From Wikipedia, the free encyclopedia
Պահք, պաս, պահոց օրեր, պահեցողություն, ծոմ, ծոմապահություն, որոշ կրոններում ուտելիքի կամ դրա առանձին տեսակների համար որոշակի ժամկետով սահմանված արգելք, կերակուրներից լրիվ կամ մասնակի հրաժարում (պահեցողություն)։ Պահքի արտահայտած մյուս իմաստն ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջանն է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Պահքը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության ուսմունքով։ Քրիստոնեական, մուսուլմանական, հուդայական կրոններում Պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։ Պահքը քրիստոնեական եկեղեցու կյանքի կարևոր երևույթներից է։ Բազմիցս վկայված է Աստվածաշնչում, ինչպես նաև «Նոր կտակարանում» երկնքի արքայությանն արժանի դառնալու և մեղքերից թողություն ստանալու համար։ Ներկայումս նույնացված Պահք և ծոմ բառերը նախկինում տարբեր իմաստներ են արտահայտել։ Ծոմ նշանակել է օրական մեկ անգամ ուտելով պաս պահել, իսկ Պահք ընդհանրապես կերակուր չուտել։ Ներկայումս Պահք արտահայտում է պահեցողության այն տեսակը, որի ընթացքում թույլատրվում է գործածել բուսական ծագում ունեցող կերակուրներ՝ զերծ մնալով ամեն տեսակ մսեղենից ու կաթնեղենից։
Ըստ Հայ եկեղեցու սահմանած կարգի՝ տարվա մոտ վեց ամիսը պահոց օրեր են։ Ըստ այդմ Հայ եկեղեցին տարվա օրերը բաժանել է երկու մասի՝ տոնական և պահոց օրերի։ Համաձայն եկեղեցական կանոնների՝ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերը Պահք են։ Պահոց օրերը լինում են բուն պահոց օրեր, երբ պետք է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրների (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն) օգտագործումից և նավակատյաց պահոց օրեր, երբ կարելի է ուտել կաթնեղեն և ձկնեղեն։ Նավակատիքի օրեր են հինգ Տաղավարների շաբաթապահոց շաբաթ օրերը։
Պահոց օրերը բաժանված են երեք խմբի՝
ա. Օրական Պահք,
բ. Քառասնօրյա Պահք (Մեծ Պահք),
գ. Շաբաթական Պահք (Շաբաթապահք)։
ա. Օրական Պահք․ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերի Պահք, որը, համաձայն Հայ եկեղեցու Տոնացույցի, վերաբերում է տարվա գրեթե բոլոր շաբաթներին՝ բացառությամբ Ս. Ծննդյան շաբաթվա (հունվարի 6– 13) չորեքշաբթի և ուրբաթ օրերի և Ս. Զատկից մինչև Համբարձում ընկած շաբաթների չորեքշաբթի ու ուրբաթ օրերի, որոնք պահոց օրեր չեն։ Քառասնօրյա Պահք, կոչվում է նաև Մեծ Պահք (Բուն Բարեկենդանի երկուշաբթիից մինչև Ավագ ուրբաթ)։
բ. Քառասուն օր, կապված է անապատ քաշված Քրիստոսի քառասնօրյա ծոմապահության, աղոթքի և ապաշխարության շրջանի, ինչպես նաև Ս. Գրքում հաճախակի հիշվող 40 խորհրդանշական թվի հետ։ Իրականում Քառասնօրյա Պահքը տևում է 47 օր, իսկ 48-րդ օրը ճրագալույց Ս. Զատիկի նավակատիքն է։ Քառասնօրյա Պահքի օրերը կոչվում են Տաղուհացի կամ աղևացքի օրեր, այսինքն Մեծ Պահքն աղով ու հացով անցկացնելու ժամանակաշրջան։ Հնում աղ ու հացով էին ապրում ճգնավորներն ու անապատականները։ Ներկայումս աղուհացի օրը պահոց այն օրն է, երբ պետք է Պահքի կերակուրներ ուտել։ Մեծ Պահքի շրջանում փակվում է եկեղեցու խորանի վարագույրը, և պսակ չի կատարվում։
գ. Հիմնականում հինգ օրվա երկուշաբթիից մինչև ուրբաթ ընկած Պահքն է։ Հայ եկեղեցու շաբաթապահքերի կարգադրությունը վերագրվում է Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսին (548–557)։
դ. Շաբաթական Պահքեր․ դրանք 12-ն են՝ Ծննդյան, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Վերափոխման (Աստվածածնի), Խաչվերացի, Վարագա Խաչի, Հիսնակաց, Ս. Հակոբի, Առաջավորաց, Մեծ պահոց երկրորդ շաբաթվա, Ավագ շաբաթ։ Շաբաթապահքերը բաժանված են երեք խմբերի։
Հինգ Տաղավարների կամ Տերունական օրերի շաբաթապահքեր՝ Ծննդյան, Հարության, Վարդավառի, Աստվածածնի, Խաչի։
ա. Ս. Ծննդյան Պահք․ Հիսուսի ծննդյան շաբաթվա յոթնօրյակն է, տևում է վեց օր։ Այդ ընթացքում ոչ մի տոն չկա, վեց օրերը պահոց օրեր են և ոչ ուտիքի։ Ի հակադրություն նախածննդյան շաբաթապահքի՝ հետծննդյան առաջին շաբաթը (հունվարի 6–13) պահոց օրեր չեն։
բ. Ս. Հարության Պահք․ կոչվում է նաև Ավագ շաբաթի Պահք, որովհետև վերաբերում է Զատկին նախորդող վեց օրերին։ Ավագ երկուշաբթիից Ավագ շաբաթ օրը Հարության շաբաթապահքի օրերն են։ Այս Պահքի անբաժան մասն է Քառասնօրյա կամ Մեծ Պահքի։ Այս ընթացքում չկա ոչ մի տոն, հետևաբար վեց օրերն էլ պահոց են։
գ. Ս. Վարդավառի Պահք․ Այլակերպության այս շաբաթապահքը տևում է հինգ օր և տոն չունի։
դ. Ս. Աստվածածնի կամ Վերափոխման Պահք․ նույնպես տևում է հինգ օր և տոն չունի։
ե. Ս. Խաչի Պահք․ Խաչվերացի շաբաթապահքը տևում է հինգ օր և տոն չունի։
Դրանք են Մեծ պահոց երկրորդ շաբաթվա՝ Եղիական, Վարագա Խաչի, Ս. Հակոբի Պահքերն են։
ա. Մեծ Պահոց․ երկրորդ շաբաթվա Պահք, այս շաբաթապահքը (մարտին) կոչվում է նաև Գարնանամուտի Պահք։ Պատկանում է Մեծ պահոց շարքին։ Առանձնացված է եղանակային լինելու պատճառով։ Տևում է հինգ օր և տոն չունի։
բ. Եղիական Պահք․ լինելով ամառնամուտի (հունիս) Պահք՝ կոչվում է նաև Ամռան Պահք, իսկ ժողովրդական լեզվով նաև Թրթուրի պաս։ Զատկից հետո առաջին շաբաթապահքն է։ Եղանակային Պահք լինելով՝ կապ չունի Եղիա մարգարեի հետ, սակայն Եղիական է կոչվում, որովհետև շաբաթապահքի վերջին օրը հիշատակն է Եղիա մարգարեի։ Տևում է հինգ օր և տոն չունի։
գ. Վարագա Խաչի Պահք․ աշնանամուտի (սեպտեմբեր) այս շաբաթապահքը կոչվում է նաև Ս. Գևորգի Պահք, որովհետև շաբաթավերջը Ս. Գևորգի տոնն է։ Այս Պահք ունի սրբոց տոներ և տևում է հինգ օր։
դ. Սուրբ Հակոբի պահք․ եղանակների շաբաթապահքերից վերջինն է, սկսվում է ձմեռնամուտին (դեկտեմբեր)։ Զուգադիպում է Ս. Հակոբի տոնին, այստեղից էլ դրա ժողովրդական անունը։ Ունի սրբոց տոներ և տևում է հինգ օր։
Այլևայլ շաբաթապահքեր․ դրանք են Առաջավորաց, Հիսնակաց և Լուսավորչի Պահքերը։
ա. Առաջավորաց Պահք․ կոչվում է նաև Առաջավորք, նշանակում է առաջինը։ Տևում է հինգ օր, ունի սրբոց տոներ։ Շաբաթավերջը Ս. Սարգսի տոնն է և կոչվում է նաև (ժողովրդական) Ս. Սարգսի Պահք։
բ. Հիսնակաց Պահք․ Հիսնակ նշանակում է հիսուն օրերի ժամանակաշրջան։ Հնում հիսնակաց պահեցողությունն սկսվել է Քրիստոսի ծնունդից հիսուն օր առաջ և պահվել մինչև Աստվածահայտնության տոնը։ Ներկայումս Հիսնակաց Պահք պահվում է միայն հինգ օր։
գ. Լուսավորչի Պահք․ այդպես է կոչվում, որովհետև նվիրված է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտին։ Տևում է հինգ օր և իր մեջ պարփակում է սրբոց այլ տոներ։
Կան նաև այլ, տարբեր առիթներով պահվող Պահքեր։ Այսպես, եկեղեցականներն իրենց ձեռնադրությունից հետո 40 օր պետք է Պահք պահեն, ոմանք Պահք են պահում նաև հաղորդությունից առաջ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.