Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սյունիքի բարձրավանդակ (կոչվել է նաև Արևելյան Ղարաբաղի բարձրավանդակ, Ղարաբաղի բարձրավանդակ անուններով), լեռնային ընդարձակ տարածք Հայկական լեռնաշխարհում՝ Զանգեզուրի ու Արցախի լեռնաշղթաների միջև։ Իրենից ներկայացնում է բլրաթմբային սարահարթ է, որի միջին բարձրությունը՝ 2800-3200 մ, առավելագույնը՝ 3594 մ (Թրասար)։ Կազմված է կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածքային ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենի լավաների հզոր շերտով[1]։
Սյունիքի բարձրավանդակ | |
---|---|
Տեսակ | բարձրավանդակ |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
ԲԾՄ | 3118 մետր |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Սյունիքի բարձրավանդակը տարածվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ (հյուսիսում)։ Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները, կենտրոնական մասում են Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասար (3550 մ) հրաբխային զանգվածները։ Շատ են քարացրոնները, կան հնագույն սառցապատման հետքեր, փոքր ու փակ գոգավորություններ։ Վերջիններից շատերը վերածվել են լճերի՝ Մեծ Փորակ, Փոքր Փորակ, Ալ, Սև և այլն[2]։
Սյունիքի բարձրավանդակում հյուսիսից-արևելքում կարճ, բարձրադիր ու ծալքաբեկորավոր լեռնաճյուղերով միանում է Արցախի լեռնաշղթային։ Հարավ-արևմուտքում ու հարավում լանջերը զառիթափ իջնում են դեպի Սիսիանի, Եռաբլրի, Գորիսի, Հագարիի լավային սարավանդները։ Կան բազալտի, անդեզիտաբազալտի, վանակատի, պեռլիտի, խարամի հանքավայրեր։ Սյունիքի բարձրավանդակից սկիզբ են առնում Որոտան, Արփա, Հագարի, Թարթառ գետերը։
Լավ է արտահայտված կլիմայի ու հողաբուսական ծածկույթի վերընթաց գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում -2 °C է, բարձրադիրում՝ -14 °C, հուլիսինը համապատասխանաբար՝ 20 °C և 12 °C, տարեկան տեղումները՝ 400-800 մմ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է։ Գետահովիտներում կան անտառապուրակներ, Իշխանասար, Ծղուկ, Ծիծեռնակաքար, Արփաթափա, Բագենք լեռնազանգվածներում՝ լեռնատունդրային կղզյակներ։ Տափաստանային գոտում զբաղվում են հացահատիկի, բանջարեղենի, ծխախոտի մշակությամբ։ Լեռնամարգագետնային գոտում փարթամ արոտավայրեր են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.