Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վոլֆգանգ Էռնստ Պաուլի (գերմ.՝ Wolfgang Ernst Pauli, ապրիլի 25, 1900[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 15, 1958[4][1][2][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից, Պաուլիի սկզբունքը բացահայտողը։
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1945 թ․)։
Ծնվել է Վիեննայում։ Հայրը՝ բժիշկ և քիմիայի պրոֆեսոր Վոլֆգանգ Յոզեֆ Պաուլին (իսկական անունը՝ Վոլֆ Պասխելես, 1869-1955 թթ.), սերում էր Պրահայի հայտնի հրեական ընտանիքից՝ Պասխելես-Ուտիցներից, և ազգանունը փոխել ու կաթոլիկություն էր ընդունել ամուսնությունից ոչ շատ առաջ, 1898 թ․։ Մայրը՝ ֆելիետոնիստ Բերթա Կամիլա Պաուլին (ծնյալ Շյուտց, 1878-1927 թթ.) հայտնի հրեա գրականագետ Ֆրիդրիխ Շյուտցի (1844-1908 թթ.) աղջիկն էր։ Կրտսեր քույրը՝ Գերթա Պաուլին, նույնպես հայտնի գրականագետ դարձավ (1909-1973 թթ.)։ Երկրորդ անունը Վոլֆգանգը ստացել է կնքահոր՝ հայտնի ֆիզիկոս Էռնստ Մախի պատվին։
Պաուլին սովորել է Մյունխենյան համալսարանում՝ Առնոլդ Զոմմերֆելդի մոտ։ Զոմմերֆելդի խնդրանքով 20-ամյա Պաուլին այնտեղ «Ֆիզիկական հանրագիտարանի» համար ակնարկ է գրում հարաբերականության ընդհանուր տեսության վերաբերյալ։ Այդ մենագրությունը մինչև հիմա դասական է համարվում։ Դասավանդել է Գյոթինգենում, Կոպենհագենում, Համբուրգում, Փրինսթոնի համալսարանում (ԱՄՆ), Ցյուրիխի բարձրագույն էլեկտրատեխնիկական դպրոցում (Շվեյցարիա)։ Պաուլիի անվան հետ է կապված քվանտային մեխանիկայի այնպիսի հիմնարար հասկացություն, ինչպիսին է տարրական մասնիկի սպինը։ Կանխատեսել է նեյտրինոյի գոյությունը և ձևակերպել «արգելման սկզբունքը»՝ Պաուլիի սկզբունքը, ինչի համար 1945 թ․ ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը։ 1958 թ․ պարգևատրվել է Մաքս Պլանկի անվան մեդալով։ Մահացել է քաղցկեղից, Ցյուրիխում։
Պաուլին էական ներդրում ունի ժամանակակից ֆիզիկայում, հատկապես քվանտային մեխանիկայի բնագավառում։ Իր աշխատանքները հազվադեպ է հրապարակել՝ գերադասելով ինտենսիվ նամակագրությունը կոլեգաների, հատկապես Նիլս Բորի և Վերներ Հայզենբերգի մտերիմ ընկերների հետ։ Այդ պատճառով Պաուլիի շատ գաղափարներ կգտնեք միայն նամակներում, որոնք հաճախ ձեռքից ձեռք էին փոխանցվում և պատճենվում։ Դատելով ամեն ինչից, Պաուլին չէր մտահոգում այն հանգամանքը, որ չհրապարակվելու պատճառով նրա աշխատանքների մեծ մասը գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը։ Այնուհանդերձ, որոշ փաստեր հայտնի են դառնում․
Պաուլին ֆիզիկայում հայտնի է որպես պերֆեկցիոնիստ։ Չսահմանափակվելով միայն իր աշխատանքներով՝ նա անխնա քննադատում էր նաև կոլեգաների սխալները։ Պաուլին դարձավ «ֆիզիկայի խիղճը», հաճախ աշխատանքները բնութագրում էր «ընդհանրապես սխալ», կամ տալիս այսպիսի բնորոշումներ՝ «սա ոչ թե պարզապես անճիշտ է, այլ նույնիսկ սխալ էլ չէ»։ Կոլեգաները կատակում էին՝ ասելով․ «Մահից հետո Պաուլին Աստծո մոտ ընդունելության է արժանանում։ Նա հարցնում է Աստծուն, թե ինչու է նուրբ կառուցվածքի հաստատունը հավասար 1/137։ Աստված գլխով է անում, մոտենում գրատախտակին և սկսում է սարսափելի արագությամբ հավասարումներ գրել։ Պաուլին գոհունակությամբ դիտում է, սակայն շուտով սկսում է ժխտականորեն ցնցել գլուխը»։
Մի այլ անեկդոտ պատմում է, որ երբ Հայզենբերգը Պաուլիին ներկայացնում է իր նոր տեսությունը, որպես պատասխան մի նամակ է ստանում, որտեղ քառակուսի էր նկարված և նշված էր «Ես կարող եմ նկարել Տիցիանի պես»։ Ներքևում մանր տառերով գրված էր․ «Միայն որոշ մանրամասներ չկան»։
Պաուլին նաև հռչակված էր նրանով, որ իր ներկայությամբ փորձնական սարքավորումը դադարում էր գործել կամ նույնիսկ խափանվում էր։ Այս երևույթը հայտնի է «Պաուլիի էֆեկտ» անունով։
Պատմում են, որ մի անգամ ֆիզիկայի դասաժամին Պաուլիի ուսուցիչը գրատախտակին սխալ է թույլ տալիս, որը երկար ժամանակ չի կարողանում գտնել։ Վերջապես, հուսահատված, ի մեծ ուրախություն աշակերտների, նա ասում է․ «Պաուլի, ասեք վերջապես, թե ինչ սխալ եմ արել։ Դուք հավանաբար վաղուց գտել եք այն»։
Պաուլիի դասընկերը Վիեննայի ֆեդերալ գիմնազիայում եղել է Ռիխարդ Կունը՝ 1938 թ․ քիմիայի նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրը։
Պաուլիի գործունեության պակաս հայտնի ոլորտ է համագործակցությունը Կարլ Յունգի հետ, ինչը սկսել է ուսումնասիրվել վերջերս՝ 1990 թ․-ից։ Նրանց նամակագրությունից, որը կապել է երկու գիտնականներին 1932-1958 թթ․, պարզ է դառնում, սինքրոնայնության, արքետիպերի և կոլեկտիվ անգիտակցականի հասկացությունների ձևավորման մեջ Պաուլին էական կշիռ է ունեցել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.