From Wikipedia, the free encyclopedia
Մոնղոլոիդ ռասա[1][2], ասիաամերիկյան ռասա, մարդկային մեծ ռասաներից մեկը, որը տարածված է Հյուսիսային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայում (Հարավարևելյան Ասիայում կա ավստրալոիդների խառնուրդ), ինչպես նաև Ամերիկայում (հնդկացիական (ամերիկանոիդ ռասա) ցեղախմբեր)։ Երեք ավանդական ռասաներից մեկն է, որ առանձնացվել են 1780-ական թվականներին Գյոթինգենի պատմության դպրոցի անդամների կողմից)[3] (մյուս երկուսը եղել են եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաները[4]։ Տերմինն ստեղծվել է մոնղոլ բառից և -ոիդ ածանցից, որը նշանակում է նման և գործածության մեջ է դրվել ռասաներին նվիրված գիտության սկզբնավորման շրջանում՝ օգտագործվելով առաջին հերթին Կենտրոնական ու Արևելյան Ասիայի տարբեր երկրների ասիական պոպուլյացիաների վերաբերյալ[5][6][7][8]։ Կարող է բաժանվել ասիական ու ամերիկյան ռասաների։
Մինչև 20-րդ դարի վերջը մոնղոլոիդ տերմինն օգտագործվել է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց վերաբերյալ, սակայն ներկայում բառի նման գործածությունը համարվում է խիստ վիրավորական[5][6][7][8]։
Մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչները տարբերվում են սև, ուղիղ ու կոշտ, երբեմն՝ ալիքաձև[9] մազերով, մուգ աչքերով, մաշկի թուխ, հաճախ՝ դեղնավուն գույնով[10], թույլ զարգացած երրորդական մազածածկույթով[11], այտոսկրների խիստ ցցվածությամբ[12], թիանման կտրիչներով (ունեն մեծ կտրիչներ, մեծ ժանիքներ, մեծ սեղանատամներ և փոքր նախասեղանատամներ[13]), էպիկանտուսով և վերին կոպի ուժեղ զարգացած ծալքերով, հարթ դեմքով[14], մեծ մասամբ ցածր քթարմատով և այլն։ Շատերը ծննդից մինչև չորս տարեկան հասակն ունենում են մոնղոլական պուտ[15][16]։
«Մոնղոլոիդ» տերմինը ծագում է մոնղոլ ժողովրդի անունից, որը 13-րդ դարում գրավել է Եվրասիայի մեծ մասը՝ ստեղծելով Մոնղոլական կայսրությունը։ «Մոնղոլոիդ ռասա» տերմինն առաջին անգամ օգտագործել է Քրիստոֆ Մայներսը «երկակի ռասայական սխեմայում»։ Նրա «երկու ռասաները», որ կոչվել են «թաթարա-կովկասյան», ներառել են կելտական ու սլավոնական խմբերը, ինչպես նաև «մոնղոլներին»[17]։
Յոհան Բլումենբախը Քրիստով Մայներսից վերցրել է «մոնղոլներW տերմինը, այդ ռասան նա կոչել է «երկրորդ», որն ընդգրկել է «Ասիայի մի մասը Գանգեսից այն կողմ և Ամուր գետից ներքև, կղզիների ու այն երկրների մեծ մասի հետ միասին, որոնք ներկայում կոչվում են ավստրալիական»[18]։
1861 թվականին Իզիդոր Ժոֆրուա Սենտ-Իլերը «մոնղոլական գլխավոր ռասային» ավելացրել է «ավստրալիականը»՝ որպես «երկրորդական ռասա» (ենթառասա)[19]։ 19-րդ դարում Ժորժ Կյուվիեն օգտագործել է «մոնղոլներ» տերմինը նորից ռասայական դասակարգման մեջ, բայց հավելյալ ներառել է նաև ամերիկյան հնդկացիներ հասկացությունը[20]։ Արթյուր դե Գոբինոն «մոնղոլական ռասան» որպես «դեղին», որը կազմված է ալթայական, մոնղոլական, ֆիննական ու թաթարական ճյուղերից[21][22]։ Ավելի ուշ Թոմաս Հեքսլին օգտագործել է «մոնղոլոիդ ռասա» տերմինը՝ նրա կազմում ներառելով նաև ամերիկայն հնդկացիներին, ինչպես նաև արկտիկական բնիկ ամերիկացիներին[23]։ Առաջարկվել են նաև այլ անվանումներ, օրինակ՝ «Mesochroi» (միջին գույն)[24], բայց «մոնղոլոիդ» տերմինն ստացել է լայն տարածում։
1882 թվականին Ավգուստ Հենրի Քինը հայտարարել է, որ «մոնղոլական տիպը» ներառում է հետևյալ «ռասաները»՝ «տիբեթցիներ», «բիրմաններ», «թայ», «կորեացիներ», «ճապոնացիներ», ռյուկյուցիներ և «մալայացիներ»։ Քինն առանձնացրել է «եվրոպեոիդ ցեղի» ժողովուրդներին, այսինքն՝ ուզբեկներին ու տաջիկներին՝ դրանով իսկ նրանց համարելով եվրոպեոիդ ռասա ակնհայտ ներկայացուցիչներ։ Նա ենթադրել է, որ «մոնղոլական ռասան» լավագույնս ներկայացնում են բուրյաթները[25]։
1940 թվականին մարդաբան Ֆրանց Բոասն «ամերիկյան ռասաները» ներառել է «մոնղոլոիդ ռասայի» կազմում, և հիշատակվածների թվում եղել են Մեքսիկայի ացտեկները Յուկատանի մայաները։ Նա նաև նշել է, որ Հին աշխարհի ռասաներից բնիկ ամերիկացիներին առավել մոտ են արևելյան ասիացիները[26]։
1983 թվականին Միչիգանի համալսարանի էվոլյուցիոն գործընթացների պրոֆեսոր Դուգլաս Ֆուտույման պնդել է, թե բնիկ ամերիկացիների և խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչների ներառումը մոնղոլոիդ ռասայի կազմում չի ընդունվել շատ մարդաբանների կողմից, որոնք նրանց համարում են տարբեր ռասաների ներկայացուցիչներ[27]։
1984 թվականին Չիկոյում Կալիֆոռնիա նահանգի համալսարանի կենսաբանական գիտությունների պրոֆեոր Ռոջեր Ջ. Լեդերերն առանձին թվարկել է մոնղոլոիդ ռասաները խաղաղօվկիանոսյան կղզիներից և ամերիկյան հնդկացիներին[28]։
1998 թվայանին Կալիֆոռնիայի համալսարանի (Դևիս) ամերիկյան հնդկացիների ու մարդաբանության ուսումնասիրությունների պրոֆեսոր Ջեք Դ. Ֆորբսը հայտարարել է, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդների ռասայական տիպը «չի համընկնում» մոնղոլոիդյան ռասայական կատեգորիաներին։ Նա նշել է, թե հաշվի առնելով բնիկ ամերիկացիների տարբեր ֆիզիկական գծեր, ինչպիսին է գլխի ձևը, որոնք թվում են շատ եվրոպացիներից հազիվ տարբերվող, բնիկ ամերիկացիները պետք է ծագած լինեն մոնղոլոիդների ու եվրոպեոիդների խառնուրդից, կամ էլ ծագած պետք է լինեն այն նախնիներից, որոնց տիպը համատեղել է ինչպես մոնղոլոիդ, այնպես էլ եվրոպեոիդ ռասսաներին բնորոշ հատկանիշները[29]։
Մարկու Նիսկանենը (Օուլու համալսարանի մարդաբանության ամբիոն, Ֆինլանդիա) վիճարկում է ֆինն-ուգրերի՝ մոնղոլոիդ ռասային պատկանելու մասին պնդումը։ Ըստ նրա՝ Բալթիկայի ֆինները, սաամները, Վոլգայի ֆինները, Պերմի ֆինները և հունգարները ֆենոտիպական և գենետիկական տեսանկյուններից տիպիկ եվրոպացիներ են[30]։
Ի տարբերություն՝ Նիսկանենի՝ Ստենֆորդի համալսարանից գենետիկ Լուիջի Լուկա Կավալլի-Սֆորցան (1994) հայտարարել է, որ սաամների գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել 47,5 % «մոնղոլոիդների» և 52,5 «եվրոպեոիդների» գեներ ± 4,9 % սխալի հավանականությամբ։ Կավալլի-Սֆորցան կարծում է, որ սաամների՝ եվրոպեոիդներին հատուկ գեները նրանց անցել են հավանաբար Սկանդինավիայից, իսկ մոնղոլոիդներին հատուկ գեներն ունեն սիբիրյան ծագում[31]։
1995 թվականին Քեմբրիջի համալսարանի կենսաբանական մարդաբանության բաժնից դոկտոր Մարթա Միրազոնը ասիական բոլոր պոպուլյացիաները խմբավորել է «մոնղոլոիդ» անվան ներքո, ընդ որում՝ Ասիայի հյուսիս-արևելքի պոպուլյացիաները համարել է տիպիկ մոնղոլոիդ, իսկ մյուս խմբերը՝ ոչ տիպական[32]։
Մոնղոլոիդ ռասայի բնութագրական հատկանիշներից մեկը՝ թիանման կտրիչները, առկա են եղել դեռ սինանթրոպոսների մոտ, որոնք ապրել են 420 հազար տարի առաջ[33]։
Մեզոլիթի դարաշրջանում մոնղոլոիդականությունը (ավելի ստույգ՝ մոնղոլոիդ ռասային հատուկ հատկանիշների ամբողջությունը) նկատվել է Եվրոպայում (Բավարիայում)[34]։ Սակայն հաշվի առնելով մինչև հոլոցենը գոյություն ունեցած «գանգաբանական պոլիմորֆիզմը», այսինքն՝ ռասսայական նշանների մեծ բազմազանությունը նույնիսկ փոքր արեալների սահմաններում, դա չի կարելի միանշանակ համարել ազգականության դրսևորում. բնութագրիչ առանձնահատկությունների նման համալիր կարող էր կազմավորվել նաև տարբեր խմբերի զուգահեռ էվոլյուցիայում։
Մոնղոլոիդներին բնորոշ հատկանիշները խիստ արտահայտված չեն եղել և լայն տարածում չեն ունեցել նախքան հողագործության և Չինաստանի կենտրոնացված պետությունների ստեղծումը։ Նրա տարածումը կարելի է կապել փոքր պոպուլացիայի հետ, որի անցումը հողագործության տվեց նշանակալի առավելություններ այլ ռասաների տիպերի կրողների նկատմամբ[35]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.