Վարդենուտ
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Վարդենուտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավային լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մետր։ Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։
Վարդենուտ | ||
Երկիր | Հայաստան | |
---|---|---|
Մարզ | Արագածոտնի | |
Գյուղ | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
ԲԾՄ | 1900 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային, չոր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 895[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +(374)232 | |
|
Վաչուտյանների անկումից հետո, երկրամասի անընդմեջ ավարառումներից բնակավայրը պարբերաբար ավերվել ու վերաշինվել է, բայց ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը, որը 1604 թվականին ամբողջ Արարատյան դաշտի հետ հայերից ժամանակավորապես դատարկել է նաև Նիգ-Ապարանը։ Նաև դրա հետևանքով Վարդենիսը այդ ժամանակ մի քանի դարով կորցրել է իր պատմական անունը, իսկ 1930-ական թվականներին վերանվանվել է Վարդենուտ /նույն շրջանի մեկ այլ գյուղի այդ ժամանակ տրվել է այս գյուղի պատմական Վարդենիս անունը/։
Գյուղը գտնվում է Ապարանից 9 կիլոմետր հարավ։ Արևելքից գյուղի սահմանները սկսվում են Արագած սարի գագաթատակից և ուղիղ իջնում է Արագած և Շենավան գյուղերի հողերին զուգահեռ, հասնում Ապարան-Երևան մայրուղուն և ճանապարհին զուգահեռ առաջանում դեպի Ափնագյուղ, ապա հարավից հյուսիս անցնելով Արա (գյուղ)ի կողքով ձգվում է մինչև Արագած սարի գագաթատակը։ Գյուղի միջով այն երկու մասի բաժանելով հոսել է Գեղարոտ գետակը։ Այդ գետակի ջրերով էլ ջրվել են գյուղի թե դաշտերը, թե բանջարանոցները։ Ցավոք 1980-ական թվականներին գետակի հունը փոխելով՝ ջրերը տարվել են դեպի արևելք՝ դեպի Ապարանի ջրամբար։ Գետակի պատմական հունը ներկայումս ծառայում է գարնան ձնհալի ջրահեռացման համար։ Գյուղի միջով է անցնում Ապարան-Երևան մայրուղու Քուչակ գյուղից սկսվող Քուչակ-Ծաղկաշեն-Արագած (Ապարանի տարածաշրջան)-Վարդենուտ-Արա (գյուղ) ավտոճանապարհը, որը Ափնագյուղի մոտ կրկին միանում է Ապարան-Երևան մայրուղուն։
Կլիման զով է, ամառանոցային։
Վարդենուտի բնակչության մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի տարբեր շրջաններից և Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի ու Մուշի գյուղերից։ Վարդենուտի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային, բանջարանոցային կուլտուրաների, պտղատու ծառերի մշակությամբ։ Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, հեռախոսակայան։
Գյուղի 100-ից ավելի որդիներ 1918 թվականի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 168 ափնեցիներ։ Նրանցից 110-ը զոհվել են։ Արցախյան ազատամարտին մասնակցել են մեկ տասնյակից ավելի վարդենուտցիներ։ Նրանցից 3-ը զոհվել են։ Մասնակիցներից երեքը արժանացել են ՀՀ "Արիության" և մեկը՝ "Մարտական ծառայության" մեդալների։ Գյուղի կենտրոնում կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված վարդենուտցիների հուշարձան կոթողը։
Խաչաղբյուր։ 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սուրբ Մեռկեռիոս։ Գյուղից մոտ 1, 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների դամբարաններ։ Դամբարանադաշտի հարևանությամբ պահպանվել են երեք կողմից դժվարամատչելի բարձրության գլխամասային հատվածի մոտ 0, 5 հեկտար տարածություն ընդգրկող բերդ-ամրոցի ավերակները։ Պարիսպները շարված են տեղական անմշակ քարերով, կիկլոպյան եղանակով, պատերի դրսի և ներսի կողմերում շարվածքն արվել է մեծ քարերով, իսկ ներսում լցվել են ավելի փոքր քարեր՝ առանց շաղախի։ Գլխամասում պարիսպն ունի ուղղանկյան ձև։ Բարձունքի հարավային և արևելյան լանջերը, որոնք ավելի քիչ են թեք և գրոհի համար հարմար են, ստորոտում ամրացված են կրկնակ պարիսպով։ Խաչաղբյուրի բնակավայրում կյանքը երկար ժամանակ հարատևել է։ Ամենայն հավանականությամբ, Հայոց Արտաշեսյան թագավորների օրոք այստեղով է անցել Արտաշատ-Վրաստան առևտրատնտեսական կարևոր ճանապարհներից մեկը։ Հենց դրանով պետք է բացատրել այստեղից 1979 թվականին, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ գտնված մ.թ.ա. 1-ին դարի դրամական գանձը։ Գյուղի բնակիչ Անդրանիկ Թորոսյանը 1984 թվականին Տիգրան Պետրոսյանցին է հանձնել այդ դրամներից մեկ օրինակ։ Դրամը կտրվել է մ.թ.ա. 90-80-ական թվականներին, պարթևական Գոտազ թագավորի կողմից և շատ լավ պահպանվել է։ Անդրանիկ Թորոսյանի հաղորդման համաձայն, դրամների թիվն անցել է 30-ից, ցավոք, դրանցից առկա է միայն Գոտազինը։ Միջնադարում ևս այս բնակավայրը բարգավաճել է։ Այդ են ապացուցում աղբյուրի ձախ կողմում պահպանված միջնադարյան եկեղեցու հիմքերի ավերակները, աջ կողմի բարձունքներին գտնվող գերեզմանոցը, որտեղ պահպանվել են 12-14-րդ դարերի տապանաքարեր, խաչքարերի պատվանդաններ, փշրված խաչքարերի բեկորներ։ Ցավոք, 1986 թվականին մելիորացիոն աշխատանքների ժամանակ զգալի վնաս է հասցվել բնակավայրին։ Գյուղի արևմտյան կողմում 13-րդ դարի առաջին կեսին կառուցվել է ամրոց։ Այն ունի քառակուսի հատակագիծ՝ անկյուններում կլոր աշտարակներով։ Կառուցված է տեղական որձաքարի մշակված քարերով։ Կենտրոնում երկու հզոր սյուները կրել են երկրորդ հարկը։ Դղյակի կանգուն պատերը տեսել ու նկարագրել է Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը։ Գյուղացիները դղյակը ավերել են ու քարերն օգտագործել շինարարական նպատակներով։ Տապանաքար են դարձրել դղյակի մշակված շարաքարերը, շքամուտքի ձևավոր քարերը, անգամ բարավորները։ Շինարարության համար օգտագործվել են հզոր բերդապարիսպները։ Պահպանվել են այդ պարսպի հյուսիսարևելյան անկյունային հատվածի մի մասն ու այդտեղ եղած հզոր բուրգի հիմնային մասերը։
Գյուղում է ծնվել արցախյան պատերազմի մասնակից մայոր՝ Նվեր Կնյազյանը, պետական ծառայող Գագիկ Արշակյանը։ Գյուղից են սերում Արցախյան ազատամարտի մասնակիցներ Գրիգոր Հմայակյանը, Սամվել Հարությունյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու Արամ Գյուրջյանը, դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը։
Համայնքի ղեկավար՝ Կամո Սահակյան
Ավագանու անդամների ցուցակ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.