From Wikipedia, the free encyclopedia
Նախնադարյան Նորվեգիա, Նորվեգիայի պատմության ժամանակահատված, որն ընդգրկում է առաջին մարդկանց հայտնվելուց մինչև առաջին քաղաքակրթությունների ձևավորումը։ Այն համընկնում է երկաթի դարին՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակին, նախքան Հռոմեական կայսրության մեջ մասնակիորեն հայտնվելը։ Ըստ այդմ՝ նախնադարն ընդգրկել է մեկ հազարամյակ։
Նախնադար Մ.թ.ա. 12000 - մ.թ.ա. 800 | |
---|---|
Քարի դար (մինչև մ.թ.ա. 1700) | |
Բրոնզի դար (մ.թ.ա. 1700 - մ.թ.ա. 500) | |
Երկաթի դար (մ.թ.ա. 500 - մ.թ. 800) | |
Գաղթի շրջան (մ.թ. 21 - մ.թ. 700) | |
Վաղ միջնադար (7-11-րդ դարեր) | |
Վիկինգների դարաշրջան (8-11-րդ դարեր) | |
Նորվեգական կայսրություն (872-1397) | |
Վիկինգների արշավանքներ (9-14-րդ դարեր) | |
Քրիստոնեության ընդունում (975-1000) | |
Զարգացած միջնադար (11-14-րդ դարեր) | |
Ամերիկայի հայտնագործում (1000) | |
Միջնադար | |
Քաղաքացիական պատերազմներ (1130-1240) | |
Խաչակրաց արշավանքներ (1107-1113) | |
Ուշ միջնադար (14-16-րդ դարեր) | |
Սև մահ (1349-1353) | |
Կալմարյան միություն (1397-1523) | |
Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն (1524-1814) | |
Ռեֆորմացիա (1528) | |
Նոր շրջան (17-21-րդ դարեր) | |
Նորվեգիայի թագավորություն (1814) | |
Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն (1814-1905) | |
Գերմանական հարձակում և Ռայխ (1940-1945) | |
Նորվեգիա (1945-այժմ) | |
Նորվեգիայի պորտալ |
Որոշ ուսումնասիրողներ նախապատմական շրջանին ավելացնում են նաև նախնադարյան շրջանը՝ քարի ու բրոնզի դարերը։ Դրանով այն կարող է հասնել մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ, երբ տեղի է ունեցել սառցե վերջին դարաշրջանը։
Նախնադարը Նորվեգիայում ավարտվել է ժողովուրդների գաղթով, որի արդյունքում գերմանախոս ցեղերը սկսել են հաստատվել Կենտրոնական Եվրոպայի տարածքներում, իսկ ավելի ուշ Սկանդինավյան թերակղզում գերիշխող դիրք են գրավել վիկինգները։
Քարի դարը Մերձավոր Արևելքի երկրներում ու Հարավային Եվրոպայում տևել է մինչև մ.թ.ա. 5500 թվականը։ Դա մարդկության պատմության առաջին փուլն է, երբ նախամարդը առօրյա կենցաղում ու սեփական կարիքները հոգալու համար սկսում է յուրացնել առաջին՝ քարե գործիքները։ Քարի դարն ընդունված է բաժանել երեք փուլերի՝ հին քարի դար (պալեոլիթ, մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ), միջին քարի դար (մեզոլիթ, մ.թ.ա. 12000-7500) և նոր քարի դար (նեոլիթ, մ.թ.ա. 7500-5500)։ Նորվեգիայում այս շրջափուլերն անցել են անհամեմատ ավելի ուշ, քանի որ երկիրը հեռու է գտնվել առավել զարգացած քաղաքակրթություններից և ունեցել է անբարենպաստ կլիմայական պայմաններ։
Հնագիտական աղբյուրների համաձայն՝ Նորվեգիայում մարդիկ առաջին բնակավայրերը կառուցվել են այն ժամանակ, երբ սկսել է հալվել մեծ սառցադաշտը[1]։ Ամենայն հավանականությամբ, Նորվեգիայի առաջին բնակիչները պատկանել են ժամանակակից Գերմանիայի ու Ֆրանսիայի տարածքում հաստատված ցեղային միություններին։ Վերջիններս, դառնալով մարդաշատ, փնտրել են բնակության նոր վայրեր։ Նրանք պատկանել են հին քարի դարի համբուրգյան, արենսբուրգյան և Ֆեդերմեսսերի մշակույթներին։
Հարավային Նորվեգիայում ու կենտրոնական հատվածներում, որոնք առավել մոտ էին կենտրոնական Եվրոպային, հաստատվում են Ֆոսնա-Հենսբակա մշակույթի (եղնիկների որսորդներ ու ձկնորսներ), իսկ Կոմսի մշակույթը՝ հյուսիսում (ծովառյուծի որսորդներ)։ Ոսկորով ու եղջյուրով պատրաստվող գործիքների պատճառով դարաշրջանը կոչվել է «ոսկրի ու քարի դար»[2]։ Նորվեգաբնակների ու առաջին վերաբնակների միջև 5000 տարի առաջ արդեն կային մարդաբանական տարբերություններ[3]։
Միջին քարի դարում, որը տևել է մ.թ.ա. 4500-2700 թվականներին, առաջին հուշարձանները ստեղծվում են հենց հարավային շրջաններում։ Դրանք գլխավորապես դամբարանային դաշտեր են, որոնք ծածկված են բարձր քարերով։ Սկանդինավյան թերակղզում մ.թ.ա. 2800-2200 թվականներին տևում է նոր քարի դարը։ Հարավային Նորվեգիայում դա արտահայտված էր քարե կացինների արտադրությամբ, որոնցից 160-ը հայտնաբերվել են հնագիտական պեղումների ընթացքում։ Հյուսիսում շարունակում էր որսորդների ու ձկնորսների դարաշրջանը. ամռան ամիսներին բնակչությունը կենտրոնանում էր գետերի ներքին շրջանում, իսկ ձմռանը տեղափոխվում ցամաքամերձ ծովափնյա գոտի։ Բնակիչներն արդեն սկսել էին պատրաստել նետ ու աղեղ, ձկնորսական կեռեր և այլն[4]։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում այստեղ թափանցում են հնդեվրոպական լեզուները։
Նոր քարի դարում շփումներ են սկսում գերմանախոս ու ֆիննախոս ցեղերի միջև։ Պղնձի-քարի դարը (էնեոլիթ, մ.թ.ա. 5500-4000), որը Միջերկրական ծովի ափերին ու դրանց հարող տարածքներում ձևավորվող քաղաքակրթություններում տևում է 1,5 հազարամյակ, այստեղ առհասարակ չի հանդիպում՝ թևակոխելով միանգամից բրոնզի դար։ Պղնձի-քարի դարում էր, որ Նեղոսի հովտում առաջացավ Հին Եգիպտոսի թագավորությունը, Եփրատ և Տիգրիս գետերի միջագետքում՝ Շումերը և Աքքադը, Ինդոսի ու Գանգեսի հովտում՝ հնդկական, Հուանհեի և Յանցզիի դաշտավայրում՝ չինական քաղաքակրթությունները։ Այդ ժամանակ Նորվեգիայում դեռևս նոր քարի դարը չէր ավարտվել։
Բրոնզի դարը Նորվեգիայում տևել է ոչ թե 2000 տարի, ինչպես Մերձավոր Արևելքում ու Հարավային Եվրոպայում (մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ), այլ 1000 տարուց ավելի՝ սկսելով մ.թ.ա. 19-րդ դարում և մ.թ.ա. 6-րդ դարում իր տեղը զիջելով երկաթի դարին։ Սկանդինավյան թերակղզու քաղաքակրթություներին վերաբերող բրոնզեդարյան գործիքների առավել մեծ քանակություն հայտնաբերվել է ոչ թե Նորվեգիայի, այլ դրա հարավային ափերին մոտ գտնվող մեկ այլ պետության՝ Դանիայի տարածքում։
Բրոնզի դարում նորվեգացիները արդեն սկսում են զբաղվել երկրագործությամբ՝ հերկում են հողը, զբաղվում հացահատիկային մշակաբույսերի ցանքսով։ Սկանդինավյան թերակղզու կլիմայական պայմաններին հարմարվում են ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր անասուններ։ Ձիերը, որոնց քանակը մեծ չէր, պատկանում էին ցեղապետերին կամ առաջնորդներին։ Աստիճանաբար զգացվում է տարբերությունը հյուսիսի ու հարավի մեջ. հարավում տեղացիներըն առավել առաջադեմ էին։
Բրոնզի դարում մշակվում էին նաև փայտե գործիքներ, որոնք առօրյա կենցաղից դուրս են մղում քարը[5]։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև բազմաթիվ փայտե քանդակներ ու արձանիկներ։ Քարը ամբողջությամբ դուրս է մղվում սկանդինավցիների կյանքից մ.թ.ա. մոտ 13-րդ դարում։ Բրոնզից սկսում են պատրաստել նաև զենքեր, նավերի առավել ամուր մասերը և այլն։ Դրա մասին վկայում են նավեր նկարագրող պատկերները, որոնց թիվն անցնում է 110-ից։ Բրոնզին զուգահեռ մ.թ.ա. 6-5-րդ դարերում սկսում են գործածել երկաթը, որը նորվեգացիներին հայտնի է դառնում ծովագնացության շնորհիվ[6]։ Աշխուժացող ծովային առևտրի պատճառով թերակղզու ժողովուրդները սկսում են ավելի արագ զարգանալ և թևակոխում են երկաթի դար։
Երկաթի դարը Նորվեգիայում ընդունված է բաժանել երկու փուլի՝ մինչհռոմեական շրջան (մ.թ.ա. 500-1 թվականներ), հռոմեական և գաղթի շրջանի։
Սկանդինավյան թերակղզու կլիման այդ ժամանակաշրջանում առավել ցուրտ ու խոնավ էր, քան այժմ։ Դա դժվարացնում էր ինչպես երկրագործության, այնպես էլ անասնապահության աշխատանքը։ Հարավային Նորվեգիայի բնակչությունը զբաղվում էր գարու, ցորենի, աշորայի և այլ հացահատիկային մշակաբույսերի ցանքով։ Դրան զուգահեռ շարունակում էին զբաղվել որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Առավել տարածված էին երկարավուն տները, որոնք ունեին քարե հիմքեր, հաստ պատեր ու գերանից տանիքներ։ Շինության ներսում առանձնացվում էր անասունների ու մարդկանց սենյակները։ Երկաթի դարի ավելի ուշ շրջանում հայտնվում են առաջին ամրությունները, որոնք կառուցվում են բլուրների կամ այլ բարձունքների վրա։
Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին երկաթի դարի գտածոները հայտնի են նաև Նորվեգիայի ծայր հյուսիսում, ինչպես և Ֆինլանդիայի ու Կարելիայի՝ Նորվեգիային հարող շրջաններում։ Այդտեղ կառուցված բնակավայրերն ընդհանրություն ունեն Վոլգայի, Օկայի և Կամայի ափերի բնակավայրերի հետ։ Արևմտյան Ֆինմարկում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ մ.թ.ա. 1-ին հազարամյակի երկրորդ կեսին այստեղ առաջանում է տան կառուցման նոր սովորույթ. հայտնվում են կլոր և ոչ մեծ տներ, որոնք ավելի շատ հիշեցնում են սաամների բնակավայրերը։ Հնարավոր է, որ այդ մշակույթի կրողները խոսել են պրոտոսաամերենով։ Ընդհանուր առմամբ, սաամների էթնոգենեզը թվագրովում է մեր թվարկության առաջին դարերին և կապվում է որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվող հյուսիսային ու նստակյաց հարավային ցեղերի հետ։
Նորվեգական պատմագրության մեջ արտահայտվում են տարբեր կարծիքներ՝ գերմանական ու սաամական ցեղերի հետ կապված։ Գուտորմ Եսինգը հաստատում էր, որ գերմանացիների հարձակողական բնավորությունը կարող էր տանել հասարակական-քաղաքական բարդությունների, ինչի արդյունքում գերմանացիները կարող էին մ.թ. 3-4-րդ դարերում ստրկացնել ու շահագործել սաամներին։ Մինչդեռ Բ.Օլսենը ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ սագաներում պատմվում էր երկու ցեղերի բարեկամության, և ոչ թե հարձակումների ու թալանի վերաբերյալ։
Հյուսիսային Նորվեգիայում գտնվող Նորդլանդում արված հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ չնայած երկրագործության ու անասնապահության զարգացմանը ու տարածված լինելուն, ձկնորսությունը, որսորդությունն ու հավաքչությունը շարունակում էին կարևոր դեր խաղալ տնտեսության մեջ։ Սաամների դամբարանադաշտերից մեկի, որ գտնվում էր Մորտենսնեսեում, հետազոտման ժամանակ պարզ է դարձել, որ այնտեղ էական տեղաշարժեր տնտեսության մեջ տեղի չեն ունեցել՝ մ.թ.ա. 17-13-րդ դարերից մինչև մեր թվարկության առաջին դարերը։
Մեր թվարկությունից առաջ վերջին դարերում հարավային Նորվեգիայում հայտնաբերվում են կելտական, էտրուսկյան և վաղ հռոմեական գտածոներ, որոնց մեջ հատկապես նշանակալից են բրոնզե սկահակները և զենքերը։ Մեր թվարկության առաջին դարերին են վերագրվում բազմաթիվ գտածոներ հռոմեական շրջանին վերագրվող՝ բրոնզե սկիհներ ու երկաթե զենքեր։ Հռոմեական պահեստների բնույթը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ չեն օգտագործվել մետաղադրամները՝ առևտուր կատարելու ժամանակ։
Բ. Մյուրեի համաձայն, հռոմեական վաղ շրջանը կարելի է համարել հարավային Նորվեգիայում առաջին ցեղապետությունների ու պետական կազմավորումների ժամանակաշրջան, իսկ հռոմեական առավել ուշ շրջանը՝ արդեն նաև հյուսիսային Նորվեգիայում։ Երկարավուն տան տեսքը վաղ հռոմեական շրջանում դառնում է առավել տարածված։ Սկանդինավյան թերակղզում հայտնաբերված նմանատիպ տները շատ են հատկապես հարավային Նորվեգիայում. դրանցից ամենաերկարը թվագրվում է 200 թվականին, և ունի 90-100 մ երկարություն։ Այն գտնվում է Երենում (Ռոգոլանդ, Հարավարևմտյան Նորվեգիա)։ Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, հիմնվում են ագարակներ ու դաստակերտներ, առաջանում են գյուղական առավել նոր բնակավայրեր։
Կենտրոնական Նորվեգիայի բնակչությունը, հիպոթեզերից մեկի համաձայն, արդեն գերմանախոս էր, և սկսել էր աստիճանաբար սաամներին ճնշել և հեռացնել հյուսիսային շրջաններ։ Մեկ այլ հիպոթեզի համաձայն՝ նրանք խոսում էին երրորդ անհայտ լեզվով։ Ա. Գուրևիչի համաձայն, 4-րդ դարի վերջերից այստեղ հաստատվում են գերմանախոս նոր ցեղեր՝ հարոտներ ու ռուգիներ։
5-7-րդ դարերին վերագրվում են մեխ քարե ամրություններ, որոնց մեջ տներ չէին կառուցում. դրանք ունեին պաշտպանական բնույթ։ 5-րդ դարում սկսում է գերմանական մշակույթի տարածումը Սկանդինավյան թերակղզում։ Այն բաժանվում է երկու փուլի՝ վայրենիների առաջին և երկրորդ փուլեր։ 6-րդ դարի կեսերին վերագրվող առավել հարուստ հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ գաղթերի ալիքը սկսում է նվազել։ 6-րդ դարի վերջում և 7-րդ դարի սկզբում Սկանդինավիայում տարածված էր ժանտախտը։ Սկսում են հայտնաբերվել նաև նավերի ու մակույկների մնացորդներ, ինչպես նաև՝ դրանց պատկերները։
Նորվեգիայի պատմության մասին տեղեկությունները խիստ ընդհատվող են։ Նորագույն շրջանում տարածվում է կարծիք, որ Տուլե երկիրը, որը նկարագրվում է հույն ծովագնաց Պիթոս Մասիլացու կողմից (մ.թ.ա. 320-ական թվականներ), պետք է համընկնի Նորվեգիայի միջին կամ հյուսիսային շրջանների հետ։ Պրոկոպիոսի մոտ (6-րդ դար) Տուլե երկրի և Նորվեգիայի համընկնումը բավական ցայտուն է։
Սկանդինավիայի մասին կարևոր տեղեկություններ է հաղորդում աշխարհագրագետ Պտղոմեոսը (2-րդ դարի կեսեր)։ Նրա տվյալներով, Սկանդիայի արևմուտքում ապրում են խայդիներ (հին հունարեն՝ Χαιδεινοί), արևելքում՝ ֆավոններ և ֆիրեսներ, հյուսիսում՝ ֆիններ, իսկ հարավում՝ գուտեր և դավկիոններ, կենտրոնում՝ լևոններ։ Խայդիների անունով էլ կոչվում է ժամանակակից մարզերից Խեդմարկը (Խեյդմյորկ)։ Պտղոմեոսը հիշատակում է «Սկանդիայի չորս կղզիներ» և «Ալոկիայի երեք կղզիների մասին»։ Վերջինիս անունը այժմ Հալոգալանն է[7]։
Նորվեգիայում հայտնաբերված հնագույն գրածո նյութը Էվրե-Ստաբյու վայրում գտնված նիզակի վրայի գրությունն է (2-րդ դար)։ 500 թվականին են դասվում արդեն քարե բազմաթիվ սալիկներ, իսկ վեցերորդ դարին՝ Ռոդուլֆ արքայի մասին տեղեկություններ։ Լատինական պատմաբաններից Իորդանը 6-րդ դարի իր աշխատության մեջ նշում է սկանդինավյան 28 ցեղերի անուններ։ Նորվեգիայում հաշվվել են դրանցից 24-ը։ Դրանց մի մասը բնակվում է նաև ժամանակակից Շվեդիայի տարածքում, որոշ ցեղեր էլ՝ երկու երկրներում միաժամանակ։ Նրանց անվանումների մեծ մասը այսօր մնացել է բնակավայրերի անունների մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.