From Wikipedia, the free encyclopedia
Մորիս Մետերլինկ (ֆր.՝ Maurice Maeterlinck, օգոստոսի 29, 1862[1][2][3][…], Գենտ, Բելգիա[1][4] - մայիսի 6, 1949[2][4][5][…], Նիս[1][4]), բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր (1911) է։ Հանդիսանում է սիմվոլիզմի հայրը ֆրանսիական դրամատուրգիայում։
Ծնվել է Բելգիայի Գանտ քաղաքում (Արևելյան Ֆլանդրիա)։ Դաստիարակվել է ճիզվիտական դպրոցում։ Ուսանել է նշանավոր Սենտ-Բարբ իրավաբանական վարժարանում։ Սակայն բանաստեղծությունը չափազանց մեծ տեղ է գրավում նրա պատանեկան կյանքում, և նա շատ շուտ հրաժարվում է փաստաբանի մասնագիտությունից և նվիրվում գրականությանը։
Կապվում է երիտասարդ բելգիացի գրողների հետ՝ մասնակցելով սիմվոլիստական շարժմանը։ 1887 թվականին Փարիզում լույս տեսած «Ջերմոցներ» պառնասական բանաստեղծությունների առաջին գրքով երիտասարդ փաստաբանը ներկայանում է գրական աշխարհին։ Գիրքը սկզբում ունենում է ընդամենը մի քանի տասնյակ ընթերցող, սակայն Մետերլինկին ողջունում է Գիյոմ Ապոլիները, որն ընդունում է Մետերլինկի մոդեռնիզմը՝ այն համարելով գլուխգործոց։ Անսահման մելամաղձը շարունակվում է նաև «Տասներկու երգ» և «Տասնհինգ երգ» ժողովածուներում։ Գուցե այդ մելամաղձից դուրս գալու համար է, որ Մետերլինկը նվիրվում է թատերական տոնախմբություններին. 1889 թվականին հրատարակում է առաջին դրաման՝ «Իշխանուհի Մալենը», որն անսպասելիորեն մեծ աղմուկ է բարձրացնում։ Խանդավառված քննադատ Օկտավ Միրբոն գովասանքներ չի խնայում Մետերլինկին. «Մետերլինկը մեզ է նվիրել մեր օրերի ամենահանճարեղ, ամենաարտառոց և ամենաանմեղ ստեղծագործությունը, որն իր արժանիքներով, համարձակվում եմ ասել, չի զիջում շեքսպիրյան լավագույն գործերին...»
Սրան հաջորդում են «Կույրերը», «Յոթ իշխանուհիներ», «Ինքնակոչը», «Պելեաս և Սելիզանդ» դրամաները, որոնք նրան դարձնում են սիմվոլիզմի ամենամեծ ներկայացուցիչը դրամատուրգիայում։ «Հյուսիսցի է, շատ դրական մարդ, որի միստիցիզմը ֆիզիկական տարաշխարհիկության արտահայտման ձև է», - գրում է Անդրե Ժիդը։
Մետերլինկն իր հարստությունը, որն հայտնվում է ճանաչման հետ, օգտագործում է հասարակությունից փախչելու, իր միայնության մեջ պարփակվելու համար՝ մերժելով բոլոր մեծարումները։ 1896 թվականին հեռանում է Բելգիայից՝ թողնելով մեծ քաղաքի անտանելի մթնոլորտը։ Գնում է ապրելու բնության մեջ։ Գրում է մի շարք հրաշալի ստեղծագործություններ։
1911 թվականին իր ամբողջ ստեղծագործությունների համար Մետերլինկը արժանանում է Նոբելյան մրցանակի։
Առաջին աշխարհամարտի տարիներին Մետերլինկը ձգտում է օգտակար լինել օկուպացված հայրենիքին։ Հայրենասիրական զեղումներով են գրված այդ շրջանի նրա ստեղծագործությունները։
1932 թվականին Բելգիայի թագավորը Մետերլինկին շնորհում է կոմսի տիտղոս։ 1937 թվականին նա ընտրվում է Ֆրանսիայի բարոյագիտական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ 1947-1949 թվականներին նախագահում է գրողների միջազգային ՊԵՆ ընկերակցությունը։
Վախճանվում է Ֆևանսիայի Նիցցայում գտնվող իր սեփական կալվածքում՝ Օրլամոնդում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.