Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պետրոս Ղափանցի (? - 1784, մարտ 20), վերանորոգվող հայ դասական բանաստեղծության ներկայացուցիչ։ Բանաստեղծ։ Երգահան։
Պետրոս Ղափանցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | մարտի 20, 1784[1] |
Վախճանի վայր | Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, կոմպոզիտոր և քահանա |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Պետրոս Ղափանցի Վիքիդարանում |
Պետրոս Ղափանցու մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ, այն էլ կյանքի վերջին տարիների մասին։ Նա սյունեցի է, ծնվել է հավանաբար Ղափանում՝ 18-րդ դարի սկզբին։ Եղած փաստերի համաձայն 1753 - 1756 թթ. եղել է Էջմիածնի միաբան։ Նվիրակի պաշտոնով նրան ուղարկում են Ռումելի և Ղրիմ, ապա ՝ Պոլիս, Ադրիանապոլիս, Արմաշ։ 1772 թվականին աշխատում է Ադրիանապոլսում՝ որպես վերատեսուչ։ 1780 թվականին ծեր հասակում նշանակվում է Նիկոմեդիայի թեմի առաջնորդ։ Փաստեր կան, որ համագործակցել է Սիմեոն Ա Երևանցի ու Ղուկաս Կարնեցի կաթողիկոսների հետ։ Մահացել է 1784 թվականի մարտի 20-ին՝ Նիկոմեդիա քաղաքում[2]։
Սկզբնական շրջանում Պետրոս Ղափանցու տաղերը մեծ տարածում էին գտել ժողովրդի մեջ, սակայն դրանք համարվում էին ժողովրդական երգեր։ «Բազմավէպը» 1847 թվականին տպագրում է «Ծիլ-ծիլ ոսկի է...» բանաստեղծությունը, այն կոչելով ազգային երգ ՝ չիմանալով, թե ով է նրա հեղինակը[3]։ Հ. Սիմեոն Երեմյանը իր «Ազգային դեմքերի» 2-րդ շարքում մեջբերելով «Ծիլ-ծիլ...» երգից մեկ տուն, գրում է. «Ժողովրդին բերանին մեջ զանազան կերպով երգված է պյուլպյուլին սա երգի մի պատառիկը... Ինքը Տեր-Մինասյան վարդապետն է, որ մեր բնագավառի գեղջուկ բերնեն լսել կուտա Երգ-երգոցի նման աննման սա սիրուն գեղոնը»[4]։ Խրիմյան Հայրիկը հիշում է, որ շատ է սիրել երգել Պետրոս Ղափանցու և Նահապետ Քուչակի տաղերը[5]։ Լեոն նշում է, որ նրա «երգերից շատերը լայն ժողովրդականություն ստացան, և մի քանիսը երգվում էին մինչև 19-րդ դարի վերջերը»[6]։ Խաչատուր Աբովյանը բանաստեղծություններ է հյուսում Պետրոս Ղափանցու երգերի եղանակով. «Ղափանցին ունէր զքնքոյշ և զգորովալից սիրտս»[7]։ Բանաստեղծի մասին առաջին գիտական հոդվածը տպագրում է բանասեր Նիկողոս Քարամյանը 1895 թվականին[8]։ Նիկողոս Քարամյանից հետո Հրանտ Ասատուրը 1904 թվականին «Արևելյան մամուլ» պարբերականում տպագրում է «Մոռացված բանաստեղծ մը» հոդվածը, ուր բարձր է գնահատվում Պետրոս Ղափանցու երգերը. «Ներդաշնակության զգացումը, որ այնքան կարևոր ձիրք մըն է քերթողի համար Ղափանցիի մեծագույն հատկությունն է։ Տեսակ մը երաժշտություն դրած է շատ մը քերթվածներու մեջ և բառերու գեղեցիկ զուգադրությունները, որոնք կրնան մրցիլ նույնիսկ ԺԹ դարու ամենեն նուրբ հայ բանաստեղծներու հետ»[9]։
Պետրոս Ղափանցու առանձին երգեր տարածելու գործում մեծ դեր ունեն նաև Վրթանես Փափազյանը, Արիստակես Տևկանցը, Միքայել Մինասարյանը, Թեոդիկը, Արշակ Չոպանյանը, Մկրտիչ Մկրյանը և այլք։
Պետրոս Ղափանցու գրական ժառանգությունը ներկայացնում են կրոնական-բարոյակրթական, խրատական, ազատասիրական, հայրենիքի և բնության (վարդի և սոխակի) քնարական հարյուր բանաստեղծություն, մեկ պոեմ և ավելի քան վաթսուն երկտող և քառասուն զանազան բովանդակության ստեղծագործություններ[10]։
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, 1722 թվականին Պետրոս Ղափանցին հրատարակում է իր բանաստեղծությունների ժողովածուն՝ «Գրքոյկ կոչեցյալ Երգարան»։ Այստեղ, երգչի բազմաբովանդակ բարոյագիտական բանաստեղծությունների մեջ աչքի է ընկնում վարդի ու սոխակի անունով, և ապա անվանապես ազգին, ժողովրդին ուղղված ազատախոհ, հայրենաբաղձ երգեր։ Նույն թվին գրում է «դարձեալ առ ազգն իւր սիրելի» բանաստեղծությունը՝ ուղղված ժողովրդին, ինքնաճանաչման կոչով։ Դա Պաղտասար Դպիրի «Ի նընջմանէդ արքայական» երգի բացահատ արձագանքն է։
Էջմիածնին նվիրված երգերում զգալի է կրոնա-քաղաքական պայքարի նույն ծրագիրը, որն առաջին անգամ առաջադրում էր Ստեփանոս Օրբելյանը իր «Ողբ...»-ում։ Պետրոս Ղափանցին նույնպես ինքնուրույն պետականություն վերաստեղծելու պահանջն է առաջադրում, Էջմիածինը դիտելով որպես Հայաստանի ինքնուրույնության խորհրդանիշ։
Մոլեռանդ հավատացյալի և ըմբոստ հայրենասերի հոգու պոռթկում է «Խնդիր և աղաչանք, բողոք և հառաչանք...» բանաստեղծությունը, որը այն սահմանն է, որից հետո կարծեք թե բաժանվում են կրոնավոր ողբացողն ու ազատասեր, ըմբոստ, աշխարհիկ երգիչը։
«Առ ազգն իմ պատուելի խորհրդաբար նշանակութեամբ վարդի», «Դարձեալ առ ազգն իւր սիրելի», «Զվշտակրութենէ հայրենեաց մերոց ի դէմս զանազանից նմանութեանց», «Զգարնանէ Բիւզանդիոյ, որ խորհրդաբար ակնարկի առ բնակիչս նորին», «Առ ազգն իւր սիրելի», «Դարձեալ զԿոստանդնուպոլսոյ ի դէմս վարդի և պիւլպիւլին, յորում զանազան նմանութիւնք մակացութեանց ստորագրին ներբողաբար» և այլ տաղեր ներկայացնում են քաղաքական-ազատասիրական աշխարհիկ երգերի առաջին ամբողջական շարքը՝ հայոց դարավոր բանաստեղծության մեջ։
Պետրոս Ղափանցին վարդի և սոխակի երգերով ամբողջացնում է միջնադարում ստեղծված այդ բնույթի երգերի անցած ուղին՝ հասցնելով այն մի նոր աստիճանի։ Վարդը՝ որպես հայրենիքի խորհրդանիշ, և սոխակը, որպես հայրենիքի ազատության երգչի խորհրդանիշ։ Նրանից հետո այս երևույթը արտահայտություն է ստանում 18-19-րդ դարերի մի շարք բանաստեղծների մոտ՝ Գևորգ Խուբով, Հակոբ վարդապետ, Արսեն Բագրատունի, Հարություն Ալամդարյան, Ղևոնդ Ալիշան, Ռափայել Պատկանյան, Ալեքսանդր Ծատուրյան և այլք։
Պետրոս Ղափանցու գրական ժառանգության երկրորդ ընտիր մասը երկտող և քառատող բանաստեղծություններն են։
Մեր անցյալի գրականությունից փոքրիկ բանաստեղծություններ շատ են հասել։ Հայտնի է, առաջին բանաստեղծը Ներսես Շնորհալին է, որ թողել է այդ ժանրի մի խոշոր հավաքածու՝ թվով շուրջ երեք հարյուր փոքրիկ բանաստեղծություններ, քառյակներ։
Պետրոս Ղափանցին նաև տաղաչափության, հանգի վարպետ է, այստեղ նրա կատարած դերը գրավոր գրաբարի բանաստեղծության մեջ նորարական է։ Հատկապես բառախաղ, փակ, ներքին և վերջընթեր հանգերի արվեստը նրա մոտ հասնում է կատարելության։ Այստեղ նա մրցակից կարող է լինել մի դեպքում Ներսես Շնորհալուն, մյուս դեպքում՝ Սայաթ-Նովային։
Պետրոս Ղափանցին ձգտում է վերականգնել հայոց 10 - 14-րդ դարերի բանաստեղծության գաղափարախոսության և արվեստի կենսական գծերը. օգտվելով հին դասականից, ստեղծել նոր ժամանակների, նոր ոճի դասական բանաստեղծություն[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.