Տասնաբանյա կամ Դեկալոգ (հին հունարեն՝ δέκα λόγοι՝ տասնաբանյա), ըստ Աստվածաշունչ մատյանի՝ Մովսես մարգարեին տրված օրենքները շարադրված են Հնգամատյանում։ Մարգարեն այս օրենքները ստացել է Սինա լեռան վրա, Աստծո կողմից Աստծո ձեռքով գրած քարեղեն տախտակների վրա, որոնք պարունակում էին Տասը պատվիրաններ (Ելից գիրք 20, 2-17, Հին Կտակարան, Երկրորդ օրենք 5, 6-21)[1]։
Արագ փաստեր Տասնաբանյա, Տեսակ ...
Տասնաբանյա |
---|
|
Տեսակ | պատվիրան, պատմվածք, կրոնական գիրք և code of conduct? |
---|
Կազմված է | Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար, Քեզ համար ոչ մի կուռք մի կերտիր, Քո տէր Աստծո անունը զուր տեղը մի արտասանիր, Պահպանիր Շաբաթ օրվա Սուրբ խորհուրդը, Պատվիր քո հորն ու մորը, Մի սպանիր, Մի շնացիր, Մի գողացիր, Քո հարևանի դեմ սուտ վկայութիւն մի տուր, Ուրիշի ունեցածի վրա աչք մի դիր և Ես եմ քո Տեր Աստվածը |
---|
Մասն է | law of Moses?, Տորա և Հին Կտակարան |
---|
Հրատարակված է | Ելք 20 և Երկրորդ օրենք 5 |
---|
Ten Commandments Վիքիպահեստում |
Փակել
Մովսիսական օրենքներով նախատեսվում էր «ավետյաց երկիր» Հրեաստանում սուվերեն կրոնապետության հաստատումը՝ գերագույն գլխավոր քրմապետի գլխավորությամբ։ Նրան պարտավոր էին ենթարկվել, կտակարանի պատվիրանները պահպանել և կատարել հոգևոր ու աշխարհիկ ստորադաս իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը։ Զանցանքների համար նախատեսվում էին մարմնական և հոգևոր-եկեղեցական (աշխարհազրկում, բանադրանք, ապաշխարանք) պատիժներ։ Քրեական արդարադատության հիմքում դրվում էր նյութական տալիոնը։
Մովսիսական օրենքները կարգավորում էին նաև քաղաքացիական և ընտանեկան (սեփականատիրական իրավունք, ժառանգություն, կտակ, ամուսնություն, ամուսինների իրավունքներ և պարտավորություններ), հողային իրավահարաբերությունները, մանրամասնորեն՝ կրոնական ծիսակատարություններն ու ժամասացությունները։
Մովսիսական օրենքները կազմել են հին և միջնադարյան բազմաթիվ երկրների աշխարհիկ և եկեղեցական օրենսդրությունների հիմքը։ Որոշակի փոփոխություններով ու լրացումներով (մեղմացում, հարմարեցում) Մովսիսական օրենքները որպես աղբյուր օգտագործվել են հայ օրենսդրական հուշարձաններում (եկեղեցական կանոններ, «Կանոնագիրք Հայոց», «Կանոնական օրինադրություն», Մխիթար Գոշի Դատաստանագիրքը, Սմբատ Սպարապետի դատաստանագիրքը և այլն)։
«Ելք» գրքում
- Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։
- Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։ Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմություն եմ անում։
- Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։
- Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը, իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը՝ քո Աստծուն նվիրված օր։ Այդ օրը ոչ մի գործ չանես ո՛չ դու, ո՛չ էլ քո տղան ու դուստրը կամ քո ծառան ու քո աղախինը, քո եզն ու քո էշը և քո բոլոր անասունները, ինչպես նաև օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տերը՝ Աստված, վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար էլ Տերն օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հռչակեց։
- Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
- Մի՛ սպանիր։
- Մի՛ շնացիր։
- Մի՛ գողացիր։
- Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։
- Մի՛ ցանկացիր քո նմանի կնոջը, քո նմանի տանը կամ էլ նրա ագարակին աչք մի՛ դիր, ո՛չ էլ նրա ծառային կամ աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, կամ նրա այլ անասունին, ո՛չ էլ այն ամենին, ինչ քո նմանինն է[2]։
«Երկրորդ օրենք» գրքում
- Ես՝ Տերը, քո Աստվածն եմ, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ Իմ աչքի առջև օտար աստվածներ չունենաս։
- Քեզ համար կուռքեր չշինես ոչ մի արարածի կերպարանքով, որ կա վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի ներքին մասում՝ ջրերի մեջ։ Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։ Իսկ ինձ սիրողների ու իմ հրամանները կատարողների հազար սերունդների նկատմամբ ողորմածություն եմ անում։
- Տիրոջ՝ քո Աստծու անունը անիմաստ տեղը մի՛ արտասանիր, որովհետև Տերը՝ քո Աստվածը, չի արդարացնի նրան, ով իր անունը անիմաստ տեղն է օգտագործում։
- Շաբաթ օրը սո՛ւրբ պահիր, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը, իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։ Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից քեզ դուրս բերեց հզոր ձեռքով ու բարձր բազկով, որի համար Տերը՝ քո Աստվածը, քեզ պատվիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն։
- Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
- Մի՛ շնացիր։
- Մի՛ սպանիր։
- Մի՛ գողացիր։
- Քո մերձավորի մասին սուտ վկայություն մի՛ տուր։
- Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ դիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա որևէ անասունի, ո՛չ էլ որևէ այլ բանի վրա, ինչ քո մերձավորին է պատկանում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 42)։ |