Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսական իշխանություններ (XII—XVI դդ), պետական կազմավորումներ ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի և Լեհաստանի, ինչպես նաև Ռումինիայի և Լատվիայի տարածքներում (ծայրամասային երկրները), որոնց գլուխ կանգնած են եղել Ռյուրիկովիչների և Գեդիմինովիչների դինաստիաները։ Կազմավորվել են Հին Ռուսիայի՝ առանձին իշխանությունների բաժանվելու արդյունքում։ Ռուսական առանձին իշխանությունների գոյության ժամանակամիջոցը երբեմն կոչում են Ուդելային Ռուսիա տերմինով։ Մարքսիստական տեսության շրջանակներում այն նկարագրվում է որպես ավատատիրական մասնատվածություն։
Ռուսական իշխանություններ | |
---|---|
Կարգավիճակ | պատմական ժամանակաշրջան |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Ռյուրիկը և նրանց ժառանգությունը 862—1350 |
Հին ռուսական պետությունը՝ Կիևյան Ռուսիան, սկզբնապես բաղկացած է եղել ցեղային իշխանություններից, բայց Ռյուրիկովիչների կողմից տեղական ազնվականներին դուրս մղելու պատճառով սկսեցին ի հայտ գալ առանձին իշխանություններ, որոնց գլուխ կանգնած էին իշխող դինաստիայի կրտսեր ճյուղի ներկայացուցիչները։ Պետության մասնատման սկիզբ, որպես այդպիսին, ընդունված է համարել Յարոսլավ Իմաստունի կողմից Ռուսիայի բաժանումը իր որդիների միջև (1054 թվական)։ Հաջորդ կարևոր շրջափուլը եղել է իշխանների Լյուբեչյան համագումարի որոշումը՝ «յուրաքանչյուրը թող պահպանի իր հայրենական տունը» (1097), բայց Վլադիմիր Մոնոմախը և իր ավագ որդին ու ժառանգորդ Մստիսլավ Մեծը զավթումների և դինաստիական ամուսնությունների միջոցով կարողացան վերադարձնել կիևահպատակ բոլոր իշխանությունները։
Մստիսլավի մահը (1132 թվական) ընդունված է համարել քաղաքական մասնատվածության ժամանակաշրջանի սկիզբ (խորհրդային մարքսիստական պատմագրության մեջ՝ ավատատիրական մասնատվածության), սակայն Կիևյան պետությունը դեռևս մի քանի տասնամյակներ շարունակում էր մնալ ոչ միայն որպես ֆորմալ կենտրոն, այլ նաև հզոր իշխանություն, որի ազդեցությունը ծայրամասերի վրա չէր անհետացել, միայն թուլացել էր՝ համեմատած XII դարի առաջին քառորդի հետ։ Կիևյան իշխանը մինչև դարի կեսերը շարունակում էր տնօրինել Տուրովյան, Պերեյասլավյան և Վլադիմիրո-Վոլինյան իշխանությունները և Ռուսիայի յուրաքանչյուր շրջանում ունեցել է թե հակառակորդներ, թե կողմնակիցներ։ Կիևից առանձնացել են Չեռնիգովո-Սևերյան, Սմոլենսկյան, Ռոստով-Սուզդալյան, Մուրոմո-Ռյազանյան, Պերեմիշլյան և Տերեբովլյան իշխանությունները և Նովգորոդյան երկիրը։ Պատմիչները սկսել են իշխանությունները կոչել այն երկրների անուններով, որոնցով նախկինում անվանվել է Ռուսիան՝ ամբողջության մեջ («Ռուսական հող») կամ այլ երկրներ («Հունական հող»)։ Երկրները միջազգային հարաբերություններում հանդես էին գալիս որպես ինքնուրույն սուբյեկտներ և, առանձին բացառություններով, ղեկավարվում էին Ռյուրիկովիչների դինաստիայի կողմից. Կիևյան իշխանությունը և Նովգորոդյան Երկիրը չունեին սեփական դինաստիաներ և այլ երկրների իշխանների միջև պայքարի օբյեկտ էին դարձել (դրանով հանդերձ Նովգորոդում իշխանի իրավունքները խիստ սահմանափակ էին՝ հօգուտ տեղի բոյարական արիստոկրատիայի), իսկ Ռոման Մստիսլավիչի մահից հետո Գալիցո-Վոլինյան իշխանության համար 40 տարի շարունակ պատերազմ է մղվել հարավռուսական բոլոր իշխանների միջև, որն ավարտվել է Դանիել Ռոնանովիչ Վոլիսկու հաղթանակով։ Միևնույն ժամանակ պահպանվել են իշխանական ընտանիքի միասնությունը և եկեղեցական միասնությունը, ինչպես նաև Կիևի՝ որպես ռուսական ֆորմալ ամենագլխավոր մայրաքաղաքի և Կիևյան Երկրի ՝որպես բոլոր իշխանների ընդհանուր սեփականություն, մասին պատկերացումները։ Մոնղոլական ներխուժումներ սկզբին (1237 թվական) իշխանությունների ընդհանուր թիվը, ներառյալ ուդելները, հասել էին 50-ի։
Համընթաց շարունակվում էր նոր ուդելների ձևավորման գործընթացը (14-րդ դարում իշխանությունների ընդհանուր թիվը հասել էր 250-ի), բայց XIV—XV դարերում թափ հավաքեց նաև հակառակ գործընթացը, որի արդյունքը եղավ երկու վիթխարի ՝ Մոսկվայի և Լիտվական Մեծ իշխանությունների միավորումը ռուսական հողերի շուրջ։
Հաջորդիվ ներկայացվում է այն ութ իշխանությունների (ներառյալ Նովգորոդյան հանրապետության) համառոտ պատմությունը, որոնք, որպես կանոն, հետազոտողների կողմից առանձնացվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ չի լինում դիտարկել վերը նշված ռուսական բոլոր իշխանությունները, որոնք առաջացել են Հին Ռուսիայի անկման հետևանքով։ Որպես կանոն, ստորև թվարկվող իշխանությունները առանձնանում են զբաղեցրած բացառիկ մեծ տարածքով, քաղաքական և տնտեսական հզորությամբ, իսկ տարբեր ժամանակներում այստեղ իշխողները՝ համառուսական մասշտաբի ամբիցիաներով։ Տես նաև՝ XII-XV դարերի ռուսական իշխանությունների լրից ցանկը։
Նովգորոդը կիևյան իշխանների տիրապետությունից դուրս եկավ 1136 թվականին։ Ի տարբերություն ռուսական այլ երկրների, Նովգորոդյան երկիրը դարձավ ֆեոդալական հանրապետություն, որի գլուխ ոչ թե իշխանն էր կանգնած, այլ՝ մարզպետը (պոսադնիկ)։ Մարզպետը և տանուտերը ընտրվում էին վեչեի կողմից, այն դեպքում, երբ ռուսական մնացած երկրներում մարզպետին նշանակում էր իշխանը։ Նովգորոդցիները ռուսական մի քանի իշխանությունների հետ դաշինք ունեին ՝իրենց ինքնուրույնությունը մյուսներից պաշտպանելու, իսկ XIII դարի սկզբից ի վեր ՝ նաև արտաքին թշնամիների՝ Լիտվայի, մերձբալթիկայում հիմնավորված կաթոլիկ միաբանությունների դեմ պայքարելու համար։
1333 թվականից Նովգորոդ առաջին անգամ իշխելու հրավիրվեցին լիտվական իշխանական տան ներկայացուցիչները։ 1449 թվականին Մոսկվայի հետ դաշինքի համաձայն լեհական արքա և Լիտվայի մեծ իշխան Կազիմիր IV-ը հրաժարվեց Նովգորդի հանդեպ իր հավակնություններից, 1456 թվականին Վասիլի II Չարը Նովգորոդի հետ կնքեց անիրավահավասար Յաժելբիցիյան հաշտության պայմանագիրը, իսկ 1478 թվականին Իվան III-ը Նովգորոդը լրիվությամբ միացրեց իր տիրույթներին՝ լուծարելով վեչեն[1]։ 1494 թվականին Նովգորոդում փակվեց հանզայան առևտրի տունը[2]։
Մինչև XIII դարի տարեգրություններում սովորաբար անվանվել է «Սուզդալյան երկիր», XIII դարի վերջերից՝ «Վլադիմիրյան Մեծ իշխանություն»։ Պատմագրության մեջ հիշատակվում է «Հյուսիս-արևելյան Ռուսիա» տերմինով։
Այն բանից հետո, երբ Ռոստով-սուզդալյան իշխան Յուրի Դոլգոռուկին երկարատև պայքարի արդյունքում հաստատվեց կիևյան իշխանությունում, նրա որդին Անդրեյ Բոգոլյուբսկին մեկնեց հյուսիս՝ Վիշգորոդից իր հետ վերցնելով Աստվածամոր սրբապատկերը (1155 թվական)։ Անդրեյը Ռոստով-Սուզդալյան իշխանության մայրաքաղաքը տեղափոխեց Վլադիմիր և դարձավ առաջին Վլադիմիրի Մեծ իշխանը։ 1169 թվականին նա կազմակերպեց Կիևի գրավումը և, ըստ ռուս պատմաբան Վ. Օ. Կլյուչևսկու, «ավագությունը բաժանեց պաշտոններից»՝ կիևյան իշխանի գահին նստեցնելով իր կրտսեր եղբորը, ինքն էլ մնաց իշխելու Վլադիմիրում։ Ամրապնդվելով Կիրյան երկրում՝ սմոլենսկյան Ռոստիսլավիչները կարողացան դիմադրել Անդրեյի՝ իրենց տիրույթները գրավելու փորձերին (1173 թվական)։ Անդրեյ Բոգոլյուբսկու մահից հետո իշխանության համար մղվող պայքարում հաղթող դուրս եկավ նրա կրտսեր եղբայր Վսեվոլոդ Մեծ Բույնը, ում ընդդեմ հին ռոստով-սուզդալյան բոյարության դրածոների սատարում էին իշխանության հարավարևմտյան տարածքների բնակիչները («խոլոպ-որմնադիրներ»)։ 119-ական թվականների վերջերին նրան հաջողվեց մնացյալ բոլոր, բացառությամբ՝ չեռնիգովյան և լեհական, իշխանների հանդեպ ճանաչել տալ իր ավագությունը։ 1211 թվականին, իր մահից քիչ առաջ, գահաժառանգման հարց բարձրացավ. Վսեվոլոդի ավագ որդի Կոստանտինը (ամուսնացած էր սմոլենսկյան իշխանադստեր հետ) պահանջեց իրեն տալ երկու խոշոր քաղաքները՝ Վլադիմիրը և Ռոստովը, իսկ Յուրիին՝ Սուզդալը։ Այդժամ, Վսեվոլոդը տարբեր սոցիալակն խավերի ներկայացուցիչների համագումար հրավիրեց գահաժառանգման հարցի քննարկման համար, որտեղ հաստատվեց Վսեվոլոդի՝ Կոստանտինին, ի օգուտ Յուրիի, գահից զրկելու որոշումը. Յուրին իշխեց Վլադիմիրում, իսկ Կոնստանտինը՝ Ռոստովում։ Սա նրանց միջև պատերազմի (1212—1216) պատճառ դարձավ Վսեվոլոդի մահից հետո։
1154 թվականից վլադիմիրյան իշխանների տիրապետության ներքո էր գտնվում Պերեյասլավյան իշխանությունը (բացառությամբ 1206-1213 թվականների կարճ ժամանակամիջոցի)[3]։
Վլադիմիրյան իշխանները Նովգորոդյան հանրապետության անկախությունը օգտագործում էին գյուղատնտեսական Օպոլյեից Տորժոկով պարենամթերք հայթայթելու համար, որպեսզի իրենց իշխանությունը տարածեին նաև նրա վրա։ Միաժամանակ, Վլադիմիրյան իշխանները իրենց ռազմական հնարավորութունները օգտագործում էին Նովգորոդին հարավից սպառնացող վտանգի դեմ պաշտպանական նպատակով, և 1231 և 1333 թվականներից անփոփոխ իշխել են Նովգորդում։ Ինչպես վերը նշվեց, 1333 թվականին Նովգորդը առաջին անգամ իշխելու հրավիրեց լիտվական իշխանական տան ներկայացուցչին։
1237-1238 թվականներին Վլադիմրյան իշխանությունը ենթարկվեց մոնղոլական ավերածությունների։ 1243 թվականին Բաթու խանը կանչեց վլադիմիրյան իշխան Յարոսլավ Վսեվոլոդովիչին և ճանաչեց Ռուսիայի ավագագույն իշխան։ 1250-ական թվականների վերջին մարդահամար անցկացվեց և սկսվեց իշխանության պարբերաբար շահագործումը մոնղոլների կողմից։ Նրա որդու՝ Ալեքսանդր Նևսկու մահից (1263 թվական) հետո Վլադիմիրը դադարեց մեծ իշխանների նստավայրը լինելուց։ XIII դարի ողջ ընթացքում նրա տարածքում կազմավորվեցին ուդելային
իշխանություններ՝ իրենց սեփական իշխանական տոհմերով՝ Բելոզերյան, Գալիցո-Դմիտրովյան, Գորոդեցկյան, Կոստրոմյան, Մոսկովյան, Պերեյասլավյան, Ռոստովյան, Ստարոդուբյան, Սուզդալյան, Տվերյան, Ուգլիցկյան, Յուրևյան, Յարոսլավյան (ընդհանուր՝ մոտ 13 իշխանություններ), ընդ որում՝ XIV դարում Տվերյան, Մոսկովյան և Նիժեգորոդյան-սուզդալյան իշխանները տիտղոսավորվեցին որպես «մեծ»[4]։
Ըստ էության, Վլադիմիրյան մեծ իշխանությունը, ներառելով Վլադիմիր քաղաքը և Սուզդալյան Օպոլյեի շրջանի ընդարձակ տարածությունը և Հորդայի համար ողջ Հյուսիս-Արևելյան Ռուսիայի իշխանություններից, բացի մեծերից, տուրք հավաքելու իրավունք ունենալով, իշխաններից մեկի օրոք Հորդայի խանի կողմից յառլիկի արժանացավ:1331 թվականից վլադիմիրյան իշխանությունը ամրակցվեց մոսկովյան իշխանական տանը, 1389 թվականից հիշատակվել է մոսկովյան իշխանների կտակների մեջ՝ որպես Մոսկովյան տիրույթի մաս։ 1428 թվականին Վլադիմիրյան իշխանությունը վերջնականապես միաձուլվեց Մոսկովյանին։
1299 թվականին համայն Ռուսիո մետրոպոլիտը Կիևից տեղափոխվեց Վլադիմիր, իսկ 1327 թվականին՝ Մոսկվա։
Մստիսլավ Մեծի մահվանը (1132 թվական) հաջորդեց նրա կրտսեր եղբայրների և որդիների միջև ծայր առած բացահայտ պայքարը, ինչի շնորհիվ չեռնիգովյան Օլեգովիչները կարողացան ոչ միայն վերականգնել նախորդող ժամանակաշրջանում կորցրած իրենց դիրքերը, այլ նաև պայքար ծավալել նաև Կիևի համար։ XII դարի կեսերին տեղի ունեցան երկու խոշոր քաղաքացիական պատերազմներ (1146—1154 և 1158—1161), որի արդյունքում Կիևը կորցրեց Տուրովյան, Պերեյասլավյան և Վլադիմիրո-Վոլինյան իշխանությունների վրա իր անմիջական վերահսկողությունը։
Ինքը՝ Կիևյան երկիրը ևս մասնատվեց։ Մստիսլավ Իզյասլավիչի (1167—1169)՝ կառավարումն իր ձեռքում կենտրոնացնելու փորձը զայրացրեց ուդելային իշխաններին, ինչն էլ թույլ տվեց Անդրեյ Բոգոլյուբսկուն ստեղծել մի միություն, որի կողմից Կիևը, առաջին անգամ պատմության մեջ, ջախջախվեց քաղաքացիական կռիվների (1169) ժամանակ. այդ ընթացքում Անդրեյ Բոգոլյուբսկին, իր ազդեցությունը ամրապնդելով հարավում, շարունակեց զբաղեցնել վլադիմիրյան իշխանի գահը։
1181-1194 թվականներին Կիևում գործում էր երկապետություն՝ չեռնիգովյան և սմոլենսկյան իշխանական տների գլխավորությամբ։ Այդ ժամանակահատվածը նշանավորվել է Կիևում իշխելու համար պայքարի բացակայությամբ և ռուս-պոլովիցյան (ղփչաղներ) հակամարտությունում գրանցված հաջողություններով։
1201 թվականին Կիևյան երկրի հանդեպ իր իրավունքները ներկայացրեց Գալիցո-Վոլինյան իշխանության իշխան Ռոման Մստիսլավիչը։ Ռյուրիկ Մստիսլավիչի և նրա դաշնակիցների դեմ պայքարի արդյունքում Կիևը երկրորդ անգամ պարտություն կրեց։ Միաժամանակ, ընդհուպ մինչև Վսեվոլոդ Մեծ Բույնի մահը (1212) հարավռուսական իրականության վրա իրենց ազդեցությունը պահպանել են նաև վլադիմիրյան իշխանները[5]։
Կիևը շարունակում էր պայքարի կենտրոն լինել։ Չնայած փաստացի անկախությանը՝ մյուս իշխանությունները (Գալիցյան, Վոլինյան, Տուրովի, Սմոլենսկի, Չեռնիգովի, Սեվերյան, Պերեյասլավյան) զինուժեր էին ուղարկում կիևյան զորքահավաքի ժամանակ։ Այսպիսի վերջին զորահավաքն իրականացվել է 1223 թվականին պոլովցիների խնդրանքով՝ ընդդեմ նոր ընդհանուր թշնամու՝ մոնղոլների։ Սակայն Կալկայի ճակատամարտում դաշնակիցները պարտվեցին. կիևյան իշխան Մստիսլավ Ծերը իր 10 հազար զինվորների հետ զոհվեց, մոնղոլները հաղթանակից հետո ներխուժեցին Ռուսաստան, թեև չհասան Կիևին, ինչը նրանց արշավանքի նպատակներից մեկն էր։
1240 թվականին Կիևը այնուամենայնիվ զավթվեց մոնղոլների կողմից։ 1243 թվականին Բաթուն ավերված Կիևը հանձնեց «Ռուսական ցեղերի մեջ բոլոր իշխանների մեջ ամենահին» վլադիմիրյան իշխան Յարոսլավ Վսեվոլոդովիչին[6]։ Յարոսլավի մահից հետո Կիևն անցավ նրա որդուն՝ Ալեքսանդր Նևսկուն։ Սա տարեգրությունների մեջ Կիևի մասին, որպես Ռուսիայի կենտրոն, վերջին հիշատակությունն է Նոգայ ուլուսի անկումից (1300) հետո Դնեպրի ձախափնյա հսկայական տարածքները մտան Կիևյան երկրի կազմի մեջ[7], ներառյալ՝ Պերեյասլավլը և Պոսեմյեն, իշխանությունում ամրապնդվեց պուտիվլյան դինաստիան (Սվյատոսլավ Օլեգովիչի ժառանգները)։
Մոտ 1320 թվականին Կիևյան իշխանությունը հայտնվեց Լիտվական Մեծ իշխանության ազդեցության ներքո, և թեպետ պահպանեց իր ամբողջականությունը, այդ ժամանակից ի վեր այստեղ իշխում էին լիտվական դինաստիայի ներկայացուցիչները[8]։
Յարոսլավիչների միջև Ռուսիայի բաժանումից հետո (1054) երկրի ողջ հարավ-արևմուտքը հայտնվեց Իզյասլավ Յարոսլավիչի ժառանգների իշխանության տակ։ 1086 թվականին ամենաավագ Յարոսլավիչի՝ Վլադիմիրի ժառանգները Պերեմիշլը և Տերեբովլը դուրս բերեցին վոլինյան իշխանների ազդեցության ոլորտից և 1140 թվականին այս երկրները միավորեցին որպես Գալիցյան իշխանություն։ Վոլինը XII դարի սկզբին հայտնվեց Վլադիմիր Մոնոմախի ժառանգների ավագ ճյուղի իշխանության տակ։ Սրա ներկայացուցիչները, վայելելով կիևցիների համակրանքը, ակտիվորեն պայքարում էին պոլովցիների դեմ՝ հանուն Կիևյան իշխանության, ընդդեմ սուզդալյան իշխանների։
Գալիցյան դինաստիայի առաջին ընդհատումից հետո գալիցյան գահին տիրեց Ռոման Մստիսլավիչ Վոլինսկին՝ դրանով միավորելով և իր ձեռքում կենտրոնացնելով երկու իշխանությունները։ 1201 թվականին կիևյան բոյարները նրան հրավիրեցին Մեծ իշխանություն, Կիևում իշխելու թողեց իր կրտսեր ազգական Ինգվար Յարոսլավիչին՝ Կիևը դարձնելով իր տիրույթների ֆորպոստը (ամրակետը) արևելքում։
Ռոման Մստիսլավիչը խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ իր մոտ ապաստանել է խաչակիրների կողմից արտաքսված բյուզանդական կայսր Ալեքսեյ III Հրեշտակին։ 1204 թվականին նա Հռոմի Ինոկենտիոս III պապից արքայական թագի առաջարկ է ստացել, բայց չի ընդունել։ Ըստ «ռուս առաջին պատմաբան» Վ. Ն. Տատիշչևի՝ Ռոման Մստիսլավիչը եղել է
ռուսական բոլոր հողերի քաղաքական համակարգման նախագծի հեղինակը։ Այս նախագծի համաձայն Կիևյան Մեծ իշխանը պետք է ընտրվեր վեց իշխանների՝ վլադիմիրյան (Վլադիմիր-Վոլինյան), չեռնիգովյան, գալիցյան, սմոլենսկյան, պոլոցկյան և ռյազանյան, կողմից։ Այս մասին այսպես է գրված հենց Ռոման Մստիսլավիչի նամակներ ցուցակում՝
: Նրանց իշխանությունը պետք է փոխանցվեր ժառանգաբար ավագ որդուն։ Տարեգրությունների մեջ Ռոման Մստիսլավիչը անվանվել է «ողջ Ռուսիայի ինքնակալ միապետ»։
1205 թվականին Ռոման Մստիսլավիչի մահից հետո երկարատև պայքար սկսվեց իշխանության համար, որից հաղթանակած դուրս եկավ նրա ավագ որդի և ժառանգորդ Ռոման Դանիելը, ով մինչ 1240 թվականը կարողացավ վերականգնել իր վերահսկողությունը հոր բոլոր տիրույթների նկատմամբ։ 1240 թվականի սկզբին սկսվեց մոնղոլների արևելյան արշավանքի վերջին փուլը, որն ուղղված էր Կիևի, Գալիցո-Վոլինյան իշխանության և Կենտրոնական Եվրոպայի դեմ։ 1250-ական թվականներին Դանիելը պայքարում էր մոնղոլների դեմ, բայց և այնպես նա հարկադրված եղավ ընդունել իր կախյալությունը նրանցից։ Գալիցո-Վոլինյան իշխանները տուրք էին վճարում և որպես ստորադրյալ դաշնակիցներ մասնակցում էին Լիտվայի, Լեհաստանի և Հունգարիայի դեմ Հորդայի ձեռնարկած արշավանքներին, բայց պահպանում էին գահի ժառանգման իրենց սեփական ընթացակարգը։
Գալիցո-Վոլինյան իշխանները իրենց ազդեցությունը տարածել էին նաև Տուրովի իշխանության վրա։ 1254 թվականին Դանիել Ռոմանովիչ Գալիցկին, Հորդայի դեմ պայքարում կարևորելով և ակնկալելով արևմտյան դաշնակիցների օգնությունը, համաձայնեց Պապից ընդունել հռոմեական արքայական տիտղոս և սկսեց կոչվել «Ռուսիայի թագավոր»։ Դանիել Ռոմանովիչի իշխանության ժամանակաշրջանը եղել է տնտեսական և մշակութային խոշորագույն վերելքի և Գալիցո-Վոլինյան Ռուսիայի քաղաքական ամրապնդման տարիներ։
Լև Դանիլովիչի օրոք Գալիցո-Վոլինյան իշխանությանը միացվել են Անդրկարպատը՝ Մուկաչևո քաղաքով, և Լյուբլինյան երկիրը (մոտ 1292 թվական)։
1299 թվականին Համայն Ռուսիո մետրոպոլիտի նստավայրը Կիևից Վլադիմիր տեղափոխելուց հետո Յուրի Լվովիչ Գալիցկին 1303 թվականին հասավ նրան, որ կասր Անդրոնիկոս II Պալեոլոգի և Կոստանդնուպոլսի պատրիարք Աֆանասի I –ի կողմից ստեղծվեց Գալիցյան թեմը, որը ընդմիջումներով գոյատևեց մինչև XIV դարը։ Գալիցյան թեմի մեջ մտնում էին Գալիցյան, Խելմսկյան, Պերեմիշլյան, Լուցկյան, Վլադիմիրյան և Տուրովի թեմերը։ Յուրի Լվովիչի որդիներ Լևը և Անդրեյը իշխել են համատեղ և զոհվել են 1323 թվականի գարնանը, ճակատամարտում։
1340 թվականին արդեն թուլացած (փլուզվել է 1349 թվականին) Գալիցո-Վոլինյան իշխանության տարածքները տիրապետալու համար զինված պայքար ծայր առավ Լեհական Թագավորության և Լիտվայի Մեծ իշխանության միջև։ Գալիցո-Վոլինյան հողերը Լիտվայի և Լեհաստանի միջև վերջնականապես բաժանվեցին 1392 թվականին։
Իշխանությունն առանձնացել է Վլադիմիր Մոնամախի թոռան՝ Ռոստիսլավ Մստիսլավիչի օրոք։ Սմոլենսկյան իշխանները առանձնանում էին իրենց իշխանության սահմաններից դուրս իշխանություն ձեռք բերելու ձգտումներով, որի շնորհիվ այն գրեթե չի մասնատվել առանձին ուդելների և հետաքրքրություն է վայելել Ռուսիայի բոլոր շրջաններում։ Ռոստիսլավիչները եղել են Կիևի մշտական հավակնորդները և ամուր կառչած են եղել նրա արվարձանային (քաղաքամերձ) իշխանություններից։ 1181 թվականից մինչև 1194 թվականը Կիևյան երկրում հաստատվել է երկապետություն, երբ քաղաքում իշխում էր Սվյատոսլավ Վսեվոլոդովիչ Չեռնիգովսկին, իսկ մնացյալում՝ Ռյուրիկ Ռոստիսլավիչը[9]։ Սվյատոսլավի մահից հետո Ռյուրիկը մի քանի անգամ տիրեց կորցրեց Կիևը, իսկ 1203 թվականին, ինչպես մինչ այդ՝ Անդրեյ Բոգոլյուբսկին, քաղաքացիական կռիվների արդյունքում երկրորդ անգամ պատմության մեջ կործանեց Ռուսիայի մայրաքաղաքը։
Սմոլենսկյան իշխանության հզորության գագաթնակետը դարձան Մստիսլավ Ռոմանովիչի իշխանության տարիները. նա կիևյան իշխան է եղել 1214 թվականից մինչև 1223 թվականը։ Այս ընթացքում Ռոստիսլավիչների ազդեցության և վերահսկողության տակ էին գտնվում Նովգորորդը, Պսկովը, Պոլոցկը, Վիտեբսկը և Գալիչը։ Ըստ էության հենց Մստիսլավ Ռոմանովիչի, որպես կիևյան իշխան, հովանու ներքո է կազմակերպվել մոնղոլների դեմ Կալկայի ճակատամարտում պարտությամբ ավարտված համառուսաստանյան արշավանքը։
Մոնղոլների արշավանքներին ենթարկվել են միայն իշխանության արևելյան ծայրամասերը, բուն Սմոլենսկ նրանք չեն հասել։ Սմոլենսկյան իշխանները ճանաչել են իրենց կախյալությունը Հորդայից, 1275 թվականին իշխանության ներսում մոնղոլների կողմից մարդահամար է կատարվել։ Այլ իշխանությունների հետ համեմատած Սմոլենսկյան իշխանության վիճակը բավականին բարվոք է եղել։ Թաթարական արշավանքներին այն համարյա չի ենթարկվել, և շարունակել է մնալ սմոլենսկյան իշխանի վերահսկողության ներքո։ XIII դարի 90-ական թվականներին իշխանության տարածքն ընդարձակվել է Չեռնիգովյան երկրից Բրյանսկի իշխանության միացման հաշվին, միևնույն ժամանակ սմոլենսկյան իշխանները դինաստիական ամուսնության շնորհիվ ամրապնդվել են Յարոսլավյան իշխանությունում։ XIV դարի 1-ին կիսամյակում Իվան Ալեքսանդրովիչ իշխանի օրոք սմոլենսկյան իշխանները սկսեցին կոչվել «մեծ»։ Սակայն այդ ժամանակաշրջանում իշխանությունը բուֆերային գոտի էր դարձել Լիտվայի և Մոսկովյան իշխանության միջև, որոնց իշխանները ձգտում էին կախյալության մեջ առնել սմոլենսկյան իշխաններին, և աստիճանաբար գրավում էին նրանց տիրույթները։ 1395 թվականին Վիտովտը գրավեց Սմոլենսկը։ 1401 թվականին սմոլենսկյան իշխան Յուրի Սվյատոսլավիչը Ռյազանի աջակցությամբ վերականգնեց իր գահը, սակայն 1404 թվականին Վիտովտը կրկին պաշարեց քաղաքը և վերջնականապես այն միացրեց Լիտվային։
Իշխանությունն առանձնացել է 1097 թվականին Սվյատոսլավ Ռոստիսլավիչի ժառանգների իշխանության ներքո, նրանց իրավունքները իշխանության նկատմամբ ճանաչվել են ռուսական այլ իշխանների կողմից Լյուբիչյան համագումարի ժամանակ։ Այն բանից հետո, երբ 1217 թվականին Սվյատոսլավիչներից կրտսերը զրկվեց իշխանությունից և նրա ժառանգների օրոք Չեռնիգովից առանձնացան ներքին Օկայի ափամերձ հողերը, իսկ 1167 թվականին ընդհատվեց Դավիդ Սվյատոսլավիչի ժառանգական գիծը, Օլեգովիչների դինաստիան ամրապնդվեց Չեռնիգովյան երկրի բոլոր իշխանություններում. հյուսիսային և վերինօկյան հողերին տիրում էին Վսեվոլոդ Օլեգովիչի ժառանգները (նրանք նաև Կիևի մշտական հավակնորդներն էին), Նովգորոդ-Հյուսիսային իշխանությունում՝ Սվյատոսլավ Օլեգովիչի ժառանգները։ Չեռնիգովում իշխում էին այս երկու ճյուղերի ներկայացուցիչները (մինչև 1226 թվականը)։
Բացի Կիևից և Վիշգորոդից, XII դարի վերջին և XIII դարի սկզբին Օլեգովիչներին կարճ ժամանակով հաջողվել է իրենց իշխանությունը տարածել Գալիչի և Վոլինի, Պերեյասլավլի և Նովգորոդի վրա։
1223 թվականին չեռնիգովյան իշխանները մասնակցել են մոնղոլների դեմ առաջին արշավանքին։ 1238 թվականի գարնանը մոնղոլական ներխուժման արդյունքում ավերվել են իշխանության հյուսիսարևելյան, 1239 թվականի աշնանը՝ հարավարևմտյան տարածքները։ Հորդայում 1246 թվականին չեռնիգովյան իշխան Միխայիլ Վսեվոլոդովիչի մահից հետո իշխանության տիրույթները բաժանվել են նրա որդիների միջև, ընդ որում՝ նրանցից ավագը՝ Ռոմանը, դարձել է Բրյանսկի իշխանը։ 1263 թվականին նա ազատագրել է Չեռնիգովը լիտվացիներից և այն միացրել է իր տիրույթներին։ Ռոմանից սկսած՝ Բրյանսկի իշխանները սովորաբար կրել են նաև Չեռնիգովի Մեծ իշխանի տիտղոսը։
XIV դարի սկզբին Բրյանսկում, ենթադրաբար՝ դինաստիական ամուսնության շնորհիվ հաստատվեցին սմոլենսկյան իշխանները։ Բրյանսկի համար պայքարը տևել է մի քանի տասնամյակ, մինչև 1357 թվականին լիտվական մեծ իշխան Օլգերդ Գեդիմինովիչը գահ բարձրացրեց դրա հավակնորդներից մեկին՝ ռոման Միխայլովիչին։ XIV դարի երկրորդ կեսին բրյանսկյան երկրում նրա զուգահեռաբար իշխում էին նաև Օլգերդի երկու որդիները՝ Դմիտրին և Դմիտրի-Կորիբուտը։ Օստրովյան համաձայնությունից հետո Բրյանսկի իշխանության ինքնավարությունը վերացավ, Ռոման Միխայլովիչը Սմոլենսկում դարձավ լիտվական դրածոն, որտեղ էլ սպանվեց 1401 թվականին։
XIII դարում Մինդովգ իշխանի կողմից մի շարք տարածքներ տիրապետելու արդյունքում ձևավորվեց նոր պետության հիմք դարձած, այսպես կոչված,Լիտվա Մինդովգան։ Պետության ձևավորման մեջ համախմբման գործոններ են համարվում խաչակիրների ագրեսիան, որի դեմ Լիտվական մեծ իշխանությունը գրեթե երկու հարյուր տարիների ընթացքում հաջողությամբ պայքարել է, և Հորդայից եկող մշտական վտանգը։ 1320 թվականից 1323 թվականը Լիտվայի մեծ իշխան Գեդիմինը հաջող արշավանքներ է իրականացրել դեպի Վոլին և Կիև։ 1362 թվականին Օլգերդ Գեդիմինովիչի կողմից Հարավային Ռուսիայի վրա Լիտվայի վերահսկողությունը հաստատելուց հետո իշխանությունը վերածվեց պետության, որտեղ լիտվական հեթանոս բնակչության առկայության պայմաններում անգամ բնակչության մեծագույն մասը ռուսներ էին, տիրապետող կրոնը՝ ուղղափառությունը։ Իշխանությունը եղել է այդ ժամանակների ռուսական երկրների մեկ այլ կենտրոն հանդիսացող Մոսկվայի հակառակորդը։ Օլգերդի և նրա հաջորդների փորձերը ընդարձակելու իրենց ազդեցությունը հյուսիսարևելյան Ռուսիայում ավարտվել են անհաջողությամբ։
Լիտվայի մեծ իշխանության պատմության մեջ արմատական է եղել 1385 թվականին Լեհական Թագավորության հետ ունիան։ Լիտվայի մեծ իշխան Յագայլոն, ամուսնանալով լեհական գահի ժառանգորդ Յադվիգայի հետ, թագադրվել է որպես լեհական արքա։ Յագայլոյի ստանձնած պարտավորություններից մեկը եղել է չորս տարիների ընթացքում հյուսիսարևմտյան հեթանոսական երկրների քրիստոնեացումը։ Այս ժամանակներից ի վեր պետական ուժեղ աջակցություն ունեցող կաթոլիկության ազդեցությունը Լիտվական Մեծ իշխանությունում աճեց։ Ունիա կնքելուց մի քանի տարի անց դինաստիական պայքարի արդյունքում Յագայլոն փաստացի կորցրեց իր ազդեցությունը Լիտվական մեծ իշխանության վրա, բայց, այդուհանդերձ, ձևականորեն շարունակեց մնալ այդ պետության ղեկավարը։ Լիտվայի մեծ իշխան դարձավ նրա զրմիկ Վիտովտը, որի գրեթե քառասունամյա կառավարումը համարվում է Լիտվական մեծ իշխանության վերելքի ու ծաղկման ժամանակաշրջան։ Նրա օրոք լիովին կախյալության մեջ են առնվել Սմոլենսկը և Բրյանսկը, որոշակի ժամանակամիջոց Լիտվական մեծ իշխանության ազդեցության ոլորտում են եղել նաև Տվերը, Ռյազանը, Պրոնսկը, Մեծ Նովգորդը և մի շարք այլ ռուսական քաղաքներ։ Վիտովտին գրեթե հաջողվել է թոթափել լեհական ազդեցությունը, բայց նրա ծրագրերը ի չիք են դարձել Վորսկլի ճակատամարտում թաթարների կողմից կրած ջախջախիչ պարտության պատճառով։ Ժամանակակիցները նշել են, որ դեռևս կենդանության օրոք ճանաչվելով Մեծ՝ շատ ավելի ազդեցիկ կերպար էր, քան Յագայլոն։
1430 թվականին թագադրման նախօրեին Վիտովտի անսպասելի մահվանից հետո մեծ իշխանությունում կրկին պայքար սկսվեց իշխանությանը տիրելու համար։ Ուղղափառ ազնվականությանը գրավելու անհրաժեշտությունը հանգեցրեց ուղղափառների և կաթոլիկների իրավունքների հավասարեցմանը։ Իրավիճակը կայունացավ 1440 թվականին, երբ մեծ իշխան ընտրվեց Յագայլոյի երիտասարդ որդին՝ Կազիմիրը, ում ավելի քան կես դար տևած գահակալումը համընկնում է իշխանության կենտրոնացվածության ժամանակաշրջանի հետ։ 1458 թվականին կազիմիրի ենթակայության ռուսական հողերում ձևավորվեց մոսկովյանից անկախ կիևյան մետրոպոլիա։
Իշխանության աստիճանական թուլացումը և ուժեղացած Մոսկովյան պետության դեմ պայքարելու անհնարինությունը հանգեցրեց Լեհական Թագավորությունից ավելի մեծ կախյալության առաջացմանը։ Նյութական առումով ծանր Լիվոնյան պատերազմը Լիտվական մեծ իշխանության և Լեհական Թագավորության կողմից նոր ունիա կազմելու պատճառ դարձավ. այն հայտնի է Ռեչ Պոսպոլիտա անունով։ Չնայած Լիտվական մեծ իշխանության ինքնավարության զգալի սահմանափակմանը, ինչպես նաև մի շարք տարածքներ կորցնելուն, իշխանությանը անջատողական միտումներ չեն սպառնացել, որն արտահայտվել է 1588 թվականին կանոնադրության երրորդ խմբագրության ընդունմամբ։ մեծ իշխանության այս ժամանակահատվածում նկատելի են եվրոպական վերածնության ազդեցությունները, որոնք ուղղակիորեն կապված էին գերմանական Ռեֆորմացիայի հետ։
Լիտվական մեծ իշխանությունը Լիվոնյան պատերազմից հաղթանակած դուրս եկավ, և չնայած սրան, դրա հետևանքները երկրի համար բավականին ծանր էին։ հետագա դարերը նշանավորվում են լիտվականության աստիճանաբար տարալուծմամբ՝ լեհականության աճով։ Լեհականությունը ուղեկցվում էր կաթոլիկական հավատքի ակտիվացմամբ, որը հարվածի տակ էր դնում ուղղափառ եկեցին։ Ռազմական առումով Լիտվական մեծ իշխանությունը բավակնին թույլ էր, XVII և XVIII դարերի բազմաթիվ պատերազմները հիմնականում անհաջող ընթացք էին ունեցել։ Տնտեսական դժվարությունները, արտաքին ու ներքին հակամարտությունները, ինչպես նաև, ընդհանուր առմամբ միջակ կառավարումը հանգեցրեցին Ռեչ Պոսպոլիտայի թուլացմանը, որը շուտով ընկավ ավելի հզոր հարևանների ազդեցության տակ և ժամանակի ընթացքում զրկվեց քաղաքական ինքնուրույնությունից։ Պետության բարեփոխման փորձերը հանդիպում էին հարևան պետությունների բացահայտ հակազդեցությանը և ներքին ռեակցիայի։ Ընդհանուր առմամբ, բավականին թույլ և անկազմակերպ ջանքերը արտաքին միջամտության հանգեցրեցին, և շուտով պետությունը տրոհվեց Ռուսաստանի, Լեհաստանի և Ավստրիայի միջև։ Պետությունը, ընդ որում՝ թե Ռեչ Պոսպոլիտան, թե Լիտվական մեծ իշխանությունը, վերականգնելու բազմակի փորձերը ավարտվել են անարդյունք։
Վլադիմիրյան մեծ իշխանության կազմից առանձնացել է XII դարի վերջերին որպես Ալեքսանդր Նևսկու կրտսեր որդի Դանիելի ուդել։ XIV դարի առաջին տարիներին այն միավորել է մի շարք հարակից տարածքներ և սկսել է մրցակցել Տվերի իշխանության հետ։ 1328 թվականին սուզդալցիների և միաբանների հետ ջախջախեց Տվերը, և շուտով մոսկովյան իշխան Իվան I Կալիտան դարձավ Վլադիմիրի Մեծ իշխան։ հետագայում այդ տիտղոսը, եզակի բացառություններով, պահպանվել է նաև նրա հաջորդների օրոք։ Կուլիկովոյի դաշտում հաղթանակելուց հետո Մոսկվան դարձավ ռուսական միավորված հողերի կենտրոնը։ 1389 թվականին Դմիտրի Դոնսկոյը մեծ իշխանությունը կտակով հանձնեց իր որդուն՝ Վասիլի I-ին, ով ընդունելի էր թե Մոսկվայի հարևաննների, թե Հորդայի համար։
1439 թվականին «համայն Ռուսիո» մոսկովյան մետրոպոլիտը չընդունեց հունական և հռոմեական եկեղեցիների Ֆլորենտական ունիան և փաստացի դարձավ ինքնակառավարվող։
Իվան III-ի գահ բարձրանալուց (1462) հետո ռուսական իշխանությունների՝ Մոսկվայի շուրջ միավորման գործընթացը թևակոխեց վճռական շրջափուլ։ Վասիլի III-ի կառավարման վերջում (1533) Ռուսական կենտրոնացված պետության մայրաքաղաքը՝ միավորելով ողջ Հյուսիս-Արևելյան Ռուսիան և Նովգորոդը, ինչպես նաև՝ Լիտվայից խլված սմոլենսկյան և չեռնիգովյան հողերը։ 1547 թվականին Մոսկվայի մեծ իշխան Իվան IV-ը օծվեց թագավոր։ 1549 թվականին հրավիրվեց առաջին Զեմսկի ժողովը։ 1589 թվականին մոսկովյան մետրոպոլիան վերակազմավորվեց պատրիարքության։ 1591 թվականին թագավորությունում վերացվեց վերջին ուդելը։
Պոլովցիների կողմից Սարկել քաղաքի և Տմուտարականի իշխանության գրավման, ինչպես նաև խաչակրաց առաջին արշավանքի հաջող ելքի արդյունքում առևտրային ճանապարհների նշանակության զգալի փոփոխություններ կատարվեցին։ «Վայրագներից դեպի հույները» տանող ճանապարհը, որի վրա գտնվում էր Կիևը, իր նշանակությունը զիջեց Վոլգյան առևտրային ուղուն և Սև ծովը Դնեստրով Արևմտյան Եվրոպային կապող ուղուն։ Մասնավորապես, Մստիսլավ Իզյասլավիչի գլխավորությամբ պոլովցիների դեմ կազմակերպված արշավանքը նպատակ ուներ ապրանքներով ապահովել Դնեպրի ստորին հոսանքի տարածքները։
«Վլադիմիր Վսեվոլոդովիչի Կանոնադրությունը», որը հրատարակել էր Վլադիմիր Մոնամախը 1113 թվականի կիևյան ապստամբությունից հետո, պարտքերի տոկոսների գումարի վերին շեմի սահմանափակում մտցրեց, որն աղքատին ազատում էր երկարատև և հավերժական ստրկության սպառնալիքից։ XII դարում, թեպետ արհեստավորների՝ պատվերով կատարվող աշխատանքը շարունակում էր գերիշխող մնալ, շատ նշաններ վկայում են շուկայում առավել առաջադեմ աշխատանքների սկզբնավորման մասին։ Խոշոր արհեստագործական կենտրոնները դառնում էին Ռուսիայի դեմ 1237—1240 թվականներին Մոնղոլական արշավանքների նպատակակետերը։ Նրանց գործած ավերածությունները, վարպետների գերեվարումը և հետագայում տուրք վճարելու պարտադիրությունը արհեստագործության և առևտրի անկման պատճառ դարձան։ Ինչ վերաբերում է Նովգորոդյան Հանրապետությանը, ապա ներխուժման արդյունքում ավերվել են միայն նրա հարավային արվարձանները, և չնայած 1259 թվականին նա ստիպված եղավ համաձայնելու մոնղոլներին կանոնավոր տուրք վճարել, այնուամենայնիվ Մեծ Նովգորոդի նշանակությունը, որպես բալթյան և վոլգյան առևտրի կենտրոնի, շարունակում էր աճել ուդելային ողջ ժամանակաընթացքում[11]։ «Մոնղոլական արշավանքներից զերծ են մնացել Պոլոցկո-Մինսկյան և Բելառուսիայի այլ երկրներ, Սև Ռուսիան (Նովոգորոդոկը, Սլոնիմը, Վելկովիյսկը), Գորոդնենյան, Տուրովո-Պինյան և բերեստեյան-Դորոգիչինսկյան երկրները ևս չեն նվաճվել թաթար-մոնղոլական ֆեոդալների կողմից»։ Պոլոցկի և Վիտեբսկի բալթյան առևտուրը ևս շարունակել է զարգանալ լիվոնցիների և գոթլանդցիների միջոցով։
XV դարի վերջին Մոսկվայի իշխանությունում սկսվեց ազնվականական տիրույթների հողերի բաժանումը ըստ ծառայության պայմանների (կալվածք)։ 1497 թվականին ընդունվեց Սուդեբնիկը, որի դրույթներից մեկը Յուրայի օրը սահմանափակում էր գյուղացիների տեղաշարժը մի հողատիրոջից մյուսը։
Հիմնական հոդվածներ՝ Հին Ռուսիայի զորք, Նովգորդյան զորք, Լիտվայի մեծ իշխանության զորքը Մոսկվայի իշխանության զորք XII դարում հիմնական կռվող ուժը դրուժինայի հետ միասին դառնում է գունդը։ Ավագ և կրտսեր դրուժինան վերակազմավորվում է որպես բոյար-հողագործների աշխարհազոր։
1185 թվականին ռուսական պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում մարտակարգի բաժանում ոչ միայն առջևի տակտիկական երեք միավորների (գնդեր), այլ նաև թիկունքի չորսական գնդերի, տակտիկական միավորների ընդհանուր քանակը հասցվեց վեցի, ընդ որում՝ առաջին անգամ հիշատակվում է մոտոհրաձիգային գունդը, որը ևս նշվում է 1242 թվականի Չուդի ճակատամարտում (Սառցամարտ)[12]։
Մոնղոլական արշավանքների՝ տնտեսությանը հասցված հարվածը իր ազդեցությունը թողեց ռազմական գործի վրա։ Ծանր հեծելազորի, որը ուղղակիորեն կռվում էր սառը զենքով, ջոկատների միջև գործառույթների տարբերակման գործընթացը ընդհատվեց, տեղի ունեցավ ռեունիֆիկացիա, և ջոկատայինները կրկին սկսեցին սուր ու գեղարդ, նետ ու աղեղ օգտագործել։ Հրաձգային առանձին ջոկատներ սկսեցին հայտնվել միայ XV դարի վերջերին և XVI դարի սկիզբներին Նովգորդում և Մոսկվայում (երկարափող ծանր հրացանակիրներ, ստրելեցներ)։
Տես նաև՝ Ցանկ նախամոնղոլական ժամանակաշրջանի հինռուսական ճարտարապետական կառույցների, Հին Ռուսիայի խաչաձև-գմբեթային եկեղեցիներ, Ռուսական խորհրդանիշեր և հինռուսական ասեղնագործություն
XII դարի սկզբի մի շարք հարձակողական արշավանքներից հետո պոլովցիները ստիպված եղան արտագաղթել դեպի հարավ-արևելք՝ ընդհուպ մինչև Կովկասի նախալեռները։ 1130-ական թվականներին Ռուսիայում ներիշխանական պայքարի վերսկսումը հնարավորություն տվեց պոլովցիներին կրկին ավերելու երկիրը, այդ թվում՝ որպես հակամարտող իշխանությունների խմբակցություններից մեկի դաշնակից։ Մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ պոլովցիների դեմ միացյալ ուժերով պայքար կազմակերպեց Մստիսլավ Իզյասլավիչը 1168 թվականին, այնուհետև՝ Սվյատոսլավ Վսեվոլոդովիչը 1183 թվականին հարավռուսական գրեթե բոլոր իշխանությունների ընդհանուր արշավանք կազմակերպեց և ջախջախեց հարավռուսաստանյան տափաստաններում գտնվող պոլովցիների խոշոր միավորումը, որի գլուխ կանգնած էր Կոբյակ խանը։ Եվ չնայած պոլովցիները կարողացան 1185 թվականին հաղթել Իգոր Սվյատոսլավիչին, բայց և հետագա տարիներին, անկախ ներիշխանական երկպառակություններից, այլևս լայնածավալ արշավանք Ռուսիայի դեմ չձեռնարկեցին, մինչդեռ ռուս իշխանները մի շարք հզոր հարձակողական արշավանքներ կազմակերպել են նրանց դեմ (1198, 1202, 1203)։ XIII դարի սկզբին պոլովցիների ազնվականության շրջանում տեղի ունեցավ ակնհայտ քրիստոնեացում։ Մոնղոլների՝ առաջին անգամ Եվրոպա ներխուժելու վերաբերյալ տարեգրությունների մեջ հիշատակվող պոլովցիների չորս խաներից երկուսը ունեցել են ուղղափառ անուններ, երրորդը մկրտվել է մոնղոլների դեմ ռուս-պոլովեցյան համատեղ արշավանքից առաջ (ճակատամարտ Կալկա գետի մոտ)։ Պոլովցիները, ինչպես և Ռուսիան, դարձան մոնղոլների 1236-1242թվականների արևմտյան արշավանքների զոհերը։
Լեհական լիվ իշխանների ենթակայության ներքո գտնվող երկրներում առաջին կաթոլիկ քարոզիչները հանդես եկան 1184 թվականին։ 1202 թվականին է վերագրվում Ռիգա քաղաքի և սուսերակիրների միաբանության հիմնադրումը։ Ռուս իշխանների առաջին արշավանքները կազմակերպվել են 1217—1223 թվականներին՝ ի աջակցություն էստերի, բայց միաբանությունը աստիճանաբար ոչ միայն իրեն ենթարկեցրեց տեղական ցեղերին, այլ նաև զրկեց ռուսներին Լիվոնիայի իրենց տիրույթներից (Կուկեյնոս, Հերսիկ, Վիլյանդի և Տարտու)։
1234 թվականին Օմովժեի ճակատամարտում խաչակիրները պարտություն կրեցին Յարոսլավ Վսեվոլոդովիչ Նովգորոդցու, 1236 թվականին՝ Սաուլի ճակատամարտում՝ լիտվացիների և զեմգալլերի կողմից, որից հետո միաբանության մնացորդները մտան 1198 թվականին Պաղեստինում ստեղծված և 1227 թվականին պրուսների հողերը գրաված Տևտոնյան միաբանության կազմի մեջ, իսկ հյուսիսային Էստոնիան անցավ Դանիայի տիրապետության տակ։ Մոնղոլների՝ Ռուսիա ներխուժելուց անմիջապես հետո 1240 թվականին ռուսական հողերի վրա համակարգված հարձակման փորձը ավարտվեց անհաջողությամբ (Նևայի ճակատըամարտ, Սառցամարտ), թեպետ խաչակիրները կարողացան կարճաժամկետ տիրապետել Պսկովը։
Լեհական Թագավորության և Լիտվական Մեծ իշխանության զինված ուժերի, ռազմական ջանքերի միավորումից հետո միաբանությունը վճռական պարտություն կրեց 1410 թվականին, Գրյունվալդի ճակատամարտում, իսկ 1466 թվականին կախյալության մեջ ընկավ Լեհաստանից և 1525 թվականին աշխարհականացման արդյունքում զրկվեց Պրուսիայում ունեցած տիրույթներից։ 1480 թվականին, Ուգրայի կանգառի ժամանակ, Լիվոնյան միաբանությունը հարձակվեց Պսկովի
վրա, բայց՝ ապարդյուն։ 1561 թվականին Լիվոնյան պատերազմի ժամանակ Հորդան լուծարվեց, նրա հողերի մի մասը ներառնվեցին Լիտվական Մեծ իշխանության մեջ,Էստլանդիան հայտնվեց շվեդների տիրույթում, դանիացիները տիրեցին Էզել (Սաարեմաա) կղզուն։
1223 թվականին Կալկայի ճակատամարտում ռուսական իշխանությունների և պոլովցիների միացյալ ուժերին հաղթելուց հետո մոնղոլները հրաժարվեցին Կիևի վրա արշավելուց, ինչը նրանց արշավանքի վերջնական նպատակն էր, շարժվեցին դեպի արևելք, Վոլգան անցնելուց պարտություն կրեցին վոլգյան բուլղարների կողմից և միայն 13 տարի անց լայնածավալ ներխուժում ձեռնարկեցին դեպի Եվրոպա, և այդուհանդերձ, կազմակերպված որևէ դիմադրության չհանդիպեցին իրենց ճանապարհին։ Նրանք ներխուժեցին նաև Լեհաստան և Հունգարիա, իսկ Սմոլենսկյան, Տուրովյան, Պոլոցկյան իշխանությունները և Նովգորոդի Հանրապետությունը կարողացան խուսափել ջախջախումից։
Ռուսական երկրները (բացառությամբ՝ Պոլոցկյան և Տուրովյան իշխանությունների) եղել են Ոսկե Հորդայից կախյալության մեջ, ինչը դրսևորվել է նրանով, որ իշխանները իրենց գահը ստանում էին խանից և ամենամյա տուրք էին վճարում։ Հորդայի խաները Ռուսիայում անվանվում էին «թագավորներ»։ Հորդայի խան Բարդիբեկի մահվամբ (1359) Հորդայում սկիզբ առած «մեծ ընդհատման» սկսվելուն պես լիտվական մեծ իշխան Օլգերդ Գեդիմինովիչը Կապույտ Ջրերի մոտ պարտության մատնեց մոնղոլներին (1362) և իր վերահսկողության տակ առավ Հարավային Ռուսիան՝ դրանով այս շրջանում վերջ դնելով մոնղոլ-թաթարական լծին։ Այս նույն ժամանակահատվածում Մոսկվայի մեծ իշխանությունը ևս լծից ազատագրվելու գործնական քայլ կատարեց (1380 թվական, Կուլիկովոյի ճակատամարտ)։
Հորդայում իշխանության համար ծայր առած պայքարի ժամանակաշրջանում մոսկովյան իշխանները դադարեցրեցին տուրքի վճարումը, սակայն ստիպված էին այն վերսկսել Թոխտամիշի (1382) և Եդիգեյի (1408) արշավանքներից հետո։ 1399 թվականին լիտվական մեծ իշխան Վիտովտը փորձեց Հորդայի գահը վերադարձնել Թոխտամիշին և այդ կերպ վերահսկել Հորդան, բայց պարտվեց Թիմուրի կողմից Վորսկլի ճակատամարտում, որի ժամանակ սպանվեցին Կուլիկովոյի ճակատամարտին մասնացած իշխանները, իսկ ինքը՝ Վիտովտը հազիվ մազապուրծ եղավ։
Ոսկե Հորդայի անկմամբ Մոսկվայի իշխանությունը Հորդայի անկումից հետո առաջացած առանձին խանությունների հետ ինքնուրույն պաղաքականություն վարելու հնարավորություն ստացավ։ Ուլու-Մուհամմեդի հետնորդները Վասիլի II-ից մեշերական հողեր ստացան՝ ձևավորելով Քասիմյան խանությունը(1445)։ 1472 թվականից ի վեր Ղրիմի խանության հետ դաշնակցած Մոսկվան պայքարում էր Մեծ Հորդայի, որում միավորվել էին լեհական թագավորը և լիտվական մեծ իշխան Կազիմիր IV-ը, դեմ։ Ղրիցիները բազմիցս ավերել են Կազիմիրի հարավռուսական տիրույթները, առաջին հերթին՝ Կիևը և Պոդոլյեն։ 1480 թվականին տապալվեց թաթար-մոնղոլական լուծը (Ուգրայի կանգառ)։ Մեծ Հորդայի լուծարումից հետո (1502) Մոսկվայի իշխանության և Ղրիմի խանության միջև ընդհանուր սահման առաջացավ, որից անմիջապես հետո սկսվեց ղրիմցիների կանոնավոր ասպատակությունները դեպի մոսկովյան հողեր։ Կազանի խանությունը սկսած XV դարի կեսերից ավելի ու ավելի շատ էր ենթարկվում Մոսկվայի քաղաքական և ռազմական ճնշումներին, քանի դեռ 1552 թվականին չկցվեց Մոսկովյան թագավորությանը։ 1556 թվականին սրան միացվեց նաև Աստրախանի խանությունը, իսկ 1582 թվականին սկսվեց Սիբիրի խանության նվաճումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.