հայ պատմաբան, հայագետ, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Տաճատ Մկրտչի Սահակյան (հուլիսի 8, 1916, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 1999, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, հայագետ, մանկավարժ։ Պրոֆեսոր, «Ժողովրդական կրթության գերազանցիկ»։ ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Տաճատ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1916 |
Ծննդավայր | Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 16, 1999 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940) |
Կոչում | պրոֆեսոր |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ և մանկավարժ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Տաճատ Սահակյանը ծնվել է 1916 թվականին, Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Անվանակոչվել է Նիկողայոս Ադոնցի կողմից՝ Ավարայրի ճակատամարտի նահատակ Տաճատ Գնթունու պատվին[1]։
Երկու տարեկանում զրկվել է հորից։ 1936 թվականին գերազանցությամբ ավարտել է Սիսիանի միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է և 1940 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[1]։ Վերադարձել է գյուղ և աշխատել այնտեղի միջնակարգ դպրոցում[2][3]։
1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ զինվորական ծառայության։ Կիևի զինվորական հատուկ օկրուգի 4-րդ հրետանային գունդը 1941 թվականի հունիսի 22-ին տեղակայվել էր Բրոդի քաղաքում, որը պատերազմի առաջին օրը ենթարկվել էր գերմանական զորքերի հարձակմանը։ Սահակյանը ծառայել է գնդում որպես քաղղեկի տեղակալ։ 1941 թվականի օգոստոսին գրոհներից մեկում վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո կրկին ծառայության է անցել Անդրկովկասյան զինվորական օկրուգում՝ սկզբում Թբիլիսիում, այնուհետև, 1942 թվականի փետրվարից՝ հայկական դիվիզիայի հրաձգային գնդում։ 1942 թվականին Սահակյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1942 թվականի սեպտեմբերին 408-րդ հայկական դիվիզիայում մասնակցել է Տուապսեի շրջանում մղվող մարտերին։ Տուապսե-Գոյթղ ուղղությունում և Օստրովսկու կիրճում կատաղի կռիվներից մեկում վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել։ Ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Արիության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով, «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[2]։
1943-1944 ուսումնական տարում Տաճատ Սահակյանը մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար և պատմության ու գերմաներենի ուսուցիչ։ 1944 թվականի սեպտեմբերին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան և աշխատել նույն ինստիտուտի հայ ժողովրդի պատմության ամբիոնում[2]։ 1949 թվականին նա պաշտպանել է «Սյունյաց թագավորությունը» թեմայով թեկնածուական թեզը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1956 թվականին արժանացել է դոցենտի կոչման[3]։ Նա 50 տարի շարունակ հայ ժողովրդի պատմության հատուկ դասընթաց է կարդացել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության և բանասիրական ֆակուլտետներում[4]։
1991 թվականի նոյեմբերի 29-ին Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայ ժողովրդի պատմության ամբիոնը, նկատի ունենալով Տաճատ Սահակյանի գիտամանկավարժական բազմամյա արգասավոր գործունեությունը, նրան ներկայացրել է պրոֆեսորի կոչման[5]։
Տաճատ Սահակյանը զբաղվել է հասարակական ակտիվ գործունեությամբ[2]։ Նա հանրապետության տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում կարդացել է գիտական զեկուցումներ, անցկացրել դասախոսություններ, պատմել հայագիտության նորագույն նվաճումների մասին[6]։
Տաճատ Սահակյանը վախճանվել է 1999 թվականի հունվարի 16-ին, Երևանում[4]։ Թաղված է հայրենի Բռնակոթ գյուղում։ Իր խնդրանքի համաձայն՝ շիրմաքարին փորագրված է Րաֆֆու հետևյալ բանաստեղծական տողը. «Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ…»[1]։
Տաճատ Սահակյանն ամուսնացած է եղել քիմիկոս, մանկավարժ Քնարիկ Սահակյանի (1922-2020) հետ։
Զավակներ.
Պատմաբան Տաճատ Սահակյանը մի շարք գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է.
Տաճատ Սահակյանի «Գյուղացիական ապստամբությունը Սյունիքում 10-րդ դարում» գիտական աշխատությունը 1964 թվականին ֆրանսերենով հրատարակվել է Փարիզում[7]։
2023 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի «Հուշատախտակների տեղադրման մասին» հ.587-Ա որոշման հիման վրա Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, 17 հասցեի շենքի պատին փակցվել է Տաճատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշաքար[9]։
Հուշաքարի հեղինակն է ճարտարապետ, ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ Աշոտ Սահակյանը («Հայհեղինակ» ՀԿ, թիվ 08/5830, 03․02․2022), քանդակագործը՝ Կամսար Վարդանյանը, քարագործ վարպետները՝ Նարեկ Վարդանյանը և Արթուր Վարդանյանը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.