակի այլ ձևով, հնարավոր է՝ մեկ այլ արժույթով պահել)։
Արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճը կարող է արդյունք կամ լինել կամ գործարքների աճով պայմանավորված փողի պահանջարկի աճի կամ փողի պահանջարկի սպեկուլյատիվ աճի։ Գործարքների պահանջարկը խիստ փոխկապակցված է երկրի գործարար ակտիվության, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), զբաղվածության մակարդակի հետ։ Որքան ավելի շատ են գործազուրկ մարդիկ, այնքան հասարակությունը ամբողջությամբ ավելի քիչ են կծախսի ապրանքների և ծառայությունների վրա։ Կենտրոնական բանկերը սովորաբար որոշ դժվարություններ են ունենում`գործարար փոխանցումների արդյունքում դրամի պահանջարկի փոփոխությանը համապատասխան անհրաժեշտ առաջարկը ապահովելու գործում։
Կենտրոնական բանկերի համար ավելի դժվար է սպեկուլյատիվ պահանջարկի կառավարումը, ինչի վրա նրանք ազդում են տոկոսադրույքների կարգավորման միջոցով։ Սպեկուլյանտը ձեռք է բերում որոշակի արժույթ, եթե դրա դիմաց եկամուտը (տոկոսադրույքը) բարձր է։ Ընդհանուր առմամբ, որքան բարձր է արժույթի տոկոսադրույքը, անքան մեծ է դրա նկատմամբ պահանջարկը։ Կա պնդում, որ նման սպեկուլյատիվ գործունեությունը կարող է խաթարել իրական տնտեսական աճը, մասնավորապես, քանի որ արժութային սպեկուլյանտները կարող են մեծ քանակությամբ արտարժույթ վաճառել՝ ճնշում գործադրելով փոխարժեքի վրա և կանխամտածված կերպով նվազեցնել այն, որպեսզի ստիպեն կենտրոնական բանկին գնել այդ արժույթը՝ կայունությունը պահպանելու համար (փոխարժեքի անկումից հետո սպեկուլյանտները կարող են հետ գնել արժույթը, փակել իրենց դիրքը և դրանով իսկ շահույթ ստանալ)։
Բեռնափոխադրող ընկերությունների վրա, որոնք ապրանքներ են տեղափոխում մի երկրից մյուսը, փոխարժեքի տատանումը մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Այդ պատճառով, հաշվի առնելով այս տատանումները՝ բեռնափոխադրողները հիմնականում կատարում են CAF (արժույթի ճշգրտման տոկոս) գանձում[9][10]։
Իրական փոխարժեքը արտարժույթի գնողունակությունն է այլ արժույթի հարաբերությամբ՝ ներկա գների և փոխարժեքի պայմաններում։ Դա հարաբերությունն է տվյալ երկրի արժույթի միավորների այն քանակության, որը անհրաժեշտ է այլ երկրում ապրանքային զամբյուղ գնելու համար՝ արտարժութային շուկայում մյուս երկրի արժույթը ձեռք բերելուց հետո և տվյալ երկրի արժույթի այն քանակության, որը անհրաժեշտ է ապրանքային նույն զամբյուղը ուղղակիորեն տվյալ երկրում գնելու համար։ Կան իրական փոխարժեքը հաշվելու տարբեր եղանակներ[11]։
Այսպիսով, իրական փոխարժեքը փոխարժեքի և երկու երկրների շուկայական զամբյուղների համեմատական գների արտադրյալն է։ Օրինակ՝ ԱՄՆ դոլարի գնողունակությունը եվրոյի գնողունակության հարաբերությամբ եվրոյի դոլարային գինն է (մեկ եվրոյին համարժեք դոլարի չափը) բազմապատկած ապրանքային զամբյուղի եվրո գնի (միավոր ապրանքին համարժեք եվրոյի չափի) և ապրանքային զամբյուղի դոլարային գնի (միավոր ապրանքին համարժեք դոլարի չափի) հարաբերությամբ, հետևաբար՝ չափման միավոր չունի։ Սա իրենից ներկայացնում է փոխարժեքը(մեկ եվրոյին համարժեք դոլարի չափը)՝ բազմապատկած երկու արժույթների հարաբերական գնով՝ ապրանքային զամբյուղի գնողունակության տեսանկյունից (միավոր ապրանքին համարժեք եվրոյի չափի հարաբերությունը միավոր ապրանքին համարժեք դոլարի չափին)։ Եթե բոլոր ապրանքները լինեին ազատ վաճառելի, և տեղացիներն ու արտասահմանցիները գնեին միևնույն ապրանքային զամբյուղից, գնողունակության համարժեքությունը տեղ կունենար երկու երկրների փոխանակային կուրսի և ՀՆԱ դեֆլյատորի համար, և իրական փոխարժեքը հավասար կլիներ 1-ի։
Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունը հավասար է եվրոյի արժևորման գործակցին (եվրոյի փոխարժեքի դրական կամ բացասական տոկոսային շարժի գործակցի) գումարած եվրոյի ինֆլյացիայի գործակիցը և հանած դոլարի ինֆլյացիայի գործակիցը։
Իրական փոխարժեքը իրենից ներկայացնում է ներքին և օտարերկրյա ապրանքների ու ծառայությունների համեմատական գնով ճշգրտված անվանական փոխարժեքը, որը արտացոլում է աշխարհի մյուս երկրների նկատմամբ երկրի մրցունակությունը[12]։ Ավելի մանրամասն՝ արժույթի արժևորումը կամ ներքին գնաճի ավելի բարձր մակարդակը խթանում են իրական փոխարժեքը՝ վատթարացնելով երկրի մրցունակությունը և կրճատելով ընթացիկ հաշվեկշիռը։ Մյուս կողմից, արժույթի արժեզրկումը առաջացնում է հակառակ ազդեցություն `բարելավելով երկրիընթացիկ հաշվեկշիռը[13]։
Ապացուցված է, որ իրական փոխարժեքը, ընդհանուր առմամբ, կայուն մակարդակի է հասնում երկարաժամկետում, և որ այդ գործընթացը ավելի արագ է փոքր բաց տնտեսություններում, որոնց հատուկ է ֆիքսված փոխարժեքը[13]։ Իրական փոխարժեքի ցանկացած էական շեղում իր երկարատև հավասարակշռության մակարդակից, այսպես կոչված, իրական փոխարժեքի անհամաձայնությունը, բացասաբար է ազդում երկրի վճարային հաշվեկշռի վրա[14] :Գերագնահատված իրական փոխարժեքը նշանակում է, որ ներկայիս իրական փոխարժեքը գերազանցում է իր հավասարակշռված արժեքը, իսկ թերագնահատված իրական փոխարժեքը` հակառակը[15]։ Մասնավորապես, իրական փոխարժեքի երկարաժամկետ գերագնահատումը համարվում է առաջիկա ճգնաժամինախանշան, այն պատճառով, որ երկիրը խոցելի է դառնում ինչպես սպեկուլյատիվ հարձակումների, այնպես էլ արժութային ճգնաժամի համար, ինչպես 1997 թ. Ասիական ֆինանսական ճգնաժամի ընթացքում կատարվեց Թաիլանդում[16] : Մյուս կողմից, իրական փոխարժեքի երկարատև թերագնահատումը սովորաբար առաջացնում է ճնշում ներքին գների վրա՝ փոխելով սպառողների սպառման խթանները և այսպիսով՝ մեծացնելով առևտրային և ոչ առևտրային ոլորտների միջև առկա անհամապատասխանությունը[14]։
Հաշվի առնելով այն, որ իրական փոխարժեքի անհամապատասխանությունը, մասնավորապես՝ գերագնահատումը, կարող է խաթարել երկրի՝ արտահանման վրա հիմնված զարգացման ռազմավարությունը, իրական փոխարժեքի չափումը չափազանց կարևոր է ճիշտ քաղաքականության մշակման համար[12]։ Ցավոք, այս փոփոխականին հետևել հնարավոր չէ։ Իրական փոխարժեքի հավասարակշռությունը գնահատելու համար ամենահաճախ օգտագործվող մեթոդը համընդհանրորեն ընդունված գնողունակության համարժեքության տեսությունն է, համաձայն որի, իրական փոխարժեքի հավասարակշռության մակարդակը ժամանակի ընթացքում անփոփոխ է մնում։ Այնուամենայնիվ իրական փոխարժեքի հավասարակշռությունը ֆիքսված արժեք չէ, քանի որ հետևում է տնտեսական առանցքային հիմունքների միտմանը[12], ինչպիսիք են տարբեր դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները կամ հայրենիքի և արտասահմանի ասիմետրիկ ցնցումները[13]։ Հետևաբար, գնողունակության համարժեքության տեսությունը տարիների ընթացքում մեծապես քննարկվել է, քանի որ այն կարող է ազդել իրական փոխարժեքի բնական շարժի վրա՝ ստեղծելով նոր՝ իրական փոխարժեքին անհամապատասխան հավասարակշռություն։
Սկսած 1980-ական թվականներից այս մոտեցման սահմանափակումները հաղթահարելու համար շատ հետազոտողներ փորձել են գտնել հավասարակշռված իրական փոխարժեքի այլընտրանքային արժեքներ[12]։ Տնտեսագիտական գրականության մեջ ամենատարածված մոտեցումներից են հիմնական հավասարակշիռ փոխարժեքը՝ ստեղծված Ուիլիամսոնի կողմից (1994 թվականին)[17] և վարքագծային հավասարակշիռ փոխարժեքը, որը նախապես գնահատվել է Քլարքի և Մաքդոնալդի կողմից (1998 թվականին)[18]։ Առաջինը կենտրոնանում է իրական փոխարժեքի երկարատև որոշիչների վրա, այլ ոչ թե կարճաժամկետ ցիկլային և սպեկուլյատիվ ուժերի վրա[18] : Այն ներկայացնում է մակրոտնտեսական հավասարակշռությանը համապատասխան և միևնույն ժամանակ ներքին և արտաքին հավասարակշռության բերող իրական փոխարժեք։ Ներքին հավասարակշռությունը հասնում է այն ժամանակ, երբ արտադրության մակարդակը համապատասխանում է ինչպես արտադրության բոլոր առկա գործոնների լիարժեք զբաղվածությանը, այնպես էլ ցածր և կայուն գնաճին[18]։ Մյուս կողմից, արտաքին հավասարակշռությունն այն է, երբ վճարային հաշվեկշռի իրական և ապագա մնացորդները համատեղելի են կապիտալի երկարաժամկետ կայուն հոսքերի հետ[19]։ Այնուամենայնիվ, հիմնական հավասարակշիռ փոխարժեքը դիտարկվում է, որպեսիրական փոխարժեքի անվանական արժեք, քանի որ հիմնված է ներքին և արտաքին մնացորդների հետ կապված որոշ «իդեալական» տնտեսական պայմանների վրա։ Մասնավորապես, քանի որ վճարային հաշվեկշռի կայուն դիրքորոշումը սահմանվում է, որպես բացառիկ արժեք, այս մոտեցումը երկար ժամանակ լայնորենքննարկվել է։ Վարքագծային հավասարակշիռ փոխարժեքը, ընդհակառակը, իրական փոխարժեքի վարքագծի էկոնոմետրիկ վերլուծություն է՝ հաշվի առնելով իրական փոխարժեքի՝ գնողունակության համարժեքության հավասարակշիռ մակարդակից շեղումները՝ որպես հիմնական տնտեսական հիմքերի փոփոխության հետևանք։ Այս մեթոդի համաձայն՝ վարքագծային հավասարակշիռ փոխարժեքը իրական փոխարժեքն է, երբ բոլոր տնտեսական հիմքերը հավասարակշռված են[13]։ Հետևաբար, իրական փոխարժեքի անհավասարակշռությունը ի հայտ է գալիս այնքան, որքանով տնտեսական հիմունքները շեղված են իրենց երկարատև կայուն մակարդակից։ Այսպիսով՝ վարքագծային հավասարակշիռ փոխարժեքը ավելի ընդհանուր մոտեցում է, քան հիմնական հավասարակշիռ փոխարժեքը, քանի որ այն սահմանափակված չէ երկարաժամկետ հեռանկարով և կարողանում է բացատրել իրական փոխարժեքի ցիկլային շարժումները[18]։
Երկկողմանի փոխարժեքը ներառում է փոխարժեքային զույգ, իսկ արդյունավետ փոխարժեքը արտարժութային զամբյուղի միջին կշռվածն է և կարող է դիտվել, որպես երկրի արտաքին մրցունակության ընդհանրացված ցուցանիշ։ Անվանական արդյունավետ փոխարժեքը կշռված է ասիմպտոտիկ առևտրային ծավալների հակադարձով։ Իրական արդյունավետ փոխարժեքը ճշգրտում է անվանական արդյունավետ փոխարժեքը՝ երկրի գնային մակարդակով[11]։ Համեմատած անվանական արդյունավետ փոխարժեքի՝ ՀՆԱ-ով կշռված արդյուանվետ փոխարժեքը կարող է ավելի հարմարավետ լինել՝ հաշվի առած համաշխարհային ներդրումային ֆենոմենը։
Շատ երկրներում առկա է տարբերակում՝ թույլատրելի գործարքների պաշտոնական փոխարժեքի և զուգահեռ փոխարժեքի միջև, որը արձագանքում է պաշտոնական փոխարժեքով արտարժույթի նկատմամբ ավելցուկային պահանջարկին։ Աստիճանը, որով զուգահեռ փոխարժեքը գերազանցում է պաշտոնական փոխարժեքին, կոչվում է զուգահեռ պրեմիում[20]։
Տոկոսադրույքների բացահայտված հավասարությունը նշում է, որ մեկ արժույթի արժեզրկումը կամ արժեզրկումը կարող է չեզոքացվել տոկոսադրույքի տարբերության փոփոխությամբ։ Եթե ԱՄՆ-ի տոկոսադրույքները աճում են, իսկ ճապոնական տոկոսադրույքները մնում են անփոփոխ, ապա ԱՄՆ դոլարը պետք է արժեզրկվի ճապոնական իենի դեմ այնքանով, որով կխոչընդոտի արբիտրաժին (իրականում հակառակն է, արժևորումը շատ հաճախ տեղի է ունենում կարճաժամկետ, ինչպես բացատրվում է ստորև)։ Ապագա փոխարժեքը արտացոլվում է այսօր հայտարարված ֆորվարդ փոխարժեքի մեջ։ Մեր օրինակում դոլարի ֆորվարդ փոխարժեքը սահմանված է զեղչով, քանի որ այն իր ֆորվարդ փոխարժեքով ավելի քիչ իեն կարող է գնել, քան սփոթ փոխարժեքով։ Յենը համարվում է պրեմիումում։
Տոկոսադրույքների բացահայտ հավասարությունը չի գործում, սկսած 1990-ականներից։ Ի տարբերություն տեսության, բարձր տոկոսադրույքներով արժույթները ոչ թե արժեզրկվում, այլ արժևորվում են՝ ի հաշիվ գնաճի զսպման և ավելի եկամտաբեր արժույթի։
Ըստ վճարային հաշվեկշռի արտարժութային փոխարժեքները հավասարակշռության մակարդակի վրա են, եթե դրանք առաջացնում են կայուն ընթացիկ հաշվեկշիռ։ Առևտրի դեֆիցիտ ունեցող երկիրը կունենա արտարժութային պահուստների կրճատում, ինչը ի վերջո նվազեցնում է (արժեզրկում է) իր արժույթի գինը։ Ավելի էժան (արժեզրկված) արժույթը երկրի ապրանքները համաշխարհային շուկայում դարձնում է առավել հասանելի`ներմուծումը դարձնելով ավելի թանկ։ Միջանկյալ ժամանակահատվածից հետո ներմուծումը կնվազի, իսկ արտահանումը կաճը կբարձրանա` դրանով իսկ կայունացնելով առևտրային հաշվեկշիռը և հավասարակշռելով արժույթը։
Ինչպես գնողունակության համարժեքությունը, վճարային հաշվեկշռի մոդելը նույնպես հիմնականում կենտրոնանում է վաչառվող ապրանքների եւ ծառայությունների վրա՝ անտեսելով գլոբալ կապիտալի հոսքերի աճող դերը։ Այլ կերպ ասած, փողը ոչ միայն հետապնդում է ապրանքներին ու ծառայություններին, այլև ավելի մեծ չափով `ֆինանսական ակտիվներին, ինչպիսիք են բաժնետոմսերը և պարտատոմսերը։ Նրանց հոսքերը փոխանցվում են վճարային հաշվեկշռի կապիտալի հաշվին՝ դրանով հավասարակշռելով ընթացիկ հաշվի դեֆիցիտը։ Կապիտալի հոսքերի աճը նպաստել է ակտիվների շուկայի մոդելի արդյունավետ բարձրացմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.