From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Վասիլյեվիչ Օստրոգրադսկի (ռուս.՝ Михаил Васильевич Остроградский, ուկրաիներեն՝ Михайло Васильович Остроградський, սեպտեմբերի 12 (24), 1801[1], Պաշենովկա, Khorishki Volost, Kobelyaky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 20 1861 (հունվարի 1 1862)[1], Պոլտավա, Ռուսական կայսրություն[3][1][4][…]), ուկրաինական ծագում ունեցող ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, որը համարվում է XIX դարի կեսերի ականավոր մաթեմատիկոսներից մեկը։
Ծնվել է 1801 թվականի սեպտեմբերի 12-ին Պաշեննայա գյուղում (ներկայումս Պոլտավական մարզում)։ Հայրը պոլտավական կալվածատեր էր։ Մանկության տարիներին հետաքրքրվում էր բնության տարբեր երևույթներով, սակայն աչքի չէր ընկնում աշխատասիրությամբ։
Հայրն ուզում էր նրան տալ զինվորական ծառայության, բայց հետո վճիռը փոխեց, և 1817 թվականին Միխայիլն ընդունվեց Խարկովի համալսարանի մաթեմատիկանան բաժինը։ Առաջին երկու տարիների ընթացքում նա պարապում էր առանց հատուկ հափշտակության, նրան չէր հետաքրքրում նաև մաթեմատիկան։ Մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ երևան եկավ, երբ նա բնակվեց դասատու Պավլովսկու բնակարանում։ Այդ ժամանակվանից Օստրոգրադսկին սկսում է սովորել ոգևորությամբ, և շուտով նրա վրա ուշադրություն են դարձնում պրոֆեսորները, մասնավորաբար մաթեմատիկայի պրոֆեսոոր Օսիպովսկին։
1820 թվականին Օստրոգրադսկին հանձնեց թեկնածուական քննությունները, սակայն դիպլոմի փոխարեն նրան տվեցին «ուսանողական ավարտավկայական», քանի որ չէր հաճախել աստվածաբանության դասախոսություններին։ Դա սակայն չփոխեց Օստրոգրադսկու՝ գիտնական դառնալու մտադրությունը, և 1822 թվականին նա մեկնում է Փարիզ, որն այն ժամանակ Եվրոպայի ճանաչված մաթեմատիկական կենտրոնն էր։ Սորբոննում և այլ ուսումնական հաստատություններում շարունակում է ուսումնասիրել մաթեմատիկա։ Սկսում է հաճախել Ֆուրեի, Ամպերի, Պուասոնի, Կոշիի և այլ ականավոր մաթեմատիկոսների դասախոսություններին։ Նա սկսեց աշխատել Լապլասի մոտ, որպես անձնական սպասավոր։ Մեկ անգամ Օստրոգրադսկին գրատախտակի վրա տեսավ, թե ինչպես Լապլասը չի կարողացել ստանալ ինչ-որ խնդրի լուծում։ Երբ Լապլասը վերադարձավ տուն, գրատախտակին տեսավ այդ խնդրի լրիվ լուծումը։ Էլ ավելի եղավ Լապլասի զարմանքը, երբ նա իմացավ, որ խնդիրը լուծել է Օստրոգրադսկին։ Այդպես սկսվեց նրանց բարեկամությունը։ 1823 թվականին հրավիրվեց Հենրիխ IV-ի մոտ, որպես պրոֆեսոր։
1826 թվականին նա ունեցավ առաջին գիտական հաջողությունը։ Օստրոգրադսկին Փարիզի գիտությունների ակադեմիային ներկայացրեց իր հոդվածը։ Հանրահայտ մաթեմատիկոս Կոշին դրական արձագանքեց այս հոդվածի մասին։ Օստրոգրադսկին 1828 թվականին վերադարձավ Ռուսաստան որպես հայտնի մաթեմատիկոս, այդ նույն թվականին Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում ընտրվեց ակադեմիկոսի օգնական, իսկ մեկուկես տարի հետո՝ իսկական անդամ։ Նա եղել է արտասահմանյան շատ ակադեմիաների և մաթեմատիկական ընկերությունների անդամ։ Դառնալով հայտնի ամբողջ աշխարհում, Օստրոգրասկին Պետերբուրգում սկսեց ծավալել մանկավարժական և հասարակական գործունեություն։ Նա սկսեց դասավանդել բազմաթիվ ուսումնական հաստատություններում։ Երկար տարիներ աշխատում էր որպես դիտորդ, հետևելով ռազմական դպրոցներում մաթեմատիկայի դասավանդմանը։
Օստրոգրադսկին դեմ էր արտահայտվում իր ժամանակների դպրոցական ծրագերին, քանի որ այն ժամանակ դպրոցներում ավելի շատ ուշադրություն էին դարձնում հին լեզուների և աստվածաբանության ուսումնասիրմանը, իսկ մաթեմատիկան և այլ գիտութունները շատ ցածր մակարդակի էին։ Ցավոք սրտի Օստրոգրադսկին չկարողացավ ըստ արժանվույնի գնահատել Ն.Ի. Լոբաչևսկու նորարական աշխատանքները և տվեց բացասական գնահատական։
Իր կյանքի վերջին տարիներին Օստրոգրադսկին հետաքրքրվում էր սպիրիտիզմով։ Միխայիլ Օստրոգրադսկին վախճանվել է 1861 թվականի դեկտեմբերի 20-ին։ Ըստ կտակի նա թաղվեց իր հայրենի գյուղում։
Օստրոգրադսկին աշխատեց մաթեմատիկական անալիզի, տեսական մեխանիկայի, մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում։ Գրել է մի շարք աշխատանքներ թվերի տեսությունից, հանրահաշվից, հավանականությունների տեսությունից։ Նրան է պատկանում պինդ մարմններում և հեղուկներում ջերմության տարածման գիտական տեսությունը։ Նա ստացավ առնչություն, որը թույլ է տալիս մեկ մասնակվոր՝ երկրորդ կարգի գծային համասեռ դիֆերենցիալ հավասարման ոչ տրիվիալ լուծումով գտնել նրա ընդհանուր լուծումը։ Այդ առնչությունը կոչվում է Լիուվիլ-Օստրոգրադսկու բանաձև։ Հայտնի է նաև Օստրոգրադսկու մեթոդը ռացիոնալ ֆունկցիաների ինտեգրման համար (1844)։ Բացի գիտական գործունեությունից Օստրոգրադսկին գրել է նաև մաթեմատիկայի բազմաթիվ դասագրքեր։ Իր կյանքի վերջին տարիներին նա հրապարակեց դինամիկայի հավասարումների ինտեգրման մասին իր աշխատութունը։ Նրա աշխատանքները շարունակեցին Ն.Դ.Բրաշմանը և Ն.Ե.Ժուկովսկին։
Օստրոգրադսկու մանկավարժական գործունեությունը շատ տարաբնույթ էր։ Նա կարդում էր բազմաթիվ դասախոսություններ բարձրագույն հանրահաշվից, երկնային և անալիտիկ երկրաչափությունից, դասավանդում էր Գլխավոր մանկավարժական ինստիտուտում (1832-1861),Ծովային կադետական կորպուսում (1828-1860), Ինժեներական ակադեմիայում (1836-1860) և այլ ուսումնական հաստատություններում։
Բացի դրանից Օստրոգրադսկին երկար տարիներ (1847-1860) հանդիսանում էր զինվորական հաստատութուններում մաթեմատիկայի դասավանդման գլխավոր դիտորդ և մեծ դեր ունեցավ տարրական երկրաչափության, եռանկյունաչափության դասավանդման բարելավման գործում։
1832 թվականին Գլխավոր մանկավարժական ինստիտուտում բացվեց «վերջին կուրս», և Օստրոգրադսկին հրավիրվեց այնտեղ մաթեմատիկա դասավանդելու։ 1832 թվականից մինչև 1852 թվականը Օստրոգրադսկին իր սեփական ձեռագրերով դասավանդում էր բարձրագույն հանրահաշիվ, դիֆերենցիալ, ինտեգրալ և վարիացիոն հաշիվներ, անալիտիկ երկրաչափություն և տեսական մեխանիկա։ Նրա աշակերտներից շատերը հետագայում դարձան ականավոր գիտնականներ։
Ծովային կադետական կորպուսում Օստրոգրադսկին սկսեց դասավանդել 1828 թվականից։ 1836 թվականի ձմռանը իր աշակերտների խնդրանքով նա սկսեց դասավանդել բարձրագույն հանրահաշիվ։ Այդ դասախոսությունները շարունակվեցին ամբողջ ձմեռ։ Օստրոգրադսկու դասախոսություններին ինչպես միշտ հաճախում էին մեծ քանակությամբ լսողներ։ Օստրոգրադսկին այնտեղ դասավանդեց մինչև իր կյանքի վերջ և դաստիարակեց ծովային սպաների բազմաթիվ սերունդներ։
1836 թվականին Օստրոգրադսկին սկսեց մաթեմատիկա դասավանդել Գլխավոր ինժեներական ուսումնարանում։ Այնտեղ ամենից վատ էին դասավանդում մաթեմատիկա, և այդ պատճառով հրավիրեցին Օստրոգրադսկուն։ Օստրոգրադսկին կապված էր այդ ուսումնարանի հետ և այնտեղի երիտասարդ դասախոսների հետ։ Նրանց զարգացման վրա նա մեծ դեր ունեցավ։
1841 թվականին Օստրոգրադսկին նշանակվում է ռազմական ուսւումնարանի դիֆֆերենցիալ և ինտեգրալ հաշիվների դասախոս։ Մինչև Օստրոգրադսկին այդ պաշտոնը զբաղեցնում էր Վ.Ա.Անկուդովիչը։ Սակայն Օստրոգրադսկին առաջինն էր, ով բարելավեց այդ առարկաների դասավանդումը։ Այդ նույն հաստատությունում Օստրոգրադսկին (1847-1856) թվականներին դասավանդեց տեսական մեխանիկա։ 1858 և 1859 թվականներին Օստրոգրադսկին սկսեց դասավանդել ոչ պարտադիր դասընթացներ հավանականությունների տեսությունից և դիֆֆերենցիալ հաշվից։
Օստրոգրադսկին Նիկոլայ I կայսրի երեխաների ուսուցիչն էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.